Շուշիի անկումը և Ստեփանակերտի տարհանումը՝ հատված «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից

1756

Հատված «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից

Քառասուներորդ գլուխ. Աղետալի վերջաբան, նախորդ մասը կարդալ

Հոկտեմբերի առաջին օրերին Շուշիի համանուն հյուրանոցի շքամուտքին ինձ մոտեցան ՚Կալաշնիկովըՙ ձեռքներին մի քանի տղաներ: Նրանցից մեկն ասաց, որ Նոյեմբերյանի ոստիկաններ են և ճանաչում են ինձ: Կարճ խոսեցինք, քանի որ նրանք շտապում էին հանդիպման, իսկ ես իջնում էի Ստեփանակերտ:

Կարճ ժամանակ անց Ստեփանակերտում իմացա, որ հրթիռներից մեկը խոցել է Շուշիի մշակույթի պալատը, որտեղ ամիսներ առաջ տեղի էր ունեցել Արցախի նախագահի երդման արարողությունը: Զոհվել էին մարդիկ, այդ թվում՝ ոստիկաններ: Նրանց մեջ էր մի ոստիկան մեր հարևան Բերդավան գյուղից:

Հոկտեմբերի 10-ից հետո Հադրութը արդեն ընկել է, ադրբեջանական ուժերը ներթափանցել էին թիկունք՝ անտառներ և մի քանի տասնյակ ու հարյուր հոգանոց խմբերով շարժվում էին դեպի Շուշի: Մեկ այլ՝ Հակարի գետի հոսանքին հակառակ ուղղությամբ, ադրբեջանցիները շարժվում էին դեպի Բերձոր՝ Լաչին: Ակնհայտ էր, որ նպատակը Շուշին գրավելն է և Ստեփանակերտի վերևում ադրբեջանական դրոշ ծածանելը:

Շուշիի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց առաջ, որ տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին, բերդաքաղաքում, շրջակայքում և անտառներում հակառակորդի շուրջ 6 հազար մարդուժ կար: Ավելի վաղ, հոկտեմբերի 29-ին, երբ ադրբեջանական ուժերը գտնվում էին բերդաքաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա, Արցախի նախագահը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց դիմեց հայ ժողովրդին:

՚Այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։ Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ամբողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին: Եվս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունըՙ:

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ էր մտել մարդասիրական հրադադարի վերաբերյալ Մ. Նահանգներ-Հայաստան-Ադրբեջան հայտարարությունը, որը հաջորդեց Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններին Վաշինգտոնում՝ ամերիկյան կողմի միջնորդությամբ: Ինչպես նախորդ մի քանի, այնպես էլ այս հրադադարը խախտվեց: Բացի այդ, ադրբեջանական կողմը հրթիռահարեց Ստեփանակերտի ծննդատունը, հայկական կողմը՝ Բարդա քաղաքը:

Ռազմական գործողություններն ու քաղաքացիական թիրախների հրթիռակոծությունները շարունակվեցին: Ադրբեջանական հետևակը մի քանի ուղղություններով շարժվում էր դեպի Շուշի, իսկ հրետանին հարվածներ հասցնում բերդաքաղաքի քաղաքացիական կետերի, այդ թվում՝ պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շինությունների:

Հոկտեմբերի 30-ին Ալիևը նշեց ևս 9 գյուղերի գրավման մասին Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններում:

Մեկ ամսվա ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ՚հայկական օկուպացիայից ազատագրվել է 4 քաղաք, 3 ավան և 188 գյուղՙ՝ Ջեբրայիլ քաղաքն ու շրջանի 73 գյուղ, Ֆիզուլի քաղաքն ու շրջանի 31 գյուղ, Զանգելան քաղաքը, Մինջևան և Աղբենդ ավանները և շրջանի 44 գյուղ, Ղուբաթլու քաղաքն (հոկտեմբերի 25-ին) ու շրջանի 17 գյուղ, ռազմավարական բարձունքներ Մարտակերտի և Մռավի ուղղություններում, Մարտակերտի 3 գյուղ, Հադրութը և շրջակա 20 բնակավայր:

Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ օգնությունը կտրամադրի Երևանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք, հոկտեմբերի 31-ին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարությունը: Ավելի վաղ Փաշինյանը նամակ էր հղել Պուտինին՝ առաջարկելով անհապաղ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին պայմանագիրը:

Նոյեմբերի 2-ին Ալիևը հայտարարեց ևս 8 գյուղերի գրավման մասին Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններում:

Ստեփանակերտի, Շուշիի և մյուս բնակավայրերի հրթիռակոծությունները շարունակվում էին: Նոյեմբերի 3-ին Արցախի իշխանությունները հաղորդեցին ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի զոհվելու փաստը: Ավելի վաղ ծանր վիրավորվել էր հրամանատարըª Ջալալ Հարությունյանը, որին հոկտեմբերի 27-ին փոխարինել էր գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը:

Եվս 7 գյուղերի գրավման մասին Ալիևը հայտարարեց նոյեմբերի 4-ին,77 իսկ նոյեմբերի 7-ին նշեց 16 բնակավայրի անուն: Թեև Շուշիի անունը դեռ չէր նշել, սակայն սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերը գրում էին, որ բերդաքաղաքն անցել է իրենց վերահսկողության տակ: Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը նոյեմբերի 8-ին ցուցադրեց Ալիևի ուղերձը, որում ասվում էր Շուշիի գրավման մասին:

Նոյեմբերի 9-ին ադրբեջանական կողմը հայտարարեց ևս 23 գրաված գյուղերի անուն, որոնց մեջ էին Ավետարանոցը, Սղնախը, Մադաթաշենը, Հակակուն, Տողը, Տումին, Ազոխը:

Սամվել Բաբայանի խոսքերով՝ ադրբեջանցիները ռազմակայան էին դրել Սղնախ գյուղում և պատրաստվում էին շարժվել դեպի Շուշի: ՚Երեք գումարտակով՝ երկուսը Հայաստանից, մեկը՝ Արցախից, [մերոնք] պետք է մտնեին, Ավետարանոց գյուղով բարձունքը վերցնեին, որ հակառակորդը չկարողանա օգտվել ճանապարհից, մյուս երկու գումարտակները՝ Սղնախ գյուղը շրջափակեին ու փակեն Քարինտակի ճանապարհը, ստիպեին հակառակորդին հետ քաշվել Շուշիից և ջախջախել: Շոշ գյուղում գումարտակի հրամանատարներին բացատրվում է, դա ամսի 5-ի երեկոյան է, ամսի 6-ի առավոտյան գործողությունը պետք է սկսվի, բայց գիշերը ժամը 2-ին Վանք-Առաջաձորի, ապա Հայաստանի երկու գումարտակները հրաժարվում են մասնակցելՙ,- պատմում է Բաբայանը:

Տիգրան Վարագը նոյեմբերի առաջին օրերին Ասկերանում կազմված գումարտակի հետ Քարինտակում էր: Քիրս, Քարինտակ, Շուշի, Արցախի լեռներ ու հովիտներ շատ անգամ էր արշավախմբեր բերել:

՚Գիշերով՝ կրակահերթի, հրթիռակոծության տակ հասանք, դիրքվորվեցինք: Առավոտ, երբ լույսը բացվեց, ինձ հարազատ տեսարաններ էին՝ Շուշին, Հունոտի կիրճը: Գեղեցկությունը աչքիս չէր գալիս, բայց ինչ-որ հարազատ բան կար, վստահություն կար, որ տեղանքին ծանոթ ես: Հակառակորդը դիրքավորված էր Սղնախում: Խոսակցություն կար, որ թուրքերը մեր համազգեստով են և հայերեն մեզնից լավ են խոսում: Ոչ մեկը մյուսից հեռու չէր գնում, որ իրար վրա չկրակեն, քանի որ թուրքերը շատ մոտ էին: Մինչև նոյեմբերի 3-ը հրետանին մեզ անընդհատ հարվածում էր Սղնախից: Առաջին օրը մեր կողմից պատասխան եղավ, բայց հետո միայն նրանք էին կրակում: Շուշիին էին խփում, Քարինտակին և լանջերին, որտեղ տեղակայված էր զորքըՙ,- պատմում է նա:

Պատերազմի ընթացքում, հոկտեմբերի կեսերից հետո էր, Շուշիում հանդիպեցի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: Թեմի այլ հոգևորականների հետ կանգնած էր Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու մոտ, որը մի քանի անգամ ռմբահարվել էր: Մեր հանդիպման պահին Շուշիի երկնքում անօդաչու թռչող սարքեր էին պտտվում: Սրբազանը շրջում էր զորքի մեջ, աղոթք ասում, ոգի և հույս տալիս: Նա դարձավ Սբ. Ամենափրկիչ եկեցեցում աղոթք ասած վերջին հայ հոգևորականը:

