Հատված «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից
Քառասուներորդ գլուխ. Աղետալի վերջաբան, նախորդ մասը կարդալ
Հոկտեմբերի առաջին օրերին Ստեփանակերտը և Արցախի մյուս քաղաքները` Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, ապա նաև` Շուշին, ենթարկվում էին ուժգին հրետակոծության և հրթիռային հարվածների: Ադրբեջանն օգտագործում էր իր ամբողջ զինանոցը` ռուսական Սմերչ և Գրադ, բելառուսական Պոլոնեզ, թուրքական Կասըրգա, իսրայելական Լորա, թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքեր, նաև` օդուժ:
Իլհամ Ալիևը հոկտեմբերի 3-ին հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը գրավել են Թալիշը, Մատաղիսը, ինչպես նաև` Ջեբրայիլի շրջանում 5 գյուղ:
Հայկական կողմը տարածքային կորուստների մասին հստակ տեղեկություններ չէր հաղորդում: Անգամ այն բանից հետո, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց գրավված Թալիշից: ՊՆ խոսնակները ավելի շատ ներկայացնում էին հակառակորդի կորուստների մասին քարոզչական տեղեկատվություն և շարունակաբար հայտարարում` ՚Հաղթելու ենքՙ:
Արծրուն Հովհաննիսյանը ապատեղեկատվություն որակեց Մատաղիսը կամ Ջեբրայիլը գրավելու ադրբեջանական պնդումը։ ՚Ադրբեջանցիները իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսը գրավելու կապակցությամբ, թվարկում փոքր բնակավայրերը, իսկ այսօր մենք հրապարակեցինք տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հուժկու հրետանային կրակի տակ։ Այսօր էլ շարունակվեց նույն ապատեղեկատությունը կապված Ջեբրայիլի գրավման հետ: Ինչու Ալիևը չի այցելում Մատաղիս, եթե իսկապես գրավել ենՙ,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահը մեկնեց առաջնագծի տարբեր հատվածներ: Վերադառնալով Ստեփանակերտ, նա հայտարարեց, որ ՚ոգեշնչում, սխրանքներ ու հերոսություն էր տիրում ամենուրՙ. ՚Մեր հաղթանակն անխուսափելի է, քանի որ մեր պաշտպանների վարքագիծը մեր ազգի հավաքական ուժի և հավերժական բնույթի օրինակելի դրսևորումն է: Շնորհակալություն Պաշտպանության բանակին և հրամանատարական կազմինª իր առջև դրված խնդիրները փայլուն իրականացնելու համարՙ։
44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ այցելեց Արցախ` հոկտեմբերի 5-ին, նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրեց խորհրդակցություն: Արդեն Երևանում վարչապետը հայտարարեց, որ ՚այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը. Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններովՙ:
Ալիևը, մինչդեռ, իր ելույթներում և սոցիալական ցանցերում գրառումներով, գրեթե ամեն օր տալիս էր այն բնակավայրերի անունները, որոնք անցնում էին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ: Հոկտեմբերի 5-ին հաղորդվեց ևս երեք գյուղերի մասին Ջեբրայիլի շրջանում:
Շփման գծի ամբողջ երկայքնով, բայց առանձնապես հարավային ուղղությամբ` Ֆիզուլի-Հադրութ-Ջեբրայիլ, անողոք մարտերը շարունակվեցին հոկտեմբերի 6-ին և 7-ին:
Հոկտեմբերի 7-ի կեսօրին բարձրից, որտեղ եռագույն քարն է և որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հադրութ, հրետանու ձայնը շատ մոտ տարածությունից էր լսվում: Քաղաքը հրթիռակոծվում էր պատերազմի առաջին օրերից: Քաղաքացիական բնակչությունը շրջկենտրոնից և շրջակա գյուղերից տարհանվել էր: Քաղաք իջնելն արդեն դարձել էր վտանգավոր, քանի որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը Ջերբայիլից շրջանցիկ ճանապարհով` Առաքել-Սարինշեն-Թաղասեռ, երևացել էին այս կողմերում:
Նախօրեին տեղեկություն ունեի, որ Հադրութի հոսպիտալը տեղափոխել են Տող: Ուրեմն, մեր զորքերը նահանջում են: Որոշ տեղերում նկատելի էին հրետանու վերադասավորումներ: Սա ևս խոսում էր հարավային ուղղությամբ նահանջի մասին:
Պաշտոնապես հայկական բանակը ցավալի հարվածներ էր հասցնում հակառակորդին, նրան հետ շպրտում ելման դիրքեր: Դա իրական պատկերը չէր, թեև պետք է ասել, որ մինչև հոկտեմբերի 4-ը, այն է` պատերազմի առաջին շաբաթը, ադրբեջանական բանակը հարավային ուղղությամբ` Հորադիսից մինչև Ջեբրայիլ, կարողացել էր շփման գծից առաջ գալ 7-8 կիլոմետր միայն` տալով մարդկային մեծ կորուստներ: Առաջնագիծ չկար արդեն, բայց չի կարելի ասել, որ հարավային ուղղությունը ամբողջությամբ քանդված էր:
Այն քանդվեց հոկտեմբերի 5-ից հետո և հատկապես հոկտեմբերի 10-11-ին, երբ հայկական կողմը փորձեց հարված հասցնել Ջեբրայիլի ուղղությամբ: Պատերազմի 44 օրերին դա հայկական կողմի ամենաձախողված գործողություններից էր, որին զոհ գնաց և վիրավորվեց մինչև 2000 մարդ:
Շարժում-88-ի Հադրութի ակտիվիստներից Գագիկ Ավանեսյանը տնից դուրս էր եկել հոկտեմբերի 9-ին և այլևս չէր կարողացել վերադառնալ: Նա պատմում է, որ ադրբեջանցիները Հադրութ մտել են հոկտեմբերի 10-ին` Վանքի և Թաղասեռի մոտից, վերցրել են հին թաղը, տներ վառել:
՚Մեր այս պարտությունը սկսվել է 1994-ի զինադադարից հետո, երբ բանակը թալանվում էր, կար կոռուպցիա, հարաբերություններն էին փոխվել: Մարդկանց կտել էին հողից, սեփականությունից, իրենց իրավունքներից: Ամեն բան պատկանում էր մի քանի հոգու: Մարդիկ էին դրված պաշտպանության գործին, որոնք անընդունակ էին դա կազմակերպելու: Պատերազմի առաջին օրերից խուճապ կար: Պահեստազորայիններին տանում էին առաջնագիծ, թողնում այնտեղ, մարդիկ չէին պատկերացնում որտեղ են, ով է իրենց հրամանատարը: Ջեբրայիլի գումարտակը Հադրութում հրաման է ստացել նահանջել, դուրս գալու ընթացքում 19 զոհ է տվել: Եթե կռվեին, այդքան զոհ չէին տա: Հակառակորդը մտավ թիկունքից, մերոնք խուճապահար փախանՙ,- ասում է Ավանեսյանը:
Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը մարտակոչ հղեց վերջին մեկ տարում զորացրված զինվորներին` հայրենիքի համար կենաց ու մահու կռիվ տալու առաջնագծում: Վարչապետը առաջարկեց ներկայանալ իրենց հագուստներով, ձմեռային բաճկոններով, քաղաքացիներին խնդրեց կենտրոնական հավաքակայան ուղարկել ՚սաղավարտ, զրահաբաճկոնՙ, եթե ունեն իրենց տներում:
՚Տասը հազար այսպիսի տղա կա և եթե կեսը ներկայանա, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը: Տղե’րք, հայրենիքն ունի ձեր կարիքը: Սա մի նոր Սարդարապատ է, սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն: Մենք պետք է կանգնեք կողք-կողքի և հակառակորդի ողնաշար ջարդենքՙ,- հայտարարեց վարչապետը:
Մեկ այլ կոչով վարչապետը խնդրեց տրանսպորտային աջակցություն ցուցաբերել մարզերից կենտրոնական հավաքակայան մեկնող զորակոչվող տղաներին:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Արցախ էր մեկնել` օգնելու ռազմաքաղաքական ղեկավարությանը: Նա կարծում է, որ մարտական գործողությունները ճիշտ կազմակերպելու, տեղում ստեղծված իրադրությունը սթափ գնահատելու դեպքում հնարավոր կլիներ հակառակորդին կանգնեցնել Հադրութի մատույցներում: Սակայն խառնաշփոթի և վերախմբավորում չկարողանալու արդյունքում հնարավոր չեղավ փակել հարավային ուղղության ճեղքվածքը:
՚Արցախյան առաջին պատերազմում մենք ջոկատները վերածեցինք կանոնավոր բանակի, իսկ այս անգամ ամեն բան վերածեցինք ֆիդայական կազմակերպության: Մենք կարող էինք այս պատերազմից դուրս գալ չպարտված, եթե լիներ պետական արդյունավետ կառավարում, ռազմական ղեկավարությունը ճիշտ որոշումներ կայացներ, ստեղծեին համընդհանուր մոբիլիզացիայի մթնոլորտ, որ բոլորս կանգնեինք մեր արժանապատվությունը և Արցախը փրկելու համար: Չորս տարվա ընթացքում Հայաստանում պաշտպանության երեք նախարար է փոխվել, երեք գլխավոր շտաբի պետ, պաշտպանության բանակի երեք հրամանատարՙ,- ասում է Օհանյանը:
Սամվել Բաբայանը այս պատերազմում պարտության համար պատասխանատու է համարում բոլոր նրանց, ովքեր վերջին 10 տարիներին եղել են նախարար, շտաբի պետ, բանակի հրամանատար:
՚Պետությունը պետք էր անմիջապես ռազմական ռելսերի վրա դնել, ինչը չի կատարվել: Սպայական կազմից 70 տոկոս ավելին իրենց տեղերում չէին: Փախչողներ էլ են եղել: Ջալալ Հարությունյանը պատերազմի ընթացքում պարտադրված էր 19 տարեկանին լեյտենանտի կոչում տալ, վաշտում հրամանատար նշանակել: Արցախը պետք է հավաքեր մոտ 17 հազար մոբիլիզացիոն ռեսուրս, առաջին փուլում` մինչև 8 հազար: Առաջին փուլը 90 տոկոսով կատարել է, դրանից հետո այլևս չի կատարել: Երկրորդ, թողել են ազատ տեղաշարժի հնարավորություն, ով ոնց ուզում` մտնում դուրս է գալիս: Դա եղել է ամենամեծ սխալը: Եթե արցախցին Արցախում չի մնում, չի կռվում, ապա ինչքան էլ մենք անենք, չի ստացվելու: Հայաստանը պետք է տար 11 հազար մոբիլիզացիոն ռեսուրս, տվել է 6-7 հազարՙ,- ասում է Բաբայանը:
Լեռնագնաց Տիգրան Վարագը պատմում է, որ իրենց 32 հոգանոց խմբին Երևանից, առանց նախապատրաստության և վարժանքների, տարել են առաջնագիծ` Ազոխ, Տող, ապա` Մոխրենես: Հակառակորդը անընդհատ առաջ էր գալիս, հայկական ուժերը` նահանջում էին:
՚Մենք չունեինք հրամանատար, մարտական առաջադրանք, քարտեզ, կապի միջոց: Ասացին, հրամանատար ընտրեք ձեր մեջից: Մի քիչ դժվար էր հրամանատար ընտրել, առաջին անգամ էինք միմյանց տեսնում: Ոչ մեկ ոչ մեկին չի ճանաչում, տանում են մարտի դաշտ և ասում` հրամանատար ընտրեքՙ,- ասում է նա: Կոռուպցիան ու կիսագողական բարքերը, Վարագի խոսքերով, պիտի պարտության բերեր. ՚Դասական իմաստով սա բանակ չէր, սա չգրված օրենքների վրա հիմնված կառույց էր, որտեղ ամեն մեկը իր շահն էր հետապնդում, բայց դա պետության շահը չէրՙ:
Վարագը և երեք տասնյակ կամավորները նահանջում են Տումի, ապա Դիզափայտի լանջով` Քիրսավան:
՚Քիրսավանում մի քանի սպա կար, մոտեցանք, ասացինք, որ անտեր զորք ենք, չգիտենք, մենք ինչ պետք է անենք: Ով չէր ուզում, կարող էր զենքը հանձնել: Լինում էր, որ ռազմական ոստիկանությունը բռնում էր, լինում էր, որ զենքդ հանձնում էիր ռազմական ոստիկանությանը, գնում էիր տուն: Իմ տեղեկություններով, շատերն էին այդպես անում: Մեզ տեղափոխեցին Ասկերան: Այնտեղ 200-300 հոգի մարդ կար` տարբեր տեղերից նահանջած: Բոլորի հետ, որ խոսել ենք, նույն պատմությունն էր: Չեն ունեցել հրամանատար: Մեքենան գնում էր դեպի Հադրութ, որտեղ հնարավոր էր, մեքենան իջեցնում էր, ասում էին` դու գնա այս կողմը, դու այն կողմը, մեքենան հետ էր դառնումՙ,- պատմում է նա:
