Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն

10402

Այս հոդվածաշարը հրապարակվել է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի 2015 թվականի հունվարյան 6 համարներում: 

Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 1)

14/01/2015 schedule09:41, http://www.armtimes.com/hy/article/58188

1997թ. մարտին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու հրամանագիր ստորագրեց: Սա մի որոշում էր, որ Հայաստանի քաղաքական դաշտի վրա սառը ցնցուղի ազդեցություն թողեց:

Անկախության 7-րդ տարին էր, եւ երկրի քաղաքական դաշտը հեռու էր կայացած լինելուց: 1996թ. նախագահական ընտրությունները քաղաքական դաշտի բյուրեղացման նշաններ ցույց տվեցին. ձեւավորվում էր նոր ընդդիմություն, ի դեմս ԱԺՄ-ի եւ դաշնակից ուժերի՝ Վազգեն Մանուկյանի լիդերությամբ, բավական ուժեղ էր հին ընդդիմությունը, ի դեմս Սերգեյ Բադալյանի ղեկավարած Կոմունիստական կուսակցության, եւ կար իշխող «Հանրապետություն» միավորումը, որտեղ կենտրոնացել էր իշխող ՀՀՇ-ն՝ իր արբանյակ կուսակցություններով, գումարած «Շամիրամ» կուսակցությունը, որը նույնպես տեղ ուներ ԱԺ-ում:

1996-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը եւ նույն թվականի սեպտեմբերի 26-ի դեպքերը, երբ ԱԺ տարածք մտած ցուցարարների դեմ ուժ կիրառվեց, ճգնաժամ առաջացրեցին ընդդիմադիր դաշտում:

Իշխող ՀՀՇ-ի ներկայացուցիչները ԱԺ սեպտեմբերի 27-ի նիստում, Ազգային ժողովի դահլիճում ծեծի ենթարկեցին ԱԺՄ-ի մի շարք պատգամավորների: Շավարշ Քոչարյանը ծեծի ենթարկվեց հենց ամբիոնում ելույթ ունենալիս, Դավիթ Վարդանյանին բառիս բուն իմաստով քացու տակ տվեցին ԱԺ միջանցքում: Պարույր Հայրիկյանը ԱԺ նիստում իրեն դրսեւորեց որպես ամենավերջին վախկոտ, Վազգեն Մանուկյանը ընդհատակ էր անցել, մի շարք ակտիվիստներ բանտում էին, բանտում էին ՀՅԴ-ի հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը:

Սեպտեմբերի 26-ի իրադարձությունների ժամանակ, երբ ընդդիմության ցուցարարները մուտք էին գործել ԱԺ տարածք, ծեծի էին ենթարկվել նաեւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը եւ ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը: Մինչեւ 1996-ը Բաբկեն Արարքցյանը համարվում էր իշխանության ամենաազդեցիկ ներկայացուցիչը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո: Բայց 96-ի դեպքերը նշանավորեցին ուժային կառույցների ղեկավարների՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի եւ ՊՆախարար Վազգեն Սարգսյանի ազդեցության մեծացումը: Միակ քաղաքական դեմքը, որ կարող էր հակակշռել Սարգսյանին եւ Սիրադեղյանին՝ Բաբկեն Արարքցյանն էր (չհաշված, իհարկե, Լ. Տեր-Պետրոսյանին): Վարչապետ Հրանտ Բագրատյանը վաղուց արդեն վարկաբեկված էր՝ առաջին հերթին ներիշխանական հակասությունների պատճառով: Ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Վանո Սիրադեղյանը երիտասարդ վարչապետին լուրջ չէին ընդունում, եւ այս վերաբերմունքը անարգել ի ցույց էին դնում:

Երկու խարիզմատիկ գործիչների, ուժային ղեկավարների այս պահվածքը Բագրատյանի շուրջ ստեղծել էր մի մթնոլորտ, որ կույրին էլ տեսանելի էր. նրա վարչապետության օրերը հաշված են: Թուլանում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը: Դեռ քիչ էր, որ 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել էին, ինչը շոկ էր ժողովրդավարական արժեքների հռչակումով իշխանության եկած քաղաքական թիմի համար, Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ էր նախագահ ընտրվել, եւ իշխանության ներսում կար պայմանավորվածություն, որ նա երրորդ անգամ նախագահի թեկնածու չի առաջադրվելու:

Այս պայմանավորվածությունը, սակայն, դե յուրե այնքան էլ հիմնավորված չէր, ավելի ճիշտ՝ իրավական երկաթյա երաշխիքներ չուներ: Նման պայմանավորվածություն իշխող վերնախավում ձեռք էր բերվել 1995-ին ՀՀ Սահմանադրության ընդունման շուրջ բարձր մակարդակի քննարկումների ժամանակ: Հենց Սահմանադրության մեջ արձանագրվեց, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: Բայց Սահմանադրությունն ընդունվել էր 1995-ին: Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը նախագահ է եղել, դրանից հետո ընտրվել էր մեկ անգամ: Իսկ Սահմանադրությունը հետադարձ ուժ չուներ: Այսինքն՝ դե յուրե Տեր-Պետրոսյանը կարող էր երրորդ անգամ անընդմեջ ընտրվել նախագահ: Բայց քանի որ Սահմանադրության տեքստը նախագահին անսահմանափակ իշխանություն էր տալիս եւ սա մտահոգում էր իշխանության բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչների, 1995-ին Տեր-Պետրոսյանը ստիպված էր եղել պարտավորվել, որ 2001-ի հերթական նախագահական ընտրություններում չի առաջադրվելու՝ իրեն հսկայածավալ լիազորություններ տվող Սահմանադրության ընդունումը չձախողելու համար:

Նման պայմանավորվածության գոյության մասին վկայել է նաեւ ինքը՝ Տեր-Պետրոսյանը՝ դեռեւս 1996-ին հայտարարելով, որ 2001թ. նախագահական ընտրություններում չի առաջադրվելու, քանի որ օրենքը նման հնարավորություն չի տալիս:

Այս իրավիճակում պարզից էլ պարզ էր, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընդամենը երեք մարդ կա, ով կարող է լինել նախագահի իշխանության թեկնածու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն. Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան: Չի բացառվում՝ հենց սրա հետ էր կապված 1996 թվականի նախագահական ընտրությունների ձախողումը: 96-ին Բաբկեն Արարքցյանը Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր, եւ իշխանության մյուս թեւերը կարող էին մտածել, որ բարեհաջող ընտրությունները կմեծացնեն Արարքցյանի ազդեցությունը: Մյուս կողմից՝ գործող վարչապետ Հրանտ Բագրատյանը հասկանում էր, որ ընտրություններից հետո ինքը չի մնալու վարչապետի պաշտոնում եւ ուրեմն, նրա համար մեկ էր, թե ինչպես կավարտվեն այդ ընտրությունները: Իշխանության մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ Էդվարդ Եգորյանը, դուրս էր մղվել այսպես կոչված «պոլիտբյուրոյից», այսինքն՝ որոշումներ կայացնող իշխանական վերնախավից, եւ ուրեմն՝ նույնպես լծված չէր Տեր-Պետրոսյանի վերընտրության գործին:

Պատասխանատվությունը մնացել էր քաղաքական երեք հսկաների՝ Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի ուսերին, բայց նրանք ունեին ռազմավարական հեռանկարի արմատական հակասություններ: Հետեւանքը եղավ 1996-ի նախագահական ընտրությունների ձախողումը:

Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, վաղուց գիտեր իր երեք հենասյուների հակասությունների եւ դրանց պարբերական խորացման մասին: Գիտեր նաեւ, որ այդ հակասությունները կապվում են 2001թ. նախագահական հերթական ընտրությունների հետ: Եւ ուրեմն, պրագմատիկ քաղաքական գործիչ լինելով՝ նա պիտի գիտակցեր, որ առանց այդ խորքային հակասություններին լուծում տալու 1996թ. նախագահական ընտրությունները դառնում են ռիսկային: Իրավիճակից էր բխում, որ նա 1996-ի նախագահական ընտրություններից առաջ իշխանության անցումային պլան քննարկի եւ համաձայնեցնի Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի հետ: 1996-2001թթ. ինչ-որ միջանկյալ տարբերակ, որ ընդունելի կլինի բոլոր երեքի համար: Սա երկրում կայունություն ապահովելու միակ երաշխիքը կարող էր լինել, եւ Տեր-Պետրոսյանը դա գիտեր: Բայց գնալ նման լուծման՝ կնշանակեր իսկապես փոխանցել իշխանությունը, իսկապես հեռանալ իշխանությունից, գոնե առժամանակ: Արդյո՞ք 1996-ի Տեր-Պետրոսյանը ուներ նման մտադրություն, արդյո՞ք նա անկեղծորեն ուզում էր փոխանցել իշխանությունը: Այս հարցի պատասխանը տալիս է ինքը՝ առաջին նախագահը, 1997-ի սեպտեմբերի 26-ի ասուլիսի ժամանակ: Ասուլիսի այդ հարցուպատասխանը արժե ներկայացնել ամբողջությամբ.

Հարցը հնչեցնում է «ՀայFM» ռադիոկայանի լրագրող Վարդան Վարդանյանը – Պարոն նախագահ, Ձեր այն հայտարարությունից հետո, երբ ասացիք, որ 2001-ի նախագահական ընտրություններին չեք առաջադրվի, քանի որ այդ հնարավորությունը չի ընձեռում օրենքը, այդ հայտարարությունից հետո հեռուստաելույթում Սամվել Գեւորգյանն ասաց, որ դեռ միանշանակ չէ եւ պետք է պարզել, թե օրենքը հնարավորություն տալի՞ս է, թե ոչ: Այլ քաղաքական գործիչներ էլ նման ակնարկներ արեցին: Հարցս հետեւյալն է՝ 2001թ. նախագահական ընտրություններին չմասնակցելու Ձեր վճիռը վերջնակա՞ն է, թե հնարավոր են այլ տարբերակներ: Մասնավորապես՝ Դուք կդիմե՞ք Սահմանադրական դատարան օրենքին համապատասխանությունը վճռելու համար:

Լեւոն ՏերՊետրոսյանի պատասխանը – Ոչ. ես չեմ դիմի Սահմանադրական դատարան: Միայն եթե ազգովին խնդրեք, այդ ժամանակ կառաջադրվեմ:

Այս պատասխանը ժամանակին անասելի աղմուկ առաջացրեց: Ընդդիմությունն ու մամուլը դատափետում էին գործող նախագահի ցինիզմը, թե ինչպես կարելի է մի ամբողջ ազգի դնել խնդրարկուի վիճակում: Ոչ ոք հարց չտվեց. իսկ գուցե սա ոչ թե լեզվական ցինիզմ է, այլ Տեր-Պետրոսյանի վերջին տարիների, առաջիկա եւ հետագա տարիների գործունեության հիմնական լեյտմոտիվ:

