Համո Օհանջանյանի նոտան Գեորգի Չիչերինին և կարգադրությունը Լևոն Շանթին․ 27 հուլիս, 1920թ․

4286

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻՉԵՐԻՆԻ ՅԱՅՏԱԳՐԻՆ

Մօսկւա, արտաքին գործերի ժողովրդական կօմիսար Չիչերինին, պատճէնները՝ Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեան նախագահ Լևոն Շանթին, Թիֆլիս Ռ. Ս. Ֆ. Ս. Ռուսաստանի Վրաստանում լիազօր ներկայացուցիչ Կիրօվին, Թիֆլիս, Հայաստանի դիպլօմատիկական ներկայացուցիչ Բէգզադեանին.

Հաստատում եմ Ձեր յուլիսի 20-ի սոյն թւի & 751 թւակիր հեռագրի ստացումը:

Հայաստանի կառավարութիւնը ինչպէս և հայ ժողովուրդը շնորհակալ միայն կարող է լինել Ռուսաստանի Խորհրդային Կառավարութիւնից, նրա արտայայտած բարեկամական զգացմունքների և ձգտման համար աջակցել ազատ Հայաստանի ապագայ հանգիստ ու խաղաղ կեանքի զարգացմանը:

Իմ կառավարութիւնը դժբախտաբար պիտի հաստատի, որ Ձեր կառավարության այդ բարեկամական հաւաստիացումները, սօվետական տեղական իշխանութիւնների և ադրբէջանեան Ձեր զօրամասերի հրամանատարության գործողութիւնների մէջ, իրական կյանքում կերպարանափոխւում են Հայաստանի դէմ անվերջ ու անընդհատ թշնամական ռազմական գործողութիւնների – Ղազախի, Ղարաբաղի և Զանգեզուրի շրջաններում:

Վերը յիշւած հանգամանքի հետևանքով Հայաստանի համար ստեղծւած անհրաժեշտութիւնը՝ պահել որոշ քանակությամբ զօրամասեր Հայաստանի և Ադրբէջանի սահմանում՝ Հայաստանի տերիտօրիան ադրբէջանեան գրաւման փորձերից ազատ պահելու համար, որպէս ծանր բեռ ընկնում է հայ աշխատաւոր գիւղացիության ուսերի վրա և զրկում նրան հնարաւորութիւնից՝ նւիրւել խաղաղ ու կուլտուրական աշխատանքին, իր դաշտ ու անդաստանի մշակման և տաճիկների արշավանքի հետևանքով իր աւերւած տնտեսութիւնը վերականգնելուն:

Այսպիսով Ռուսաստանի սօվետական զօրքերի ներկայութիւնը Հայաստանի վիճելի, իսկ ներկայ դէպքում նաև անվիճելի, ինչպէս օրինակ Զանգեզուրի շրջանում, ոչ միայն չի նպաստում առաջն առնելու Հայաստանի և Ադրբէջանի միջև արիւնալի կօնֆլիկտներին, այլ աւելի ևս նպաստում է նրանց զարգացմանը: Ներկայումս, երբ իմ կառավարութեան նախաձեռնութեամբ Ադրբէջանի հետ ունեցած բոլոր վիճելի հարցերը պիտի դառնան առաջիկայում կայանալիք հայ-ադրբէջանեան կօնֆերանսի հաշտութեան քննութեան առարկայ, այլևս Ձեր զօրքերի ներկայութիւնը վերը մատնանշւած վայրերում կարող է միայն բացասական ազդեցութիւն ունենալ և խանգարել ստեղծելու պայմաններ, որոնք հնարաւոր դարձնէին կօնֆերենցիայի կանոնաւոր աշխատանքներին – խաղաղ ու անաչառօրէն քննութեան առնելու տերիտօրիալ վիճելի բոլոր հարցերը:

Այս նկատառումներով ու ցանկութիւններով իմ կառավարութիւնը հաւատացած է, որ Ձեր կողմից ձեռք կառնւեն բոլոր միջոցները, շտապ կերպով դադարեցնելու Ձեր զօրքերի կողմից թոյլ տրւած ամեն տեսակի թշնամական գործողութիւնները Հայաստանի նկատմամբ, դուրս կհանի զօրամասերը վերը յիշած վայրերից, նաև վերջ կտրւի այն ձերբակալություններին ու հալածանքներին հայ հասարակական գործիչների նկատմամբ Ադրբէջանում, Սօչիի շրջանում և Հիւսիսային Կովկասում, որոնց մասին մանրամանօրէն հաղորդվել է Ձեզ & 4287 և 4293 համարակալ հեռագրներով:

Ձեր ցուցմունքը Ձեր կառավարության ձգտումների մասին՝ օգտագործել տաճկական  [թուրքական] Ազգային կառավարության հետ բարեկամական յարաբերութիւնները, յանուն Փոքր Ասիայում հայ ժողովրդի ծաղկման ու զարգացման համար անհրաժեշտ ու բաւարար տերիտօրիայի ապահովացման, նոյնպէս չի համապատասխանում տաճկական ազգային կառավարության գործողութիւններին, որն այս քանի օրերս Հայաստանին պահանջ ներկայացրեց մաքրել Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս Օլթիի շրջանը հայկական զօրամասերից. Այդ պահանջի մէջ ․․․ հենարան ընդունում է Բրեստ Լիտօվսկում կնքած պայմանագիրը, որը հիմնովին օդս է ցնդեցնում այն ամենը, ինչ կեանք ու կենդանութիւն է տալիս կենսունակ Հայաստանին:

Գալով Ձեր Կառավարութեան ցանկութեանը, Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հաշտութեան պայմանագիր կնքելու առթիւ բանակցութիւնները Մօսկուայից Հայաստան փոխադրելու խնդրին, իմ կառավարութիւնը խորին ցաւով հաստատում է, որ չնայած իր անկեղծ ցանկություններին և ջանքերին՝ նպաստել արագ ու յաջող կերպով կնքելու բարեկամական պայմանագիր Սօվետական Ռուսաստանի հետ, երկամսեայ բանակցութիւնները Մօսկվայում մեր պատւիրակության և Սովետական կառավարության միջև չտւին այն արդիւնքները, որոնց ակնկալում էր հայ ժողովուրդը՝ հիմնւած Մօսկւայի բարեկամական հաւաստիացումների վրա: Այնուամենայնիւ ընդառաջ գնալով Ձեր կառավարութեան ցանկութեանը՝ իմ կառավարութիւնը ոչինչ հակառակ չունի բանակցութիւնները Մօսկւայից Հայաստան փոխադրելու վերաբերմամբ:

Բանակցութիւնների շարունակութիւնը Հայաստանում Ձեր ներկայցուցիչ Լեգրանի, հետ, իմ կառավարութիւնը յանձնարարում է նոյն պատւիրակութեանը՝ Լևոն Շանթի գլխաւորությամբ, որին և միաժամանակ ուղարկւում է կարգադրութիւն շտապ կերպով մեկնելու Մօսկւայից: Պատւիրակության տեղ հասնելու և մանրամասնօրէն նրանց զեկուցման հետ ծանօթանալուց յետոյ, ի նկատի առնելով, որ մեր պատւիրակութիւնը Մօսկւայում բաւարար տեխնիկական յարմարութիւնները չեն եղել տւած, ուստի և իմ կառավարութիւնը մինչև այժմ զրկւած էր իր պատւիրակության հետ անհրաժեշտ կապ ունենալու հնարաւորութիւնից, կառավարութիւնը պատրաստ է ընդունելու իր մօտ յետագայ բանակցութիւնների համար Ռուսաստանի Սօվետական կառավարութեան պատւիրակներին:

27 յուլիսի & 4472 Հայաստանի արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանեան

Յառաջ, ՀՅԴ, թիւ 160, ուրբաթ, 30 Յուլիսի, 1920թ․

—-

ՄՕՍԿՒԱՅԻ ՀԱՅ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ

Երեւան, 30-ն յուլիսի: Հայաստանի հանրապետության արտաքին գործոց նախարար Օհանջանեանը կարգադրել է՝ Մօսկւա, Հայաստանի պատւիրակության նախագահ Լևոն Շանթին հեռագրել հետևյալը.

Մօսկւա, Հայաստանի հանրապետության պատւիրակության նախագահ Լևոն Շանթին: Ի լրումն արտաքին գործոց ժողովրդական կօմիսար Չիչերինին պատճէն Ձեզ & 472 յուլիսի 27-ի ուղղւած հեռագրի, հաղորդում եմ. ընդառաջ գնալով Ռուսաստանի Խորհրդային իշխանութեան ցանկութեանը, կառավարութիւնս համաձայնւում է Խորհրդային Ռուսաստանի հետ բարեկամական փոխ-յարաբերութիւն հաստատելու համար եղած բանակցութիւնները  Մօսկւայից Երևան փոխադրել: Այդ բանակցութիւնները Լեգրանի գլխաւորությամբ պատւիրակութեան հետ Հայաստանում շարունակելը, կառավարութիւնը յանձնարարում է Ձեզ և պատւիրակության միւս անդամներին։ Ի նկատի ունենալով վերոյիշեալը՝ խնդրում եմ Ձեզ և պատւիրակութեան անդամներին շտապ Երևան մեկնել:

27 յուլիսի & 4479:

                                                                     Հ. Հ. Գ.