Նոյեմբերի առաջին օրերն են, Շուշիի քաղաքացիական բնակչությունը տարհանվել է: Ադրբեջանցիները երեք կողմերից մոտենում են բերդաքաղաքին, անդադար հրթիռահրետակոծություններ են: Սրբազանը աղոթք է ասում, հաղթանակի հույս տալիս և արտասանում Հովհաննես Թումանյանի՝ 1915-ին գրված ՚Հայրենիքիս հետՙ բանաստեղծությունից մի հատված:

Չորեքշաբթի, նոյեմբերի 5-ին, վերադարձել էի Երևան: Նախօրեին հայկական իշխանությունները հաղորդել էին, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես փակ է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ավելի ճիշտ՝ Բերձոր (Լաչին) – Շուշի հատվածը: Մի քանի օր անց Ստեփանակերտում իմացա, որ ոչ թե հայկական կողմն է ճանապարհը փակել, այլ ադրբեջանցիներն են Լիսագորի մոտ դուրս եկել և վերահսկողության տակ առել այն:

Նոյեմբերի 3-ի երեկոյան Վարագը իր դիրքից տեսնում էր, որ Շուշիից Բերձոր մեքենաների շարժը կտրվել է: Երեկոյան իմ մեքենայով անցել էի այդ ճանապարհով՝ անջատված լույսերով, ինչպես մյուսները: Բոլորիս համար պարզ էր, որ ադրբեջանցիները դիրքավորված են մոտակա անտառներում, ձորակներում ու բլուրների վրա:

՚Գիշերը ավտոմատի ձայն լսեցի, հասկացանք, որ չորս կողմից շրջափակման մեջ ենք ընկել: Թուրքերը լուսածիր կրակահերթեր էին անում, մենք տեսնում էինք նրանց տեղը: Այս ժամանակ նրանք ճանապարհից կրակում էին դեպի Շուշի, ինչը տարօրինակ էր, քանի որ Սղանխից գալուց պետք է մեզ հանդիպեին: Նրանք էլեկտրական ենթակայանի կողմից կրակում էին դեպի Շուշի: Մերոնք մաքրեցին ճանապարհը, և եղավ նահանջ հրամանը: Այդ քաոսի մեջ բոլորի մարտական առաջադրանքը մեկն էր՝ փրկվելՙ,- ասում է Վարագը:

Գորիսից վերադարձա Երևան, իսկ նոյեմբերի 7-ի առավոտյան ֆրանսիական Ֆիգարո թերթի թղթակից Ռեժիս Ժանտեի հետ իմ Ջիփով ուղևորվեցի դեպի Վարդենիս: Ռեժիսը իր խմբագրությունից ուներ հրահանգ՝ այդ օրերին չգնալ Արցախ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նա եկավ մինչև Սոթք, իսկ ես ճանապարհը շարունակեցի դեպի Քարվաճառ:

Վարդենիս-Մարտակերտ հիմնական ճանապարհը փակ էր պատերազմի առաջին օրերից, քանի որ ադրբեջանական հրետանու կրակի տակ էր: Հակառակորդը հրթիռով հարվածել էր Գետավանի կամրջին՝ Թարթառ գետի վրա, սակայն այն կիսով չափ էր քանդվել և երթևեկելի էր: Վարդենիսից Մարտակերտ և Արցախի հյուսիս մեկնելու համար օգտվում էինք շրջանցիկ ճանապարհից, որն սկսվում էր Սոթքից, անցնում Ազատ գյուղով և հասնում Քարվաճառ քաղաք, ապա Թարթառի ափով շարունակվում դեպի Դադիվանք և Չարեքտար:

Քարվաճառ չհասած, որտեղ հսկիչ կետն էր, ինձ կանգնեցրեց Մասիս անունով 40-ն անց տղամարդը և խնդրեց մինչև Ստեփանակերտ:

44 օրերի ընթացքում խուսափում էի մարդ վերցնել, հատկապես, երբ Շուշիից վերադառնում էի Գորիս գիշերելու, քանի որ պատերազմից խույս տվողներ ու Հայաստան մեկնողներ կարող էին լինել: Արցախի նախագահը ՚ամոթալիՙ որակեց ՚պատերազմի առաջին օրերից Արցախը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների վարքագիծըՙ:

Մասիսի հետ Քարվաճառից զրուցելով մեկնում ենք դեպի Ստեփանակերտ: Դրմբոնում նկատեցինք, որ դիմացից անսովոր շատ մեքենաներ են գալիս: Այդ ընթացքում երկու հեռախոսազանգ ստացա: Ինձ ասացին, որ շատ վտանգավոր է Ստեփանակերտ գնալը և խորհուրդ տվեցին վերադառնալ Վարդենիս: Ապա ստացա երրորդ հեռախոսազանգը և իմացա, որ ադրբեջանցիները գրավել են Շուշին: Նոյեմբերի 7-ն է:
Անդադար զանգեր է ստանում նաև Մասիսը: Նույն տեղեկատվությունը՝ Շուշին մերը չէ այլևս, քաղաքի մատույցներում մարտեր են, բայց անհուսալի վիճակ է: Այս ընթացքում հանդիպակաց երթևեկող մեքենաները ավելի ու ավելի են շատանում, ակնհայտորեն խուճապ է:

Չհասած Վանք գյուղի խաչմերուկ՝ արդեն տեղեկություն ունեինք, որ Արցախի իշխանությունները Ստեփանակերտը տարհանելու հրաման են տվել: Շուշիից մինչև Ստեփանակերտ ուղիղ գծով 6-7 կիլոմետր է:

Մասիսը իջավ Վանքի խաչմերուկում: Այստեղից ճանապարհը դեպի Ստեփանակերտ դարձավ անանցանելի: Ուղղակի խուճապային փախուստ էր: Բացի ստեփանակերտցիներից, դուրս էին գալիս նաև հարակից համայքների բնակիչները: Խուճապը սարսափելի է, հատկապես, երբ ընկնում ես հոսքի մեջ: Իմ մեքենան գնում էր հոսքին հակառակ, ավելի ճիշտ՝ փորձում էր գնալ, քանի որ մի քանի շարքով դիմացից գալիս էին մեքենաներ՝ մի մասը բարձած առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Եվս մի քանի տասնյակ կիլոմետր, և արդեն անհնար է առաջ գնալ: Հանդիպակաց գծով եկող մեքենաները զբաղեցրել են ամբողջ ճանապարհը: Ասկերանի խաչմերուկից հետ դարձա, միացա խուճապի մեջ շարժվող հարյուրավոր ավտոմեքենաների հոսքին: Չէի լուսանկարում, չէի պատասխանում հեռախոսազանգերին: Ամբողջությամբ պատված էի փախուստով և խուճապով:

Արդեն ամբողջովին մթնել էր, երբ Քարվաճառից ոլորաններով բարձրանում էի դեպի Ազատ, որը Վարդենիսի առաջին գյուղն է: Ձնախառն անձրև էր մաղում, մի քիչ մառախուղ էր, իսկ հողե ճանապարհը՝ լպրծուն: Մի քանի ոլորաններ բարձրանալուց հետո կանգ առա ճամփեզրին: Ամբողջ ճանապարհը լույսերով մեքենաներ են: Սիրտ չկա լուսանկար անելու: Ի՞նչը լուսանկարես: 10-15 րոպե մթին, ձյունախառն անձրևի տակ կանգնել ու նայում եմ խուճապային փախուստին: Ո՞վ է տվել այս հրամանը: Ինչո՞ւ պետք է մարդիկ փախուստի դիմեն, երբ 30-հազարանոց զորքը կանգնած է Արցախում: Ինչո՞ւ ենք մենակ թողնում 18 տարեկան հայ զինվորին, որի մայրը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում սրտատրոփ լուրերի է սպասում: Այդ 10-15 րոպեի ընթացքում ի՜նչ ասես մտքով եկավ ու անցավ:

Կեսգիշերն անց հասա Վարդենիս: Ի՞նչ անեմ: Գրե՞մ, որ Շուշին ընկել է: Գրե՞մ, որ Արցախի իշխանությունների հրամանով Ստեփանակերտը դատարկվել է: Գրե՞մ խուճապային փախուստի մասին: Ես լրագրո՞ղ եմ, թե՞ ոչ: Որպես լրագրող պե՞տք է պարտվեմ և ծնկի գամ պաշտոնական ստի առաջ:

Նոյեմբերի 8-ի առավոտյան շարժվեցի դեպի Քարվաճառ: Արևոտ, պարզկա ու համեմատաբար տաք առավոտ էր: Լճի արևելյան՝ Սևանի և հարավային՝ Վարդենիսի լեռնաշղթաների գագաթներն ու մասամբ լանջերը ձյունապատ էին: Երեկվա խցանումից ու խուճապից հետք չէր մնացել, բայց դիմացից ավտոմեքենաների պակաս չկար:

Ճանապարհին հանդիպում էին կովերի և ոչխարի հոտեր: Մարդիկ դուրս են բերում անասուններին: Երբ հասա Վանքի խաչմերուկ, որոշեցի թեքվել դեպի Գանձասար, որը, թվում է, դառնում էր, Արցախի կառավարության մի մասի նոր աշխատավայրը:
Վանք գյուղում, դպրոցի դիմաց ճամփեզրին, հանդիպեցի Արցախում աշխատող հայ լրագրողուհիներից Անժելա Ֆրանգյանին: Պատմեց երեկվա խուճապի մասին, ասաց, որ հրամանի պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա:

Արցախում գրեթե լրագրողներ չէին մնացել: Ռուսական Anna news-ի տղաներն էին` Ալեքսանդր Խարչենկոն և Անդրեյ Կամըժիկինը ու էլի մի քանի հոգի: Շուշիի անկման մասին առաջիններից մեկը հենց նրանք էին տվել, ճիշտ է՝ անուղղակի: Նոյեմբերի 6-ին գրել էին, որ նոր են վերադարձել Շուշիի մատույցներից, այնտեղ ընթանում են լուրջ մարտեր, իրավիճակը բարդ է:

Եթե ադրբեջանցիները գրավել են Շուշին, ուրեմն՝ գրավել են նաև Քարինտակը և Հադրութից դեպի Քարինտակ տանող անտառային ճանապարհին ընկած հայկական գյուղերը կամ հարակից կածանները՝ Շեխեր, Թաղավարդ, Ավետարանոց, Սղնախ:

Բարձրացա Գանձասար: Արցախի հանրային հեռուստատեսությունը սարքավորումները տեղավորում էին տեղի Մատենադարանի սենյակներում: Այնտեղ հանդիպեցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին: Մոտ տասը տարի առաջ Ջիվանի հետ մի ֆիլմ էի նկարել, որը կրում էր ՚Մռավից՝ Արաքսՙ անունը: Մեկ շաբաթվա ընթացքում ես ու Ջիվանն անցել էինք Քարվաճառի և Քաշաթաղի գյուղերով և կես ժամանոց ֆիլմ պատրաստել այնտեղ բնակվողների մասին: Մի քանի շաբաթ անց այդ տարածքները պետք է հանձնվեին Ադրբեջանին, իսկ բնակիչները՝ հեռանային՝ համաձայն նոյեմբերի 10-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարության:

Գանձասարից իջա և շարունակեցի ճանապարհը դեպի Ստեփանակերտ: Մոտ 15-20 կիլոմետր անց ճամփեզրին տեսնում էի դիրքավորվող հրետանին՝ փողերն ուղղած դեպի Շուշի:

Ստեփանակերտում անհանգստություն ու տագնապ կար, շրջակայքի անտառապատ հատվածից լսվում էին Կալաշնիկովի և գնդացիրների կրակահերթեր: Հատուկենտ ավտոմեքենաներ ու մարդիկ էին հանդիպում ու բոլորը՝ շտապում: Ստեփանակերտի օդում կախված էր մահաբեր վտանգ: Հեռվում՝ բարձունիքի վրա, Շուշիից ծխի քուլաներ էին բարձրանում: Բոլորը, ում այդ օրը հանդիպեցի, տեղյակ էին, որ ադրբեջանցիները գրավել են Քարինտակն ու Շուշին: Վերածննդի հրապարակը ևս դատարկ էր: Պատերազմի օրերին այստեղ եռուզեռ կար: Հաճախ էի տեսնում Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներին: Մի քանի անգամ կանգնել-խոսել եմ ոտքի վրա: Նրանք հուսահատ էին հենց առաջին օրերից:

Մի անգամ, հոկտեմբերի կեսերին, Սամվել Կարապետյանը՝ հայտնի Օգանովսկին, ինձ մի բան ասաց, որ հետո նայեցի քարտեզի վրա: Ասաց, որ ինչպես 1992-1994-ին մենք ենք վերցրել տարածքները՝ գյուղեր ու քաղաքներ, նույն կերպ, նույն հաջորդականությամբ, բայց հակառակ ուղղությամբ, անում են ադրբեջանցիները:

Սկսել էինք Շուշիից՝ 1992-ի մայիսի 8-9-ին: Պատերազմը դադարեց, երբ 2020-ի նոյեմբերի 7-ին ադրբեջանցիները գրավեցին բերդաքաղաքը:

Խառը, տխուր ու ճնշող մտորումներով շարժվեցի դեպի Քարվաճառ: Ֆիգարոյի թղթակից Ռեժիս Ժանտեին վերցրեցի Վարդենիսից, և ուշ երեկոյան ճանապարհը Սևանի արևելյան ափով շարունակեցինք դեպի Երևան:

—-

Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ, Արթբրիջ և Էպիգրաֆ գրախանութներում:

Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ: