Թոկն ու թակարդը Ադրբեջանի տարածքից բերվում է Հայաստան

1364

Հայաստանի գործող իշխանություններին թվում է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը, արցախահայության բռնի տեղահանությունը և ղարաբաղյան խնդիրը աշխարհաքաղաքական թակարդ համարելը վերջնական փրկություն է մեր երկրի համար:

Իրականում, միջազգային հարաբերություններում չկան ստատիկ վիճակներ: Գլխացավանք թվացող խնդիրներն անտեսելը կարող է բերել նոր գլխացավանքներ: Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը թակարդ համարողները ընկել են մի նոր թակարդի մեջ:

Ի՞նչ երաշխիք ունենք, որ ղարաբաղյան հարցի փակումը նոր, ավելի մեծ մարտահրավեր չի բերելու արդեն Հայաստանի համար և Հայաստանի ներսում և արդյոք «Արևմտյան Ադրբեջան» քաղաքականությունը հենց այդ սպառնալիքը չէ:

Հայաստանի իշխանություններին թվում էր, որ եթե պաշտոնապես Երևանը հրաժարվի ղարաբաղյան թեմայից, որի վերջին արարը համարում է Սահմանադրության փոփոխությունն ու Մայր օրենքի նախաբանից Անկախության Հռչակագրին հղումը հեռացնելը, ապա, ի պատասխան բարի կամքի Ադրբեջանը կհրաժարվի Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններից և ադրբեջանցիների վերադարձի պահանջից:

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի առաջարկին համաձայնվելու քայլը արվել է հենց այդ տրամաբանության շրջանակներում՝ անտեսելով այն իրողությունը, որ միջազգային այդ խումբը ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին լուծում տալու նպատակով:

Հայկական դիվանագիտությունը անկախության 35 տարիներին թույլ է տվել բազմաթիվ մեծ ու փոքր սխալներ, բայց մեծագույն ձախողումը Երևան-Բաքու հարաբերություններում ղարաբաղյան բանակցային թեմայի Արևմտյան Ադրբեջան թեմայի փոխակերպումն է:

Անկախության առաջին իսկ օրվանից Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ունեցել Հայաստանի նկատմամբ, անդադար խոսել է այդ և ադրբեջանցիների վերադարձի պահանջի մասին, սակայն միայն վերջին տարիներին է, որ տեսական այս գաղափարախոսությունը Բաքուն վերածել է իրական դիվանագիտության և արտաքին քաղաքականության օրակարգի մաս:

Դա տեղի է ունեցել Հայաստանի ապաշնորհ դիվանագիտության և միջազգային հարաբերությունների նոր միտումները չտեսնելու արդյունքում: Այս հարցում պատասխանատվությունը ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ ութ տարիների արտգործնախարարների և հատկապես Զոհրաբ Մնացականյանի ու Արարատ Միրզոյանի վրա է:

Թավշյա հեղափոխության արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և նրա ձևավորած կառավարությունը ժառանգություն է ստացել ԵԱՀԿ Մինսկի առաջարկներ, որոնք նախատեսում էին բանակցային լուծում: Թե ինչ կլիներ վերջնարդյունքը, դա արդեն դիվանագիտական հմտությունների, ուժային հավասարակշռության, տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի, Թուրքիա-Ռուսաստան և Ադրբեջան-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տիրույթում էին:

Այսօրվա իրավիճակը դատարակ տեղում չի ստեղծվել, այն թույլ տրված կոպտագույն դիվանագիտական սխալների արդյունք է:

Որոնք էին այդ սխալները.

ա/ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ բանակցությունները սկսում է նոր կետից: Սա մարտահրավեր էր ոչ միայն Բաքվին, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբին և ամբողջ միջազգային հանրությանը: «Նոր պատերազմ, նոր տարածքներ» տղայական արկածախնդրությունը ուղղակի անարգանք էր հարևանների հասցեին:

բ/  «Արցախը Հայաստան է և վերջ» սադրանքը հնչեց մի ժամանակահատվածում, երբ դեռ սահմաններում չկար ռազմական էսկալացիա, իսկ Բաքվում հույս ունեին, որ Հայաստանի նոր իշխանությունները կշարունակեն բանակցային գործընթացը: Ամիսներ շարունակ սահմաններում տիրում էր հարաբերական անդորր, և թվում էր Ադրբեջանը սպասում է բանակցային գործընթացի շարունակությանը:

գ/ «Անջատում՝ հանուն փրկության». 44-օրյա պատերազմում մեր կրած աղետալի պարտությունից հետո ակնհայտ էր, որ եթե պարտված ժամանակ Ադրբեջանը չի համակերպվում Լեռնային Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի մաս լինելու հետ, ապա հաղթելուց հետո այլևս խոսք չէր կարող լինել կարգավիճակի մասին, իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունների միակ խնդիրն ու նպատակը պետք է լիներ արցախահայության ապագայի երաշխիքները այն տարածքներում, որտեղ գոյատևել էր հարյուրամյակներ անդադար:

դ/ Պարահայում 2022 թվականի հոկտեմբերին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Ադրբեջանի 86,6 հազար քառակոսի կիլոմետր տարածքն ընդունելը նշաձողի նոր իջեցում էր:

ե/ 2023 թվականի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմում ռուս խաղաղապահների անգործությունը և Հայաստանի չմիջամտելը հանգեցրեց արցախահայության բռնի տեղահանությանը: Անկասկած, Հայաստանի ընդդիմությունը և Արցախի իշխանությունները ևս իրենց մեղքի բաժինն ունեն, բայց առաջին պատասխանատուն Հայաստանի գործող իշխանություններն են:

զ/  Արցախի հայաթափումից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին նոր հայտարարություններ անել, ինչպես մեղքը նախկին իշխանությունների վրա գցելն էր, թե Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչել 1991-ին Ալամաթիում, 1996-ին՝ Լիսաբոնում և այսպես շարունակ:

է/ ապա հաջորդեցին «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել», «Ղարաբաղյան շարժումը թակարդ էր, մենք հանել ենք այդ թակարդը», «Ղարաբաղյան հարցը թոկ էր Հայաստանի վզին»:

Այս ընթացքում, երբ Հայաստանը անշեղորեն իջեցնում է նշաձողը, անգամ հրաժարվում հայ ժողովրդի համար նվիրական խորհրդանիշներից, Ադրբեջանը շարունակում է ամրաշինական աշխատանքները Հայաստանի զավթած 250 քառակուսի կիլոմետր տարածքներում, առաջ տանում փախստականների վերադարձի թեման և կազմակերպում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող միջոցառումներ:

Դրանցից մեկը նախատեսված է հունիսի 18-19-ին՝ Օրդուբադ քաղաքում, որը շատ մոտ է Սյունիքին և Ադրբեջանը Նախիջևանին կապող հայտնի Թրիփփին: «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսը կազմակերպվում է Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցչության, Նախիջևանի պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության համատեղ ջանքերով։

Չնայած նշաձողի հետևողական իջեցմանը, Ադրբեջանը չի պատրաստվում պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ և սպասում է, որ Սահմանադրության նախաբանից Անկախության Հռչակագրին հղումը հանվի:

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հաշվի առնելով թե ինչպես պետք է Հայաստանը կատարի Ադրբեջանի այս պահանջը խոսակցության այլ թեմա է:

Թաթուլ Հակոբյան

12-ը հունիսի, 2026թ

ԱՆԻ կենտրոն