Մուսթաֆա Ազիզօղլու. 1915-ին նա հայերին թաքցրեց իր տանը և սպանվեց որդու ձեռքով

8329

1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և Երիտթուրք մյուս ոճրագործների հրեշային ծրագիրը։

Նրանցից ամենաողբերգական ճակատագրին արժանացավ Մուսթաֆա աղա (Ազիզօղլուն)։

Մուսթաֆա աղա (Ազիզօղլուն) Մալաթիայի կառավարիչն էր՝ քաղաքագլուխը: Չնայած նա չկարողացավ կանխել հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանդը, նրան այդուհանդերձ հաջողվեց մի քանի հայերի թաքցնել իր սեփական տանը:

Նրան սպանեց իր որդին՝ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլեռանդ ու եռանդուն անդամը, «գյավուրներին (անհավատներին) հոգ տանելու» համար:

Անհնազանդ այլ անձնավորությունների շարքում պետք է հիշել Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշային, Էրզրումի կառավարիչ Թահսին բեյին, Բասրայի կառավարիչ Ֆերիթ բեյին եւ Յոզղատի շրջանային կառավարիչ Մեհմեդ Ջեմալ բեյին, Բաթմանի շրջանային կառավարիչ Սաբիթ բեյին։ 

Այս պաշտոնյաները ազատվեցին իրենց պաշտոններից եւ փոխարինվեցին առավել հնազանդ քաղծառայողներով, որոնք ի կատար ածեցին հայերին բնաջնջելու գազանային ծրագրերը:

Հայոց ցեղասպանության տարիներին հայերին պաշտպանել կամ Երիտթուրք ոճրագործների հրահանգները չեն կատարել նաև Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյը (տե՛ս՝ “Դավաճան” թուրքը՝ Հյուսեյին Նեսիմի բեյ, https://www.aniarc.am/2015/02/08/husayn-nesimi-bey-1915/), Հալեպի, ապա և Կոնիայի կառավարիչ Ջելալ Բեյը (տե՛ս՝ Ջելալ բեյ. խիղճ ու հոգի ունեցող թուրք, ով իր մասով չկատարեց Թալեաթի հրեշավոր ծրագիրըhttps://www.aniarc.am/2015/05/25/celal-bay-halep-konya-save-armenians-1915/), Անկարայի վալի (կառավարիչ) Հասան Մազհար բեյը (տե՛ս՝ Հասան Մազհար բեյ՝ Անկարայի վալին, ով 1915-ին պաշտպանեց հայերին, https://www.aniarc.am/2015/05/26/hasan-mazhar-vali-of-ankara-1915/), Քյոթահիայի կառավարիչ Ֆայիք Ալին (Օզանսոյ) (տե՛ս՝ Ֆայիք Ալի (Օզանսոյ). 1915-ին նա հրաժարվեց կատարել Թալեաթի կարգադրությունը, https://www.aniarc.am/2015/05/27/faik-ali-he-saved-armenians-1915/)։