Նախիջևանում և Արարատյան դաշտում հայ-մահմեդական բախումներից դրվագներ. 1919թ հուլիս-օգոստոս

7464

Մուսավաթական կուսակցության Բաքվի պաշտոնաթերթ «Ազերբայջան»-ի սյունակները օգոստոսի 14-ին լցված էին Արաքսի հովտում մահմեդականների կատարած սխրանքների գովերգներով: Բոյուք-Վեդու մարտիկները, ապացուցելով, որ իրենք «երբեք իրենց գլուխը չեն խոնարհի հայերի առջև», 4.000 թշնամի էին ոչնչացրել, այդ թվում և Վանի ատելի զորախումբը: Ըստ տեղեկությունների, մահմեդական 1.500-անոց ուժը հայերին քշել էր Դավալուից և դրանով ճեղքել Բոյուք-Վեդու պաշարումն ու վերականգնել մինչև մայիսի անգլա-հայկական զորաշարժերը տիրող սահմանազատիչ գիծը:

Ադրբեջանական տեղեկությունները, որքան էլ չափազանցված, միայն մանրամասնությունների հարցում էին պարունակում անճշտություններ, քանի որ մինչև մինչև օգոստոսի սկիզբը հայկական բանակն ու քաղաքացիական վարչակազմը Ջուլֆայից քշվել էին ընդհուպ մինչև Դավալու: Մահմեդական ասպատակները օգոստոսի 4-ին նույնիսկ Ղամարլուի արվարձանները ներթափանցեցին: Օգոստոսի 10-ի հակահարձակման ժամանակ Դրոն ասպատակեց Վեդիբասարի Ենգիջա, Շիրազլու, Ղարալար, Ջաթղռան ու Ռեհանլու գյուղերը և Բոյուք-Վեդու վերի բլուրները:

Հաջորդ շաբաթվա ընթացքում այդ բարձրունքները մի քանի անգամ ձեռքից ձեռք անցան, սակայն հայկական զորամիավորումները անկարող եղան հաղթահարելու Բոյուք-Վեդու խրամատները: Տարվա մնացած մասը գյուղերի այդ խումբը ընդգծված հանդգնությամբ մնաց հայկական բանակի տեսադաշտում:

Դրոն Քոթուզից մինչև Արաքս գետի վրա գտնվող Բոզբուրուն լեռը, Շիրազլու, Քիչիկ Վեդի ու Խոր ՎԻրապ ձգվող ճակատային գծով մեկ պահակախմբեր տեղադրեց: Չնայած հաճախակի ընդհարումներին ու երբեմնակի հանդուգն ասպատակություններին, երկու կողմերն ամուր մնացին իրենց դիրքերում: Ընդհանուր արդյունքները գոհացրեցին մահմեդական ապստամբերին և Թուրքիայում ու Ադրբեջանում նրանց հովանավորներին, մինչդեռ հայերի համար հուլիսի մղձավանջը հարավային սահմանը փաստացիորեն հասցրել էր Երևանից 20 կիլոմետր հեռավորության վրա:

Աղբյուրը՝ Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատոր 2, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, Երևան-2014, էջ 89-90:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության ընդարձակումը