Բարձրավան (Երիցաթումբ) գյուղի բնակչությունը 1873-1931 թթ և խորհրդային տարիներին

2641

Բարձրավան գյուղը գտնվում է մարզկենտրոն Կապանից 48 կմ, Գորիսից 33 կմ հեռավորության վրա: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2021թ նոյեմբերի 11-ից մաքսակետեր տեղադրեց 44-օրյա պատերազմի և 2020թ նոյեմբերի 10-ի հայտարարության հետևանքով իր վերահսկողության տակ անցած Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, Բարձրավանի կապը կտրվեց ինչպես Գորիսի, այնպես էլ Կապանի հետ:

Այդ կապն այսօր իրականացվում է այլընտրանքային ճանապարհներով, որոնք գրունտային են, որոշ տեղերում՝ դժվարանցանելի անգամ՝ ամենագնաց մեքենաների համար:

Բարձրավանը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության վրա: Գյուղի տարածքում և շրջակայքում են գտնվում Սուրբ Հռիփսիմե (վերակառուցված 19-րդ դարում), Քարատակի Սուրբ Մինաս (կառուցված 1821թ.) եկեղեցիները, Բղենո Նորավանքի հուշարձանների համալիրը (939թ), Պաշարաջուր և Մաճ գյուղատեղիները։

Նախկինում Բարձրավանը ունեցել  է Երիցաթումբ, Երիցատուն, Քյուրդուկ, Քյուրդիկ անունները: Երիցաթումբից Բարձրավան է վերանվանվել 1940 թվականի հունիսի 1-ին: Այսօր խոշորացված Գորիս համայնքի մաս է կազմում:

Բարձրավանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում,

1873 թվական – 166 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 222 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 244 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 242-ը՝ հայ, 2-ը՝ իսլամ, 

1904 թվական – 435 հոգի,

1914 թվական – 210 հոգի, (ըստ Կովկասյան օրացույցի),

1919 թվական – 696 հոգի,

1922 թվական – 321 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 349 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 348-ը՝ հայ, 1-ը՝ թուրք,

1931 թվական – 363 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Բարձրավանն ունեցել է.

1939 թվական – 406 հոգի,

1959 թվական – 299 հոգի,

1970 թվական – 218 հոգի,

1979 թվական – 144 հոգի,

1989 թվական – 162 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Բարձրավանն ունի հաշվառված 135 բնակիչ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