Հոկտեմբերի 7-ին Հադրութի բարձունքից մի քանի րոպե նայեցինք դեպի ներքև: Ով կմտածեր, որ դա վերջին հայացքն էր դեպի Հադրութ: Հետ դարձանք և կանգ առանք Տող գյուղում: Շատ քիչ մարդ էր մնացել Տողում: Մի մասը դիրքերում էր, մյուս մասը հեռացել էր Հայաստանի տարբեր բնակավայրեր:
Տողից շարժվեցինք դեպի Մեծ Թաղեր: Սա Արցախի ամենագեղեցիկ և խնամված գյուղերից է: Այստեղ ապաստանել էին առաջնագծին մոտ գտնվող մի քանի գյուղերի բնակիչներ: Գյուղի կանայք օրական մինչև 500 հատ հաց էին թխում առաջնագծում կռվող տղաների համար: Մեծ Թաղերի երկնքում անդադար բզզում էին հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, որոնք, ամպամածության պատճառով, տեսանելի չէին:
Թոնրի շուրջը կանգնած, վառվող երեսներով հաց թխող կանայք աչքիս առաջ են: Ու հիմա, հավատս չի գալիս, որ մենք կորցրել ենք Հադրութի ամբողջ շրջանը:
Հադրութից պատերազմական հիշողություններս տխուր են ու ճնշող: Մեկ շաբաթ առաջ էինք եղել Հադրութում, նկարել հոսպիտալն ու տասնյակ վիրավորների, նկարել 81-ամյա մի պապիկի, որը կնոջը կորցրել էր ռմբակոծության հետևանքով: Կնոջը հողին հանձնելուց հետո նա մենակ էր մնացել: Տան բանկում զրուցելուց հետո նա առաջարկեց բարձրանալ երկրորդ հարկ: Հրետակոծությունից տունը վնասվել էր: Հետևեցի ծերունուն: Նա անպայման ուզում էր ինձ ցույց տալ երիտասարդ որդու նկարը. նա զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում:
Որտե՞ղ է հիմա այս պապիկը, ուր են գնացել վառվող երեսներով` առաջնագծում կռվող ու ընկնող տղաների համար հաց թխող կանայք:
Մոսկվա. Լավրով-Մնացականյան-Բայրամով 11 ժամ բանակցություններ
Պատերազմի 44 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր հարցազրույց էր տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին, մարտակոչ անում, ֆեյսբուքում ստատուսներ գրում կամ ուղիղ եթեր մտնում: Ադրբեջանի հարձակումից հետո վարչապետը կոչ արեց ՚վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուցՙ։ Ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին ևս Փաշինյանը գրեց ֆեյսբուքում:
Հոկտեմբերի 8-ի նրա գրառումը մտահոգիչ էր: Փաշինյանը ահազանգ էր ստացել, որ ՚առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են` Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ այստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունիՙ, ՚տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներումՙ:
Փաշինյանի խոսքերով, ՚զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամունՙ: ՚Իմ հանձնարարությամբ, ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երեւանում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում, մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերիցՙ:
Հայաստանի և հայ ժողովրդի մեծ մասը հավատում էր պաշտոնական քարոզչությանը, որը մեծ մասով ապատեղեկատվություն էր և տարածվում էր գրեթե բոլոր լրատվամիջոցներով, անգամ ընդդիմադիր, ինչպես նաև և առաջին հերթին Փաշինյանի, Արցախի նախագահի, նրա մամուլի խոսնակի և Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակների ֆեյսբուքյան էջերով, որոնք միասին ունեին մի քանի միլիոն հետևողներ:
Իրականում, հայկական բանակի գործերը վատ էին, շատ վատ պատերազմի հենց առաջին րոպեներից, երբ կիսով չափ շարքից դուրս եկան հակաօդային պաշտպանության համակարգերն ու հրետանին: Ադրբեջանը բացարձակ առավելություն էր ստացել օդում:
Դեռ հունիսին, մի հարցազրույցում, նախագահ Հարությունյանը հայտարարել էր, որ ՚2016թ ապրիլին Ստեփանակերտի օդը անպաշտպան էր. այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն ամբողջությամբՙ:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան պարզվեց, որ ոչ Ստեփանակերտի, ոչ Արցախի մյուս հատվածների օդը պաշտպանված չէ թուրքական անօդաչու թռչող սարքերի և ադրբեջանական օդուժի առաջ:
Հոկտեմբերի 9-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենց վերահսկողության տակ են անցել Հադրութը և ութ գյուղեր:
Հադրութը, իրականում, դեռ չէր գրավվել: Մի քանի օր առաջ քաղաքի և շրջակա գյուղերը բնակիչները հեռացել էին Հայաստան կամ Արցախի մոտակա ավելի անվտանգ վայրեր: Ադրբեջանական դիվերսիոն խմբավորումները երևացել էին հարևան Վանք, Թաղասեռ գյուղերում, ադրբեջանական դրոշ բարձրացրել, իսկ Հադրութում սպանել անզեն, խաղաղ և հաշմանդամություն ունեցող բնակիչների, որոնք չէին կարողացել ժամանակին հեռանալ:
Ռուսաստանի նախագահ Պուտինը հրադադարի կոչ արեց և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրեց Մոսկվա: Հոկտեմբերի 9-ի երեկոյան կողմ սկսվեցին Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք շարունակվեցին շուրջ 11 ժամ:
Լավրովը լրատվամիջոցների համար ընթերցեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը, այն է` ռազմական գործողությունների դադարեցում մարդասիրական նպատակներով, ռազմագերիների, այլ պահվող անձանց և սպանվածների մարմինների փոխանակման համար: Ռազմական գործողությունների դադարեցման հետագա չափորոշիչները պետք է համաձայնեցվեին լրացուցիչ, կողմերը վերահաստատում էին խաղաղ գործընթացի ձևաչափի անփոփոխությունը և ձեռնամուխ լինում առարկայական բանակցություններ վարել` շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Հրադադարը, սակայն, պահպանվեց, միայն 5 րոպե: Հայկական կողմը մեղադրեց Ադրբեջանին ուխտադրուժ հարձակման համար: Ռազմական գործողությունները և խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունները շարունակվեցին: Հարվածներ էին հասցվում Ստեփանակերտի, Շուշիի, Գյանջայի և այլ բնակավայրերի ուղղությամբ:
՚Դիվերսիոն-հետախուզական գործողությունները ձախողվել են, հակառակորդը հետ է մղվել: Հադրութը լիովին վերահսկվում է Արցախի ուժերի կողմից, Թալիշ գյուղը չի գտնվում Ադրբեջանի հսկողության տակ, բայց ադրբեջանական զորքերը գյուղի շրջակայքում ենՙ,- հոկտեմբերի 12-ին հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նույն օրը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ հետ է մղել Հադրութի ուղղությամբ գրոհը: Ի պատասխան, Բաքուն պնդեց, որ քաղաքը արդեն մի քանի օր ադրբեջանական վերահսկողության տակ է: Մեկ օր անց նրանք հրապարակեցին տեսանյութ, որտեղ մոտ հեռավորության վրա երևում էր Հադրութը:
Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանը հաղորդեց 8, իսկ հաջորդ օրը ևս 6 գյուղերի գրավման մասին: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական կողմը վերահսկողություն էր հաստատել 50 բնակավայրերի, այդ թվում` Հադրութ և Ջեբրայիլ քաղաքների նկատմամբ:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ռուսական երեք լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում: Նա ներկայացրեց այն առաջարկները, որոնք փորձագիտական շրջանակներում հայտնի են իր` ՚Լավրովի պլանՙ անունով, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել և որոնք մնում են բանակցությունների սեղանին։
Առաջին. Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջաններից` Աղդամ, Ֆիզուլի, Ջերբայիլ, Զանգելան և Ղուբաթլու, հայկական զորքերի դուրս բերում` պահպանելով անվտանգության երաշխիքները և ապահովելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև հուսալի կապըª մինչև վերջինիս կարգավիճակի որոշումը։
Երկրորդ. հայկական ուժերի դուրս բերում Քելբաջարից ու Լաչինից և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում։
Երրորդ. խաղաղապահների օգնությամբ խաղաղության պահպանում Լեռնային Ղարաբաղում:
Նույն օրը` հոկտեմբերի 14-ին, Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին և ընդգծեց, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը ՚քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջՙ:
Ներկայացնելով այդ պահանջի էությունը, վարչապետը հայտարարեց, որ այդ ժառանգությունը ստացել է որպես ՚բանակցային եզրափակիչ հանգրվանՙ, այն է` ՚անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու հստակ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ` պետք է լինի Ադրբեջանի կազմում, ընդ որում, կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետեւանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման գործընթացի հետ, այսինքն` տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց` հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցըՙ:
Փաշինյանը խոսեց ՚թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքի դեմ Պաշտպանության բանակի հերոսական կռվիՙ, հայկական կողմից ՚ահռելի թվով զոհերիՙ, արձանագրեց, որ հակառակորդի նախնական ծրագիրը` ՚բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները` ձախողվել էՙ, բայց նաև ընդունեց, որ ՚պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցելՙ:
Վարչապետը հայտարարեց, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, վախեցնել, հաղթել. ՚Մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատըՙ:
Հոկտեմբերի 16-ին Ալիևը հայտարարեց 3 գյուղի, իսկ հաջորդ օրը` 8 բնակավայրի, այդ թվում` Ֆիզուլի քաղաքի գրավման մասին:
Հայաստանը և Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի երեկոյան համաձայնության եկան մարդասիրական հրադադար հաստատելու շուրջ, սակայն, ինչպես մեկ շաբաթ առաջ, այս անգամ էլ այն չպահպանվեց: Ադրբեջանական ուժերը գրոհները շարունակեցին դեպի Իրանի հետ սահման, գրավեցին Խոդաֆարինի ջրամբարը և Արաքս գետի երկայնքով շարժվեցին դեպի Մինջևան, Զանգելան և Ղուբաթլու:
—-
Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ և Արթբրիջ գրախանութներում:
Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ:














