Հատված «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից
Քառասուներորդ գլուխ. Աղետալի վերջաբան, նախորդ մասը կարդալ
Արյունոտ պատգարակներ
Նոյեմբերի 12-ն է, պատերազմն ավարտվել է, բայց չի ավարտվել: Վաղ առավոտյան արթնացել և պատրաստվում եմ Ստեփանակերտից մեկնել Դադիվանք: Տեղատարափ անձրև է։ Գիշերել եմ մի ներքնահարկում, որը հենց դիահերձարանի մոտ է։ ՚Ուազՙ մեքենայից իջեցնում են անշնչացած զինվորականի մարմին։ Անձրևի տակ կանգնած նայում եմ․․․
Պատերազմի առաջին օրերին մնում էի դիահերձարանի մոտ գտնվող մասնագիտացված դպրոցի հանրակացարանում: Ամեն անգամ անցնելիս տեսնում էի զոհված զինվորներին իջեցնող ՚Ուազՙ-ներին: Դիահերձարանի մյուս կողմում կանգնած էին ավելի մեծ ավտոմեքենաներ, որոնցով զոհերին տեղափոխում էին Հայաստան: Դիահերձարանի պատին հենած մի քանի տասնյակ պատգարակներ կան` մեծ մասը արյունոտ:
Վաղ առավոտյան ինձ ֆեյսբուքով գրեցին, որ իրենց տղան վիրավոր է Շուշիի տակ։ Խնդրեցին, որ մի բան անեմ։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել։ Գրեցի Արցախի նախագահի խոսնակին, ապա նրա հեռախոսահամարը տրամադրեցի ընտանիքին, որոնց տղան վիրավոր մնացել է Շուշիի տակ:
Քարվաճառի կողմերում ամենայն արագությամբ ապամոնտաժում են Հէկ-երը։ Տեխնիկա են բերել, ավտոմեքենաներ, բանվորներ: Մարդիկ իրենց 18-ամյա տղաներին են տվել այս պատերազմին, իսկ սրանք տարիների կուտակած հարստությունն են փրկում: Տեսնում եմ այս այլանդակ պատկերը` հէկ, սև սյուներ, էլեկտրալարեր, իսկ ականջներիս մեջ Շուշիի տակ մնացած վիրավոր տղայի/տղաների օգնության ձայնն է, աչքիս առաջ` հայրենիքի համար ընկած զինվորականի անշնչացած մարմինը։
Նոր Գետաշեն գյուղում մի ընտանիք, որ 1991-ին մազապուրծ փախել է Գետաշենից, հաստատվել Հայաստանում, իսկ հետագայումª Քարվաճառի այս գյուղում, հավաքում է տան կահ-կարասին և բարձում բեռնատար ավտոմեքենան։ Նոյեմբերի 15-ը վերջին օրն է:
՚1991թ ապրիլի 30-ին Գետաշենից դուրս եկանք դատարկ` ձեռքի պայուսակով: Ես մեր տնից հանել եմ միայն նկարներ ու մեր փաստաթղթերը: Միայն նկարներ, որ երեխաների համար լինի հիշողությունՙ,- ասում է Սիլվա Չիթչյանը:
Նրա որդին` Լավրենտ Գևորգյանը և հարևանները հավաքվել ու կահ-կարասին բարձում են բեռնատարը:
Քարվաճառի շրջանից պետք է դուրս գալ: Թափքում նրանց դպրոցական որդին է, որ ծնվել է Նոր Գետաշենում. ներքևից հայրը և հարևանները նրան փոխանցում են ձմեռվա պահածոները:
՚Այս բեռնատարը երեկվանից է կանգնած: Ձեռքս չի գնում, որ բարձեմ: Մի բան բարձում եմ ու մտածում` ո՞ւր եմ գնումՙ,- հուսահատ պատմում է Գևորգյանը:
Սիլվա Չիթչյանը և հարսը անթարթ հայացքով նայում են դեպի բեռնատարը: Ընտանիքը դուրս է գալիս դեպի Հայաստան, բայց չգիտի, թե որտեղ է իր նոր տունը։ 30 տարում երրորդ գաղթն է, բայց կարող է վերջինը չլինել:
—
Արցախում զրո վերջնարդյունքով (zero-sum game) յուրաքանչյուր խաղ նոր պատերազմի դուռ է բացում հերթական հայ-ադրբեջանական արյունահեղության, էթնիկ զտումների, փախստականների ալիքի և ավերածությունների համար:
Արցախը հայերի և ադրբեջանցիների միջև կռվախնձոր է դարձել 1918-ի կեսերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը: Այդ ժամանակից ի վեր հակամարտությունը երբեք չի լուծվել փոխզիջումով. կողմերից մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել, ստեղծվել է նոր ստատուս-քվո, և հաղթող կողմին թվացել է, որ հարցը լուծել է:
Հայերի և ադրբեջանցիների միջև չորս պատերազմ է տեղի ունեցել, որին զոհ է գնացել մինչև 100 հազար մարդ: 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումներ բռնկվեցին Բաքվում, Շուշիում, Նախիջևանում և Երևանում, ինչպես նաև Անդրկովկասի այլ վայրերում, որտեղ համատեղ բնակվում էին հայեր և մահմեդականներ: Հայ-թաթարական բախումներին, ըստ տարբեր հաշվարկների, զոհ է գնացել մինչև 10 հազար մարդ:
Հայ-մահմեդական/ադրբեջանական երկրորդ պատերազմը ընդգրկեց 1918-1920 թվականները: Այս տարիներին զոհերի թիվը 30 հազարի շուրջ է: Ադրբեջանցիներին թվում էր, թե 1921-1923 թթ. ԼՂԻՄ-ի ձևավորումով հարցը լուծվել է: Հայերը համարում էին, որ դա արդար լուծում չէ և սպասում էին հարմար պահի ու հնարավորության:
1988-ին բռնկված Շարժումը երեք տարի անց վերաճեց զինված հակամարտության, շուրջ 1000 օր տևած պատերազմի արդյունքում հայերի վերահսկողության տակ անցավ ոչ միայն ԼՂԻՄ-ն ամբողջապես, այլև հարակից յոթ շրջան, որոնցից երկուսը՝ մասնակի:
1994-ի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց անժամկետ զինադադար: Դա զրո վերջնարդյունքով խաղ էր: 1991-1994 թվականներին հայերը տվեցին մինչև վեց հազար, ադրբեջանցիները՝ մինչև 12 հազար զոհ: Եվս մի քանի հազար զոհեր արձանագրվեցին 1994-ի մայիսյան զինադադարից մինչև 2020-ի սեպտեմբեր՝ ՚ոչ պատերազմ, ոչ խաղաղությունՙ իրավիճակի 26 տարիներին:
1994-ից մինչև 2020 հայերին էր թվում, թե ղարաբաղյան հարցը լուծված է: Մինչդեռ ադրբեջանցիները համոզված էին, որ 1994-ի մայիսյան վերջնարդյունքը արդար չէ: Նրանք սպասում էին հարմար պահի ու հնարավորության. ավելի քան 26 տարի անց Ադրբեջանը Թուրքիայի և ջիհադիստ վարձկանների գործուն մասնակցությամբ սկսեց հարձակում և 44 օրերի ընթացքում հետ բերեց 1000 օրերի ընթացքում կորցրած տարածքների շուրջ երեք քառորդը: Զոհերի հստակ և վերջնական թիվ հայտնի չէ: Ոչ պաշտոնական տվյալներով այն հասնում է 8-ից 10 հազարի՝ ներառյալ վարձկանները:
Այսօր արդեն հայերն են պարտվածի ու կորցնողի ողբերգական դերում: 2000 և 2001 թվականներին ծնված մի ողջ սերունդ ուղարկվեց մահվան դուռ: Երեսուն տարիների ընթացքում կառուցածի մեծ հատված ավերվեց և կամ անցավ Ադրբեջանին: 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, եռակողմ հայտարարությունը միակողմանի է և բխում է Ադրբեջանի ու միջնորդ Ռուսաստանի և Թուրքիայի շահերից, իսկ Հայաստանի/Արցախի շահերը ոտնատակ են:
Հայ ժողովուրդն այսօր կոտրված մեջքով է ու կոտրված սրտով, բայց կանցնեն տարիներ, կստեղծվի նոր վիճակ և առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք չե՞ն փորձի վերականգնել պատմական արդարությունը, ինչպես փորձել են անել 1918-1920-ին և ապա 1988-ին՝ 70-ամյա պարտադրված լռությունից հետո:
Արցախում որևէ լուծում, մեծ հաշվով, չի բավարարելու կողմերին: Բայց գոնե պետք է ունենալ այնպիսի վիճակ, երբ չափավոր հայերն ու ադրբեջանցիները իրենց մեջ ընդունեն, որ այդ նոր լուծումն արդարացի է, իրատեսական և համապատասխանում է երկրի կարողություններին ու շահերին:
Կլինի՞ արդյոք հինգերորդ հայ-ադրբեջանական պատերազմը, ե՞րբ, և այս անգամ կողմերից ո՞ր մեկի կատարյալ հաղթանակով կամ պարտությամբ կավարտվի այն:
Քանի դեռ չկա արդարացի լուծում, և երկու ժողովուրդների արյունալի հակամարտություններն ավարտվում են զրո վերջնարդյունքով, նոր պատերազմը թվում է անխուսափելի:
Արժանապատիվ փոխզիջումների վրա հիմնված կարգավորումն է, որ կարող է երկարատև խաղաղության ու համագործակցության արահետ բացել: Այլապես, պատերազմի դուռը միշտ բաց է մնալու, և հայերն ու ադրբեջանցիները ապրելու են նոր պատերազմի ստվերի ու սպառնալիքի տակ:
Լուսանկարում՝ Հայաստանի/Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը 2020թ սեպտեմբերի 28-ին
—
Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ, Արթբրիջ և Էպիգրաֆ գրախանութներում:
Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ:













