Ադրբեջանի հետ սահմանակից Կապանի 5 գյուղում՝ 55 աշակերտ

1885

Ադրբեջանին սահմանակից Կապան համայնքի հինգ բնակավայրերում՝ Ծավ, Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող եւ Ճակատեն, ընդհանուր առմամբ դպրոց հաճախում է 55 աշակերտ: Հայաստանում լքվող, մաշվող ու ծերացող գյուղերի պակաս չկա, սակայն այս գյուղերի դեպքը հատկապես մտահոգիչ է: Հինգ գյուղերը միասին Ադրբեջանի հետ ունեն 50 կիլոմետրից ավելի երկարությամբ սահման:

Սյունիքի մարզպետարանից տրամադրեցին այս գյուղերում դպրոց հաճախող աշակերտների թվաքանակը. Ծավ՝ 31, Ճակատեն՝ 10, Սրաշեն՝ 8, Շիկահող՝ 3, Ներքին Հանդ՝ 3: Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումից հետո Ներքին Հանդի դպրոցը անցել է հեռավար ուսուցման, քանի որ գյուղում բնակվելը վտանգավոր է:

Հայաստան-Իրան միջպետական երկու ճանապարհներից մեկը 2007 թվականից անցնում է Ճակատեն-Ծավ հատվածով, սակայն դա նույնպես չկանխեց արտագաղթն ու այս գյուղերի ծերացումը: Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանն ասում է, որ գյուղում տարվա կտրվածքով մահացողների թիվն ավելին է, քան ծնվողներինը:

«Այսօր գյուղում 110 տնտեսություն կա գրանցված, իրականում՝ 90, բնակչության թիվը մոտ 250 է: Գյուղին պետք էր ուշադրություն դարձնել, երբ հողը նոր էր սեփականաշնորհվում: Հիմա ուշ է, բայց լավ է ուշ, քան երբեք: Պետք է օգնել գյուղացուն, որ մնա տեղում, զբաղվի հողով ու անասնապահությամբ: Ծավի տնտեսությունը խորհրդային շրջանում ուներ 12 հազար գլուխ ոչխար եւ 1200 խոշոր եղջերավոր անասուն: Այսօր անասնապահությունը վերանում է, մարդիկ չեն ուզում անասուն պահել, քանի որ անասնակերի ստացման, կաթի ու մսի սպառման դժվարություն կա»,- ասում է Զաքարյանը:

Ծավը ծովի մակերեւույթից մոտ 1000 մետր բարձրության, Կապան քաղաքից 37 կիլոմետր հեռավորության վրա է, Մեղրիի լեռների արեւելյան լանջերին:

Mtnadzor villageԱյստեղ է Բակունցի Մթնաձորը: Սյունիքի պատմության հետազոտող եւ մի շարք գրքերի հեղինակ Գրիշա Սմբատյանը, որ Շիկահող գյուղից է, 1980 թվականին նշանակվել էր Ծավի դպրոցի տնօրեն: «Այդ ժամանակ Ծավի դպրոցում սովորում էր ավելի քան 130 աշակերտ»,- հիշում է նա:

Shikahogh villageՇիկահողը 1831 թվականի տվյալներով եղել է Կապանի շրջանի ամենախոշոր գյուղը 254 բնակիչներով: 1904 թվականին գյուղն արդեն ուներ 1246 բնակիչ: Այսօր երեք դպրոցական է մնացել: Նրանք մեկնում են հարեւան Սրաշենի դպրոց, որտեղ աշակերտների թիվը 8 է: Ժամանակին Շիկահողի դպրոցն ուներ մինչեւ 180 աշակերտ:

«Շիկահողի եւ մեր գյուղերի քայքայումը սկսվել է կոլեկտիվացման ժամանակ: 1930-ականներին մեր գյուղից աքսորվել է 29 հոգի, որից միայն մեկն է վերադարձել, մյուսները գնդակահարվել կամ մահացել են: Աքսորվածների հարազատները եւ բարեկամները շուտով լքեցին գյուղը: 1949-ի հունիսի 14-ին Շիկահողից աքսորվեց 6 ընտանիք: Գյուղի քայքայման նոր աղետը արդյունաբերությունն էր, որը մարդկանց ձգում էր քաղաքներ՝ Բաքու, Երեւան, Կապան, Քաջարան»,- ասում է Սմբատյանը:

Նորիկ Զաքարյանի ընտանիքը Շիկահողում մնացած քչերից է: Նա երկու տրակտոր ունի, բայց ասում է, որ մարդ չկա, գործ չկա, ցորեն ցանող չկա, եւ հույս չկա: Ադրբեջանցիների վերջին հարձակումից, դիրքերի եւ տարածքների գրավումից հետո դաշտերում վար ու ցանք անելն ավելի վտանգավոր է դարձել:

«Որդիս ուզում է Կապան տեղափոխվել: Եթե գնաց, ես էլ եմ հեռանալու Շիկահողից»,- ասում է նա:

Սրաշեն-Շիկահող հատվածում Ադրբեջանը զավթել է հինգ դիրք եւ երկու գյուղերի դիմաց ընկած փոքր լեռնաշղթան, որտեղից բացվում է Զանգելան քաղաքը: Վերջերս այստեղ շահագործման հանձնվեց նոր օդանավակայանը, որտեղ վայրէջք կատարեց Թուրքիայի նախագահի օդանավը:

Սրաշենի բնակիչներից Արամայիս Ստեփանյանը կարծում է, որ ադրբեջանական զինուժը այդ դիրքերը գրավել է, որպեսզի Զանգելանի օդանավակայանը մեր տեսանելի վերահսկողությունից դուրս մնա:

Aramayis Stepanyan«Ադրբեջանի վերջին հարձակումից հետո մեր վարելահողերը վտանգի տակ են: Սրաշենում 70 հոգի է բնակվում, երիտասարդություն չկա»,- ասում է Ստեփանյանը:

1831 թվականի տվյալներով՝ Սրաշենն ունեցել է 101, 1926-ին՝ ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ 470 բնակիչ:

Ներքին Հանդում (այս գյուղի մասին մեր ռեպորտաժը՝ այստեղ) դպրոցը փակվել է սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումից հետո: Երեք աշակերտները ընտանիքների հետ տեղափոխվել են ավելի անվտանգ վայրեր: Գյուղը երեք կողմից Ադրբեջանը շրջափակել է, հակառակորդն այստեղ գրավել է 12 դիրք, ավելի քան 10 քառակուսի կիլոմետր տարածք եւ ամրապնդվում է զավթած հայկական տարածքներում:

Ճակատենի դպրոցում սովորում է 10 աշակերտ, գյուղում բնակչության թիվը 102 է: 1831-ին գյուղն ուներ 78, 1931-ին՝ 745 բնակիչ:

Chakaten villageԻնչպես Ճակատենի, այնպես էլ հարեւան գյուղերի բնակչության նոսրացումը սկսվել է նախորդ դարի 40-50-ականներին, երբ լեռնային արդյունաբերությունը քաղաքներ էր ձգում գյուղական բնակչությանը:

Արտագաղթի նոր ալիք սկսվեց խորհրդային պետության անկման եւ Հայաստանի անկախության շրջանում: Այսօր Ադրբեջանին սահմանակից գյուղերի բնակչության նվազումը եւ ծերացումը ոչ միայն ժողովրդագրության, այլեւ ազգային անվտանգության խնդիր է:

Լուսանկարները՝ հեղինակի

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։