Եղվարդ գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում:
Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Եղվարդը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Եղվարդը դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին:
Եղվարդը գտնվում է մարզկենտրոն Կապանից 23 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա: Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ այսօր գյուղն ունի 251 բնակիչ:
Եղվարդը պատմիչ Ստ. Օրբելյանը հիշատակվում է «Աղահորդ» անվամբ: Այն մտնում էր Սյունյաց Քաշունիք գավառի մեջ։ Գյուղից 9 կմ արևելք, 1725թ. տեղի է ունեցել ճակատամարտ՝ Թորոս իշխանի հրամանատարությամբ գործող Դավիթ Բեկի ջոկատներից մեկի և Ֆաթալի խանի զորքերի միջև։ Թորոս իշխանը զոհվել է, նրա գերեզմանը գտնվում է Եղվարդ գյուղում։ Որպես ապստամբ գյուղ 1729-30թթ. Իրանի շահի հրամանով ավերվել է, իսկ բնակիչները աքսորվել են Պարսկաստան՝ Ղարադաղի Վինա գյուղ։ Մեկ դար անց Թուրքմենչայի 1828-ի պայմանագրի հիման վրա, երկու տարի անց, եղվարդցիները՝ թվով 54 ընտանիք, վերադարձել են գյուղ։
Եղվարդի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – չի նշվում,
1873 թվական – 383 հոգի, որից 381-ը՝ հայ, 2-ը՝ այլ,
1886 թվական – 700 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 759 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 917 հոգի,
1914 թվական – 683 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,
1919 թվական – 800 հոգի, բոլորը՝ հայ,
1922 թվական – 728 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 439 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 434-ը՝ հայ, 2-ը՝ քյուրդ, 3-ը՝ թուրք,
1931 թվական – 804 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Եղվարդն ունեցել է.
1939 թվական – 651 հոգի,
1959 թվական – 455 հոգի,
1970 թվական – 330 հոգի,
1979 թվական – 307 հոգի,
Այսօր՝ 2021թ, գյուղի 12-ամյա դպրոցում սովորում է 28 աշակերտ, որից 3-ը՝ հարևան Ագարակ գյուղից:
Եղվարդի կենտրոնում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցին կանգուն է, կառուցվել է 1700 թվականին: Եղվարդի շրջակայքում են գտնվում Շինատեղ, Խաչի խութ բնակատեղիները, կան 10-19 դարերի գերեզմանոցներ՝ բազմաթիվ տապանագիր խաչքարերով։ Գյուղի մոտ է գտնվում նաև «Սպիտակ աղբյուրի խաչ» կոչվող եկեղեցին։
Թաթուլ Հակոբյան
Կարդալ և դիտել նաև՝












