Հատված «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից
Քառասուներորդ գլուխ. Աղետալի վերջաբան, նախորդ մասը կարդալ
Սեպտեմբերի 27-ից՝ նոյեմբերի 10
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ադրբեջանական բանակի հարձակումից մեկ ժամ անց, մարտակոչ հղեց. ՚Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղությունՙ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ. ՚Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելուՙ:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ ՚պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ պատճառելով ծանր կորուստներՙ. ՚Դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար խստագույնս կպատժվեն: Մեր պատասխանը լինելու է կոշտ, ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամունՙ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՚մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմՙ: ՚Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, արժանի հակահարված հասցնելու թշնամուն: Մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէՙ: Նա միջազգային հանրությանը կոչ արեց գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից:
Ապա, խորհրդարանում ունեցած ելույթում Փաշինյանը ընդգծեց, որ եկել է ասելու, թե ինչի է պատրաստ. ՚Ես պատրաստ եմ զոհվելու հանուն հայրենիքի: Մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի: Մենք պետք է հաղթենք, որովհետև պարտվելու տարբերակ չունենք: Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտՙ:
Փաշինյանը, դիմելով խորհրդարանին, ասաց. ՚Եկեք պայմանավորվենք մի բան. ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչում, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչիՙ:
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձում ասվում էր. ՚Ադրբեջանը չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին [Տավուշում] իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել: Առաջնագծի ողջ երկայնքով իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետակոծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերըՙ:
Պատերազմի ավարտից՝ հայկական կողմի պարտությունից մի քանի օր անց, Գասպարյանը մեկ այլ ուղերձ հղեց՝ նշելով, որ մեղադրանքներ են հնչում, իբր զինված ուժերի ղեկավարությունը Փաշինյանին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։
՚Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ 2020թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:
Մասնավորապես նշել եմ՝ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար, այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` ՚Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ինչ պետք է անենքՙ: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հակառակորդին մեծ կորուստներ հասցնել և ստիպել հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը:
Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև՝ անվտանգության խորհրդի նիստերում:
Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:
Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:
Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն… Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք:
Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:
Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, և անհավասար պայքարում հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներՙ:
Նոյեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարեց. ՚Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ Աղդամը, Լաչինը, Քելբաջարը հանձնել Ադրբեջանին: Իրականում, շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է այն շրջանում, երբ ընկած էր Շուշին, և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, մեղմ ասած, նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքըՙ։
Մեկ օր անցª նոյեմբերի 12-ի ուղերձում Փաշինյանը բացատրում էր, թե ՚ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթՙ. ՚Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտըՙ:
Փաշինյանի խոսքերով՝ եթե կորսվեր Ստեփանակերտը, որը, մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Մարտունին, Ասկերանը, Մարտակերտը, որից հետո ՚Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետիՙ:
՚Ինչո՞ւ էի փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ… Երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի: Այս գիտակցությամբ եմ ստորագրել տխրահռչակ փաստաթուղթը… Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբՙ,- ասվում էր Փաշինյանի ուղերձում:
Ինչո՞ւ զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին կամ փոքր ավելի ուշ: Վարչապետի խոսքերով, սրա համար երկու պատճառ կար. ՚Նախ պետք էր առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին, և երկրորդ, հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը։ Այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաև դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորինՙ:
՚Արցախի նախագահը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ես ինքս, Հայաստանի կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները և առաջին հերթին ու գլխավորապես կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք՝ ամեն սանտիմետրը ատամներով պահելու համար: Մեր զորքը կռվել է հերոսաբար: Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմՙ,- ասվում էր վարչապետի ուղերձում:
Արցախի նախագահը նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ կյանքի ամենածանր գիշերն է անցկացրել, իսկ զինադադարի փաստաթուղթը ստիպված են եղել ստորագրել. ՚Մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու և Ասկերանի շրջաններից ինչ-որ մաս և ամենագլխավորը՝ Շուշին։ Մենք Շուշիի վերահսկողությունը կորցրել ենք հիմնականում նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա։ Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհերՙ:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ չհաջողվեց պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից, զինադադարից մի քանի ժամ առաջ հայկական կողմը Մարտունու հատվածում մարդկային մեծ կորուստներ է ունեցել: Զորքի բարոյահոգեբանական վիճակը ծայրահեղ վատ է եղել, մի քանի հիվանդություններ, այդ թվում՝ Կովիդ-19-ը, հյուծել են զինվորներին, նրանք ավելի քան 40 օր մնացել են առաջնագծում՝ զրկված հանգստանալու և հերթափոխի հնարավորությունից:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ պատերազմի ընթացքում Հայաստանը ՚սպառազինության և ռազմական տեխնիկայի ապահովման, մատակարարումների առումով գործել է տոտալ բլոկադայում: Թիկունքային, մարտական և սպառազինության տեխնիկայի ապահովման տեսանկյունից կատարվածը, կարելի է նաև հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինըՙ:
՚Թուրքիան մինչ պատերազմը և ռազմական գործողությունների ընթացքում մեծապես աջակցել է Ադրբեջանին: Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի` Ադրբեջանի գերսպառազինված զինված ուժերին: [Մենք ևս] պառազինված ենք եղել, բայց քանակական և ռեսուրսների առումով Հայաստանի և Ադրբեջանի հնարավորությունները անհամեմատելի են: Թուրքիան բացահայտ աջակցել է մարդկային ռեսուրսի, սպառազինության և հրամանատարական կազմի առումով` փորձագետների, հրահանգիչների, կառավարիչների: Չենք մոռանում նաև մեծաքանակ, հազարավոր վարձկան-ահաբեկիչներին: Բավականին մեծ ուժեր են, որին դիմակայել է մեր բանակը և պատվով է դուրս եկելՙ,- ասաց Տոնոյանը:
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը պատերազմի վերջին օրերին, նախքան հրաժարականը, առաջարկում էր կամ ամբողջ Արցախից դուրս գալ կամ Ռուսաստանից հստակ պատասխան ստանալ՝ զենք տրամադրո՞ւմ է, թե՞ ոչ: Անվտանգության խորհրդի այս ձայնագրությունը հայտնվեց համացանցում այն բանից հետո, երբ Բաբայանը հրաժարական տվեց և հրաժարվեց ՚Արցախի հերոսՙ կոչումից:
՚Ռուսաստանի հետ պետք է բանակցել և բացատրել, որ Ղարաբաղը 10 օր ժամանակ է ուզում անվերապահ կապիտուլյացիայի համար: Այստեղ միայն ժողովրդի խնդիրը չէ: Ստեփանակերտը այսօր [տար]հանեցիր: 30 հազար զորք է կանգնած: Այդ զորքին պետք է ապահովես, դուրս բերես: Եթե Ռուսաստանը ընդունում է, որ մարդ չի մնալու, բոլորս դուրս ենք գալիս, 10 օրը Ադրբեջանից ենք խնդրում, թե ռուսն ինքն է խնդրում… Առաջարկում եմ այդ տարբերակն առաջարկել, իհարկե պաշտպանելով այն, ինչ ունենք: Հնարավոր է ռուսն այդ դեպքում ապահովի զենքով, փոխենք վիճակը: 10 օր ժամանակ ենք խնդրում՝ զորքն էլ, ժողովրդին էլ հանենք: Կամ մեզ օգնում են: Եթե նույնիսկ մեզ վաղը 100 հատ Գրադ տան, մենք չունենք մասնագետներ, որ աշխատեցնեն: Հրետանին 30 օրից ավելի կռվում է: Հրետանավորները զոհվել են, հրետանի չունենք: Եթե հրետանի չկա, ապա չես կարող հետևակ օգտագործել: Պատերազմի հենց առաջին երկու երեք օրերին երևացել է, որ բանակը բարոյալքվել էՙ:
Թուրքիան և վարձկան-ջիհադիստները Ադրբեջանում
Հալեպի գյուղական շրջաններից ղարաբաղյան հակամարտության գոտի եկած 26-ամյա Մոհամեդ Ալ-Համզան վիրավորվեց Ադրբեջան ժամանելուց երկու օր անց: Նա բրիտանական Guardian-ին ասել է, որ Լիբիայում վտանգավոր էր, բայց Ղարաբաղում ավելի վտանգավոր է:
՚Այստեղ ահավոր է։ Նրանք խաբեցին մեզ՝ ասացին, թե Ադրբեջան ենք գնում նավթային և գազային ոլորտի օբյեկտները հսկելու նպատակով: Մեր խմբի անդամներից 250 հոգի խնդրել է, որ թույլատրեն տուն վերադառնալՙ,- ասել է սիրիացի ջիհադիստ զինյալը:
Ադրբեջանն ու Թուրքիան հերքում են, որ հայերի դեմ պատերազմում ներգրավել են ջիհադիստ վարձկաններին, չնայած բազմաթիվ երկրներ, կազմակերպություններ և լրատվամիջոցներ մանրամասն ներկայացրել են փաստական տվյալներ: Ջիհադիստների տեսանյութերի, լուսանկարների, մի շարք պետությունների հետախուզական ծառայությունների տվյալների պակաս չկա: Հայկական կողմը գերեվարել վարձկանների:
Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի սկզբին հայտարարեց, որ Սիրիայից 300 գրոհայիններ են ուղարկվել Բաքու՝ մասնակցելու ռազմական գործողություններին: ԱՄՆ իշխանությունները հաղորդեցին, որ տեղափոխումը կատարվել է օդային տրանսպորտով: Ռուսաստանը հորդորեց Սիրիայի և Լիբիայի գրոհայիններին դուրս բերել ղարաբաղյան հակամարտության գոտուց:
Թուրքիայի կողմից ջիհադիստների՝ Ադրբեջան տեղափոխելու լուրերը շրջանառվում էին հուլիսից. առաջիններից մեկը գրեց ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը: Սեպտեմբերի 22-ին Սնելը թվիթերի իր էջում հրապարակեց ինքնաթիռի ներսում մինչև 100 և ավելի տղամարդկանց լուսանկար՝ նշելով, որ նրանք ենթադրաբար ՚Համզաՙ ջիհադիստական խմբի անդամներ են, ովքեր Անկարա-Բաքու չվերթով այդ օրը ժամանել են Բաքու։
՚Ես հուլիսից դեռ նյութեր ունեմ, երբ նրանք անգամ նորմալ ՚Ադրբեջանՙ չէին կարողանում արտասանել, գաղափար չունեին, թե որտեղ է դա: Գաղափար չունեին Ղարաբաղյան հակամարտության մասին. երբ առաջինները սկսել էին ժամանել, նրանցից մեկն ասել էր, թե կարծում էր, որ Ղարաբաղը կղզի է ՙ,- ասել է լրագրողը:
Սնելի խոսքերով՝ սիրիացի վարձկաններն ադրբեջանական համազգեստ են կրում: Թուրքիայում նրանց նոր հագուստ են տալիս, վերցնում են հինը, նաև նոր սանրվածքներ են անում: Սովորաբար Սիրիայում նրանք երկար մազեր և մորուքներ ունեն, մինչդեռ ղարաբաղյան հակամարտության գոտում, ասես, առևտրի կենտրոնի աշխատողներ լինեն:
Սիրիայի հյուսիսային շրջաններում, որոնք գտնվում են Թուրքիայի և թուրքամետ ուժերի վերահսկողության տակ, ջիհադիստ վարձկանների և փողի կարիք ունեցողների հավաքագրումը սկսվել է 2020թ օգոստոսին: Նրանցից չորսը, հրաժարվելով հրապարակել իսկական անունները, համաձայնվել են BBC-ին պատմել, թե ինչպես են հավաքագրվել, տեղափոխվել Ադրբեջան և առաջնագծում մասնակցել ռազմական գործողություններին:
Հավաքագրումը կատարել է Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակը: Մինչև 2000 մարդ է գրանցվել և Գազիանթեփ քաղաքից թուրքական ռազմա-տրանսպորտային օդանավերով տեղափոխվել Ադրբեջան։ Վարձկաններից մեկին խոստացել են ամսական 2000 դոլար աշխատավարձ սահմանային հսկողություն իրականացնելու համար: Սակայն նրանց խոստացված աշխատավարձը չեն վճարել, տեղափոխել են առաջնագիծ և հրամայել կռվել հայերի դեմ:
՚Մեր շուրջ մահ էր: Հույս չունեի, որ ողջ կմնամ: Մեկ տոկոսի հնարավորություն կարՙ,- ասել է նրանցից մեկը:
Մեկ այլ վարձկան պատմել է, որ ռազմական գործողություններին մասնակցել է Ադրբեջան հասնելու հաջորդ օրը. ՚Մեզ՝ մոտ 30 հոգու, ուղարկեցին առաջնագիծ: Մեր կողքին հրթիռ պայթեց։ Պառկեցի գետնին։ Կրակը առանց դադարի շարունակվում էր մոտ 50 րոպե։ Այդ րոպեներն ինձ տարիներ թվացինՙ:
Սիրիացիների հավաքագրման և Ադրբեջան ուղարկելու գործընթացներում ներգրավված մի զինյալ ամերիկյան Wall Street Journal-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ վարձկաններին սկսել են Ադրբեջան ուղարկել սեպտեմբերի կեսերից՝ 100 հոգանոց խմբերով։
՚Մարդկանց արդեն միևնույն է, թե ում հետ միասին կամ ում դեմ են իրենք կռվում։ Միակ բանը, որ նրանք ցանկանում են, փողն է։ Կլինի գումար՝ կմեկնեն կռվելուՙ,- ասել է զինյալը։
38-ամյա մեկ այլ վարձկան, որն արդեն իսկ պայմանագիր էր կնքել և սպասում էր, թե երբ են իրեն ուղարկելու ղարաբաղյան հակամարտության գոտի՝ ամսական 1500 դոլար աշխատավարձի դիմաց, ամերիկյան թերթի հետ զրույցում ավելի է անկեղծացել. ՚Մեզ մեռնելու են ուղարկում, բայց մենք դրանով մեր ընտանիքների օրվա հացն ենք ապահովումՙ: Նա պատմել է, որ վարձկանների խումբը, որում ինքն է ընդգրկված, Ադրբեջան է մեկնելու Թուրքիայի տարածքով։
Ադրբեջանում գտնվող զինյալներից 200-ը արդեն հոկտեմբերի սկզբին խնդրել էին, որպեսզի իրենց հետ ուղարկեն տուն, քանի որ Ղարաբաղյան պատերազմական գոտին ՚դժոխք էՙ, հավաքագրված վարձկանների մի մասը ցանկանում է վերադառնալ կամ արդեն իսկ վերադարձել է Սիրիա. ՚Ադրբեջան մեկնածների թվում անվնաս մնացածները բացառություն են կազմում։ Մեծ մասը կամ զոհվել է, կամ էլ այս կամ այն աստիճանի վիրավորում ստացելՙ,- Wall Street Journal-ին ասել է Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումներից մեկի մի անդամ։
Մեծ Բրիտանիայում գործող ՚Մարդու իրավունքների սիրիական կենտրոնՙ կազմակերպության տվյալներով՝ 44 օրերի ընթացքում զոհված վարձկանների թիվը 541 է:
Թուրքիան ոչ միայն սիրիացի վարձկաններ, այլև ռազմական տեխնիկա է տեղափոխել Ադրբեջան: ՚Սիրիացիները՝ հանուն ճշմարտության և արդարությանՙ կազմակերպության հրապարակած զեկույցի հեղինակները զրուցել են զինյալ խմբավորումների առաջնորդների ու վարձկաններին հավաքագրող գործակալների հետ, ուսումնասիրել ու վերլուծել բաց աղբյուրներում առկա փաստերը՝ նկարներն ու տեսանյութերը: Սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի 13-ը Թուրքիան առնվազն երկու հազար սիրիացի զինյալ է տեղափոխել Ադրբեջան, իսկ մինչև այդ Ադրբեջան են մեկնել Սիրիայի հյուսիսում արմատացած շուրջ 150 կովկասցի ջիհադիստներ:
Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը նորություն չէր: Նորությունն այն էր, որ 2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում Անկարան Բաքվին տրամադրում է նախադեպը չունեցող ռազմական, քաղաքական, քարոզչական ու բարոյական աջակցություն:
Թուրքիայի նախագահը պատերազմի հենց սկզբից կոշտ քննադատություն հնչեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին, մեղադրելով, որ 30 տարի ղարաբաղյան հակամարտությունը չեն կարգավորել և անում են ամեն ինչ, որ չկարգավորեն: Էրդողանը անթույլատրելի համարեց կրակի դադարեցման մասին Մինսկի խմբի կոչերը:
Վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ընթացում հայտարարեց, որ ՚պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիանՙ. ՚Ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն: Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել է հակամարտության գոտիՙ:
Ռուսաստանի արտգործնախարարը նոյեմբերի սկզբին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կռվող վարձկան-ահաբեկիչների թիվը հասնում է 2000-ի: Սերգեյ Լավրովը ընդգծեց, որ Մոսկվան հարցը բարձրաձայնել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ` հոկտեմբերի 27-ին:
Արտգործնախարարության խոսնակը ընդգծեց, որ ջիհադիստների տեղակայումը կարող է Հարավային Կովկասը դարձնել ահաբեկչության անկլավ։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պնդեց, որ հստակ և ճշգրիտ տվյալներ կան Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների, ինչպես նաև մարտական գործողություններին թուրքական հետախուզության մասնակցության մասին։
Իլհամ Ալիևը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ Ադրբեջանը վարձկաններ չունի, մեղադրեց Ֆրանսիային կողմնակալ լինելու, իսկ Ռուսաստանին՝ Հայաստանին զենք մատակարարելու մեջ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները դեկտեմբերի սկզբին համատեղ հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով միջազգային բոլոր վարձկաններին հեռացնել տարածաշրջանից։
Մոսկվայում դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործերնախարար Արա Այվազյանը ընդգծեց, որ դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ, հակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները: ՚Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասիցՙ,- ասաց Այվազյանը։
—-
Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ և Արթբրիջ գրախանութներում:
Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ:














