2020-ի աղետի և Արցախի այսօրվա անել կացության պատասխանատուներից. Արթուր Թովմասյան

6169

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, ով և որի գլխավորած խորհրդարանը Ղարաբաղյան կարգավորման ՈՉՄԻԹԻԶԱԿԱՆ մոտեցման կարկառուն կողմնակիցներից էր, այսօր՝ 2022թ դեկտեմբերի 31-ին, ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Ներքո ներկայացնում ենք 2020թ աղետից հետո նրա հարցազրույցից մի հատված և այսօրվա՝ 2022թ դեկտեմբերի 31-ի ուղերձն ամբողջությամբ:

«…Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»,- Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյան

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը 2022թ դեկտեմբերի 31-ին ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ.

Սիրելի´ հայրենակիցներ Տարեմուտի նախաշեմին յուրաքանչյուրս ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում անելիքները: Անցնող տարին բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար:

2022 թվ0ականին տեսանելի և շոշափելի աշխատանք է կատարվել ինչ-որ չափով թեթևացնելու 2020 թ աշնանային արյունոտ պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:

ԱՀ խորհրդարանն անցած տարվա ընթացքում նույնպես հավատարիմ է մնացել իր ստանձնած առաքելությանը: Բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, հայտարարությունները և Ազգային ժողովի խմբակցությունների գործունեությունը միտված էին միմիայն Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերին Ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքում պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։Այսօր էլ շարունակում ենք դիմագրավել աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներին: Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական և ապրելու իրավունքի իրացման խնդրի առջև:

Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին: Թանկագի´ն հայրենակիցներ Լիահույս եմ՝ Աստծո օրհնությամբ ու հավատով լցված կհաղթահարենք այս ճգնաժամը ևս: Կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու մեր հայրենակիցների ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային պետական շահերին ուղղելու անհրաժեշտությունը: 2023թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ուժերի մեկտեղում՝ ի սպաս և ի նպաստ բոլորիս:

Դժվարություններով և փորձություններով անցած 2022 թվականից քաղած դասերը, արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տան: Բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում բոլորիս: