Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից
Էլչիբեյի ժամանակավոր հաջողությունը
Աբուլֆազ Էլչիբեյը, ըստ էության, երկրի նախագահն էր արդեն, երբ Ադրբեջանում անցկացվեցին անկախությունից հետո նախագահական առաջին ընտրությունները: Ժողճակատի առաջնորդը տեղափոխվել էր գործադիր իշխանության շենք և մասնակցում էր Իսա Գամբարի ժամանակավոր կառավարության բոլոր որոշումների քննարկմանն ու ընդունմանը։
Դրանք տարօրինակ ընտրություններ էին, հիշում է ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը։ Անվտանգության պատճառաբանությամբ՝ նախընտրական հանրահավաքներն ու ցույցերը արգելվել էին, և նախագահի թեկնածուները քվեների պայքար էին մղում հեռուստատեսության էկրանից: Էլչիբեյը, ով ընտրարշավի էր ելել իր իսկական անունով՝ Աբուլֆազ Ալիև, առաջինը երևաց: Նա կրկնեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է և հույս հայտնեց, որ միջազգային կառույցների ջանքերով հնարավոր կլինի հասնել խաղաղ կարգավորման և խուսափել հարևան Հայաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվելուց: Բայց քանի որ պատերազմը, ըստ նրա, հավանական է՝ Ադրբեջանին բանակ է պետք: Մյուս հինգ թեկնածուները՝ Թամերլան Ղարաևը, Էթիբար Մամեդովը, Յաղուբ Մամեդովը, Ռաֆիկ Աբդուլլաևը և Իլյաս Իսմայիլովը, հիմնականում Ժողճակատին մոտ մարդիկ էին ու հետևաբար՝ շատ ասելիք էլ չունեին: Խորհրդարանի փոխնախագահ և Ժողճակատի անդամ Ղարաևը, ըստ տրամաբանության, պիտի պաշտպաներ Էլչիբեյին: Սակայն հեռուստաէկրանից նա չկարողացավ ներկայացնել այն շարժառիթները, որոնք մղել էին նրան դեպի ընտրապայքար: Ղարաևը դուրս եկավ ընտրապայքարից։
Ազգային Անկախություն կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը, գրեթե ամբողջությամբ օգտագործեց եթերաժամը, սակայն ընտրությունների նախօրեին հանեց իր թեկնածությունը: Մյուս Մամեդովը, ով կարճ ժամանակով դարձել էր Ադրբեջանի առաջնորդ, ինչպես նաև Աբդուլլաևն ու Իսմայիլովը, մնացին մինչև վերջ, մասնակցեցին ընտրություններին, սակայն շատ քիչ քվեներ ապահովեցին: Վերջին պահին, որպես նախագահական թեկնածու, գրանցվեց Նիզամի Սուլեյմանովը՝ համեմատաբար անհայտ մի գիտնական: Նա ընտրազանգվածին վստահեցնում էր, որ Ադրբեջանը, չնայած նախորդ տասնամյակներում և նախկին իշխանությունների օրոք կողպտվել է, սակայն մնում է հարուստ, շատ հարուստ պետություն: Ու քանի որ Ադրբեջանի ընդերքը շատ հարուստ է, Սուլեյմանովը խոստանում էր առաջին անհրաժեշտության ապրանքների գները իջեցնել մինչև հազար անգամ։ Հավանաբար այս դատարկ խոստումներն էին, որ Սուլեյմանովին ապահովեց քվեների մոտ 30 տոկոս։
1992թ. հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ժողճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը հաղթում է ձայների 60 տոկոսով:
Նախագահ ընտրվելուց հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Էլչբեյի բանաձևը դարձավ հետեւյալը. Ղարաբաղի բոլոր հայերին արտաքսել, առաջադրանք, որը նրա համոզումով, ընդունակ էր իրականություն դարձնել ազգային բանակի օգնությամբ:
ՙԵթե մինչևայս տարվա հոկտեմբեր Ղարաբաղում թեկուզ մեկ հայ մնա, Ադրբեջանի ժողովուրդը կարող է ինձ կախաղան հանել Բաքվի կենտրոնական հրապարակում՚,- իր ժողովրդին խոստանում էր նա:
Այլ առիթներով` նա պարծենում էր թեյել Ստեփանակերտում, ոտքերը լվանալ Սեւանի ջրերում: Էլչիբեյը, ի տարբերություն ռուսամետ Մութալիբովի, ռուսատյաց էր եւ թուրքամետ: Անգամ Մոսկվայում բանակցությունների ընթացքում նա խուսափում էր ռուսերենից եւ շփվում թարգմանչի օգնությամբ: Նա չէր թաքցնում իր հակաիրանական հռետորությունը, Թավրիզը համարում էր միացյալ Ադրբեջանի մայրաքաղաքը: Նախագահական ընտրություններից ընդամենը հինգ օր անց` հունիսի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը լայնածավալ գրոհով վերահսկողության տակ է առնում Շահումյանի ողջ շրջանը, մի քանի բնակավայրեր Ասկերանում և Մարտակերտում: Հայաստանի նախագահը հակագրոհի լուրը ստացավ Ռիո դե Ժանեյրոյում:
Հունիսի 13-ին տարածվում է Տեր-Պետրոսյանի հայտարարությունը. ՙՀայաստանը վճռականորեն բողոքում է Ադրբեջանի հարձակման դեմ և դիմում է համաշխարհային հանրությանը` անհապաղ միջոցներ ձեռք առնել ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակումը կանգնեցնելու և նոր մարդկային զոհերից ու ավերածություններից խուսափելու համար: Եթե Ադրբեջանին զսպելու միջազգային ճնշումն ուշանա, Հայաստանն այլընտրանք չի ունենա, քան ձեռնարկել վճռական գործողություններ եւ անհրաժեշտ օգնություն ու աջակցություն ցույց տալ պաշտպանելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը՚: Տեր-Պետրոսյանը հանդիպում է նախագահ Բուշի, վարչապետ Դեմիրելի, Իրանի փոխնախագահ Հաբիբիի հետ:
Ադրբեջանական հարձակումն անսպասելի չէր: ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է. ՙՄենք գիտեինք, որ վաղ թե ուշ թշնամին կձեռնարկի այսպիսի հարձակում: Ճիշտ չէր լինի, որ ասենք, թե չենք նախապատրաստվել: Դժբախտաբար, չհաջողվեց մեզ դիմակայել ստվարածավալ այդ ուժին: Մոտավոր հաշվումներով հարձակմանը մասնակցում էին 150 միավոր զինտեխնիկա, մի քանի հազար հետևազոր: Ադրբեջանին մեծ քանակությամբ տեխնիկան տրվել է ԱՊՀ-ի բանակից՚: Սարգսյանը նշել է պարտության մեկ այլ պատճառ. ՙՇուշիից ու Լաչինից հետո մի տեսակ տիրում էր տոնական տրամադրություն, շատերը գտնում էին, որ իրենց բաժին կռիվն արել-վերջացրել են, այն պետք է շարունակեն նորերը, զորակոչիկները՚:
Արկադի Տեր-Թադևոսյանը պնդում է. ՙՄարտակերտում մենք կռվում էինք ռուսների դեմ: Գյանջայում մնացել էին խորհրդային բանակի սոված սպաները: Նրանք տանկերով հասան մինչև Մարտակերտ, ապա միանգամից հետ շրջվեցին և հեռացան` մեր դեմ թողնելով ադրբեջանցիներին՚:
Այլ առիթներով Տեր-Թադևոսյանը թվարկել է պարտության մի շարք պատճառներ ևս: Առաջին հերթին նա նշել է Հայաստանի զինված ուժերի ստեղծման ուշացումը, ՀՀՇ-ական ղեկավարության և ՀՅԴ-ի միջև քաղաքական կոշտ դիմակայությունը, Շուշիի հաղթանակից և Լաչինի միջանցքի բացումից հետո հայկական ուժերի մոտ ստեղծված տոնական տրամադրությունը, մարտական ոգու անկումն ու խուճապը, հետախուզական տվյալների պակասը: ՙՀայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությունը զբաղված էր իշխանության համար պայքարով և Արցախի պաշտպանության ուժեղացման համար չձեռնարկեց անհրաժեշտ միջոցներ: Այս հարցում մեղքն առաջին հերթին Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությանն էր, քանի որ նա էր վերահսկում այն միջոցները (ջոկատներ, զենք ու ռազմամթերքը), որոնք պետք է ուղղվեին Արցախի պաշտպանության ուժեղացման համար: Մարտակերտի պաշտպանության հրամանատարությունը ոչ Ստեփանակերտից, ոչ Հայաստանից անհրաժեշտ օգնություն չստացավ: Ինքնապաշտպանության ուժերի ինը վաշտերից Մարտակերտի շրջանի պաշտպանությանը, մինչև հուլիսի 4-ի նրա անկումը, մասնակցեց միայն Աշոտ Ղուլյանի առաջին վաշտը՚,- գրում է Տեր-Թադեւոսյանը:
Հաղթանակն ունի տեր, երբեմն` բազմաթիվ, մինչդեռ պարտությունը որբ է: Ժողովրդական այս իմաստությունը իսկը Շուշի-Լաչինի հաղթանակի ու Շահումյան-Մարտակերտի պարտության համար է: Երբ ղարաբաղյան ուժերն ու խաղաղ բնակչությունը խուճապահար թողնում էին Արցախի հյուսիսային շրջանները, ապա այս պարտության մեջ Հայաստանն ու նրա ղեկավարությունն է նաև մեղավոր, իսկ երբ ազատագրվում է Շուշին, ամեն ջանք գործադրվում է ցույց տալու, թե Հայաստանից ռազմական օգնություն չէին հասցնում:
Շահումյանի և Մարտակերտի պարտության հարցում Սամվել Բաբայանը շեշտում է զենքի պակասությունը. ՙ1992թ. փետրվարին Ադրբեջանին է հանձնվում նախկին ԽՍՀՄ չորրորդ բանակի ողջ սպառազինությունը: Մինչ Ադրբեջանը զբաղված էր այդ գործերով, մենք անակնկալ սկսեցինք և հաջողությամբ ավարտեցինք Շուշիի օպերացիան: Սակայն ունեինք զինամթերքի պակասություն: Հայաստանին նախկին ԽՍՀՄ յոթերորդ բանակի սպառազինության մի մասը հանձնվեց միայն օգոստոսին: Ճշմարիտ չեն ադրբեջանական, երբեմն նաև հայկական կողմերի պնդումները, թե պատերազմի տարիներին Արցախին և Հայաստանին օգնել են ռուսները: Կան փաստաթղթեր` նայեք, տեսեք, թե ե՞րբ, ու՞մ, ի՞նչ են տվել: Մեր անհաջողությունների գլխավոր պատճառն այդ շրջանում եղել է զենքի և զինամթերքի պակասը՚:
Տաշքենդ. խորհրդային զինանոցի բաշխումը
1992թ. մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զբաղված էին միանգամայն տարբեր խնդիրներով: Տեր-Պետրոսյանը Տաշքենդում ԱՊՀ հինգ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի ղեկավարների հետ քննարկում էր ԱՊՀ զինված ուժերի կարգավիճակին և հետագա ճակատագրին վերաբերող հարցեր: Բաքվում այդ օրը, ընդամենը մեկ օրով, իշխանության էր վերադարձել Մութալիբովը:
Մայիսի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաքում ստորագրվում է Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ), խորհրդային զենքը բաժանվում է ԱՊՀ երկրների միջեւ: Թե ով ինչքան զենք է ժառանգել խորհրդային զինանոցից, մնում է հակասական է և վիճելի:
Տեր-Պետրոսյանն ավելի վաղ հատուկ հայտարարություն էր տարածել, որով առաջարկում էր մարտի 20-ին Կիեւում ԱՊՀ գագաթաժողովի օրակարգում որպես առաջին կետ մտցնել ԱՊՀ միացյալ զինված ուժերի 4-րդ բանակի կողմից Ադրբեջանին զենքի անօրինական հանձնման հարցը. ՙ1992թ. սկզբից Ադրբեջանի ազգային բանակի տրամադրության տակ են դրվել Անդրկովկասի զինվորական օկրուգի մինչև 8 մեգատոննա ընդհանուր հզորությամբ զենքի եւ զինամթերքի պահեստներ, հիսունից ավելի Տ-72 եւ այլ տանկեր, ավելի քան հարյուր միավոր մարտական զրահամեքենա, տասնյակ խոշոր տրամաչափի հրետանային կայանքներ, այդ թվում` ԲՄ-21 ՙԳրադ՚ կայանքներ, ինը միավոր մարտական հարվածային ուղղաթիռ, այլ ռազմական գույք, այդ թվում` հրազեն և դրա զինամթերքը: Այդ ամբողջ գույքը, որն ստացվել է առանց մի կրակոցի և զինծառայողների որևէ դիմադրության, անհապաղ հայտնվում են Ղարաբաղում և կիրառվում նրա բնիկ ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնելու համար՚:
Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը մեջբերում է Տեր-Պետրոսյանի հետ 1992թ. հունիսի 20-ին իր զրուցից մի հատված: Նախագահը մտահոգություն է հայտնում Ադրբեջանին զինելու Մոսկվայի կեցվածքից. ՙՍտանալով տանկերի և մարտական այլ տեխնիկայի զգալի քանակություն` ադրբեջանցիները ԼՂ-ի դեմ հարձակում են ձեռնարկել: Մարտերում օգտագործվում են ռուս վարձկաններ, հենց նրանք են ռմբահարում Ստեփանակերտը: Այդ ամենը շատ վատ է ընդունում Հայաստանի բնակչությունը, որը կցանկանար ապագայում էլ Ռուսաստանին տեսնել իբրև դաշնակից՚:
Հայաստանն ուշ է ստանում խորհրդային զինանոցի իր բաժինը: Վահան Շիրխանյանը մասնակցել է 7-րդ բանակի ունեցվածքը Հայաստանին փոխանցելու գործընթացին: ՙԴիրեկտիվը ստորագրեց Գրաչովը 1992թ. մայիսին: Ադրբեջանն այդ ժամանակ արդեն ուղղակի զավթել էր (իր տարածքում գտնվող խորհրդային) զենքը, զինամթերքը եւ ռազմական տեխնիկան: Մինչեւ դիրեկտիվի ստորագրումը` հարաբերությունները խիստ լարված և նույնիսկ թշնամական էին: Նրանք (ռուսները) փորձում էին Հայաստանից զենքը, զինամթերքը և տեխնիկան դուրս հանել` շրջանցելով նախագահի` պատկան մարմիններին տեղյակ պահելու հրամանագիրը: Դիրեկտիվի ստորագրումից հետո մենք վերցրինք Ռուսաստանի երեք դիվիզիաներից երկուսի ունեցվածքը` մեկը թողնելով նրանց, և դա դարձավ Գյումրիի 102-րդ ռազմակայանի հիմքը: Օդուժի առումով միշտ զիջել ենք, որովհետև Հայաստանում օդուժ չի եղել, իսկ Ադրբեջանն ուներ երկու շատ լավ ռազմական օդանավակայան` բազմաթիվ ինքնաթիռներով՚:
Խորհրդային զինանոցից ինչ-որ բան հասնում է նաև ԼՂ-ին: Ստեփանակերտից 366-րդ մոտոհրաձգային գունդը դուրս բերելիս ղարաբաղցիներն ընդդիմանում են: 1992-ի փետրվարի 28-ին ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը հեռագրեր էր ուղարկել Մութալիբովին և Տեր-Պետրոսյանին, Անդրկովկասի զինվորական օկրուգի զորքերի հրամանատարությանը: Հեռագրում ասվում էր, որ ԼՂ-ում իրավիճակը ՙխաղաղ կարգավորման միտում չունի, տեխնիկայի, զենքի և զինամթերքի զավթման հանցավոր գործողություններն ուղեկցվում են անմեղ մարդկանց մահացությամբ ու խեղումներով՚: Շապոշնիկովը հրամայում է 366-րդ գունդը դուրս բերել ԼՂ-ից:
ԱՊՀ ուժերի խոշոր դեսանտ է իջեցվում Ստեփանակերտից 366-րդ գնդի դուրսբերումն ապահովելու նպատակով: ԼՂ բնակչությունը Շապոշնիկովի հրամանը համարում էր վաղաժամկետ` ելնելով խորհրդային բանակի զինանոցի հաշվին Ադրբեջանի բանակի լավ զինվածության փաստից:
Երթուղիները շրջափակում են տեղի զինված կազմավորումները եւ բնակիչները: Հաջողվում է անձնակազմի մի մասին տեղափոխել Գյանջա: Մարտի լույս 3-ի գիշերը գնդի գումարտակներից մեկի վրա հարձակման ժամանակ զոհվում է մի դեսանտային: Զորքի թողած զինվորական ավանը զբաղեցնում են զինված կազմավորումները:
Ռոբերտ Քոչարյանը 1994թ. հունվարին ռուսական հեռուստատեսության զրույցում ասել է, որ ղարաբաղյան շրջանում նախ և առաջ պատերազմում են այն զենքով, որ Խորհրդային Միությունը թողել է Ադրբեջանին ու Հայաստանին: ՙՄեր բախտը բերեց այնքանով, որ ԼՂ տարածքում տեղաբաշխված էր երեք զորամաս, և այդ զենքը մեզ հասավ: Դա խորհրդային զենք էր: Պայմանագրով` մենք այդ զենքը պիտի հանձնեինք Ադրբեջանին, սակայն դա թույլ չտվեցինք: Այդ զենքը մենք բռնագրավել ենք: Դա դուրս հանելու փորձ է եղել, բերել էին դեսանտայինների, եկել էին գեներալներ, սակայն մեր կողմից հուսալի շրջափակված էր և ավելին, մենք դա համարում ենք մեր բաժինը խորհրդային այն զինանոցից, որ օրինականորեն վաստակել է ԼՂ-ը 70 տարիների ընթացքում՚:
Ռուս լրագրողի հարցին` ՙՀայաստանից ինչ-որ բան բերվո՞ւմ է՚, Քոչարյանը պատասխանել է. ՙՀայաստանն իսկապես մեզ տվել է հակաօդային միջոցներ: Այնպես որ, մենք կարողացանք համեմատաբար ապահովել ԼՂՀ-ն ադրբեջանական ավիացիայի թռիչքներից՚:
Տեր-Պետրոսյանն անձամբ է Ելցինին գրավոր դիմել զենք մատակարարելու խնդրանքով: Քանի որ Ադրբեջանին խորհրդային ռազմական զինանոցից ավելին էր բաժին հասել, քան Հայաստանին, Ռուսաստանի նախագահը ցանկանում էր պահպանել հավասարակշռությունը: Կարեւոր էին Տեր-Պետրոսյանի և Ելցինի, Վազգեն Սարգսյանի ու Պավել Գրաչովի միջև հաստատված լավ կապերը: Տեր-Պետրոսյանը հավաստիացրել է` ՙբոլոր խոսակցությունները, թե ռուսները օգնել են հայերին, մեծ մասամբ առասպելներ են: Ռուսները դրսեւորեցին շատ ազնիվ պահվածք եւ պահեցին հավասարակշռությունը՚: ՙՊարզվեց, որ Ադրբեջանում երեք անգամ ավելի զենք կա, քան Հայաստանում: Ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում եկանք այն հետեւության, ես կարողացա նրանց համոզել, որ պետք է փոխհատուցում ստանալ: Ելցինը համաձայնեց, որ անհրաժեշտ է պահպանել ուժերի հավասարակշռությունը: Հավասարակշռություն, բայց ոչ ավելի: Հետագա տարիներին` 1992, 1993 և 1994 թթ. մենք գրեթե լիովին վերականգնեցինք Ադրբեջանից մեր ռազմական պակասը: 1994թ. մենք նույն մակարդակի վրա էինք, նկատի ունեմ տեխնիկան` տանկեր, հրետանի, զրահամեքենաներ, հրազեն՚:
Վազգեն Սարգսյանը 1993թ. ձմռանը խոստովանել է. ՙԵս կտրամադրեմ Անդրկովկասի զինվորական օկրուգի պաշտոնաթերթում տպագրված ռուսական հետախուզության տվյալները, թե Ադրբեջանն ինչքան, Վրաստանն ու Հայաստանն ինչքան զենք ու զինամթերք են ստացել: Եթե այդ տվյալները մենք հրապարակեինք մեկ տարի առաջ (որի մասին միայն հանրապետության նախագահն ու ես գիտեինք), ժողովրդի սիրտը կպայթեր հուսահատությունից: Վեց-յոթ ամիս մեկուկես դիվիզիայով կռվել ենք չորս դիվիզիայի դեմ, կռվել ենք քսան անգամ ավելի քիչ զինամթերքով՚:
1997թ. գեներալ Լեւ Ռոխլինը Պետական դումա ներկայացրեց զեկույց, որում պնդում էր, թե Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է մոտ մեկ միլիարդ դոլարի (որից 720 միլիոնը զենքերի արժեքն է, մոտ 300 միլիոնը` փոխադրման ծախսերը, պահեստամասերը) սպառազինություն, ծանր զրահատեխնիկայի մեծ մասն առաքվել է պատերազմից հետո` 1995-96թթ.: Ռոխլինի զեկույցի համաձայն, հայկական կողմը 1992թ. օգոստոսից զինամթերք է ստացել Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքի ռազմակայանի պահեստից:
Շահումյանի անկումը, օրհասական վիճակ Մարտակերտում
Ղարաբաղյան պայքարի տարեգիրներից Զորի Բալայանն այսպես է նկարագրում Շահումյանից եւ Մարտակերտից գաղթը 1992թ. ամռանը. ՙԱհավոր տեսարան էր: Մարդիկ առաջն արած քշում էին կմախք դարձած իրենց անասուններին, շալակած կամ չգիտես թե որտեղ գտած անդրջրհեղեղյան սայլերին բարձած` տանում էին իրենց ունեցվածքը: Կիզիչ արեւն այրում էր կանանց ու երեխաների դեմքերը՚:
Շահումյանում եւ Գետաշենում բախումները սկսվել էին 1990թ. սկզբներին: Մութալիբովն ու Պոլյանիչկոն, ի տարբերություն Հայաստանի ոչ կոմունիստական իշխանությունների, շարունակում էին սերտ համագործակցել Կրեմլի հետ: Բաքվին հաջողվեց ստանալ խորհրդային ուժային կառույցների աջակցությունը: Հայ-ադրբեջանական բախումները կանխելու նպատակով Շահումյանում և Գետաշենում տեղակայվեցին խորհրդային բանակի ու ներքգործնախարարության ստորաբաժանումներ:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները Կրեմլի ուժայիններին կարողացել էին համոզել, որ պետք է Շահումյանից և Գետաշենից ՙմաքրել՚ հայ ֆիդայիներին: ՙԱնձնագրային ռեժիմի ստուգման՚ պատրվակով ադրբեջանական ոստիկանական ջոկատները խորհրդային զինված ուժերի օժանդակությամբ 1991թ. իրականացրել էին տխրահռչակ ՙՕղակ՚ գործողությունը` տեղահանելով հազարավոր հայ բնակիչների:
1992թ. ամռանը Շահումյանի և Մարտակերտի անկման օրերին, Աշոտ Մանուչարյանը Հայաստանում զբաղեցնում էր միանգամից երեք պաշտոն` ներքգործնախարարի պաշտոնակատար, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական և Արցախի հարցերով օպերատիվ շտաբի պետ: ՙՌուսական 23-րդ դիվիզիան` մոտ 50 տանկ իրենց անձնակազմերով, տրամադրվեց ադրբեջանցիներին, և նրանք մտան մարտի մեջ: Ադրբեջանցիներն ունեին ջախջախիչ առավելություն, եւ Շահումյանն ընկավ այդ պայմաններում: Անհնար էր պաշտպանություն կազմակերպելը: Անկազմակերպվածություն կար, բայց բանակը կանոնավոր չէր, այլ պարտիզանական ջոկատների ամբողջություն, և խիստ դժվար էր 50 տանկի դեմ կռվել, մանավանդ, որ այդ գրոհը եղավ միանգամից՚:
Բայց ռուսական պատմությունն ունի մեկ այլ երես: ՙԲեկումը սկզբում ևս մտցվել է ռուսների միջամտությամբ: Մենք կարողացանք ռուսների համար ստեղծել քաղաքական մի վիճակ, որ նրանք այդ տանկերը հանեցին ադրբեջանցիների ենթակայությունից: Ավելին` ռուսներն իրենք հարված հասցրին` կասեցնելով ադրբեջանական առաջին ալիքը, որից հետո շատ արագ մենք վերակազմավորեցինք մեր ջոկատները եւ կարողացանք պահել ու հետ մղել գրոհը: Երբ տանկերը հասան Մարտակերտ, հետ դարձան, բայց միայն հետ դառնալը քիչ է: Երբ ադրբեջանցիները գրոհում էին Մարտակերտի ուղղությամբ և շարժվում առաջ, նրանց գրոհը մի պահ, մեկ օր կանգնեցրել են ռուսական օդուժի հարվածով՚,- պնդում է Մանուչարյանը:
Նախագահ Էլչիբեյի մամուլի քարտուղար Արիֆ Ալիևը նկատում է, որ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հաջող գործողությունների դեպքում, ռուսական գործոնը կարևոր դեր է խաղացել. ՙԻնչքան ես գիտեմ և հիշում եմ, խոսակցություն էր գնում, որ հաջող ռազմական գործողությունների, Ադրբեջանին ռուսական ռազմական օգնության դեպքում Բաքուն իր վրա վերցնում է որոշակի պարտավորություններ: Անշուշտ, պաշտոնապես չէր ասվում, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաμերություններ է պաշտպանում, ավելի սերտ մասնակցություն ունենում ԱՊՀ-ի հետ, միանում ՀԱՊ-ին: Ադրբեջանը չկատարեց այդ պարտավորությունները, և ռուսական բանակի վերաբերմունքը հակամարտության և Ադրբեջանի նկատմամբ փոխվեց: Բանական տրամաբանության համար դժվար է հասկանալը, երբ գնում են սրընթաց, հաջող մարտեր, բայց կանգնեցվում են և շրջվում հակառակ ուղղությամբ՚:
Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ի պատասխան դաշնակցական մամուլի մեղադրանքների, թե իբր ինքը շահումյանցիներին խոստացել է շտապ 30 հրասայլ ուղարկել, բայց չի արել, ասել է. ՙՇահումյանը պաշտպանվելու համար ուներ մարդկային և ռազմական բոլոր ռեսուրսները, և այն, ինչ կարող էր ուղարկվել այնտեղ` արդեն ուղարկվել էր: Պարզապես մեծ դեր կատարեց թշնամու անակնկալ և աննախադեպ, լայնածավալ հարձակումը: Արագ կուտակված այդ մեծ հզորությունը երբ հարձակվեց ու ճեղքեց պաշտպանական առաջին գիծը, գործել սկսեց խուճապը, որը ձնագնդի նման հավաքելով ճանապարհին ամեն ինչ` քշեց, տարավ՚:
Շահումյանի անհաջողության մեջ երբեմն մեղադրում են ՀՅԴ-ին եւ տեղի հրամանատար Մեղրյանին: Հրանտ Մարգարյանն ասում է, որ Շահումյանի անկումը ՀՅԴ-ին վերագրելն անբարո մեղադրանք է ոչ այնքան կուսակցության, որքան Մեղրյանի հասցեին. ՙԿռիվ էր, և կռվի մեջ կար հաղթել և պարտվել: Մենք ի վիճակի էինք կռվել, երբ մեր դեմ կռվում էր ադրբեջանցին, ի վիճակի էինք, երբ խորհրդային բանակը կողմնակի էր օգնում Ադրբեջանին, բայց մեր ուժերն իրոք սահմանափակ էին, երբ խորհրդային բանակն էր մեր դեմ կռվում: Բուզլուխի անկման ժամանակ այնտեղ էի, 11 հոգի զինված էինք ավտոմատներով, մեր դեմ դուրս եկավ 11 տանկ, էլ չեմ ասում օդանավերի, զինվորների մասին: Մենք մեր պարտությունները կրել ենք ռուսական, ավելի ճիշտ` խորհրդային բանակի պատճառով: Եթե այսօր չունենք Շահումյանը, դա չի նշանակում, որ մեզ ադրբեջանցիներն են հաղթել՚:
Հրայր Կարապետյանն ավելացնում է, որ հայկական ջոկատները կռվել են մինչև վերջ, իսկ ՙՄեղրյանը չի հեռացել Շահումյանից, քանի դեռ չի օգնել վերջին շահումյանցուն դուրս գալ՚:
Զորի Բալայանը գրում է. ՙՈմանք շահումյանցիներին համարում էին դավաճաններ, վախկոտներ: Մյուսները բոլորովին չէին կասկածում, որ նրանց դավաճանել են: Հենց դրա համար էլ նրանք չէին ուզում կանգ առնել Ստեփանակերտում: Փաստը, որ այդ մարդիկ մինչև վերջ իրենց երեխաներին պահել են Գյուլիստանում` շրջապատված թշնամական տանկերով ու հրթիռներով, խոսում է այն մասին, որ նրանք ոչ միայն պայքարել են մինչև վերջ, այլև հուսացել են ու հավատացել՚:
Գեորգի Գասպարյանը` ՙգրադ՚ Ժորան, եղել է հրետանու հրամանատարը, մասնակցել ռազմական գործողություններին` Շուշի, Քելբաջար, Օմարից մինչևԱրաքսի ափ, Մարտակերտ: 1992թ. ամռանը տասնյակ այլ բնակավայրերի հետ հակառակորդի վերահսկողության տակ է անցնում նրա ծննդավայր Զարդախաչ գյուղը: ՙԴու տեսե՞լ ես` անասուններին ոնց են քշում: Ահա այդպես մեր ժողովուրդը` երեխաներ, ծերեր, մայրեր, ողբով դուրս էին գալիս Մարտակերտի գյուղերից, ոտաբոբիկ անցնում իմ կողքով: Դա ինձ համար պատերազմում ամենածանր, ողբերգական օրն էր: Ես այս պատերազմում կորցրել եմ եղբորը և քրոջս տղաներին, իմ մարտական ընկեր, հերոս Սամվել Սաֆարյանին: Ես լացել եմ մեր բոլոր զոհված տղաների համար: Բայց ինձ համար ամենածանրը Շահումյանի և Մարտակերտի զավթումն էր: Սերժ Սարգսյանն ինձ ուղարկել էր Ղարաբաղի հյուսիսային շրջան, որպեսզի հրետանու օգնությամբ գոնե ապահովվի ժողովրդի անվտանգ դուրսբերումն իրենց տներից: Իմ կողքով ողբով, լացով անցնում էին իմ ուսուցիչները, հարազատները, համագյուղացիները՚:
Ավերված Ստեփանակերտում երեւում են Շահումյանի և Մարտակերտի շրջանից եկող առաջին փախստականները: ՙԿենտրոնական հրապարակում շուտով սնկերի նման աճեցին յուրօրինակ օթեւանները` վրաններ, բեռնատարներ, սայլեր: Մեծամասնությունը կանայք էին, ծերունիներ, երեխաներ: Շատ երեխաներ կային: Ամեն օր պետք է անցնեիր այս քաղցած և չարացած մարդկանց կողքով… Նրանք զրկվել էին հարազատ օջախից, կյանքի ընթացքում ստեղծածից, հայրերի ու պապերի թողածից… Եվ հիմա նրանց ուզածը միայն մի բան էր` մեքենաներով իրենց տանեն Երևան: Այնտեղ` Երևանում, կորոշեն, թե ինչ անել: Միայն թե չմնան Ստեփանակերտում: Բոլորը Երևան էին ուզում՚,- գրում է Բալայանը:28
Ներքաղաքական լարվածություն Հայաստանում
Շահումյանի և Մարտակերտի օրհասական վիճակը հունիսի 22-24-ը քննարկվում է Հայաստանի Գերագույն խորհրդի արտակարգ նիստում: Ելույթ են ունենում նաև նախագահ Տեր-Պետրոսյանը և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Պետրոսյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններում մտցնել ռազմական դրություն, արգելել զինվորական տարիքի և զինապարտ տղամարդկանց ազատ արտագաղթը Հայաստանից, ժամանակավորապես արգելել ցույցերի, հանրահավաքների և երթերի կազմակերպումն ու անցկացումը, լրատվամիջոցներում մտցնել ռազմական գրաքննություն, ինչպես նաև` պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցնել քաղաքական բոլոր կուսակցությունների գործունեությունը:
Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ասում էր. ՙՈւղղակի չեք պատկերացնում, թե քաղաքական երկպառակությունները որքանով են ազդում պաշտպանական խնդիրների վրա և խրամատներում կռվող զինվորից մինչև պաշտպանության նախարար այդ անկայունությունը զգում են իրենց մաշկի վրա, զգում են ողջ էությամբ: Դա ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին: Քաղաքականացվում են ռազմական ջոկատներ, պետական կառույցներ, անգամ որոշ կուսակցություններ գնում են այնպիսի տգեղ քայլի, ինչպիսին մահացած ռազմիկին որպես որևէ կուսակցության անդամ ՙբացահայտելն՚ է: Այդ կուսակցություններից ի՞նչ օգուտ է տեսել մեր ժողովուրդը: Վերջերս ՀՅԴ-ն սփյուռքում Հայաստանի և Արցախի պաշտպանության համար հանգանակել է պատկառելի գումար` ավելի քան կես միլիոն դոլար, որից պաշտպանության նախարարությունը ոչ մի կոպեկ չի ստացել, ևւ ընդհանրապես ո՞ւր են գնացել այդ գումարները՚:
Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ վերջին տարիներին ՀՅԴ-ն արտասահմանում Արցախին ռազմական օգնության նպատակով հավաքել է հինգ միլիոն դոլար, որից նպատակին ծառայել է ընդամենը 40 հազարը: ՙԱյս չորս տարվա ընթացքում ՀՅԴ-ն Արցախ ուղարկել է ընդամենը 230 ՙԿալաշնիկով՚ ավտոմատ: Արցախում կռվում է 7 հազար զինվոր, բոլորն էլ զինված ավտոմատներով եւ ավելի ծանր զենքերով՚:
Դաշնակցությունն այս հայտարարությունները համարում է զրպարտանքներ, ապերախտություն կուսակցության հանդեպ և պնդում, որ ՀՅԴ-ն արցախյան ազատամարտին տվել է առավելագույնը: Բացի նյութական միջոցներից, որ տրամադրել է ՀՅԴ-ն իր աշխարհասփյուռ կառույցներից, արցախյան պատերազմի ընթացքում զոհվել են կուսակցության մոտ 300 անդամներ, շուրջ հազարը` վիրավորվել: ՙՄի կողմից հալածվում էինք, մյուս կողմից` ճիգ թափում արտաքին թշնամու դեմ պայքարում: Մեզ հաջողվեց ՀՀՇ-ական պետականության, իշխանության ներքո շարունակել պայքարը: Մենք չենք փորձել ներքաղաքական հարցերը հայրենիքի պաշտպանության գործի հետ խառնել: Առաջին իսկ պահից, երբ պետականությունը փորձել է ներկայություն ունենալ Արցախում, մենք նրան ենք ենթարկվել: Մենք հստակ գիծ էինք որդեգրել` երկրի պաշտպանությունն ընդհանուր, պետական գործ է, այս հարցում մենք պետք է լինենք զինվոր, և դա չպետք է խառնենք քաղաքականությանը՚,- ասում է Հրանտ Մարգարյանը:
1992-ի հունիսի 23-ին խորհրդարանում ձևավորվում է ընդդիմադիր Ազգային դաշինք միավորումը, որի մաս են կազմում Ռամկավար-ազատական, Քրիստոնեաժողովրդավարական միություն, ՀՅԴ, ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ, Հանրապետական կուսակցությունները: Ազգային դաշինքը խորհրդարանին ներկայացնում է որոշման նախագիծ` պահանջելով անընդունելի համարել միջազգային կամ ներպետական որևէ փաստաթուղթ, որում ԼՂ-ը նշված կլինի Ադրբեջանի մաս:
Նույն օրը Տեր-Պետրոսյանը մեկնում է Ստամբուլ` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրորդ խորհրդաժողովին: Էլչիբեյը հրաժարվում է հանդիպել Հայաստանի նախագահի հետ, քանի դեռ հայերը դուրս չեն եկել Շուշիից և Լաչինից: Ռազմաճակատում ունեցած հաջողությունն Էլչիբեյին հեռու էր պահում հայերի հետ շփումներից:
Տեր-Պետրոսյանը նկատել է. ՙՄենք շփումներ չենք ունեցել, չնայած ընտրություններից հետո զանգահարեցի Էլչիբեյին, որպեսզի շնորհավորեմ : Ծիծաղելի բան եղավ: Նրա օգնականը շփոթվեց, հետո զանգահարեց իմ օգնականին` հարցնելով, թե ինչի՞ մասին եմ ուզում խոսել: Հարկ եղավ բացատրել, որ նման բաների մասին հարցնելն ընդունված չէ, ամեն ինչ պարզ կլինի հենց խոսակցության ընթացքում: Այդպես էլ չխոսեցինք: Իսկ Մութալիբովի հետ հարաբերությունները նորմալ էին, բայց հենց սկզբից ինձ համար պարզ էր, որ նրա հետ զրույցները ոչինչ չէին պարտադրում, նա իրական իշխանություն չուներ, և պայմանավորվածությունները իմաստ չունեին՚:
Քելբաջարի կորստից հետո արդեն Էլչիբեյը ստիպված էր շփվել Տեր-Պետրոսյանի հետ: Դա 1993-ի գարնանն էր: Ապրիլի 17-ին Անկարայում սրտի անբավարարությունից մահացել էր Թուրքիայի նախագահը: Թուրգութ Օզալի թաղմանը մասնակցելու նպատակով Անկարա էր մեկնել նաև Տեր-Պետրոսյանը. պրիլի 21-ին նա Անկարայում առանձին հանդիպումներ է ունենում Էլչիբեյի, Ալիևի և Դեմիրելի հետ: Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը պնդում է, որ Անկարայում Տեր-Պետրոսյանն ու Էլչիբեյը հանդիպել են երեք անգամ: Առաջին կարճ զրույցը տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանում Դեմիրելի կազմակերպած ընդունելության ընթացքում` վերջինիս առաջարկով:
ՙՏեր-Պետրոսյանի և Էլչիբեյի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ վերջինիս հյուրանոցի համարում: Դա առանձին զրույց էր, որից Էլչիբեյը ցնցվել, խառնվել էր: Վուգարը պատվիրակության հետ ճամփորդում էր որպես թարգմանիչ և թիկնապահ: Նա առաջինն էր մտել սենյակ՝ Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո: ՙԷլչիբեյը գլուխը պահել էր ձեռքերի մեջ: Ես չգիտեմª Տեր-Պետրոսյանն ինչ էր ասել նրան, բայց նախկինում երբեք նրան այդպիսի վիճակում չէի տեսել: Ես նրան տեսել էի շատ տարբեր վիճակներում: Նա ջախջախված էր՚,- ինձ պատմեց Վուգարը՚:
Հայաստանի խորհրդարանի 1992թ. հունիսի 24-ի նիստում ՀՀՇ-ն համաձայնում է Ազգային դաշինքի ներկայացրած որոշման նախագծի հետ, միայն մեկ` ՙեթե ԼՂՀ-ն դեմ է՚ նախադասությունը լրացումով: Գերագույն խորհուրդը հուլիսի 8-ին ընդունում է ՙԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին՚ որոշում, որով խորհրդարանականները պետք է ՙհետեւողականորեն սատար կանգնեն ԼՂՀ-ին եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի համար անընդունելի համարեն միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում՚: Ի պատասխան` Տեր-Պետրոսյանը հակադրվում է. ՙՀայաստանը երբեք չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաև ԼՂՀ ղեկավարության ստորագրությունը՚: Ընդդիմությունը պահանջում էր նաև, որ Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը:
Ժիրայր Լիպարիտյանը գրում է. ՙՏեր-Պետրոսյանը մերժեց: Նա պնդում էր, որ մշտական և կայուն լուծումը կպահանջեր կարգավորման հասնել բանակցությունների միջոցով` անպայման հիմնված կողմերի փոխզիջումների վրա, և որ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը կկանխորոշեին բանակցությունները, և խնդիրը կմնար չլուծված… 1998թ. նախագահ Քոչարյանի խորհրդականներից էին ՀՅԴ առաջնորդներից Վահան Հովհաննիսյանը, ԱԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանը, Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի տեղակալ Դավիթ Վարդանյանը նախագահի գրասենյակում վերահսկողության ծառայության տնօրենն էր: Նրանք բոլորը ներկայացնում էին այն կուսակցությունները, որոնք 1992թ. պահանջում էին Տեր-Պետրոսյանից միակողմանիորեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Նրանցից ոչ մեկն առաջ չքաշեց այդ հնարավորությունն այն ժամանակից ի վեր, երբ միացավ Քոչարյանին, ոչ ոք չպահանջեց, առնվազն հրապարակավ, որ ԼՂ-ը կցվի Հայաստանին՚:
1992թ. նոյեմբերի11-ին Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է. ՙՇատ սուր բանավեճերից հետո, խորհրդարանն այնքան խոհեմություն ունեցավ, որ չճանաչեց ԼՂ անկախությունը, դա ուղղակի մարտահրավեր կլիներ ողջ աշխարհին, այս անգամ արդեն քաղաքական արկածախնդրության միջոցով, կնշանակեր ներքաշվել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ՚:
Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 1992թ. օգոստոսին ներկայացրել է ԼՂՀ-ն ճանաչելու կարևոր հինգ պատճառները: Թիվ մեկ դիվանագետը, չընդունելով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը և հակադրվելով նախագահական ապարատին, պնդում էր, որ ԼՂՀ-ն ունի ճանաչման լուրջ կռվաններ, մասնավորապես` Արցախը համապատասխանում է 1933թ. Մոնտեվիդեոյի կոնվենցիայի` պետականության չափանիշներին. ԼՂ-ն ունի սահմանված տարածք, մշտական բնակչություն, օրինական կառավարություն եւ ընտրված խորհրդարան, ունակ է պաշտոնական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ:
Երկրորդ` ԼՂ ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի միջոցով իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը:
Երրորդ` ԼՂ-ը դե-ֆակտո անկախ պետություն է, Ադրբեջանի հետ չունի քաղաքական կամ տնտեսական ոչ մի կապ, այդ երկրի կառավարությունից չի ստանում ֆինանսական որևէ աջակցություն, եւ քաղաքացիները հարկեր չեն վճարում Ադրբեջանին, ունի սեփական կառավարությունը, խորհրդարանը, պաշտպանական ուժերը:
Չորրորդ` ադրբեջանական իշխանության ենթակայության տակ եղած ժամանակ Արցախի ժողովրդի քաղաքացիական, մշակութային եւ մարդկային մյուս իրավունքները Խորհրդային Ադրբեջանը քանիցս ոտնահարել է:
Հինգերորդ` առանց ադրբեջանական ագրեսիայի դեմ միջազգային երաշխիքների, որոնք կարող է ապահովել միայն ճանաչումը, Բաքուն կշարունակի հետապնդել խնդրի ռազմական լուծման տարբերակը` նպատակ ունենալով ոչնչացնել արցախահայությանը:
Հանդիպում Սոչիում
1992-ի ամառը ԼՂ-ի և Հայաստանի համար ամենածանր ժամանակներն էին պատերազմի երեք տարիների ընթացքում: Հուլիսի 30-ին Լաչինի շրջանի Հոչազ և Տիգիկ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերն անակնկալ հարձակում էին կատարել ԱԻՄ-ի ջոկատներից մեկի վրա, 24 հայեր սպանվել էին, ևս ութը` անհետ կորել: Օգոստոս-սեպտեմբերին ղարաբաղյան ուժերը գրեթե կորցնում էին Լաչինի միջանցքը:
Ադրբեջանի բանակային երկրորդ կորպուսը գեներալ-մայոր Դադաշ Ռզաևի հրամանատարությամբ հարձակում էր սկսել հյուսիսից: Ղարաբաղյան ուժերին հաջողվեց հակառակորդին կանգնեցնել Լաչինից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում ՙկղզյակի՚ վերածված ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ:
Օգոստոսի 9-ին Տեր-Պետրոսյանը հեռագիր է հղում ՀԱՊ ղեկավարներին` հորդորելով կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, քաղաքական, ռազմական և այլ միջոցներով կանխել պատերազմը. ՙԱդրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի մասը` Արծվաշեն գյուղը, և ներխուժել նրա օդային տարածքը` ռազմական ինքնաթիռներով ռմբակոծել Գորիսի շրջանը: ՀԱՊ անդամ պետության դեմ ագրեսիա է կատարված՚: Պատերազմի ծանր շրջանում Վազգեն Սարգսյանի կոչով օգոստոսի 16-ին կազմավորվում է ՙԱրծիվ-մահապարտներ՚ գումարտակը:
Օգոստոսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը, որն ամերիկյան կառավարությանն արգելվում էր ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնում Հայաստանի ու Ղարաբաղի շրջափակումը: 2001թ. հոկտեմբերին, հաշվի առնելով ԱՄՆ հակաահաբեկչական գլոբալ պայքարը, Սենատ ժամանակավորապես կասեցնում է 907-ի ուժը: ՙՀայաստանը ամերիկահայ համայնքի աջակցությամբ կարողացավ Կոնգրեսին հասու դարձնել, որ մեզ պարտադրված է պատերազմ, երկիրը շրջափակման մեջ է, և եթե ԱՄՆ-ն աջակցում է նորանկախ պետությունների ժողովրդավարացմանը, ապա չպետք է այդ ժողովրդավարացման աջակցությունն օգտագործվի հարև ան երկրի հանդեպ թշնամական գործողություններ իրականացնելու վրա, ինչպես շրջափակումն է՚,- ասում է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:
Օգոստոսի կեսերին Հայաստանին հասցվում է նոր հարված. փակվում է աբխազական երկաթուղին, որով ապահովվում էր երկաթուղային եւ ցամաքային կապը Ռուսաստանի հետ:
Արզումանյանն օգոստոսի 20-ին նամակով դիմում է ՄԱԿ` շտապ կարգով Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրելու խնդրանքով. ՙՌուսական զորքերի օգնությամբ Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում ԼՂ-ի նկատմամբ, Մարտակերտի շրջանի զգալի մասը գրավված էր: Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում էինք դատապարտել ԼՂ բնակչության հանդեպ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև` ակնկալում քաղաքական գնահատական Հայաստանի շրջափակումներին: ՄԱԿ-ը, բացի բանաձևերից, ընդունել է նաև նախագահական հայտարարություն: Երբ ԱԽ-ն հարցի շուրջ տարաձայնություն չի ունենում, լիազորում է ԱԽ նախագահին հանդես գալ հայտարարությամբ: Նման 7 հայտարարություն է եղել, որում միանշանակ դատապարտվել է շրջափակման իրականացումը՚:
1992թ. օգոստոսի 21-ին Կրեմլում Ելցինն ընդունում է Տեր-Պետրոսյանին, ստորագրվում է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զինված ուժերի համաձայնագիր: Սեպտեմբերի 17-18-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը Երևանում Տեր-Պետրոսյանի հետ քննարկում է Հայաստանում ռուսական զորքերի կարգավիճակի հարցը: Մեկ օր անց` սեպտեմբերի 19-ին, Սոչիում Պավել Գրաչովը անգամ չտեղեկացնելով Կազիմիրովին, քառակողմ հանդիպում է կազմակերպում անդրկովկասյան երեք պետությունների պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի, Ռահիմ Ղազիևի և Թենգիզ Կիտովանու մասնակցությամբ:
Մոսկվայում սեպտեմբերի 25-26-ին տեղի է ունենում հայ, ադրբեջանցի և ռուս ռազմական ներկայացուցիչների հանդիպում, ստորագրվում է արձանագրություն, որով պետք է դիտորդներ ուղարկվեին հակամարտության գոտի: Որոշում է նաև սեպտեմբերի 26-ից 60 օրով դադարեցնել կրակը: Սակայն զինադադարը պահպանվում է 20 րոպե, և Գրաչովը հետ է կանչում ռուս դիտորդներին:
Լուսանկարում՝ Գետաշեն գյուղից պատկեր, RAA
Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:












