Աշխարհի ամենագլոբալ և մեծահարուստ հայերից մեկը՝ գործարար Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի անկախության 30-րդ տարում առաջարկում է մեր երկիրը մտցնել Ռուսաստանի Դաշնության կազմ և լինել, օրինակ, Թաթարստան:
Հայ ժողովրդի 3000-ամյա պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ մենք ունեցել ենք կիսանկախ պետականություն, զրկված ենք եղել պետականությունից, կրել ենք մեր հարևան պարսիկների, արաբների, թուրք-ելջուկների, մոնղոլ-թաթարների, կարակոյունլու-աղկոյունլու թուրքմենների լուծը: Եղել են ժամանակներեր, երբ հայրենի հողն ու ժողովուրդը ոտնատակ է արվել: Վերջին հարյուրամյակներում հայկական հողերը Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության, Ռոմանովների Ռուսաստանի և վերջինիս դրսևորումներից մեկի՝ Խորհրդային Միության մաս են կազմել:
Ռուբեն Վարդանյանը հայ իրականության մեջ առաջինը չէ, որ Հայաստանը տեսնում է հովանավոր պետության կազմում, ինչպես Թաթարստանն է Ռուսաստանի կազմում: Այսպես, Օսմանյան կայսրության հայերն ու քաղաքական ուժերը երկար ժամանակ ձգտում էին ինքնավարություն ունենալ: Այդ պայքարը, սակայն, հայ ժողովրդի պատմության ամենադժոխային ավարտն ունեցավ՝ Հայոց ցեղասպանությունը:
Ի՞նչն է պարոն Վարդանյանին մղել այն եզրակացության, որ անկախ և ինքնիշխան (դեռևս) Հայաստանի ապագան Թաթարստանի, այն է՝ Ռուսաստանի մեջ է: Ենթադրաբար, իրողություններից մեկը 44-օրյա աղետալի պատերազմն է, որից մենք չենք կարողանում դուրս գալ նաև գործող իշխանությունների ապաշնորհության պատճառով:
Բայց արդյոք պարտությունը մեզ՝ հայ բուժուազիային այնքան է թևաթափ արվել, որ մտածում ենք մեր ֆիզիկական գոյությունը և լեզուն պահելու մասին միայն և դրա միջոցը Ռուսաստանի կազմ մտնելն է, այն էլ՝ թյուրքալեզու Թաթարստանի կարգավիճակը:
Իսկ գուցե պետք է շշմեցնող պարտությունից հետո ճիշտ գնահատել մեր ուժերը և ըստ այդմ հարաբերություններ հաստատել աշխարհի, Ռուսաստանի և անմիջական հարևանների հետ՝ անպայման և առանց սակարկությունների պահպանելով Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք 2020-ի սեպտեմբերի 26-ին՝ քուն մտնելուց առաջ, պարոն Վարդանյանը Թաթարստան էր երազում և ի՞նչ է արել որպես հայ նշանավոր գործարար և վառ անհատականություն՝ թույլ չտալու սեպտեմբերի 27-ի աղետը:
Այս հարցը, ի դեպ, պետք է ինքներս մեզ տանք բոլորս: Ի՞նչը սխալ արեցինք, որ 2020-ի սեպտեմբերի 26-ին երազում էինք Մեծ Հայաստան՝ Քուռ-Արաքսյան միջագետքով, իսկ այսօր մտածում ենք՝ ինչպես դուրս մղել Ներքին Հանդ, Սև լճերի հատված, Վերին Շորժա ներխուժած ադրբեջանցիներին, ինչպես ապահովել Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության և Արցախից մնացած հողակտորի անվտանգությունը:
Անցնող շաբաթ խոսեց նաև հայ դիվանագետը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված էր հրապարակել և պնդել, որ խաղաղությունը օրակարգ չէ, Հայաստանը պետք է ունենա այլ օրակարգ, այն է՝ ամրագրել երկու կարևորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Պարոն Օսկանյանը գրել էր, որ չի ընդունում տարածված տեսակետը, թե ԼՂԻՄ-ի կորցրած տարածքների նկատմամբ պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։
