«Հայաստանի իշխանությունների համար բարդ է գնալ տարածքների փոխանակման». «Կոմերսանտ»

1053

«Հրաձգություն հանուն խաղաղության»՝ այսպես է ռուսական «Կոմերսանտ»-ը վերնագրել այսօրվա ծավալուն հոդվածը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին, գրում է Ազատությունը: Հղում անելով ռուսական պետական կառույցներում իր աղբյուրին՝ «Կոմերսանտ»-ը գրում է, թե առկա խնդիրները շաղկապված են այն փաստի հետ, որ երկու երկրների սահմանը դեմարկացված ու դելիմիտացված չէ։

«Կան անկլավներ, կան գյուղեր, որոնք գրավյալ են համարվում։ Կա, Օրինակ, Դավիթ-Բեկ—Գորիս ճանապարհը, որը տեղ-տեղ մտնում է Ադրբեջանի տարածք։ Մոսկվան փորձում է օգնել կարգավորել այդ խնդիրները։ Բայց գործընթացը հեշտ չէ: Առայժմ եղել են միայն դելիմիտացիայի հարցով խորհրդակցություններ, սակայն համապատասխան հանձնաժողովի ստեղծման մասին չի հայտարարվել»,- «Կոմերսանտ»-ին ասել է ռուս պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։

Ռուսական պարբերականի տեղեկություններով՝ սահմանազատման մեկնարկը կարող է տրվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, սակայն երբ է լինելու այդ հանդիպումը, դեռևս հայտնի չէ։

«Կոմերսանտ»-ը գրում է, թե սահմանազատման գործընթացը սկսելուց հետո կողմերը պետք է տարածքներ փոխանակեն, իսկ պաշտոնական Երևանը դեռևս չի համարձակվում գնալ այդ քայլին. – «Հայաստանի իշխանություններին ակնհայտորեն ավելի բարդ է գնալ տարածքների փոխանակման. Նիկոլ Փաշինյանը դժվարությամբ մնաց իշխանության ղեկին՝ 2020-ին պարտված պատերազմից հետո։ Եթե պարզվի, որ Երևանը զիջել է կամ պատրաստվում է նորից ինչ-որ բան զիջել Բաքվին, ապա հաստատ Հայաստանի վարչապետը նոր խնդիրներ կունենա»։

«Իրավիճակը, մեղմ ասած, լավ չէ». RBK-ն՝ Արցախի սոցիալ-տնտեսական իրադրության մասին

Ռուսական մամուլը նաև լայնորեն լուսաբանում է իրավիճակը Արցախի՝ հայկական կողմի վերահսկողության տակ մնացած հատվածում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Թե՛ մամուլը, թ՛ե ռուսաստանցի վերլուծաբանները պարբերաբար շեշտում են, որ Ղարաբաղում մնացած հայերը իրենց անվտանգությունը կապում են ռուս խաղաղապահների հետ և անհանգստացած են այն հանգամանքով, որ չորս տարի անց խաղաղապահները կարող են հեռանալ Ղարաբաղից։

Հղում անելով Արցախի պաշտոնական տվյալներին՝ ռուսական RBK-ն «ինչպես և ինչով է ապրում Լեռնային Ղարաբաղը պատերազմից մեկ տարի անց» ծավալուն հոդվածում գրում է, թե մինչև պատերազմ Ղարաբաղում բնակվում էր 150 հազար մարդ, պատերազմից հետո մնացել է 120 հազարը։ Ավելին՝ ռուսական պարբերականը նկատում է, որ պատերազմից հետո, ղարաբաղցի հայերի մի զգալի մաս ուզում է ընդմիշտ հեռանալ Ղարաբաղից։ Պատճառները երկուսն են՝ հիմնականը անվտանգության հարցը, և երկրորդ պատճառը՝ տնտեսությունը, որը շատ դժվար է լինելու վերականգնել պատերազմից հետո։

Ռուսական RBK-ն մանրամասն ուսումնասիրել է Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եզրակացնելով, որ իրավիճակը, մեղմ ասած, լավ չէ։ Հղում անելով Ստեփանակերտին՝ ռուսական պարբերականը գրում է. «Երկու տարի առաջ Երևանը ֆինանսավորել էր ԼՂՀ բյուջեի մոտ 50-60 տոկոսը։ Այժմ Հայաստանի փողերը կազմում են չճանաչված հանրապետության բյուջեի 90 տոկոսը»:

Պատերազմի հետևանքով՝ դեռևս մեկ տարի առաջ տուժել են արագ զարգացող Ղարաբաղի տնտեսության բոլոր ճյուղերը։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը, մասնավորապես, նվազել է գրեթե 3,5 անգամ. Ղարաբաղը զրկվել է 36 հիդրոէլեկտրակայաններից 29-ից։ Եվս մեկ լրջագույն խնդիր՝ ջուրն է։ Պատերազմի հետևանքով Խախտվել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի ջրային անվտանգությունը։

Հղում անելով ղարաբաղցի մի մասնագետի՝ հոդվածի հեղինակը գրում է, թե Քելբաջարի շրջանի մի փոքր հատված, որտեղ գտնվում են Սևանա լիճը լցնող Արփայի և Որոտանի ակունքները, նույնպես հանձնվել է ադրբեջանական կողմին։ Համեմատաբար քիչ է տուժել հանքարդյունահանումն ու բաց հանքերի մշակումը (ոսկի, պղինձ, շինարարական քարեր), քանի որ ղարաբաղցիները կարողացան պահպանել Մարտակերտի շրջանում գտնվող հիմնական հանքերը, բայց զրկվեցին որոշ հանքերից Քելբաջարի շրջանում, հաղորդում է RBK-ն։

Մյուս կողմից, լրջորեն տուժել է գյուղատնտեսությունը՝ պատերազմից հետո Ղարաբաղը զրկվել է անասնագլխաքանակի կեսից և վարելահողերի 75 տոկոսից։ Գյուղատնտեսության ծավալները նվազել են 54 տոկոսով։ Ադրբեջանին բաժին է հասել գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասը։