Հուլիսի 6-ից 11-ը Ալիք Մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանը և ես յոթ հանդիպում-քննարկումներ ունեցանք ԱՄՆ յոթ քաղաքներում: «Հայաստանի հունիսի 20-ի ընտրությունը. ի՞նչ է լինելու հետո» խորագրով դասախոսությունները, որոնց հաջորդում էին հարց-պատասխաններն ու բանավեճերըը, ավարտվում էին իմ հեղինակած գրքերի ներկայացումով և վաճառքով:
Մենք հանդիպումներ ունեցանք Ֆլորիդայի նահանգի Ռոկա Բատոն, Օռլանդո և Ջեքսոնվիլ, Հյուսիսային Կառոլինայի Շառլոտ, Կոնեկտիկուտի Հարթֆորդ քաղաքներում, ինչպես նաև Նյու Յորքում և Վաշինգտոնում: Մեկշաբաթյա ճամփորդության ընթացքում եղանք նաև Հարավային Կառոլինայի Մըրթըլ Բիչ ծովափնյա քաղաքում, որտեղ վերջին տարիներին ձևավորվել է հիմնականում հայաստանցիներից կազմված համայնք:
Երկուսս էլ Ֆլորիդայում առաջին անգամ էինք լինում: Արսենը Վաշինգտոնից Մայամի էր հասել մեր ընկերներից, բժիշկ Սևակ Քեշիշյանի հետ՝ վերջնիս ավտոմեքենայով, ես Քաթարի ավիաուղիներով՝ Երևան-Դոհա-Մայամի չվերթով: Հաճախ չի պատահում, երբ օդանավում կողքիդ նստատեղիները ազատ են: Այս անգամ ազատ էին միանգամից երեք նստատեղիներ: 15-ժամյա թռիչքի մեծ մասը անցկացրի պառկած վիճակում:
Տարբեր հաշվարկներով՝ Ֆլորիդա նահանգում հայերի թիվը հասնում է մինչև 35 հազարի, թեև հստակ հաշվարկ որևէ մեկը չի կարող անել: Հայությունը կազմված է մի քանի շերտերից՝ ամերիկահայեր, որոնք ծնվել են ԱՄՆ-ում, Սփյուռքի տարբեր գաղութներից տեղափոխվածներ և հայաստանցիներ: Քանի որ հայերը ցրված են ամբողջ Ֆլորիդայում, մենք միանգամից երեք հանդիպում ունեցանք այդ նահանգում: Երկու գիշեր մնացինք Մայամի Բիչում, մեկ գիշեր՝ Ջեքսոնվիլում:
Բոկա Ռատոն քաղաքի հանդիպումը նախաձեռնել էր Florida Armenians կազմակերպությունը և Դանիել Շանթը, իսկ Օռլանդո քաղաքինը՝ Սուրբ Հարություն հայկական եկեղեցին և տեղի հոգևորական Տեր Փառեն Գալստյանը: Ջեքսոնվիլ քաղաքի ձեռնարկը շատ ավելի փոքր էր, քանի որ համայնքը մեծ չէ: Ընդհանրապես, վերջին տարիներին Կալիֆոռնիայի հայերը, պայմանավորված անշարժ գույքի չափազանց բարձր գներով, վաճառում են իրենց բնակարանները Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում և տեղափոխվում են ԱՄՆ ավելի էժան նահանգներ: Ֆլորիդայում գտնվելու ընթացքում մենք այցելեցինք Ատլանտյան օվկիանոսի Սան Ագուստին փոքրիկ, բայց շատ գեղեցիկ քաղաք, որը հիմնադրել են իսպանացիները 1565 թվականին: Սան Ագուստինը համարվում է ԱՄՆ-ում եվրոպացիների հիմնած ամենահին քաղաքը:
Ֆլորիդայից Ջորջիա նահանգով հասանք Հարավային Կառոլինա նահանգի Մըրթըլ Բիչ քաղաք, որտեղ գիշերեցինք, մտերմիկ երկու հանդիպում ունեցանք տեղի հայ համայնքի հետ: Ծովափնյա այս քաղաքում մեզ հյուրընկալեց Հայկ Բիշարյանը: Մըրթըլ Բիչը ընդամենը 35 հազարանոց քաղաք է, որը տարեկան ընդունում է մինչև 20 միլիոն զբոսաշրջիկ:
Հուլիսի 8-ի կեսօրին մենք շարժվեցինք դեպի Շառլոտ՝ Հյուսիսային Կառոլինա: Տեղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որտեղ մեզ հյուրընկալեցին, կառուցվել է 2006 թվականին: Շառլոտում մինչև 200 հայ ընտանիք է հաստատվել, այդ թվում՝ Բաքվի ջարդերից մազապուրծ հայեր: Համայնքը հիմնականում անգլիախոս է:
Նույն օրը երեկոյան Վիրջինիա նահանգով շարժվեցինք դեպի մայաքաղաք Վաշինգտոն, որտեղ հասանք կեսգիշերն անց և տեղավորվեցինք Հարություն Հարոյանի և Լիանա Մեսրոպյանի հյուրընկալ ընտանիքում: Վաղ առավոտյան Արսենը և ես Հարությունի մեքենայով ուղևորվեցինք դեպի Կոնեկտիկուտ, իսկ Սևակը վերադարձավ Դելավեր նահանգ, որտեղ աշխատում և բնակվում է ընտանիքի հետ:
Կոնեկտիկուտի ճանապարհն անցնում է Մերիլենդ, Փենսիլվանիա և Նյու Ջերսի նահանգներով: Կոնեկտիկուտում հայերը հիմնականում բնակվում են Հարթֆորդ քաղաքում և շրջակայքում: Մեր հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ տեղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում: Այն կազմակերպել էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ոսկի Գալստյանը:
Միջոցառումից հետո վերադարձանք Նյու Յորք և գիշերեցինք մեր ընկերներից Խաժակ և Գոհար Զեյթլյանների հյուրընկալ ընտանիքում: Հուլիսի 10-ին Նյու Յորքի հայ փաստաբաններից Հարութ Էքմանյանը քաղաքի Կենտրոնական այգու Ուխտավորի բլուր (Pilgrim Hill) վայրում՝ բաց տարածքում, կազմակերպել էր մեր հանդիպումը: Առաջին անգամ էինք բաց տարածքում հանրային քննարկում ծավալում:
Հարութին և մեր մյուս ընկերներին հրաժեշտ տվեցինք և վերադարձանք Վաշինգտոն, որտեղ հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին, նախատեսված էր մեր վերջին ձեռնարկը: Այն կազմակերպվել էր Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում՝ պատարագից հետո: Մոտ 70 մարդ էր ներկա միջոցառմանը, այդ թվում՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ Կարապետյանը, Վաշինգտոնում Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակ և թեմի Միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության աշխատակիցներ:
Այս տարվա ընթացքում՝ մարտի վերջերից սկսած, երրորդ անգամ էի այցելում Միացյալ Նահանգներ: Առաջին եւ երրորդ ուղեւորությունը Արսենի հետ էր:
Առաջին այցելությունը իրականացրեցինք մարտի 25-ից ապրիլի 8-ը եւ այդ ընթացքում Արսենի ավտոմեքենայով կտրեցինք ավելի քան 10 հազար կիլոմետր տարածություն: Մեր ճամփորդությունը սկսեցինք ԱՄՆ մայրաքաղաքից: Եղանք հետեւյալ քաղաքներում և նահանգներում՝ Վաշինգտոն, Նյու Ջերսի, Քլիվլենդ, Չիկագո, Լաս Վեգաս, Լոս Անջելես, Ֆրեզնո, Նյու Օռլեան, Ատլանտա, Մըրթըլ Բիչ:
Երկրորդ այցելության ընթացքում՝ հունիսի 3-ից 15-ը, հանդիպում-քննարկումներ ունեցա Թեքսասի նահանգի Դալլաս, Օսթին և Հյուսթոն քաղաքներում, ինչպես նաև Կոլորադոյի Դենվեր քաղաքում ու Լոս Անջելեսում:
Բոլոր երեք այցելությունների ընթացքում քննարկումների հիմնական թեմաներն էին.
ա/ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իրավիճակը, մասնավորապես դրությունը Արցախում, Սյունիքում և Գեղարքունիքի հայ-ադրբեջանական հատվածում,
բ/ Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքներն ու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները,
գ/ Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող միջանցքի և կամ ճանապարհի խնդիրը,
դ/ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հունիսի 20-ի ընտրություններից հետո,
ե/ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության ապագան:
Քննարկումների ընթացքում ամենաշատ տրվող հարցերից էին.
ա/ ինչո՞ւ Հայաստանը այս կերպ պարտություն կրեց պատերազմում,
բ/ հնարավո՞ր էր խուսափել այս աղետալի պատերազմից,
գ/ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը ինչո՞ւ էր մոլորության մեջ պահում ժողովրդին և չէր ներկայացնում ճշմարտությունը մարտի դաշտում,
դ/ ինչո՞ւ լրագրողները և լրատվամիջոցները չտվեցին այլընտրանքային տեղեկատվություն,
ե/ ճի՞շտ է, որ Հայաստանի բանակը չի կռվել պատերազմում,
զ/ ինչպե՞ս հաղթահարել Արցախի և Հայաստանի ծանր վիճակը:
Երեք այցելությունների ընթացքում մենք եղանք ԱՄՆ շուրջ 25 նահանգներում և տասնյակ քաղաքներում:
Առաջիկա շաբաթներից Ալիք Մեդիան և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը սկսելու են համատեղ ծրագիր, որով ԱՄՆ, Եվրոպայի, Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների տարբեր քաղաքներում կազմակերպելու են հանրային քննարկումներ: Դրանք նվիրված են լինելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի խնդիրներին ու մարտահրավերներին:
Նախատեսվում է, որ նման առաջին քննարկումը կլինի հուլիսի վերջերին, Թբիլիսիում:
Թաթուլ Հակոբյան













