2021 թվականի դեկտեմբերի սկզբին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը չնախատեսված, խորհրդապահական այց կատարեց Թեհրան՝ ստուգելու Իրանի կեցվածքը և գործողությունները Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում: Այդ օրերին հայկական կողմը խիստ մտահոգված էր՝ Բաքուն բաց տեքստով սպառնում էր ուժային ճանապարհով միջանցք բացել Սյունիքում:
Թեհրանը, որ Բաքվի հետ ունեցած հերթական լարվածությունից հետո կարգավորեց և նոր մակարդակի հասցրեց հարաբերությունները հարևանի հետ, հավաստիացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների դեմ Սյունիքում ոտնձգություններին անտարբեր չի մնա: Բայց ի՞նչ կարող է անել Իրանը Հայաստանի սահմանին ուժեր կուտակելուց և նախազգուշացումներից բացի, եթե ինքը՝ Հայաստանը, պատրաստ չլինի հետ մղել ադրբեջանական հնարավոր ներխուժումները:
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը առնվազն 4 ուղղություններով և ավելի քան 50 կետերում ներխուժել է Սյունիք, բայց մեծ հաշվով՝ ո՛չ Իրանը և ո՛չ էլ Ռուսաստանը չեն միջամտել: Անկասկած, մի բան է մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր ներխուժումը, մեկ այլ բան պատերազմի սպառնալիքով և ռազմական գործողություններով միջանցք ստանալը, որին ձգտում է Ադրբեջանը:
Բաքվում տեսնում են միջազգային խառնակ իրավիճակը և ձգտում են օգտվել դրանից՝ Հայաստանին կանգնեցնելով կատարված փաստի առաջ:
Երեկ երեկոյան տեղի ունեցած Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը` այն գնահատելով խիստ լարված: Ադրբեջանը փորձում է գտնել մտացածին հիմնավորումներ՝ հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Պաշտոնական Երևանը վերահաստատել է ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
«Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»,- ասվում է տարածվախ հաղորդագրությունում:
Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանի, Իրանի և միջազգային հանրության կեցվածքը խիստ կարևոր է, երբ Հայաստանը պատրաստ է կամ պատրաստ կլինի զսպել հակառակորդին և նրան պահել ելման դիրքերում:
Այս պայմաններում Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ չունենալը անթույլատրելի շռայլություն է, իսկ պաշտպանության նախարարի՝ Վեդիի նման փոքր համայնքում ներքաղաքական միջոցառման մասնակցությունը՝ անպատասխանատվության դրսևորում: Այսօր, երբ խիստ լարված է իրավիճակը, իսկ Հայաստանին անհրաժեշտ է ներքին համերաշխություն, պաշտպանության և անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հեռու մնան ներքաղաքական մանր խնդիրներից:
Հայաստան-Թուրքիա երկխոսության հարցում չկա որևէ առաջընթաց: Ճիշտ է, Անկարան այս պահին առաջ չի քաշում նախապայմաններ, սակայն որևէ լուրջ քայլ չի կատարում Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու ուղղությամբ: Հրապարակային չկապելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Արցախյան իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան համագործակցության հետ, Անկարան շարունակում է ամբողջությամբ պաշտպանել Բաքվի դիրքորոշումը:
Իսկ Ադրբեջանը սադրիչ հայտարարություններով և գործողություններով ձգտում է հասնել իր նվազագույն և առավելագույն պահանջներին:
Առաջին. Բաքուն պատրաստ է Երևանի հետ սկսել խաղաղության բանակցություններ և հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման, եթե Հայաստանը հստակ ճանաչի Ադրբեջանի սահմանների անխախտելիությունը և այդ սահմաններից ներս Արցախը:
Երկրորդ. հատուկ ճանապարհ պահանջելով Նախիջևանի և Թուրքիայի հետ Հայաստանի վրայով կապվելու համար, Բաքուն փորձում է սիմետրիկ դարձնել «զանգեզուրյան միջանցքը» Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի հետ: Մերժում ստանալով «զանգեզուրյան միջանցքի» հարցում, Բաքուն փորձում է նոր խոստումներ կորզել Մոսկվայից: Մասնավորապես, Ադրբեջանը պատրաստ է իրավական ձևակերպում տալ ռուս խաղաղապահների ներկայությանը, եթե հստակ արձանագրվի, որ նրանք՝ ռուս խաղաղապահները, Ադրբեջանի տարածքում են (պաշտոնական Մոսկվան օգտագործում է «ռուսական խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում» ձևակերպումը), հակառակ դեպքում երեք տարի հետո չի երկարաձգելու նրանց մանդատը, որը ուժի մեջ է մտել 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում:
Երրորդ. Բաքուն ձգտում է հասնել նրան, որ խաղաղապահների թեմային Հայաստանը որևէ կերպ ազդեցություն կամ մասնակցություն չունենա, որպեսզի իրավաբանորեն Լեռնային Ղարաբաղը համարվի բացառապես Ադրբեջանի ներքին հարց:
Թաթուլ Հակոբյան