Երբ նախկին արտգործնախարարը թղթին էր տալիս իր այս պահանջատիրական գիրը, ադրբեջանցիները ներծուժում էին Ներքին Հանդ և նոր հենակետ տեղադրում Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ մեկ այլ ուղղությամբ շարունակում փակ պահել Արցախ մտնող գազատարը՝ մեր հայրենակիցներին զրկելով կենսական նվազագույն պայմաններից:
Պարոն Օսկանյանը կարող է՞ հստակ քայլերով ցույց տա, թե ինչպես է հնարավոր ադրբեջանիցներին դուրս մղել Շուշիից, Հադրութից և մյուս գրավյալ տարածքներից, որոնք մտնում էին ԼՂԻՄ-ի մեջ: Ճիշտ նույն կերպ պետք է պատասխանել (խոսքը Օսկանյանի մասին չէ միայն), թե ինչո՞ւ կյանքի չկոչվեց Մադրիդյան փաստաթուղթը, ինչո՞ւ չկարողացանք պահել յոթ շրջանները, ինչո՞ւ չկարողացանք պահել Քարվաճառը, ինչո՞ւ չկարողացանք պահել Լաչինի միջանցքը, ինչո՞ւ չկարողացանք պահել ԼՂԻՄ-ը, ինչո՞ւ չենք կարողանում ադրբեջանական ներխուժումների դեմ առնել ՀՀ ինքնիշխան տարածքում:
Եթե ես 2020-ի սեպտեմբերի 26-ին օգտագործեի ԼՂԻՄ ձևակերպումը, պատկերացնում ե՞ք, թե ինչ կանեին Թաթարստան ու նոր միություն երազող գործարարի կամ նախկին նախագահի վերահսկողության տակ գտնվող կուսակցություններն ու նրանց քարոզչությունն իրականացնողները: Այդ ինչպե՞ս եղավ, որ հիմա պահանջատիրության ձեր սահմանները համապատասխանեցնում եք ԼՂԻՄ-ի սահմաններին:
Եւ կարեւորագույն հարցերից մեկը, որը կրկին միայն պարոն Օսկանյանին չէ ուղղված, այլ բոլոր նրանց, ովքեր Հայաստանը Թաթարստան են տեսնում, բայց անձնուրաց պայքար են մղում արդեն ոչ թե 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի, այլ ԼՂԻՄ-ի համար՝ Շուշիով ու Հադրութով:
Այսինքն՝ մենք հրաժարվում ենք Հայաստանի ինքնիշխանությունից և անկախությունից, դառնում ենք Թաթարստան, որ հանգիստ ապրենք Ռուսաստանի հովանու տակ ու մյուս կողմից հասնում ԼՂԻՄ ինքնորոշմա՞նը: Սա ինչ է, եթե ոչ քաղասքական նոնսենս:
Ցավալիորեն, միայն Ռուբեն Վարդանյանը չէ, որ անվտանգ և ապահով Հայաստանը տեսնում է Ռուսաստանի գրկում: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետևողականորեն խոսում է Ռուսաստանի հետ ինչ-որ միության մասին, Վլադիմիր Պուտինի հետ քիմիայի մասին: Դա նույնպես Թաթարստան է, պարոնայք:
Ի վերջո, եթե այսպես շարունակենք վարվել Հայաստանի հետ, ապա մենք կարող ենք նաև այն կորցնել: Աշխարհում 6000 ազգեր կան, մինչդեռ ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը չի հասնում 200-ը: Մենք՝ հայերս ու Հայաստանը, այդ 200 բախտավորների մեջ ենք: Դեռևս:
Հիմա, հենց այսօր, հենց այս պահին մենք պետք է ճիշտ հաշվարկ կատարենք, ճիշտ գնահատենք մեր ուժերը, աշխարհում ստեղծված կացությունը, տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, մեր անմիջական և մերձակա հարևանների հետ հարաբերությունները՝ առանց հույզերի ու պատրանքների, սառը մտքով ու իրատես մոտեցումով՝ հիմքում դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը:
Այլապես, մենք մի օր կարող է անգամ Թաթարստան երազելու հնարավորությունից զրկվենք:
Թաթուլ Հակոբյան













