Տավուշի մարզի Իջևանի շրջանի Ազատամուտ և Աճարկուտ գյուղերը հիմնադրվել են խորհրդային տարիներին, հետևաբար՝ դրանք տեղ չեն գտել Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ:
ԱՃԱՐԿՈՒՏ
Աճարկուտը գտնվում է Քարահան գետի ափին, Ծաղկավան և Կիրանց գյուղերի հարևանությամբ՝ անտառապատ տարածքում: Աճարկուտ բանավանը հիմնվել է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո. 1924թ. Կունեն կոչվող տարածքում սղոց-գործարանի շահագործման շնորհիվ, որպես բանվորական վայր, շրջակա գյուղերից մարդիկ եկել են և հիմնական բնակություն հաստատել:
Այսօր գյուղն ունի երկու հարյուրից պակաս բնակչություն:
1930-ական թթ. արտադրության ընդլայնմանը զուգահեռ կառուցվեցին բնակելի տներ, դպրոց: 1964թ. Սևքարի սղոց-գործարանը վերանվանվեց Աճարկուտ բանավանի: Աճարկուտի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական շինություններով` Աստվածածին, Կիրանցի եկեղեցիներ, Սամսոնի, Դեղձնուտի, Առաքելոց վանքեր, Սրանոցի կամուրջ, որոնք կառուցվել են 10-13-րդ դարում:
ԱԶԱՏԱՄՈՒՏ
Ազատամուտը գյուղ է, սակայն բնակավայրում միայն բազմաբնակարանային շենքեր են և քոթեջներ: Հիմնադրվել է 1970-ին որպես բանավան: Մի քանի տարի կրել է Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան անունը: 1978-ին վերանվանվել է Ազատամուտ. 1920-ի նոյեմբերին 11-րդ Կարմիր բանակը Ադրբեջանից այստեղով է մուտք գործել Հայաստան և խորհրդայնացրել հանրապետությունը: Ազատամուտ անունը ստացել է Կարմիր բանակի՝ այստեղով մուտքը Հայաստան խորհրդանշելու համար։
Ազատամուտը գտնվում է Աղստև գետի աջ ափին, անմիջական սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերին, որոնք 1990-ական թթ. սկզբից գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ:
1989 թվականի ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալներով՝ Ազատամուտն ուներ շուրջ 4.000 բնակչություն: Բենտոնիտ գործարանի պարապուրդի պատճառով՝ ավանից արտագաղթը ահռելի ծավալներ է կրել:

Դիտել նաև՝












