Սուրբ Նշան․ Երզնկա քաղաքի և թեմի աթոռանիստ մայր եկեղեցին

1258

XIX դարի երկրորդ կէսին – XX դարի սկզբներին՝ նախքան Հայոց ցեղասպանութիւնը, Երզնկա քաղաքում կար չորս գործող հայկական եկեղեցի՝ Ս. Նշանը, Ս. Երրորդութիւնը, Ս. Սարգիսը և Ս. Փրկիչը, ինչպէս նաև Ս. Աստուածածին փոքրիկ մատուռը: Քաղաքի բնակչութիւնը բաժանուած էր այս չորս եկեղեցիների վրայ, իսկ իւրաքանչիւր եկեղեցու թաղի ծխերը բաժանուած էին նոյն եկեղեցու քահանաների միջև: Եկեղեցիները պահւում էին եկեղեցապատկան կալուածքների հասոյթներով և թաղեցիների նուէրներով (գանձանակ, պնակ, մոմագին, իւղագին և այլն):

Գործող եկեղեցիներից երկուսը՝ Ս. Երրորդութիւնն և Ս. Սարգիսը, ինչպէս նաև Ս. Աստուածածին մատուռը անմիջապէս հարում էին Երզնկայի հայկական թաղամասի կենտրոնական՝ Եկեղեցւոյ կամ Ժամուն հրապարակին («քիլիսէ մեյդանը»), երրորդը (Սբ. Նշան)՝ գտնւում էր հրապարակից ոչ շատ հեռու:  Հրապարակին մօտ էր նաև Երզնկայի Առաջնորդարանի շէնքը:

Ս. Նշանը Երզնկա քաղաքի և Երզնկայի թեմի աթոռանիստ մայր եկեղեցին էր: Ըստ աւանդութեան՝ անունը ստացել էր IV դարում Հռոմից բերուած խաչից («Տրդատայ խաչ»): Երզնկա քաղաքի եկեղեցիներից ամենահինն ու ամենամեծն էր: Երզնկայում յաճախակի երկրաշարժերի պատճառով եկեղեցու քարուկիր շէնքը բազմիցս հիմնանորոգումների և վերակառուցմումների է ենթարկուել: Ներկայ շէնքը կառուցուել էր 1834 թ.:

Եկեղեցու մուտքից անմիջապէս ներս գաւիթի երկու կողմը՝ իրար դէմ դիմաց, կային երկու փայտաշէն տաղաւարներ՝ մէկը՝ ժամկոչի և միւսը՝ մոմավաճառի համար: Դրանց վերևում գտնւում էր վերնատունը՝ ժամերգութիւնների ժամանակ կանանց համար նախատեսուած բաժինը: Եկեղեցու աղօթասրահի առջևում՝ բեմին մօտ, առանձնացուած էին քահանաների, դպիրների և երգեցիկ խմբի բաժինները: Քահանաների դասի բաժնում գտնւում էր թեմի առաջնորդի աթոռ-ամպահովանին՝ կաթողիկէ (սուրանկիւն) բարձր գագաթով: Այդ աթոռի ներքևը գտնւում էր XIII դարի հայ նշանաւոր մատենագիր և քերականագէտ  Յովահաննէս Պլուզ Երզնկացի վարդապետի գերեզմանը: Նրա տապանի վրա կարելի էր տեսնել հետևեալ արձանագրութիւնը.

«Այս է տապան հանգստեան
Յովհաննես Պլուզ Ծործորեան,
Էր վարդապետ ճարտասան»
:

Եկեղեցու բեմը բաժանուած էր երեք խորանների: Կենտրոնական ընդարձակ խորանը զարդարուած էր Ս. Աստուածածնի և Մանկան իւղաներկ նկարով: Կողքի խորաններում զետեղուած էին Ս. Գրիգոր Լուսաւորչի և Ս. Կարապետի սրբապատկերները: Խորանները զարդարուած էին աշտանակներով, արծաթէ ու ոսկեզօծ խաչերով, սրբազան մատեաններով: Մէջտեղի խորանում էր դրուած գեղակերտ ու ոսկեզօծ սկիհը: Իւրաքանչիւր խորանն ունէր իր վարագոյրը՝ թաւիշից կամ կերպասից պատրաստուած և նկարազարդ: Խորանի վերևը գտնւում էր զանգակատունը. իսկ աւագ սեղանի հետևը՝ երգեհոնը, որը տօնական ժամերգութիւնների ժամանակ նուագակցում էր երգեցիկ խմբին:

Եկեղեցու պատերին կախուած էին իւղաներկ սրբապատկերներ, լուսաւորութիւնն ապահովում էին երկու շարք մեծ պատուհանները, ինչպէս նաև մեծ թւով ճաճանչափայլ ջահերն ու կանթեղները:

Եկեղեցու ձախ կողմին կից գտնւում էր աւանդատան կամ «պահարանի» շէնքը, որտեղ պահւում էին եկեղեցական սպասքներն ու հանդերձները: Այնտեղ՝ պատի մէջ զետեղուած քարէ ու պորփիւրէ աւազանում էին կատարւում նաև մկրտութիւնները:

Եկեղեցու առջևի բակում կար գեղեցիկ պարտէզ՝ մէջտեղը աւազանով, իսկ ամբողջ բակը թաղամասի տներից առանձնացուած էր պատով: Պարտէզի մի մասը յատկացուած էր գերեզմանոցին, որտեղ թաղուած էին Ս. Նշան եկեղեցու հոգևորականները և թաղի երևելիները:

Ս. Նշանի թաղային վարժարանը Եզնիկեանն էր:

Մեծ եղեռնի նախօրեակին Ս. Նշանի երէցներն էին Վարդան աւագ քահանայ Զաքարեանը և Վահան քահանայ Յովհաննէսեանը: Ս. Նշանի սպասաւորներից էր նաեւ տէր Գրիգոր քահանայ Մամիկոնեանը:

Ռոբերտ Թաթոյեան

ամբողջական յօդուածը՝ https://www.houshamadyan.org