Ռուսաստանը ՀՅԴ-ին առաջարկել է սպանել Էնվերին. 1914 թ.

4118

Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետներից Ալեքսանդր Խատիսյանը, ով նախքան Երևան տեղափոխվելը շուրջ 7 տարի զբաղեցրել է Թիֆլիսի քաղաքապետի աթոռը և ի պաշտոնե սերտ շփումներ ունեցել Ռոմանովների դինաստիայի վերնախավի հետ, իր “Քաղաքապետի մը յիշատակները” հատորում գրում է.

“Մեզ [Ռուսաստանը] կ’առաջարկէին նոյնպէս գտնել Հ. Յ. Դաշնակցութեան մէջեն հմուտ ահաբեկիչներ, որոնք անցնելով Թուրքիա՝ կարողանային սպաննել Էնվէր փաշան: Ժանտարմներու պետը մինչեւ անգամ կուտար մեզ այն մարդու անունը, ով կարող էր իր վրայ վերցնել այդ համարձակ գործը: Մենք մերժեցինք այդ ծրագիրը”: Հայրենիք ամսագիր, թիւ 12, հոկտեմբեր 1932, էջ 156:

Ի դեպ, Խատիսյանը Էնվերի հետ Պոլսում հանդիպել է հետագայում՝ 1918-ի աշնանը: 1918թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբեր հայկական պատվիրակությունը, որին մաս էին կազմում Խատիսյանը, Ավետիս Ահարոնյանը և Միքայել Պապաջանյանը, Պոլսում փորձում էր բարելավել շատերի կողմից ստորացուցիչ համարվող Բաթումի պայմանագիրը: Մինչև Առաջին աշխարհամարտի վերջն Օսմանյան կայսրությունն Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների ձեռքում էր:

Էնվեր փաշան Հայաստանի պատվիրակներին հրավիրում է ճաշի` իր տուն: Խատիսյանը իր մեկ այլ՝ “Հայաստանի Հանրապետութեան Ծագումն ու Զարգացումը” հատորում գրում է. “Արեւելքի ամբողջ շքեղությունը բացվեց մեր առջև: Ոսկի, մետաքս, գորգ և ամեն տեսակ թանկարժեք իրերով լեցուն էր Էնվերի բնակարանը: Ճաշի հրավիրված էին նաև գերմանացի զորավար ֆոն Սեքթը, Թալեաթ և Իզզեթ փաշաները և կովկասյան երեք պատվիրակությունները: Սեղանի շուրջ խոսակցության նյութն էր կովկասյան նորակազմ հանրապետությունների ապագան”:Ալեքսանդր Խատիսեան, “Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը”, էջ 109-111:

Մեկ տարի անց՝ 1919 թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումով, մահվան դատապարտվեցին Հայոց ցեղասպանությունը ծրագրած և իրականացրած տասնյակ իթթիհատականներ, այդ թվում՝ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաները: Բազմաթիվ թուրքեր ընկան դաշնակցակական վրիժառուների հարվածներից, բացի Էնվերից:

Էնվեր փաշան սպանվեց Տաջիկստանի լեռներում` 1922թ. օգոստոսի 4-ին, Կարմիր բանակի գնդապետ Հակոբ Մելքումովի ջոկատի իրականացրած գործողության արդյունքում: Բոլշևիկների բարեկամ Էնվերը անցել էր բասմաչների կողմը և կռվում էր կարմիրների դեմ:

Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը 1990-ականների կեսերին Տաջիկստան կատարած այցի օրերին հայտարարեց, որ շուտով “մեր մեծ հայրենակից” Էնվեր Փաշայի աճյունը կտեղափոխվի Թուրքիա և կթաղվի իր հայրենի հողում: Էնվերը վերաթաղվեց Ստամբուլում` 1996 թվականին: