Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 1995-2021 թվականներին

3841

Իրանը Հայաստանի համար կենսական պետություններից է: Իսլամական Հանրապետության կարևորությունը Հայաստանը հատկապես զգաց անկախության առաջին տարիներին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվել էր, Հայաստանը արտաքին կապեր չուներ, իսկ Ադրբեջանը՝ դե յուրե, Թուրքիան՝ դե ֆակտո, փակ էին պահում Հայաստանի հետ սահմանները: Թեև ասվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց 1993-ի գարնանը, իրականությունն այն է, որ դրան նախորդող երկու տարիներին Թուրքիայից Հայաստան ապրանքաշրջանառություն չի եղել (բացառությամբ շուրջ 58 հազար տոննա ցորենի, որը փրկություն էր բառի ուղղակի և անուղղակի իմաստով), երկու երկրների և երրորդ պետությունների քաղաքացիները հատուկենտ դեպքերում են հատուկ թույլտվությամբ կարողացել հատել սահմանը, քանի որ Ալիջան-Մարգարա և Դողուքափը-Ախուրիկ սահմանադռներին չկային և այսօր էլ չկան հսկիչ անցագրային կետեր, որտեղ հնարավոր կլիներ այցագիր ստանալ:

Իրանը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին, նույն օրը, երբ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց: Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին այցերից մեկը տվեց Իրան: 1992թ. փետրվարի 9-ին Հովհաննիսյանը իրանցի գործընկեր Ալի Աքբար Վելայաթիի հետ Թեհրանում ստորագրեց երկու փաստաթուղթ. հռչակագիր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, ինչպես նաև՝ հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիր, որով Երևանն ու Թեհրանը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

Միացյալ Նահանգներից հետո երկրորդ պետությունը, որ Երևանում դեսպանություն բացեց Իրանն էր՝ 1992-ի ապրիլին: Նույն տարվա դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեք անգամ այցելել է Իրան: Ռոբերտ Քոչարյանը Թեհրան այցելել է երկու, իսկ Սերժ Սարգսյանը՝ չորս անգամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մի քանի անգամ այցլել է Թեհրան: Իրանի նախագահներից Ալի Աքբար Ռաֆսանջանին չի այցելել Երևան, մինչդեռ նրան հաջորդող նախագահներից Մոհամմադ Խաթամին այցելել է մեկ, Մահմուդ Ահմադինեժադը՝ երեք, Հասան Ռոհանին՝ երկու անգամ: Գործող նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստան դեռևս չի այցելել:

Երբ 90-ականների սկզբներին Վրաստանը ներքաշվեց Աբխազական և ապա քաղաքացիական պատերազմների մեջ, Հայաստանի արտաքին աշխարհի հետ ցամաքային կապը իրականացվում էր Իրանի միջոցով: Չլինեին իրանական ապրանքները, այդ թվում՝ սնունդը, “մթի և ցրտի տարիների” Հայաստանը կենթարկվեր նաև այլ զրկանքների:

Իրանից Հայաստան տարեկան ներկրվում է մոտավորապես այնքան ապրանք, որքան Թուրքիայից: Սա այն դեպքում, երբ թուրք-հայկական սահմանը փակ է, թուրքական ապրանքները հիմնականում Հայաստան են հասնում երրորդ երկրների, առաջին հերթին՝ Վրաստանի ճանապարհով: Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը դեպի Իրան արտահանումներ է կատարում: Ճիշտ է, ապրանքաշրջանառության հաշվեկշիռը հինգ-վեց անգամ չափով Իրանի օգտին է:

Վերջին տարիներին Իրանից Հայաստան ապրանքների հոսքը ավելացել է՝ 2021-ին գերազանցելով 437 միլիոն դոլարը: Անցյալ տարի Հայաստանը Իրան է արտահանել 65,5 միլիոն դոլարի ապրանք:

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռում Իրանը մշտապես առաջին տասնյակում է: Անկախության առաջին տարիներին Իրանը մշտապես առաջին հնգյակում էր, հաճախ՝ եռյակում:

Ներկայացնենք Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը սկսած 1995-ից: Ազգային վիճակագրական վարչությունը, որից օգտվել ենք, տվյալներ չի տալիս 1991-1994 թվականների համար: Ակնհայտ է, որ հենց այդ թվականներին է եղել առաջին անհրաժեշտության ապրանքների ամենամեծ ներհոսքը դեպի Հայաստան և Արցախ: Հայաստանից դեպի Իրան արտահանման ամենից մեծ ծավալը եղել է 2012-ին՝ ավելի քան 108 միլիոն դոլար, իսկ ներկրումը՝ նույնպես 2012-ին՝ գրեթե 220 միլիոն դոլար:

թվական                          արտահանում                      ներկրում

2021                                   65.519.200                           437322.900

2020                                   84.557.200                           317183.600

2019                                   83.864.700                          325257.000

2018                                   94.203.600                           269.341.400

2017                                   84.123.200                           174.698.200

2016                                   75.253.100                           163.997.700

2015                                   81.727.500                           198.361.400

2014                                   84.630.600                           206.542.000

2013                                   94.955.200                           198.492.000

2012                                  108.512.100                           219.413.100

2011                                  106.250.400                           216.792.300

2010                                   84.831.200                            199.884.700

2009                                   33.025.900                            162.398.000

2008                                   25.056.300                            202.991.200

2007                                   38.499.000                            141.663.000

2006                                   29.642.900                             114.399.500

2005                                   28.513.000                              89.166.600

2004                                   30.559.600                              62.284.700

2003                                   22.478.900                              51.281.300

2002                                   31.468.600                              62.615.400

2001                                   31.870.400                              78.120.500

2000                                   30.089.000                              82.328.400

1999                                   34.160.800                               78.450.400

1998                                   31.392.300                               63.912.500

1997                                   42.583.600                                88.671.400

1996                                   43.912.700                               149.793.600

1995                                   35.042.100                                89.774.600

Այսօր, երբ Իրանը, թվում է, դուրս է գալիս միջազգային մեկուսացումից, Երևան-Թեհրան հարաբերություններում նոր հնարավորություններ ու հեռանկարներ են բացվում:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ ՀՀ-ԻԻՀ պետական սահմանի երկայնքով փշալարը: Այս փշալարը գցվել է խորհրդային տարիներին, երբ Երկաթյա վարագույրը անցնում էր նաև ԽՍՀՄ-Իրան սահմանի ողջ երկայնքով: ՀՀ-ԻԻՀ շուրջ 40 կիլոմետր սահմանի երկայնքով, ինչպես ՀՀ-Թուրքիա սահմանում, կանգնած են նաև ռուս սահմանապահներ: