Արևածագ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 14 կմ հարավ, մարզկենտրոն Վանաձորից՝ 36 կմ հեռավորության վրա: Գյուղը տեղադրված է Ձորագետի ստորին հոսանքում, սարավանդի վրա` ծովի մակարդակից 1270 մետր բարձրության վրա:
Նախկինում ունեցել է Ղաչաղան, Ուզուն լարա օյուն, Ուզունլար Ներքին, Ուզունլար Նոր անվանումները: Արևածագ է վերանվանվել 1976 թ-ին:
Արևածագ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1873 թվական – 209 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 317 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 357 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ լուսավորչական
1908 թվական – 410 հոգի
1914 թվական – 550 հոգի
1916 թվական – 547 հոգի
1922 թվական – 532 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 583 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 730 հոգի, բոլորը՝ հայ
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Պատմությունը
Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:
Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:
Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝
Ախթալա,
Թումանյան,
Շամլուղ,
ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.
Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Այգեհատ (Դանուշավան), Արևածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Օձուն, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Կարդալ ու դիտել նաև՝













