Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի խոսքը` ի պատասխան լրատվամիջոցների հարցերի
Ամենակարևոր, բայց նաև որոշակի դժվարություններ ունեցող հարցն այն է, որ մենք կարողանանք հանրության հետ խոսելիս ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի բոլոր շերտերը։ Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի թեմայի վրա, ի սկզբանե արձանագրելով, որ այդ թեման գուցե չկարողանամ մինչև վերջ բացել ու բացահայտել․․․
Տեսեք՝ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ, ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից, չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Երբեք չի վիճարկվել։
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ու ոչ մի անգամ բանակացային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում։ Էն փաստի բերումով, և բանակցություններում դա արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ։ Նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։
Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակցության մասին՝ ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական։ Եվ ես նախկինում գոյություն ունեցած բանակցային բովանդակության վերաբերյալ իմ վերապահումներն անելիս՝ ասել եմ հետևյալը․ ենթադրենք այդ հանրավքեն, ենթադրենք հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար։ Իսկ հայկական մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու երբե՛ք։ Բայց ենթադրենք, թե հայկական մեկնաբանությամբ տեղի ունենար։ Իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պիտի մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները։ Ենթադրե՛նք՝ ԼՂ ադրբեջանցիները մասնակցեին այն չափով, ինչ չափով որ մեկնաբանում էր հայկական կողմը, երբ որ ինքնորոշման իրավունքը, ենթադրե՛նք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում։ Հարց՝ իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքտում, իրենց հերթին, կարո՞ղ էին բարձրացնել իրե՛նց ինքնորոշման իրավունքը։ Եվ այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային։
Ես հիմա ազատ մեկնաբանություն չեմ անում, ես խոսում եմ բանակցային եղած բովանդակության նրբությունների մասին, որը հրապարակային մինչև օրս ոչ մի անգամ չեն քննարկվել։ Եվ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության ինչպիսի՞ պատկեր պետք է արձանագրվեր։
Այսօր հնչում են մտքեր, արվում են հայտարարություններ, որոնք իրականում 2018 թվականին առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն։ Կամ էլ այդ բանակցային բովանդակությունից մի նախադասություն է վերցված և այդ նախադասությունը դարձնում ենք դրոշակ։ Բայց այդ փաթեթը մի նախադասությունից չէ, նույնիսկ մեկ փաստաթղթից չէ ձևավորված։
Ու երբ որ ես ասում եմ, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, ես հենց այս համատեքստը նկատի ունեմ, որը մեկ շերտանի չի․․․
Եվ երբ որ դիտարկում ենք հարցը, պետք է դիտարկենք այն այս տեսակետից։ Լավ, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչություն․․․ Այն որտե՞ղ պետք է բնակվեր։ Ինձնից առաջ բանակցողները թող ասեն՝ որտե՞ղ պետք է բնակվեր։ Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես կարող եմ դա ապացուցել անհրաժեշտության դեպքում, ոչ թե մեկնաբանել․․․
Իսկ եթե դուք հարցնեք՝ այդ ինչ աղետ է տեղի ունեցել 2016-ին բանակցությունների մեջ։ Ես կպատասխանեմ հետևյալը։
Սա՝ առաջինը։ Բայց աղետը սա չէ։
Այդ փաթեթներում նշվել է, և սա, ի միջի այլոց, մեր կողմից, հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում է, գովազդվում է, որ ասվում է այդ փաթեթում, որ Լեռնային Ղարաբաղը ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն և այլն․․․
Եվ ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում այ էս իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ։
Այստեղ ի՞նչ պրոբլեմ կա։ Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն է եղել՝ ամեն ինչ անել, որ հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տիրությունում։ 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում է ՄԱԿ-ի ԱԽ։ Եվ եթե դուք ուշադրություն դարձրած լինեք 2017 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին Հ1-ով, նա այնտեղ ասում է՝ ԼՂ կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը։ Ինքը հե՛նց սա նկատի ունի։
Երբ հասավ ՄԱԿ-ի ԱԽ, կանխատեսելի է արդյո՞ք, թե ինչ որոշում է կայացնելու ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Ի՞նչ հարց էր այստեղ լուծվելու։ Մի հարց՝ մինչև վերջնական կարգավիճակի լինելը, Ղարաբաղը ի վերջո ո՞ր երկրի մաս է կազմում։
Այ այս աղետն է տեղի ունեցել 2016 թվականին բանակցային գործընթացում։ Սա՛ է պատճառը, որ 2018-ի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ․․․ Ի՞նչով է սա կարևոր։ Կարևոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակը արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի՛ սահմանադրության համաձայն։
Հարց․ — Երկու հարց տամ Ձեր ասածի վերաբերյալ։ Նախ՝ 93 թվականի ՄԱԿ-ի ընդունած որոշմանն անդրադառնալով։ Բայց Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի էլ եղել․․․ Այսինքն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն ճանաչում էր Ադրբեջանի սահմանները Լեռնային Ղարաբաղը ներառյա՞լ։
Փաշինյան․ – Այո՛․․․ Այդ փաստաթղթերը հրապարակված են, հասկանո՞ւմ եք։ Եվ դուք, և այս պահին մեզ հետևող հեռուստադիտողները կարող են մտնել ինտերնետ, գտնել այդ տեքստերը․․․
Մեր մեծագույն պրոբլեմն է, որ, այո, երկար ժամանակ մենք մեր դիրքորոշումները հայտարարել ենք, դարձրել ենք պրոպագանդայի առարկա։ Ինչ որ ես ասում եմ՝ գաղտնիք չէ։ ՄԱԿ-ի ԱԽ բանաձև․․․ 1993 թվականի․․․ Ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Դիվանագիտական ամենամեծ հաջողույթուններից մեկը համարվում էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ձևավորվեց և ՄԱԿ-ի ԱԽ-ն, մնացած միջազգային կառուցները ըստ էության մեկուսացվեցին հարցից․․․ Մեկ էլ 2016 թվականին հարցը կտրտվում է, բաժանվում է մասերի և վերադարձվում ՄԱԿ-ի ԱԽ տիրույթ․․․
2018-ին գործընթացն այս փուլում էր։ Այն փուլում, որի մասին 2017-ին Սերժ Սարգսյանը ասաց՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար․․․
Հարց․ — Երբ դուք ստանձնեցիք 2018 թվականին իշխանությունը, ձեր առջև դրվե՞ց այդ փաստաթուղթը, որ հարցը գնում է ՄԱԿ-ի ԱԽ․․․
Փաշինյան․ — Ոչ թե ես եկա ու դրվեց, այլ այդ փաստաթղթերը արդեն սեղանին էին<․․․>
Ցանկացած պատերազմ կարելի է կանխել։ Բայց գին ունի դա։ Այս պատմության մեջ ինձ ուղղված շատ մեղադրանքներ կան։ Ես ուզում եմ ասել, որը կարող է լինել ինձ ուղղված ամենալեգիտիմ մեղադրանքը։
Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր․ սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք։ Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնե՛լու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ դրվել է նրա ֆեյսբուքի էջում, 26 դեկտեմբեր, 2021թ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ կուզեի մի քանի հիմնական դրույթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ տարբեր ուղերձներում ու հայտարարություններում.
- Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:
- Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ:
- Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:
- Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր հայրենակիցները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:
- Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը:
- Չանդրադառնալով անցյալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապես պետք է արձանագրել, որ հիմա պահը շատ ավելի պատասխանատու ու վճռական է, քան երբևէ։ Հետևաբար, իրավունք չունենք սխալներ թույլ տալու, այլապես այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար:
- Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել:
- Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղ կերպով: Մեր ազգային արժեքների ու նպատակների շուրջ միասնականությունը կարևոր է, իսկ, ինչպես նշեցի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուր հայի ու իշխանության ուղենիշը պետք է լինի արցախահայության կամքն ու նպատակները:
Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության:
Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը, որ դրվել է նրա ֆեյսբուքի էջում․ 26 դեկտեմբեր, 2021թ
Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են հետեւյալ պատճառներով.
- Այդ հարցազրույցում խոսել եմ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության մասին, հետեւաբար՝ դրանց գոյանալու վրա որեւէ ազդեցություն ունենալ չէի կարող։
- Հարցին ի պատասխան հերքել եմ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։ Հերքել եմ, որովհետեւ բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետեւաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում եւ հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում։
- Ինչ վերաբերվում է մինչեւ կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը Ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական եւ պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ։ Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետեւ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։
- Այս եւ մի քանի այլ կարեւոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ եւ իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։
- Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաեւ այս պատճառով է սկսվել պատերազմը։
- Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ։
- Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետեւանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող։












