Անկախ Վրաստանը և հայ քաղաքական միտքը. 1918-ի մայիսի 26-ը

1856

1918 թվականին անդրկովկասյան հանրապետություններից առաջինը իր անկախությունը հռչակեց Վրաստանը։ Դա տեղի ունեցավ մայիսի 26-ին՝ նույն օրը, երբ Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը լուծարվեց։

Մայիսի 26-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանը Թիֆլիսում Նոյ Ժորդանիայի հետ հանդիպման ընթացքում մի կողմից ողջունում է Վրաստանի անկախության հռչակումը, մյուս կողմից՝ «մի լավ նախատում նրանց վարմունքը՝ հանդեպ հայերի»։

Հայ նշանավոր գործիչներից անկուսակցական Ստեփան Մամիկոնյանը առաջարկում է Վրաստանի անկախությունը ընդունել իբրև կատարված փաստ և ոչ մի ողջույն չհղել. «Մենք անկախությանը դեմ ենք եղել, շարունակելու ենք նույն գիծը։ Բայց այս ակտով ստեղծվել է ծանր դրություն հայկական գավառների համար, մնացել են առանց գլխի, առանց կառավարության»։

Դաշնակցության անդամներից Սիրական Տիգրանյանը կողմ է արտահայտվում Վրաստանի անկախությունը ողջունելուն, նկատելով, որ «խորհրդավոր լռություն պահելը անընդունելի է՝ բացասական հետևանքներ կունենա տեղական և գաղթական հայության համար»։