Ի՞նչ էր, ըստ էության, ասում Տեր-Պետրոսյանը. ասում էր, որ նախագահական հերթական ընտրություններում չի առաջադրվի, բայց եւ ասում էր, որ կառաջադրվի ֆորս մաժորի դեպքում: Համաձայնեք՝ ազգովի խնդրելու մասին հայտարարությունը, ըստ էության, ֆորս մաժորի պայման է: Վերադառնանք, ուրեմն, 96 թվական եւ փորձենք հասկանալ, թե ո՞րն էր Տեր-Պետրոսյանի պլան A-ն, այսինքն՝ հիմնական նպատակադրումը. 2001-ին իշխանությունից հեռանա՞լը, թե՞ իշխանությունը պահպանելը: Նա ուզում էր հեռանա՞լ իշխանությունից, թե՞ ստեղծել մի անհասկանալի ֆորս մաժոր, երբ 2001-ին բոլորը իրեն կխնդրեն չհեռանալ:

Եթե նպատակը իշխանությունից հեռանալն էր, ուրեմն նա պետք է սկսեր «ժառանգորդ» օպերացիայի իրականացումը, այսինքն՝ կողմնորոշվեր, թե ներքաղաքական երեք հսկաներից ո՞ր մեկի վրա է խաղադրույք անում, ո՞ւմ է տեսնում իշխանության առաջին դեմքի դերում՝ Բաբկեն Արարքցյանի՞ն, Վանո Սիրադեղյանի՞ն, թե՞ Վազգեն Սարգսյանին: Իսկ գուցե մեկ ուրիշի՞: Եթե ուրիշի, ուրեմն նրա թեկնածությունը գոնե նախնական պետք է համաձայնեցնի իշխանության ամենաազդեցիկ երեք դեմքերի՝ Արարքցյանի, Սիրադեղյանի, Սարգսյանի հետ: Կամ թեկուզ ինչ-որ որոշում կայացնի, որովհետեւ ունի ցանկացած որոշում կայացնելու ռեալ իշխանություն:

Նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը կայացնում է որոշումը: Նա ՆԳ նախարարի պաշտոնից ազատում է Վանո Սիրադեղյանին եւ նրան նշանակում Երեւանի քաղաքապետ: Այս ֆոնին կայացնում է առաջին աբսուրդ որոշումը՝ միավորում է Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունները եւ նախարար նշանակում Սերժ Սարգսյանին, ով մինչ այդ Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավարն էր: Հաջորդ, ավելի աբսուրդ որոշումը հետեւյալն էր. Հրանտ Բագրատյանի փոխարեն վարչապետ է նշանակում Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանի քաղաքական կյանքում անհայտ, Հայաստանի քաղաքական համակարգի հետ կապ չունեցող Արմեն Սարգսյանին:

Ի՞նչ էր նշանակում այս ամենը 2001թ. նախագահական ընտրությունների ֆոնին: Այս որոշումներով նա թուլացնում էր Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին: Եթե ՆԳ նախարարությունը պահպաներ նախկին կառուցվածքը եւ նախարար նշանակվեր ցանկացած մեկը, երկար ժամանակ չէր կարողանալու դուրս գալ Վանո Սիրադեղյանի ստվերից: Սիրադեղյանը քաղաքական լծակներով, գումարած Երեւանի քաղաքապետի լծակները, շարունակելու էր իր տիրապետության տակ պահել ՆԳՆ-ն: Բայց Տեր-Պետրոսյանը ՆԳՆ-ն տալիս է Ազգային անվտանգության գործող ղեկավար Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ԱԱ համակարգը օգտագործելով՝ ՆԳՆ-ն դուրս քաշի Վանո Սիրադեղյանի տակից: Միով բանիվ՝ ՆԳՆ-ի եւ ԱԱ-ի միացումով ստեղծում է նոր ուժային սուպերնախարարություն, որով թուլացնում է ՊՆախարարության, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի ազդեցությունը: Իսկ նախագահական ձախողված ընտրություններից եւ սեպտեմբերի 26-ի ծեծից հետո Բաբկեն Արարքցյանի ազդեցությունը առանց այն էլ նվազել էր:

Տեր-Պետրոսյանը, այսպիսով, ուժգին հարվածներ է հասցնում նախագահի երեք պոտենցիալ թեկնածուներից երկուսին եւ որեւէ կերպ աջակցություն ցույց չի տալիս երրորդին, ում հեղինակությունը էականորեն սասանվել էր:

Ու՞մ էր, ուրեմն, նա պատրաստում որպես իշխանության պոտենցիալ ժառանգորդ: Արմեն Սարգսյանի՞ն. պրագմատիկ քաղաքական գործիչ լինելով՝ Տեր-Պետրոսյանը չէր կարող չհասկանալ, որ Սարգսյանը ներքաղաքական համակարգում ոչ մի դաշնակից եւ հենարան չունի, որ նա ընդամենը քավության նոխազ կարող է լինել եւ ուրիշ ոչինչ: Տեր-Պետրոսյանը Սարգսյանին վարչապետ էր նշանակել որպես բուֆեր կամ մարիոնետ օգտագործելու, նրանով երեք հսկաների ազդեցությունը թուլացնելու համար: Նա չէր կարող նրան դիտարկել որպես ժառանգորդ՝ հենց թեկուզ նման սցենարի ռեալության բացակայության պատճառով:

ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի՞ն: Սա ավելի անհավանական տարբերակ է, որովհետեւ մի քանի տարի ՊՆ, ԱԱ նախարար աշխատելով՝ Սերժ Սարգսյանը իրեն դրսեւորել էր որպես ամորֆ, հլու կատարող, առանց ամբիցիաների մի մարդ, ով պատրաստ է շարունակ լինել աննկատ: Սերժ Սարգսյանի հենց այս հատկություններն էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին գրավում էին: Սարգսյանը նրան հարկավոր էր ընդամենը Սիրադեղյանի եւ Սարգսյանի ազդեցության մեծացումը կանխելու համար: Եւ շատ շուտով Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը ստացան առաջին լրջագույն հարվածը: Ակնհայտորեն՝ ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված դաբրոյով եւ Ազգային անվտանգության նախարարության ջանքերով հանրային շրջանառության մեջ դրվեց մի վիդեոկասետ, որտեղ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը 1996-ի սեպտեմբերի 26-ից մի քանի օր անց քեֆ էին անում գեներալ Մանվել Գրիգորյանի տանը: Այդ տեսաերիզում Սիրադեղյանն ու Սարգսյանը խոսում էին 1996թ. նախագահական ընտրություններին հաջորդած բախումների մասին եւ անում հայտարարություններ, որ հատուկ են ոչ թե քաղաքական գործիչների, այլ զինվորական պուտչիստների: Թե որքանո՞վ էր այդ խմած խոսակցությունն արտահայտում այդ գործիչների քաղաքական էությունը՝ ուրիշ հարց է, բայց այս տեսաերիզի տարածումը անասելի հարված հասցրեց նրանց հեղինակությունը:

Ա. Սմբատյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 2)

15/01/2015schedule09:00, http://www.armtimes.com/hy/article/58206

Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանը հասկանում էին, որ Տեր-Պետրոսյանը խաղ է սկսել, որի նպատակը հենց իրենց քաղաքականապես չեզոքացնելն է: Իրավիճակին նախ արձագանքեց Վազգեն Սարգսյանը, ապա՝ Վանո Սիրադեղյանը՝ ուշացումով:

Վազգեն Սարգսյանը ապտակեց եւ Հայաստանից վտարեց վարչապետ Արմեն Սարգսյանին: Սա իշխանական ճգնաժամի ուղղակի վկայությունն էր: Բայց այդ ճգնաժամն առաջացել էր այն պատճառով, որ պրագմատիկի համարում ունեցող Տեր-Պետրոսյանը վարչապետ էր նշանակել ԱԺ-ում հենարան չունեցող մեկին: Սա մի ճգնաժամ էր, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանն էր հարուցել իր ապաքաղաքական որոշումներով, եւ այդ անհեռատես քայլը բորբոքային պրոցեսներ էր հարուցել իշխանական համակարգում:

Նման իրավիճակում, թվում է, Տեր-Պետրոսյանը պետք է հասկանար, որ ապագայի անորոշությունը քայքայում է ոչ միայն իշխանական թիմը, այլեւ Հայաստանն ընդհանրապես, եւ օդում կախված հարցը՝ իշխանության ժառանգորդի մասին, պետք է լուծում ստանա, հարցը պետք է մտնի քննարկումների օրակարգ: Բայց Տեր-Պետրոսյանը համառորեն չի գնում այդ ճանապարհով: Ինչու, ինչո՞ւ է նման պրագմատիկ քաղաքական գործիչը թույլ տալիս քաոսի խորացումը: Սրա համար կարող էր լինել միայն մեկ պատճառ. նա չի ուզում լսել անգամ իշխանության ժառանգորդի մասին՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ ժառանգորդը: Նրա քաղաքական ծրագիրը մեկն է. մնալ իշխանության ղեկին, հարուցել այնպիսի խառնաշփոթ, որ ստեղծվի այդ «երանելի» ֆորսմաժորային վիճակը, որ բոլորը առանց բացառության՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, նրան խնդրեն չհեռանալ իշխանությունից: Որ ի վերջո տեղի ունենա իր «մարգարեությունը», որ իրեն ազգովի կխնդրեն հերթական անգամ առաջադրվել նախագահի թեկնածու եւ ինքը կառաջադրվի:

Բայց այս խաղը դուր չի գալիս Տեր-Պետրոսյանի իշխանության առանցքային դեմքերին: Ոչ թե այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրն ինքն է ուզում լինել իշխանություն, այլ որովհետեւ նրանք խորությամբ չեն ընկալում, թե ի՞նչ է ուզում անել Տեր-Պետրոսյանը: Եթե ուզում է մնալ իշխանության, ինչո՞ւ իրենց այդ մասին ուղիղ չի ասում: Չէ՞ որ իրենք ոչ միայն հավատարիմ զինակիցներ են, այլեւ երկար տարիների ընկերներ: Բայց Տեր-Պետրոսյանը չի կարող գնալ նման անկեղծ եւ ուղիղ քայլի, որովհետեւ իշխանության ղեկին մնալու ցանկության խոստովանությունը նրան կդնի խնդրարկուի դերում, այսինքն՝ կթուլացնի իր իշխանությունը: Նա ուզում է խուճապ սերմանել իր իսկ քաղաքական թիմում, հարուցել մի մեծ աննախադեպ խառնակչություն, որ բոլորը բոլորին կասկածեն, բոլորը պայքարեն ընդդեմ բոլորի, որ բոլորը վախենան բոլորից եւ բոլորի համար ինքը դառնա փրկություն: Այս հեռահար նպատակին հասնելու համար Տեր-Պետրոսյանն արդեն ստեղծել է իրավիճակ, որ երեք գումարած մեկ ֆորմատը (Տեր-Պետրոսյան, գումարած Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան) փաստացի չի գործում: Տեր-Պետրոսյանը առանձին-առանձին է շփվում երեքից յուրաքանչյուրի հետ, ավելի շատ է սկսում շփվել Սերժ Սարգսյանի հետ՝ այսպիսով մյուսների մեջ կասկած հարուցելով կուլիսային պրոցեսների վերաբերյալ:

Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը այդ ժամանակներում ակնհայտորեն շփոթված են եւ անհանգստացած: Եռյակի հարաբերությունների լարումը հասել է գագաթնակետին: Նրանք արդեն իրար ընկալում են որպես բացահայտ թշնամիներ, եւ այս փուլում Տեր-Պետրոսյանը կարողացել է իրագործել իր մինիմում պլանը՝ բաժանիր, որ տիրես: Սա առնվազն նշանակում է, որ իշխանական եռյակը չի կարող համաձայնության գալ վարչապետի թափուր մնացած պաշտոնի հարցում կամ ընդհանրապես՝ որեւէ հարցում: Քաղաքական տրամաբանությամբ, վարչապետի պաշտոնը կարող են ստանձնել միայն երեք հոգի՝ Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան. միայն այս եռյակից որեւէ մեկը, այն էլ՝ մյուս երկուսի աջակցությամբ, կարող է ունենալ խորհրդարանական մեծամասնություն: Բայց նրանց համաձայնությունը գործնականում արդեն անհնար է, եւ սա այն է, ինչին ձգտում էր Տեր-Պետրոսյանը: Հիմա, ուրեմն, սեփական իշխանությունը ուժեղացնելու ժամանակն է, եւ Տեր-Պետրոսյանը որոշում է գնալ այն ճանապարհով, որի արդյունավետությունը, իր կարծիքով, գործնականում ապացուցվել է:

1993-ին ՊՆախարարի պաշտոնից հեռացնելով իր թիվ 1 քաղաքական հակառակորդ Վազգեն Մանուկյանին՝ Տեր-Պետրոսյանը նրա փոխարեն նախարար նշանակեց Սերժ Սարգսյանին, ում Սամվել Բաբայանը Ղարաբաղից վտարել էր Մոսկվա: Նա հույս ուներ, որ Սարգսյանը ցմահ իրեն պարտական պիտի լինի աքսորից վերադարձնելու եւ իշխանության վերնախավում տեղ հատկացնելու համար: Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանը հավատարմորեն ծառայեց Տեր-Պետրոսյանին: 1995-ին, երբ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի պատճառով հրաժարական տվեց ԱԱՊՎ պետ Դավիթ Շահնազարյանը, Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին նշանակեց արդեն Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավար: Իսկ 1996 թվականին, գնահատելով նրա «հավատարիմ ծառայությունը», նշանակեց ՆԳ եւ ԱԱ սուպերնախարար, որպեսզի վերջինս անմնացորդ ծառայի իրեն, ՆԳՆ-ն դուրս բերի Վանո Սիրադեղյանի ազդեցությունից եւ թույլ չտա Վազգեն Սարգսյանի միահեծան տիրապետումը ուժային դաշտում: Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքները գոհացրին Լեւոն Տեր-Պետրոսյանին. վերջինս, թերեւս, առատ մատնագրեր էր մատակարարում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի մասին: Իսկ վարչապետ Արմեն Սարգսյանի ձախողումը՝ Վ. Սիրադեղյան-Վ. Սարգսյան տանդեմի առաջ, Տեր-Պետրոսյանին ստիպեց կրկին հայացք ուղղել դեպի Ղարաբաղ:

Այստեղ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, բայց իշխանության իրական լծակներին տիրապետում էր ՊՆ նախարար Սամվել Բաբայանը, ով չէր խորշում հրապարակային ստորացուցիչ արտահայտություններ անել Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Տեր-Պետրոսյանը, Քոչարյանին Հայաստան բերելով, հույս ուներ, որ վերջինս իրեն շնորհակալ կլինի բաբայանական դժոխքից ազատելու համար եւ հավատարմորեն կծառայի, ինչպես, իր կարծիքով, Սերժ Սարգսյանը: Սա կարեւոր հոգեբանական պահ է Տեր-Պետրոսյանի համար: Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը կարող էին ուղիղ խոսել Տեր-Պետրոսյանի հետ, երբեմն՝ որպես հավասարը հավասարի: Նրանք շատ հաճախ Տեր-Պետրոսյանին անունով էին դիմում, եւ հենց այս մարդկանց առաջ էր Տեր-Պետրոսյանը ստանձնել երրորդ անգամ նախագահի թեկնածու չառաջադրվելու պարտավորություն, եւ այս միջավայրում դա, ըստ էության, փակված թեմա էր: Երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար Տեր-Պետրոսյանին հարկավոր էր իշխանական այլ միջավայր, եւ նրա ռազմավարական պլանը այդ նոր միջավայրը ստեղծելն էր: Լուռ ու մունջ կամակատար (համենայնդեպս այն ժամանակ այդպես էր երեւում) Սերժ Սարգսյանի օրինակը, ուրեմն, ոգեւորել էր նրան, եւ Արմեն Սարգսյանի ձախողումից հետո նա որոշեց շարունակել սերժսարգսյանական ամորֆությամբ իրեն շրջապատելու «հաջողված փորձը»: Հենց այսպես վարչապետ նշանակեց Ռոբերտ Քոչարյանին:

Արմեն Սարգսյանի ձախողված փորձը հաշվի առնելով՝ Տեր-Պետրոսյանը պիտի որ վարչապետ նշանակելուց առաջ «ուստանովկա» արած լիներ Ռոբերտ Քոչարյանին՝ ակնարկելով նրան, որ իր հիմնական խնդիրը Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի քաղաքական չեզոքացումն է: Բաբկեն Արարքցյանի մասին Տեր-Պետրոսյանը Քոչարյանին թերեւս ոչինչ չի ասել՝ հաշվի առնելով նրանց քավորսանիկական կապը, նաեւ այն, որ Արարքցյանի ազդեցությունը, այսպես թե այնպես, թուլանում էր:

Ստեփանակերտից մայրաքաղաք եկած Քոչարյանը, ՀՀ նախագահի պատգամը լսելով, խուճապի է մատնվում: Նա չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում իրականության մեջ: Ինչո՞ւ են իրեն դրդում մտնել մատի եւ մատանու արանքը, ինչո՞ւ են իրեն դնում այսպիսի վտանգավոր իրավիճակում: Քոչարյանը վարչապետության թեմայով Տեր-Պետրոսյանի հետ առաջին խոսակցությունից հետո փախչում է Երեւանից:

Բայց Տեր-Պետրոսյանը համառ է. կանչում է Վազգեն Սարգսյանին եւ հրահանգում բերման ենթարկել Ռ. Քոչարյանին: Վազգեն Սարգսյանը, Քոչարյանի վզից բռնած, Ստեփանակերտից բերում է Երեւան, եւ Տեր-Պետրոսյանը նրան վարչապետ է նշանակում: Քոչարյանը իրոք շփոթության մեջ է: Միակ մարդը, որի հետ կարող է խոսել՝ իր վաղեմի ընկեր, ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն է:

Վերջինս, ներքաղաքական իրավիճակին քաջածանոթ, հանգստացնում է Քոչարյանին եւ ամեն ինչ բացատրում: Նաեւ պարզաբանում, որ եթե նա պայքարի միանգամից ե՛ւ Վազգեն Սարգսյանի, ե՛ւ Վանո Սիրադեղյանի դեմ, տանուլ կտա կամ ավելի ճիշտ՝ կծառայի Տեր-Պետրոսյանի՝ բաժանիր, որ տիրես նպատակին: Սերժ Սարգսյանն է, որ Քոչարյանին ոգեշնչել է՝ ասելով, որ ստեղծված վիճակը լավ շանս է տալիս, որ իրենք սեփական պլաններ մշակեն եւ ոչ թե Տեր-Պետրոսյանի սցենարների համար օգտագործվեն:

Այդ ժամանակի մամուլի, իրավիճակի, դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ ամեն ինչ հենց այսպես էլ եղել է: Եւ ուրեմն, տվյալ խնդիրը լուծելու համար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախ դաշինք են կազմել իրար հետ, ապա որոշել Վազգեն Սարգսյանին դարձնել դաշնակից, Վանո Սիրադեղյանին՝ թիրախ: Ինչպե՞ս կարող էին Վազգեն Սարգսյանին դաշնակից դարձնել: Շատ պարզ. նույնիսկ ամենամերձավոր անձանց հետեւից խոսելու Տեր-Պետրոսյանի թուլությունը պիտի որ սրանում էական դեր խաղացած լինի: Օրինակ՝ այն ամենը, ինչ Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի մասին ասել է Ռոբերտ Քոչարյանին, կարող էին ձայնագրվել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ ներկայացվել Վազգեն Սարգսյանին՝ հապացույց այն բանի, որ սպարապետի ազդեցությունը այնքան էլ նախագահի սրտովը չէ: Իսկ Վանո Սիրադեղյանի վրա աշխատելու հարցում ոչ մի խոչընդոտ չկար, որովհետեւ դրա համար կար նախագահի գոնե անուղղակի դաբրոն:

Վանո Սիրադեղյանը բավական ուշ զգաց, թե ինչ է կատարվում եւ իրավիճակը հաղթահարելու որեւէ կոնկրետ պլան չուներ: 1997 թվականի մայիսին, երբ հանկարծամահ եղավ Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Թելման Տեր-Պետրոսյանը, Հրազդանի թիվ 73 ընտրատարածքում պետք է տեղի ունենային պատգամավորի արտահերթ ընտրություններ: Շատերի համար անսպասելի՝ Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը պատգամավորի թեկնածու առաջադրվեց Հրազդանում: Շատերը համոզված էին. Սիրադեղյանը որոշել է գրոհել ԱԺ նախագահի պաշտոնը. այսինքն՝ նախ ընտրվել պատգամավոր, հսկողության տակ առնել խորհրդարանական մեծամասնությունը, պաշտոնանկ անել ԱԺ գործող նախագահին, ով, ըստ էության, դեռ ետ չի եկել 1996 թվականի շոկից, եւ դառնալ ԱԺ նախագահ: Բայց Տեր-Պետրոսյանը կանխատեսում է այս հնարավորությունը, Վանո Սիրադեղյանին հրավիրում եւ նրանից ստանում գրավոր պարտավորագիր, որ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու փորձեր չի անելու: Սրանով Տեր-Պետրոսյանը երկու հարց է լուծում. նախ՝ փակում է Սիրադեղյանի ճանապարհը, ապա եւ վերջ դնում ԱԺ գործող նախագահ Բաբկեն Արարքցյանի քաղաքական ինքնուրույնությանը, որովհետեւ ստացվում է, որ Տեր-Պետրոսյանի անձնական կամքով է միայն մնում ԱԺ նախագահի պաշտոնում: Նման քայլը նշանակում էր Արարքցյանին զրկել քաղաքական ինքնությունից, քաղաքական կամքից:

Թվում է, Սիրադեղյանը սխալվում է՝ պարտավորագիրը ստորագրելով: Բայց նման առաջարկ անելով՝ Տեր-Պետրոսյանը գիտեր, որ ստանալու է Սիրադեղյանի համաձայնությունը: Եթե ոչ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ատամները սրած, պատրաստ էին հոշոտել Սիրադեղյանին: Վերջինս որոշում է այլ ճանապարհով գնալ. հրաժարվում է ԱԺ նախագահ դառնալու հեռանկարից, բայց փոխարենը՝ վերցնում է իշխող կուսակցության՝ ՀՀՇ վարչության նախագահի կարգավիճակը (1997թ. հուլիս), նաեւ ընտրվում ԱԺ պատգամավոր: Բայց այդ ժամանակ, ինչպես հետագայում կպարզվի, ուշ էր, չափազանց ուշ, որովհետեւ իրական իշխանությունը հայտնվել էր բոլորովին այլ ձեռքերում:

1996-97 թվականներին, այսպիսով, Տեր-Պետրոսյանն իրականացրեց իր նախագահական կարիերայի ամենահիշարժան կուլբիտը: Երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, հայտնի վերլուծական շրջանակները հիացած էին առաջին նախագահի մտքի թռիչքից, դա համարում էին հանճարեղ քաղաքական քայլ, դարակազմիկ հայտնագործություն: Մինչդեռ, կային վերլուծաբաններ, ովքեր թերթերում գրում էին, որ այդ նշանակումով Տեր-Պետրոսյանը վերջնականապես պարտվեց: Այն ժամանակ նման վերլուծությունները համարվում էին լուսանցքային, բայց ժամանակը ցույց տվեց ուրիշ բան:

Այսպիսով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նպատակասլաց կերպով ոչնչացրեց իր երկու քաղաքական մերձավորներին՝ Բաբկեն Արարքցյանին եւ Վանո Սիրադեղյանին:

Բայց ի վերջո նաեւ ինքը ձախողվեց, որովհետեւ սխալվեց՝ մտածելով, թե Քոչարյան-Սարգսյան զույգը պիտի դառնա իր հլու կամակատար: Այդպես չեղավ, եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին ուղղակի վռնդեցին իշխանությունից, վռնդեցին ամենաստորացուցիչ կերպով:

Ա. Սմբատյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 3)

16/01/2015schedule09:04, http://armtimes.com/hy/article/58252

Առաջին անգամ թերեւս 1997-ի ամռանը Տեր-Պետրոսյանը պիտի հասկացած լինի, որ իր հարուցած մեծ խառնակչությունն առաջին հերթին իրեն է զրկել իշխանությունից եւ ինքը ոչ այլ ինչ է, քան անգլիական թագուհի:

Այդ ժամանակ արդեն Տեր-Պետրոսյանը հասկացել էր, որ պիտի հեռանա: Այլընտրանքը՝ մարիոնետի կարգավիճակին համակերպվելն էր կամ էլ՝ իրեն ուղղակի ֆիզիկապես կոչնչացնեն: Հեռանալու որոշումը կայացնելուց հետո, ահա, առաջնային է դառնում հեռանալու մարտավարությունը: Ինչպե՞ս հեռանալ եւ ի՞նչ պատճառաբանությամբ, որպեսզի դա չվերածվի խուճապահար փախուստի:

Տեր-Պետրոսյանը որոշեց իր հեռացումը բեմադրել՝ որպես Սարգսյան-Քոչարյան-Սարգսյան եռյակի հետ հակասություն՝ Ղարաբաղի հարցում: Իբր՝ ինքը ոչ թե պարտվել է իր իսկ հարուցած մեծ խառնակչության մեջ՝ փորձելով վարձկաններին օգտագործել սեփական մերձավորներին չեզոքացնելու համար, այլ գաղափարական, սկզբունքային տարաձայնություններ է ունեցել: Թերեւս, նաեւ այս դրվագն էր պատճառը, որ 2007թ.-ին քաղաքականություն վերադառնալով՝ Տեր-Պետրոսյանը Քոչարյան-Սարգսյան զույգին համեմատեց մոնղոլ-թաթարների հետ: Մոնղոլ-թաթարները, որպես վարձկան հանդես գալով, հաճախ ոչնչացնում էին իրենց վարձողներին: Իսկ որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը կապ չուներ Ղարաբաղի հարցի եւ այդ կապակցությամբ նրա հեղինակած «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի հետ, ապացուցվում է հետեւյալ փաստով:

Իր հրաժարականի տեքստում Տեր-Պետրոսյանն ասում է. «Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր»։ 1998-ից 17 տարի անց՝ այս նախադասությունը այլ կերպ է հնչում արդեն, եւ կարելի է ասել, որ դա պատրվակ էր, որ ստեղծել էր ինքը՝ Տեր-Պետրոսյանը, որպեսզի իր հեռացումն իշխանությունից չդիտվի որպես ուրիշի համար լարած թակարդի մեջ ընկնելու անպատեհություն, այլ սկզբունքային մարդու հեռացում իշխանությունից՝ որպես խաղաղության կուսակցության առաջնորդի:

Հրաժարականի տեքստում իրեն, ըստ էության, հենց այսպես է ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ սա նրա համար կարեւոր է ոչ միայն անցյալի մեկնաբանության, այլեւ ապագայի իմաստով: Հենց այս ձեւակերպումն է, որ մատնում է նրա քաղաքական ամբիցիաները. ինչպես մեծ խառնակչությունը հարուցել էր երրորդ անգամ նախագահի պաշտոնում հայտնվելու համար, այնպես էլ՝ հեռանալու ձեւակերպումների հեռահար նպատակը կրկին նախագահի կարգավիճակում հայտնվելն է: Հիմա նա պետք է հեռանա, որովհետեւ իրավիճակի վրա չունի բացարձակապես ոչ մի հսկողություն, որովհետեւ իրական իշխանություն ունեցողները իրենից պահանջում են հեռանալ (ինչպես ինքը՝ Տեր-Պետրոսյանն է խոստովանում հրաժարականի ելույթում): Նրա քաղաքական թիմը բարոյալքված է, նրա գործողությունները անվստահություն են հարուցել այն գործիչների շրջանում, ովքեր ավանդաբար հենարան են եղել իր համար: Հիմա նա ամբողջությամբ Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգի ձեռքում է: Բայց պետք է հեռանա այնպես, որ միեւնույն ժամանակ վերադարձի գաղափարական հարթակ ձեւավորի:

Նաեւ այս պատճառով՝ Տեր-Պետրոսյանի համար ամենակարեւորը՝ «մեծ կանխատեսողի» իր իմիջն է: Այս նկատառումով՝ նա հանրային ուշադրությունը շեղում է Ղարաբաղի ուղղությամբ: Բայց մինչեւ Ղարաբաղին հասնելը բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, որոնց Տեր-Պետրոսյանը չի ուզում պատասխանել: Այդ ինչպե՞ս էր, որ մեծ կանխատեսողի համարում ունեցող Տեր-Պետրոսյանը չկարողացավ կանխատեսել, որ Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը շրջվելու են իր դեմ՝ ամենասովորական վարձկանների նման: Տեր-Պետրոսյանի մեծագույն ձախողումն այն էր, որ նրա մտքով չէր անցել, որ Ռ. Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը կդիմեն Ղարաբաղի ՊՆ նախարար Սամվել Բաբայանի օգնությանը, որ դաշինք կկազմեն վերջինիս հետ: Չէ՞ որ Բաբայանը բոլոր հնարավոր ձեւերով ստորացրել է Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգին, նվաստացրել նրանց: Տեր-Պետրոսյանը իրար դեմ հանեց Սիրադեղյան-Արարքցյան-Վազգեն Սարգսյան եռյակին՝ չնկատելով, որ մերձեցման դաշտ է ստեղծում Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սամվել Բաբայան-Սերժ Սարգսյան քառյակի համար, որի առաջ Հայաստանում չէր կարող կանգնել որեւէ ուժ:

Ինչպե՞ս կարող էր Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածել, որ հնարավոր է ուրիշներին, տվյալ դեպքում՝ Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին օգտագործել սեփական շրջապատում ունեցած պրոբլեմները լուծելու համար: Անընդհատ ռեալպոլիտիկի մասին խոսող մարդը, որ իրեն ուզում է ներկայացնել որպես մեծ պրագմատիկ, ինչպե՞ս կարող էր չտեսնել այն, ինչ անխուսափելիորեն տեղի է ունենալու ընդամենը երկու քայլ հետո:

Ինչ խոսք, Տեր-Պետրոսյանը կարող է ասել, որ իրեն խաբել են, բայց ինչպես ինքն է նշել 2009-ին ունեցած մի ելույթում, եթե քաղաքականության մեջ որեւէ մեկը որեւէ մեկին խաբում է, դա խաբվողի եւ ոչ թե խաբողի բացթողումն է:

Հաջորդ սկզբունքային հարցը, որ պատասխանի կարիք է զգում՝ հետեւյալն է. իշխանության ապագայի մասին ի՞նչ էր մտածում Տեր-Պետրոսյանը հրաժարականի պահին: Նրա տրամաբանությամբ՝ ո՞վ պետք է լիներ հաջորդ իշխանությունը իր հրաժարականից հետո: Որ դա չէր կարող լինել ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Բաբկեն Արարքցյանը, հասկանալի էր ի սկզբանե: Մի՞թե դա կարող էին լինել Վազգեն Սարգսյանը կամ Վազգեն Մանուկյանը: Նախորդ երկու տարիների՝ 1996-97-ի տրամաբանությունը հուշում է, որ Տեր-Պետրոսյանը հրաժարականից առաջ երաշխիքներ է ունեցել, որ դա չեն լինելու ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Վազգեն Մանուկյանը: Եթե Մանուկյանին կամ Սարգսյանին իշխանություն փոխանցող լիներ, վերջին երկու տարիների մեծ խառնակչությունը չէր հարուցի: Տեր-Պետրոսյանի գործողությունների ողջ նպատակն ու տրամաբանությունը հենց դա էր՝ այնպես անել, որ իշխանությունը չհայտնվի ոչ Բաբկեն Արարքցյանի, ոչ Վանո Սիրադեղյանի, ոչ Վազգեն Սարգսյանի, ոչ Վազգեն Մանուկյանի ձեռքում: Իսկ հրաժարականի պահին նրան ամենահարմար տարբերակ էր թվում Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ նույնիսկ իր ջախջախիչ պարտությունից հետո Տեր-Պետրոսյանը մտածում էր, թե Քոչարյանն իշխանությունը պահել չի կարող եւ միայն Քոչարյանի դեպքում ամեն ինչ կհանգեցնի նրան, որ ազգովի իրեն խնդրեն վերադառնալ: Իսկ եթե իշխանությունը հայտնվի հայաստանյան որեւէ ուժի ձեռքին, իր ակտիվ քաղաքական կենսագրության էջը կփակվի:

Ամեն ինչ ընթացավ նախանշված սցենարով: Վազգեն Սարգսյանը որեւէ կերպ պատրաստ չէր իշխանությունը ստանձնելուն, նա չուներ այնպիսի հենարան, որ կարողանար հակազդել ղարաբաղյան եռյակին:

Որ Քոչարյանն է լինելու իշխանության ժառանգորդը, հասկանալի էր այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հրաժարական տվեց նաեւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը: Այդպիսով, նախագահի պաշտոնակատար դարձավ ոչ թե ԱԺ նախագահ Բ.Արարքցյանը, այլ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ տերպետրոսյանական թիմը իր ձեռքով իշխանությունը փոխանցեց Ռ.Քոչարյանին:

Այստեղ է, ահա, որ սկզբունքային է դառնում Վանո Սիրադեղյանի՝ ԱԺ նախագահ չդառնալու պարտավորագրի դրվագը: Ռոբերտ Քոչարյանն էր Տեր-Պետրոսյանի համար այս իրավիճակում ընդունելի միակ տարբերակը՝ որպես ամենաանհեռանկար թեկնածու, եւ ահա Տեր-Պետրոսյանի կուսակցություն ՀՀՇ-ն նախագահական ընտրություններում աջակցություն է ցուցաբերում Ռ.Քոչարյանին, իսկ Տեր-Պետրոսյանը մասնակցում է Քոչարյանի երդմնակալության արարողությանը: Նախագահի պաշտոնը ստանձնելով՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի պրոբլեմ չի հարուցում անձամբ Տեր-Պետրոսյանի եւ նրա մերձավոր շրջապատի համար, ոչ մի կոնկրետ խնդիր:

Քոչարյան-Սարգսյան զույգի առանցքային թիրախը դառնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը: Ինչո՞ւ հենց Վանո Սիրադեղյանը: Շատ պարզ մի պատճառով. նա դե յուրե ՀՀՇ-ի, այսինքն՝ «խաղաղության կուսակցության» ղեկավարն է եւ մի մարդ, ով կարող է պրոբլեմներ ստեղծել քոչարյանական իշխանության համար եւ… առանց քաղաքական հենարանի թողնել Տեր-Պետրոսյանին: Նա վտանգավոր է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ով կորցնելով ՀՀՇ-ն կարող է կորցնել քաղաքական ասպարեզ վերադառնալու բոլոր հնարավորությունները: Եւ Սիրադեղյանը փաստացի հեռացվում է ասպարեզից: Նրանից հետո ՀՀՇ-ն այդպես էլ երբեք չի ունենում այնպիսի առաջնորդ, որ մտածի ինքնուրույն քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

Այդպիսի տեսական շանս ուներ միայն Արարատ Զուրաբյանը, բայց նա կուրորեն հավատում էր Տեր-Պետրոսյանին եւ իրեն համարում Վանո Սիրադեղյանի տեղապահ: Իսկ երբ Սիրադեղյանի հարցերը փաստացի լուծված էին, Արարատ Զուրաբյանը Տեր-Պետրոսյանին պետք էր բոլորովին ուրիշ բանի համար, որպեսզի ուրիշ որեւէ մեկը, օրինակ՝ Բաբկեն Արարքցյանը, ՀՀՇ վարչության նախագահ չդառնա: Զուրաբյանը լուծեց իր խնդիրը, որեւէ մեկը այդպես էլ ՀՀՇ-ում իրական իշխանություն չունեցավ: Ու երբ Զուրաբյանը հասկացավ, որ իրեն ընդամենը տեխնիկական դեր է վերապահված եւ փորձեց սեփական ասելիքն ասել, նրան անմիջապես հեռացրեցին: ՀՀՇ միջանկյալ նախագահ դարձավ Արամ Մանուկյանը, ով Տեր-Պետրոսյանի հրամաններին ենթարկվում է անվերապահորեն, ապա եւ Տեր-Պետրոսյանն ինքը դարձավ կուսակցության նախագահ՝ նախկին ՀՀՇ-ն անվանելով գեղի կլուբ: Նա այդպես էլ չասաց, թե այդ կուսակցության վրա (ինչպես հետագայում պարզվեց) ունենալով անսահմանափակ իշխանություն՝ ինչո՞ւ չի փորձել նրան հանել գեղի կլուբի կարգավիճակից: Ընդհակառակը՝ նրանք, ովքեր փորձել են կուսակցությունը հանել գեղի կլուբի կարգավիճակից՝ այսպես, թե այնպես հեռացվել են ասպարեզից կամ հայտնվել լուսանցքում. Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արարքցյան եւ ի վերջո նաեւ՝ Արարատ Զուրաբյան: ՀՀՇ-ն գեղի կլուբ դարձնելը եղել է հենց Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, որովհետեւ այդ կուսակցությունը չպիտի ունենար իրական քաղաքական լիդեր, որովհետեւ ինքն է Խաղաղության կուսակցության լիդերը եւ այդ դերին հավակնող ցանկացած ոք վտանգավոր է իր համար: Եթե ինքը ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, ուրեմն այդ կուսակցությունը պետք է լինի գեղի կլուբ: Այդ գործիքի նկատմամբ քաղաքական վերահսկողություն պետք է ունենա ինքը եւ միայն ինքը, ինչն արդեն այս պահին բացահայտ իրողություն է: Այսօրվա Հայ ազգային կոնգրես կուսակցությունում չկա որեւէ մեկը, որ կարող է առարկել Տեր-Պետրոսյանին: Առարկողները ավտոմատ ծախված են Սերժին՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով:

Բայց այսպիսով, մենք անցում կատարեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության երկրորդ՝ ընդդիմադիր շրջանին: Սա, իրականում, այս հոդվածաշարի ամենակարեւոր նպատակն է, հասկանալ, թե ի՞նչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի Մարտի 1-ից հետո: Միով բանիվ՝ վերջին ութ տարիների նրա գործունեությունը օգնում է հասկանալ, թե ինչ էր նա անում մինչեւ 1998 թվականը, 1996-98 թվականներին տեղի ունեցածն էլ օգնում է ավելի լրջորեն վերլուծել այն, ինչ տեղի ունեցավ 2008-ից հետո եւ տեղի է ունենում այսօր: Հրաժարականի ուղերձ, Քաղաքագիտական վերլուծություն, եռյակ-քառյակ, Ռոբերտ Քոչարյանին նշանակել վարչապետ, Գագիկ Ծառուկյանին բերել ընդդիմության հարթակ. սրանք բոլորը նույն մտածելակերպի, նույն նպատակադրման, նույն երեւույթի տարբեր դրսեւորումներ են: Այս է պատճառը, որ մեր վերլուծությունը չի կարող այստեղ ավարտվել, եւ ընդհակառակը՝ այս հոդվածի առաջին երեք մասերն ընդամենը նախաբան են հասկանալու համար այն, ինչ տեղի ունեցավ մինչեւ 2008 թվականի Մարտի 1-ը եւ դրանից հետո:

Ամփոփելով հոդվածի այս հատվածը՝ կարող ենք ասել միայն հետեւյալը. իր քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանը եղել է ռացիոնալ, հավասարակշռված, պրագմատիկ եւ տաղանդավոր քաղաքական գործիչ: Բայց նրա բոլոր այս հատկությունները աղետալիորեն տակնուվրա են եղել այն ժամանակ, երբ քաղաքական պրոցեսները անխուսափելի են դարձրել իր դերի նվազումը կամ երբ հարցը վերաբերել է իր անձնական անվտանգությանը: Նրա բոլոր քաղաքական որոշումները տեղավորվել են այս ամպլիտուդում. ինքը պետք է լինի գլխավոր գործող անձը եւ իր անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: Այս շրջանակից դուրս նա կորցնում է իր բոլոր դրական հատկությունները եւ հարուցում խառնակչության մի աներեւակայելի շրջապտույտ, մինչեւ իրադարձությունները տեղավորվեն իրեն հարմար ուղեծրի մեջ: Հենց այս գործելակերպն է, որ Տեր-Պետրոսյանին դրել է խայտառակ պարտությունների մի պարբերական ուղեգծի մեջ, որ այլեւս երբեք նա չի կարողանալու հաղթահարել:

Ա. Սմբատյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 4)

21/01/2015schedule09:10, http://www.armtimes.com/hy/article/58454

1998թ. հրաժարականից, Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկուսանում է իր առանձնատանը եւ շփվում բացառապես համախոհների նեղ շրջանակի հետ:

Ժամանակի ընթացքում նրա շփման շրջանակը շարունակաբար ընդլայնվում է, բայց սա դառնում է Տեր-Պետրոսյանի գործունեության առանցքային ոճը. տանը փակված՝ ընդունել տարբեր մարդկանց, սուրճ խմել, զրուցել նրանց հետ, քննարկել տարբեր հարցեր: Տեղի է ունենում յուրահատուկ բան. մի կողմից Տեր-Պետրոսյանը գործնականում տնից դուրս չի գալիս, բայց բոլորը հասկանում են, որ նա ինչ-որ գործունեություն է ծավալում: Սրա համար ոչ մի կոնկրետ ապացույց չկա, բայց բոլորը համոզված են. նա ինչ-որ բանի սպասում է, ինչ-որ բան մտմտում է: Տեր-Պետրոսյանին որպես օրենքով սահմանված առանձնատուն հատկացվում է Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող սեւ շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Հայաստանի հակահետախուզությունը: Բլրի գագաթին կանգնած մենավոր առանձնատունը նպաստում է Տեր-Պետրոսյանի շուրջ խորհրդավորության ձեւավորմանը, եւ նրա հետեւորդները խորապես համոզված են՝ նա վերադառնալու է քաղաքականություն, նա վերադառնալու է իշխանության:

Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իր քաղաքական ձգտումների մասին ոչինչ չի ասում, բացարձակապես ոչինչ: Նույնիսկ ամենամերձավորների ուղիղ հարցերին ի պատասխան՝ անեկդոտներ է պատմում, ցրում հարցերը, չլսելու տալիս: Բացասական պատասխանի բացակայությունն արդեն փսփսոցներ է հարուցում, բայց Տեր-Պետրոսյանը որոշում է ավելի խորացնել ինտրիգը եւ իր շփումների, զրույցների ընթացքում հաճախ է հիշում Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլին: Նրանք, ովքեր ուսումնասիրել են կամ կարդացել են դը Գոլի մասին, հասկանում են, որ հրաժարականից հետո Տեր-Պետրոսյանի ապրելակերպը էականորեն հիշեցնում է դը Գոլին: Ֆրանսիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնից 1946 թվականի հունվարի 20-ին տված հրաժարականից հետո՝ դը Գոլը մեկուսանում է Փարիզից շուրջ 200 կիլոմետր հեռու՝ Շամպանի փոքրիկ կալվածքում: Հետաքրքիրն այն է, որ ինքը՝ դը Գոլը, այդ ժամանակահատվածի իր կարգավիճակը հաճախ է համեմատել Նապոլեոնի առաջին աքսորի հետ: Եւ այսպիսով, դը Գոլի կերպարը դառնում է Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության հիմնական այլաբանությունը: Նրա հետ շփվող մարդիկ առաջին նախագահից հաճախ են լսում դը Գոլի, նրա պատմական մասշտաբի, Ֆրանսիայի ճակատագրում նրա ունեցած վճռական դերի մասին: Դը Գոլի նկատմամբ առաջին նախագահի ցուցաբերած հետաքրքրության մասին լուրեր են հայտնվում մամուլում, եւ սա դառնում է Տեր-Պետրոսյանի այլաբանական, խորհրդավոր, բայց միակ ուղերձը հանրությանը, եւ այդ ուղերձը մեծ հաշվով ոչ թե ինքն անձամբ է փոխանցում, այլ երկրորդ, երրորդ, չորրորդ անձանց միջոցով: «Տեր-Պետրոսյանը խոսում է դը Գոլի մասին», «Տեր-Պետրոսյանը կարդում է դը Գոլի մասին», «Տեր-Պետրոսյանը հետաքրքրված է դը Գոլով». այս տեղեկությունները բանավոր կամ գրավոր միջոցներով փոխանցվում են քաղաքականապես ակտիվ շրջանակներին, մամուլի միջոցով՝ հանրությանը:

Ի՞նչ առանձնահատուկ բան կա, ուրեմն, դը Գոլի կերպարի մեջ, ի՞նչն է դը Գոլի մեջ գրավում Տեր-Պետրոսյանին, ինչո՞վ է նրա կերպարը համահունչ Տեր-Պետրոսյանի քաղաքական պլաններին:

1946 թվականին հեռանալով իշխանությունից՝ դը Գոլը, 12 տարի անց, վերադարձել է ակտիվ քաղաքականություն եւ ընտրվել Ֆրանսիայի նախագահ: Դը Գոլը երկար ժամանակ համբերատար, հետեւողական սպասում էր իր ժամին եւ նա հստակ ձեւակերպել էր, թե որն է այն ժամը. Ֆրանսիան պետք է հասկանա, որ ինքը, միայն ինքը կարող է երկիրը դուրս բերել զարգացման որակական նոր մակարդակի, միայն ինքը կարող է փրկել Ֆրանսիան վերահաս աղետից, ինչպես մի անգամ արել է նախկինում: Առաջին հեռացումից հետո դը Գոլը պատրաստ չէ քաղաքական ասպարեզ վերադառնալ որպես սովորական քաղաքական գործիչ կամ նախագահի թեկնածու: Նա կամ չի վերադառնա, կամ կվերադառնա որպես փրկիչ, որպես ժողովրդի հայր, որպես չգերազանցված պետական առաջնորդ: 1958-ին Ֆրանսիայում ստեղծված տնտեսական, քաղաքական ճգնաժամը, Ալժիրում մեկնարկած զինվորական խռովությունն ու պատերազմը հենց այսպիսի իրավիճակ են ստեղծում. բոլորը հայացքները հառում են դեպի դը Գոլը, փափագում են նրա վերադարձը, եւ Ֆրանսիայի գործող նախագահ Ռենե Կոտեն դը Գոլին խնդրում է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը: Մի քանի ամիս անց՝ վարչապետ դը Գոլն ընտրվում է Ֆրանսիայի նախագահ:

1997 թվականի սեպտեմբերի 26-ի ասուլիսում, երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ երրորդ անգամ նախագահի թեկնածու կառաջադրվի, եթե իրան ազգովի խնդրեն, հենց դը Գոլի վերադարձի տրիումֆը նկատի ուներ: Այդ  հայտարարությունն անելու պահին Տեր-Պետրոսյանն արդեն մտքում ուներ դը Գոլին: 1997-ին Հանրապետության նախագահի աշխատասենյակ մուտք ունեցողները նրա սեղանին հաճախ էին տեսնում դը Գոլի մասին պատմող գրքեր, դը Գոլի հեղինակած գրքերից: Կասկածից վեր է. առաջին նախագահը այդ գրքերի մեծ մասը նախկինում կարդացել է, բայց հիմա դրանք նրան հետաքրքրում են բոլորովին այլ պատճառով: Այդ գրքերի ընթերցումը նրան օգնում է գծագրել սեփական քաղաքական ապագան:

Դը Գոլը վճռական նշանակություն է ունենում նաեւ Տեր-Պետրոսյանի հրաժարականի լեյտմոտիվի հարցում, հենց դը Գոլի «ազդեցությամբ» է Տեր-Պետրոսյանը գրում իր հանրահայտ «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը:  Դը Գոլի պատմական քայլերից մեկը համարվում է նրա որոշումը՝ անկախություն շնորհել Ալժիրին, որ Ֆրանսիայի վերջին գաղութներից մեկն էր, եւ որտեղ ծավալվող ազատագրական պայքարը արյունաքամ էր անում Ֆրանսիան:

Տեր-Պետրոսյանը որոշում է Ղարաբաղի հարցը ներկայացնել հենց այս հարթության վրա. քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, Հայաստանը չի կարող զարգանալ: 1997թ. սեպտեմբերի 26-ի ասուլիսում առաջին նախագահն անում է իր թեւավոր դարձած հայտարարությունը. «Հայաստանը նորմալ պետություն չի դառնա, լավ չես ապրի Սերգո ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան»,- հայտարարում է Տեր-Պետրոսյանը՝ այն ժամանակ դեռեւս Հանրային հեռուստատեսության լրագրող Սերգո Երիցյանի հարցին ի պատասխան: Սրանից ընդամենը օրեր անց՝ հրապարակվում է Տեր-Պետրոսյանի հանրահայտ «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, որտեղ Տեր-Պետրոսյանը զարգացնում է Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության միտքը՝ դա, ըստ էության, համարելով պետականության կայացման ճանապարհին գոյություն ունեցող թիվ 1, եթե ոչ միակ անելիք: Իսկ հարցի շուտափույթ լուծման եղանակը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարգավորման փուլային տարբերակն է, որը ենթադրում է «գրավված» տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման:

Տեր-Պետրոսյանը գիտի, որ նման հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացնելու թե՛ հանրության եւ թե՛ իշխանության ներսում: Բայց այս հայտարարություններն անելու պահին նա գիտակցել է իր հրաժարականի անխուսափելիությունը, եւ  ուրեմն, առանձնապես չի մտահոգվում հնարավոր դժգոհությունների կապակցությամբ. հիմա արդեն նա մտածում է հեռանալուց հետո իր վերադարձի մասին: Այսօր սա տարօրինակ կարող է հնչել, բայց 1997-ի սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը համոզված է, որ իրենից հետո եկող նոր իշխանություններին չի հաջողվի երկար պահել ստատուս քվոն՝ ազատագրված տարածքները: Նա այս մասին ուղիղ հայտարարում է 1997թ. սեպտեմբերի 26-ի ասուլիսում՝ վստահ պնդելով, որ միջազգային հանրությունը թույլ չի տա 20-30 տարի պահպանել ստատուս քվոն, այսինքն՝ ազատագրված տարածքները: Նաեւ ակնարկում, թե ստատուս քվոյի պահպանման առավելագույն ժամկետը մի քանի տարի է: Սա այն վերջին դետալն է, որի միջոցով Տեր-Պետրոսյանը ամբողջացնում է իր դըգոլյան կերպարը:

Նա, ինչպես եւ դը Գոլը, ղեկավարել է իր երկրի պատերազմական հաղթանակները: Նա, ինչպես եւ դը Գոլը, կհեռանա իշխանությունից, նա, ինչպես եւ դը Գոլը, կվերադառնա իշխանության, որովհետեւ քաղաքական, տնտեսական ճգնաժամերը եւ Ալժիրյան (Ղարաբաղյան) պատերազմը (կամ էլ գրավյալ տարածքները վերադարձնելու անխուսափելիությունը) բոլորի համար ակնհայտ կդարձնի, որ միայն ինքը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկիրը կհանի այս վիճակից: Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը ՀՀ նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանի պլանի անբաժանելի մասն է: Ո՞վ, եթե ոչ Քոչարյանն է առավել հարմար թեկնածուն՝ երկիրը կրախի առաջ կանգնեցնելու համար: Նա նույնիսկ կարգին հայերեն չի կարողանում խոսել: Այդ կիսագրագետ, ագրեսիվ գավառացին, ով, մեծ հաշվով, օտար է երեւանյան միջավայրի համար, շատ արագ բոլորին ակնհայտ կդարձնի Տեր-Պետրոսյանի վերադարձի անհրաժեշտությունը:

Իհարկե, այնպես չէ, որ Շառլ դը Գոլի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացման եւ քաղաքական հայտ ներկայացնելու ժամանակահատվածները նույնական են:  Շառլ դը Գոլը, օրինակ, խորը մեկուսացումների արանքում երբեմն քաղաքական ակտիվություն է ցուցաբերել, իսկ Տեր-Պետրոսյանը՝ փաստացի ոչ մի: Դը Գոլի կուսակցությունը մինչեւ 1953 թվականը որոշակի քաղաքական հաջողություններ է գրանցել, Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն՝ ոչ մի: Հասկանալի է, որ մաքուր նույնականություն չէր կարող լինել ի բնե: Տարբեր երկրներ, տարբեր մարդիկ, տարբեր հանգամանքներ, տարբեր ժողովուրդներ: Բայց նախագահի պաշտոնից հեռանալով՝ Տեր-Պետրոսյանը նախագահական հայտ է ներկայացնում ավելի քան 10 տարի անց, մոտավորապես նույնքան, որքան դը Գոլի դեպքում: Եւս մեկ կարեւոր զուգադիպություն-հանգամանք. Շառլ դը Գոլը հեռացումից հետո իր քաղաքական երկրորդ փուլի խորքային ուղերձները ձեւակերպում է եռահատոր  «Ռազմական հուշագրության» մեջ, որոնցից առաջին հատորը կոչվում է «Կոչ», երկրորդը՝ «Միասնություն», երրորդը՝ «Փրկություն»: Դը Գոլն այստեղ պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմում իր գործունեության մասին, եւ այս եռահատորյակը դառնում է նրա մեկուսացման, առանձնակեցության վերջի խորհրդանիշը: Այս գրքերը հրատարակելուց հետո է նա վերադառնում ակտիվ քաղաքականություն:

Նույնը անում է Տեր-Պետրոսյանը, մի փոքր այլ տրամաբանությամբ: 2005-ին նա հրատարակում է «Խաչակիրները եւ հայերը» պատմագիտական աշխատության առաջին հատորը, 2006-ին իր ելույթների, հարցազրույցների, հոդվածների ընտրանին, 2007-ին «Խաչակիրները եւ հայերը» աշխատության երկրորդ հատորը, որը վերնագրված է հետեւյալ կերպ. «Գահաժառանգության իրավունքը եւ իշխանության «լեգիտիմությունը» Կիլիկյան Հայաստանում»: Գրքի շապիկը զարդարում է կիլիկյան մետաղադրամի պատկերը, որի վրա գրված է. «Լեւոն թագավոր հայոց»: Այս գրքի հրատարակումից վեց ամիս անց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է քաղաքականություն եւ 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնում:

1998-2008թթ. ժամանակահատվածի Տեր-Պետրոսյանի կանխատեսումները ե՛ւ իրականացան, ե՛ւ չիրականացան: Իրականացան, որովհետեւ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանն ապրեց դժնդակ ցնցումներ՝ բազմաթիվ քաղաքական սպանություններ, հոկտեմբերի 27-ի ոճրագործություն, 2003թ. նախագահական ընտրությունների կեղծում, 2004-ի ապրիլին բախումներ, քաղաքական բազմաթիվ հետապնդումներ, լրագրողների եւ քաղաքական գործիչների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար, «Ա1+» հ/ը փակում, Պողոս Պողոսյանի սպանություն եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց Հայաստանին գոնե այդ ժամանակահատվածում ոչ ոք չհարկադրեց վերադարձնել Ղարաբաղի մերձակա տարածքները, տնտեսական կոլապսներ չեղան եւ ձեւավորվեց օլիգարխիա կոչվող մի նոր խավ, որը, Քոչարյանի իշխանության հիմնական հենարանը լինելով, հնարավորություն ուներ իրեն թույլ տալ ամեն ինչ: Եւ, ի վերջո, ամենակարեւորը. Ռոբերտ Քոչարյանը իր ձեռքում կենտրոնացրեց ողջ պետական իշխանությունը՝ այն աստիճան, որ մտադիր էր իշխանությունը փոխանցել իր հավատարիմ թիմակիցներից մեկին՝ Վարդան Օսկանյանին կամ Սերժ Սարգսյանին: Սա նշանակում էր, որ ոչ ոք չէր պատրաստվում Տեր-Պետրոսյանին իշխանություն փոխանցել, ոչ ոք չէր պատրաստվում նրան խնդրել՝ վերադառնալ իշխանության: Սա նշանակում էր, որ եթե Տեր-Պետրոսյանը վերադառնա քաղաքականություն, պետք է ստիպված լինի անցնել տաժանակիր քաղաքական ճանապարհ, մի միջավայրում, որտեղ շատ-շատերը իր անվան հետ են կապում Երրորդ հանրապետության բազմաթիվ դժբախտություններ: 2007-ի ամռանը Տեր-Պետրոսյանը ծանր ընտրության առաջ էր եւ նա կատարեց իր ընտրությունը՝ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տասնամյա լռությունից հետո առաջին հրապարակային ելույթը ունենալով:

Ա. Սմբատյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 5)

22/01/2015schedule09:09, http://armtimes.com/hy/article/58518

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանն իր վերադարձը պատկերացնում էր հենց այնպես, ինչպես տեղի ունեցավ: Իհարկե՝ ոչ: 2007 թվականի սեպտեմբերի 21-ին գործող իշխանությունը բավականաչափ ամուր էր, իրավիճակը վերահսկելի էր նրա կողմից, տնտեսությունը ցնցումներ չէր ապրում, Ղարաբաղի հարցում արտառոց ոչինչ չկար:

Սա նշանակում էր, որ դըգոլյան վերադարձ չէր ստացվելու: Բայց կային մի քանի այլ  հանգամանքներ: 2008-ին առաջանում էր նախագահական միջանցք, այսինքն՝ գործող նախագահ Ռ. Քոչարյանը թեկնածու չէր առաջադրվում, ինչը նշանակում էր, որ այսպես, թե այնպես, տեղի է ունենալու իշխանության փոփոխություն: Սա որոշակի հնարավորություն էր բացում առաջին նախագահի համար: Նա համակիրների մեծ բանակ ուներ պետական կառավարման համակարգում, եւ իշխանությունից Ռ.Քոչարյանի հեռացման պրոցեսում նրանք կարող էին կողմնորոշվել դեպի Տեր-Պետրոսյանը:

2007-ին նկատելի բաց կար նաեւ ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը չուներ ընդգծված լիդեր: Ընդհակառակը՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո այն կոտրված էր եւ հուսահատ: ԱԺ-ից դուրս էին մնացել վերջին ութ տարիների առանցքային ընդդիմադիր ուժերը՝ ՀԺԿ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը: Առաջին անգամ խորհրդարանում էր հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», եւ Հովհաննիսյանը համարվում էր նախագահի պոտենցիալ թեկնածու: Ակնհայտ էր, սակայն, որ նա չի կարողանալու թեկնածու առաջադրվել՝ քաղաքացիության նվազագույն ցենզը չունենալու դե յուրե պատճառաբանությամբ: Այս պայմաններում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունը փորձում է իրենով անել ընդդիմադիր դաշտը, բայց այդ կուսակցության եւ նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի նկատմամբ ընդդիմադիր դաշտում կար մեծ անվստահություն: Մյուս կողմից՝ Արթուր Բաղդասարյանը, որպես քաղաքական գործիչ, բեղմնավորվել է ՀՀՇ-ի միջանցքներում եւ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին աղմկահարույց գիրք է հեղինակել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ նրան ձոնելով անզուսպ դիֆերամբներ: Այս պայմաններում՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական փորձն ու հոտառությունը նրան թույլ տվեցին նկատել միասնական ընդդիմության լիդեր դառնալու տեսական հնարավորությունը: Սա, իհարկե, այն չէ, ինչի մասին ինքը մտածել է 1998 թվականին, բայց մյուս կողմից՝ առաջին նախագահը հասկանում է՝ 2008-ը, թերեւս, իր վերջին հնարավորությունն է: Հաջորդ՝ 2013 թվականի ընտրություններում մեծ հավանականությամբ երկրորդ անգամ կառաջադրվի գործող նախագահը, այսինքն՝ նա, ով հաղթել է 2008-ին, իսկ 2018 թվականի նախագահական ընտրություններում ինքը կլինի արդեն 72 տարեկան եւ չի ունենա այն էներգիան եւ մղումը, որ ունի հիմա: Այս հանգամանքներում է, որ Տեր-Պետրոսյանը կայացնում է ակտիվ քաղաքական գործունեության վերադառնալու որոշումը, միով բանիվ՝ վճռելով, որ եթե հանգամանքները իր շուրջ դըգոլյան մթնոլորտ չեն ստեղծում, այդպիսի մթնոլորտ կստեղծի հենց ինքը եւ սրա համար ունի կոնկրետ ծրագիր:

Սեպտեմբերի 21-ի ելույթում Տեր-Պետրոսյանը չի հայտարարում, որ պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվել: Փոխարենը՝ գործող իշխանությանը գնահատում է որպես հանցագործ, մաֆիոզ, որ երկիրը գլորում է դեպի երրորդ աշխարհի երկրների շարքը: Եւ այս իրավիճակի լուծումը գործող իշխանության կազմաքանդումն է՝ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելու միջոցով: Տեր-Պետրոսյանն ասում է, որ պատրաստ է աջակցել այդպիսի թեկնածուի, եւ ակնարկում, որ ինքն էլ է պատրաստ լինել այդ թեկնածուն. «Միայն մի բանում մի կասկածեք, որ եթե տեսնեմ՝ որեւէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ այս ժողովրդին եւ մեր երկիրը, մեր պետությունը այս վիճակից դուրս բերելու գործում, ես որեւէ ջանք չեմ խնայի»,- ասում է նա:

Համեմատության համար՝ 1958 թվականին, իր վերադարձի հայտնի ճառում Շառլ դը Գոլը մոտավորապես նույն շեշտադրումն է անում՝ հայտարարելով. «Այսօր, երբ երկրին սպասվում են փորձություններ, Ֆրանսիան թող իմանա, որ ես պատրաստ եմ իմ վրա վերցնել ողջ պատասխանատվությունը»:

Սեպտեմբերի 21-ի ելույթից հետո, ահա, Տեր-Պետրոսյանը արտառոց քայլերի մի շքահանդես է կազմակերպում, որն ամբողջությամբ տակնուվրա է անում քաղաքական դաշտը: Նա, նախ, այցելում է ՀՅԴ գրասենյակ, որտեղ հանդիպում է ունենում կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: ՀՅԴ-ի գործունեությունը, հիշեցնեմ, Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, ավելի ճիշտ՝ 1994 թվականին, կասեցվել էր, իսկ Մարգարյանն ու Ռուստամյանը բանտում են գտնվել՝ ընդհուպ մինչեւ առաջին նախագահի հրաժարականը:

ՀՅԴ գրասենյակ այցելելուց հետո Տեր-Պետրոսյանը ոչ պաշտոնական պայմաններում հանդիպում է ունենում Ղարաբաղ կոմիտեի անդամ, ԱԺՄ նախագահ, 1996-ի նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից Վազգեն Մանուկյանի հետ, որի հետ որեւէ շփում չի ունեցել մոտ 15 տարի: Սրանից հետո այցելում է Ղարաբաղ եւ հանդիպում ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Կարճ ասած, Տեր-Պետրոսյանի քայլերը բխում են ազգային առաջնորդի գործողությունների տրամաբանությունից: Նա չի վերադարձել ուղղակի որպես քաղաքական գործիչ, նա վերադարձել է որպես ազգային առաջնորդ: Ղարաբաղյան պատերազմին մասնակցած տասնյակ ջոկատների հրամանատարներ, հարյուրավոր ազատամարտիկներ հայտարարություններ են ստորագրում՝ Տեր-Պետրոսյանին կոչ անելով առաջադրվել նախագահի թեկնածու: Կարճ ասած, համարյա դըգոլյան մթնոլորտ: Համարյա, որովհետեւ իշխանական թեւը խիստ բացասաբար է արձագանքում Տեր-Պետրոսյանի վերադարձին: Բայց նրա ելույթին, անսովոր քաղաքական քայլերին հետեւած լայնածավալ, փոթորկվող արձագանքները համոզում են նրան. այո՛, կա շանս իր անձի շուրջ դըգոլյան մթնոլորտ ստեղծելու, կա հնարավորություն իր կողմը քաշելու նաեւ բյուրոկրատական միջին օղակին, իշխանական բուրգի բազմաթիվ ներկայացուցիչների:

Տասնամյա բացակայությունից հետո Տեր-Պետրոսյանի ձեռնարկած քայլերը իսկապես թարմ էին, գրավիչ ու մտածված: Դրանք իսկապես փոխեցին քաղաքական դաշտում առկա մթնոլորտը: Բայց սեպտեմբերի 21-ի ելույթից հետո անցնում է շուրջ մեկ ամիս, ու ժամանակակից տերմինով ասած՝ իշխանական բուրգի փլուզման նախանշաններ չեն երեւում: Գուցե դա նրանից է, որ Տեր-Պետրոսյանը հստակ չի՞ հայտարարել նախագահական ընտրություններին իր մասնակցության, այսինքն՝ իշխանությունը վերցնելու իր մտադրության մասին: 2007-ի հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն իրեն հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու: Այս հայտարարությունն է՛լ ավելի ակտիվացրեց քաղաքական կյանքը, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հայտնվեց քաղաքական կյանքի օրակարգը ձեւակերպողի դերում:  Առաջին փուլի խնդիրը լուծված էր փայլուն, անսովոր, անկանխատեսելի քայլերով: Բայց ցանկացած ոգեւորություն շատ արագ սառում է, եւ գալիս է նախնական արդյունքներն ամփոփելու ժամանակը:

Նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկի պահին Տեր-Պետրոսյանը գույքագրում է, թե ինչ ունի: Կան լավ եւ վատ նորություններ: Լավ նորությունն այն է, որ իր շուրջ հնարավոր է եղել համախմբել բավական մեծ թվով ընդդիմադիր ուժերի, եւ նա, ըստ էության, դարձել է վերջին տասը տարիների ընդդիմության ժառանգորդ. Կարեն Դեմիրճյանի հիմնադրած ՀԺԿ-ն եւ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հիմնադրած «Հանրապետություն» կուսակցությունը եւ մեկուկես տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ պաշտպանում են իր թեկնածությունը: Այդ թիմին հետագայում կմիանա նաեւ «Ժառանգությունը»: Նրա թեկնածության շուրջ ձեւավորվել է նաեւ բավական լայն հանրային ճակատ, որը ներառում է քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների, ազատամարտիկների: Հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է ձեւավորվել Տեր-Պետրոսյանի եւ նրա գործունեության շուրջ:

Վատ նորություններ նույնպես կան. օլիգարխիան եւ միջին բյուրոկրատիան չեն շտապում անցում կատարել դեպի Տեր-Պետրոսյանը: Քոչարյան-Սարգսյան զույգին հաջողվում է գրեթե լիակատար վերահսկողության տակ պահել պետական ապարատն ու իշխանական բուրգը: Նախագահի թեկնածու են առաջադրվել նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ովքեր նույնպես հավակնում են ընդդիմադիր կամ բողոքական էլեկտորատի ձայներին: Տեր-Պետրոսյանի դեմ լայնածավալ հակաքարոզչություն է սկսվել, նրա կողմնակիցներին ենթարկում են ճնշումների եւ հետապնդումների: Մթնոլորտը հանրապետությունում շիկանում է:

Ամենավատ նորությունն այն է, սակայն, որ Տեր-Պետրոսյանին չի հաջողվել ձեւավորել հստակ աշխատող քաղաքական ստրուկտուրա: Նրա շուրջ խմբվել են բազմաթիվ մարդիկ, որոնց մեծ մասը պատկերացում չունի իր կոնկրետ անելիքի մասին: Բազմաթիվ մարզերում չի հաջողվել ձեւավորել նորմալ աշխատող նախընտրական շտաբներ: Բազմաթիվ շտաբների պատասխանատվությունը դրված է մարդկանց վրա, ովքեր տասը տարի պարապ սպասել են Տեր-Պետրոսյանի վերադարձին եւ նրան վերաբերվում են ոչ թե որպես նախագահի թեկնածուի, այլ որպես մեսիայի, ով կարող է քայլել ջրի վրայով, ով կարող է հրաշքներ գործել եւ ով օժտված է գերբնական հատկություններով: «Եթե Տեր-Պետրոսյանը տասը տարի անց վերադարձել է քաղաքականություն, ուրեմն մի բան գիտի»: Սա մի ընկալում էր, որ նախնական շրջանում հսկայական էներգիա տվեց Տեր-Պետրոսյանի քաղաքական գործընթացին, բայց հետագայում արգելակի դեր կատարեց նրա նախընտրական պայքարի համար: Ընդ որում՝ սա միայն տեխնիկական, կազմակերպչական խնդիր չէր, այլեւ ինչ-որ իմաստով գաղափարախոսական, աշխարհայացքային եւ կապված էր այն ընկալման հետ, թե ո՞վ է, ի վերջո, Տեր-Պետրոսյանը, կամ ինչ իմիջով պետք է հանդես գա: Նա նախագահի թեկնածո՞ւ է, քաղաքական գործիչ, ով թեկուզ բարձր ինտելեկտ ունի, երկրի առաջին նախագահն է, հռչակավոր, ականավոր քաղաքական գործիչ, բայց բավական բարդ խնդիր է դրել իր առաջ, որի լուծումը պահանջում է անմնացորդ նվիրում, քաղաքական թիմի եւ քաղաքական ստրուկտուրայի գերլարված աշխատա՞նք, թե՞ գերբնական մի կերպար, ով գիտի ամեն ինչ, որի վերահսկողության տակ է գտնվում ամեն ինչ եւ քաղաքական գործընթացը նրա համար ընդամենը անհրաժեշտ ձեւականություն է՝ իր գերբնական հատկությունները թաքցնելու համար:

Գուցե մի քիչ չափազանցրած, բայց ընդհանուր առմամբ, այս դիլեմայի առաջ էր Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքական թիմը, եւ այս ընտրությունից էր կախված լինելու իրադարձությունների հետագա զարգացման ընթացքը: Տեր-Պետրոսյանն ինքն էլ այս ընտրանքի առաջ էր, նա հասկանում է այս ընտրանքի ճակատագրական նշանակությունը: Ինչպիսի՞ն պետք է լինի իր ղեկավարած պրոցեսի հետագա կոնտեքստը. իրապես Համաժողովրդական շարժո՞ւմ, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է հստակ գիտակցի եւ իմանա իր անելիքն ու պատասխանատվության չափը եւ ընկալի իր դերակատարման վճռական նշանակությունը, թե՞ միֆականացված առաջնորդի երկրպագություն, որտեղ մասնակիցները տեղի ունեցողին վերաբերվում են որպես թաքնված տեսախցիկի առաջ բեմադրված սերիալի՝ կանխորոշված հեփիենդով, որտեղ վերջում տղան՝ տվյալ դեպքում իմաստուն առաջնորդը, բոլորի համար անսպասելի դուրս է գալիս սպիտակաթույր զգեստներով՝ չեմպիոնի գավաթը ձեռքին բռնած:

Հենց այստեղ է առաջին անգամ զգացվում, որ Տեր-Պետրոսյանը չէր մտածել այս մասին: Նա այնքան էր տարված դըգոլյան սցենարով, որ այդպես էլ դրանից հրաժարվելու ուժ եւ հնարավորություն չի ունենում մինչեւ վերջ: Նա չի հավատում պլեբսին, լուրջ չի վերաբերվում պլեբսին: Նա հավատում է. պլեբսին պետք է մատուցել միֆը, իսկ իրական քաղաքականությունը, ռեալպոլիտիկը պետք է վարել էլիտայի հետ բանակցությունների, խոսակցության ժանրում: Եւ ահա, Տեր-Պետրոսյանը հրապարակային ելույթներում սկսում է ավելի ու ավելի շատ դիմել քաղաքական, տնտեսական պետական էլիտայի ներկայացուցիչների: Արթուր Բաղդասարյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, օլիգարխներ: Այս կոչերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, բայց իրողությունները չեն փոխում: Դըգոլյան սցենար չի ստացվում ու չի ստացվում: Իսկ Տեր-Պետրոսյանը չունի պլան B: Բայց եւ չի կարող նահանջել, արդեն ուշ է դրա համար: Քաղաքական պրոցեսի հոսանքը սկսում է կլանել նրան եւ քշել անհայտ ուղղությամբ: Եւ այս անհասկանալի, չկառավարվող իրավիճակում նա կայացնում է մի որոշում, որը սողացող վարակի նման սկսում է քայքայել նրա անձի շուրջ ստեղծած միֆը: Նա Հայաստանից հեռացնում է որդուն՝ ուղարկելով նրան ապահով Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ա. Սմբատյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 6)

23/01/2015schedule10:00, http://www.armtimes.com/hy/article/58573

Որդուն Հայաստանից հեռացնելու՝ Տեր-Պետրոսյանի որոշումը անձնական առումով բացատրելի է: Սիրող հայրը վախենում է միակ զավակի կյանքի եւ անվտանգության համար:

Բայց սրանում է քաղաքական գործունեության երկիմաստությունը, դրամատիզմը: Անձնական բնույթի որոշումները կարող են ունենալ լրջագույն քաղաքական հետեւանքներ, եւ դա աղետալի սխալ դարձավ Տեր-Պետրոսյանի համար: Սխալը, իհարկե, ոչ թե հայրական հոգատարությունն էր, այլ այն, որ սրանով Տեր-Պետրոսյանը իր վախերը բացահայտեց քոչարյանասերժական ոհմակի առաջ: Մինչդեռ, ոհմակի հետ հարաբերվելու ոսկե կանոն գոյություն ունի. երբեք, երբեք, երբեք նրան չցուցադրել քո վախերը, թույլ չտալ, որ նա զգա, առավելեւս՝ տեսնի քո վախը: Բայց ոհմակը ամենամեծ պրոբլեմը չէ: Շատ ավելի բարդ է բազմահազար հետեւորդների պարագան, որոնց ընկալումներից կատարելապես դուրս էր Տեր-Պետրոսյանի այս քայլը: Միֆական առաջնորդը ինչ-որ բանից վախենո՞ւմ է: Ինչպե՞ս է դա հնարավոր, ընդհանրապես:

Հիմա, անկեղծ ասած, դժվարանում ենք ասել, թե կոնկրետ ո՞ր օրն է Դավիթ Տեր-Պետրոսյանը հեռացել Հայաստանից՝  2008թ. հունվարի 22-ից առա՞ջ, թե հետո: Սա ե՛ւ էական է, ե՛ւ էական չէ, որովհետեւ հունվարի 22-ն այն օրն է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի հարթակից ընթերցեց Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլը»՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» հռչակավոր տողերով:

Վերադառնանք, սակայն, քաղաքական գործընթացին: Որքան կոպիտ սխալ է ոհմակին սեփական վախերը ցույց տալը, նույնպիսի սխալ է սեփական վախերը ցույց տալը հետեւորդների բազմահազարանոց բանակին: Ճիշտ է, Տեր-Պետրոսյանի որդու հեռացման լուրը լայնորեն չէր շրջանառվում, բայց հետեւողականորեն սողում էր, սողում էր Ազատության հրապարակում, սողում էր Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբներում, սողում էր Հայաստանում: Այդ լուրը իր հետ վախ էր տարածում, տարակուսանք, կասկածներ: Այդ լուրը քայքայում էր Տեր-Պետրոսյանի անձի շուրջ պարուրվող միֆը, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, երկար տարիներ հետեւողականորեն կառուցել էր:

Պրոբլեմն այստեղ քաղաքական հարթության վրա է. եթե ժողովրդին մատուցվող հիմնական ուղերձը միֆն է, եթե միֆի վրա է դրվում հիմնական խաղադրույքը, ուրեմն այդ միֆի անաղարտությունը պետք է պահպանել մինչեւ վերջ: Եթե միֆը չէ հիմնական գործոնը, ուրեմն պետք է հիմնական շեշտը դրվի արդյունավետ քաղաքական ստրուկտուրայի վրա: Բայց Տեր-Պետրոսյանը չկարողացավ պահպանել միֆի անաղարտությունը՝ այս եւ մի քանի այլ հանրահայտ միջադեպերի պատճառով: Չկարողացավ նաեւ իր թեկնածության շուրջ համախմբել իշխանական եւ օլիգարխիական էական հատվածի, մյուս կողմից էլ՝ չուներ արդյունավետ քաղաքական ստրուկտուրա: Եթե անկեղծ լինենք, մի քանի ամսում նման ստրուկտուրա ստեղծելը անհնար էր նույնիսկ: Միակ քաղաքական ստրուկտուրան, որ տեսանելիորեն եւ արդյունավետ աշխատում էր՝ Երեւանի Ազատության հրապարակն էր, ու որքան էլ տարօրինակ հնչի, այդ հրապարակը Հայաստանում սողացող համատարած վախի եւ Տեր-Պետրոսյանի թիմի անվստահության արտահայտությունը դարձավ ի վերջո: Ազատության հրապարակը միակ տեղն էր, որտեղ մարդիկ չէին վախենում: Այդ ժամանակների քաղաքական իրավիճակը շատ էր նմանվում ոհմակի եւ երամակի հարաբերություններին: Քոչարյանասերժական վարչախումբը քսի էր տվել իր ոհմակին, եւ քաղաքական ակտիվիստները երամակի տրամաբանությամբ, ոհմակի առաջ իրենց պաշտպանված էին զգում միայն Ազատության հրապարակում, որտեղ իրենք ոչ թե մենակ են, չորսով, հինգով, տասով, այլ հազարով, տասնյակ հազարով, հարյուր հազարով: Այդպիսի Ազատության հրապարակը, որքան էլ տպավորիչ ու բազմամարդ, ձախողման մեծագույն նախանշանն էր, որովհետեւ կար հսկայական մի բազմություն, կար միֆական քաղաքական առաջնորդ եւ չկար քաղաքական արդյունավետ կառուցվածք: Ազատության հրապարակը, բառիս բուն իմաստով, ներփակվել էր Ազատության հրապարակում: Արդյունավետ Ազատության հրապարակը պետք է Ազատության հրապարակ դարձներ ողջ Հայաստանը, բայց սրա համար անհրաժեշտ էր արդյունավետ քաղաքական սխեմա, կառույց, համակարգ, որը գոյություն չուներ: Մարդիկ չէին տեսնում իրագործելի քաղաքական պլան, մարդիկ չէին հասկանում, թե ինչպե՞ս եւ որտեղ է այս ամենը ավարտվելու, եւ սա մեծացնում էր անորոշությունը: Այս անորոշության մեջ միակ գործոնը, որի վրա կարող են հենվել՝ առասպելական առաջնորդն է: Բայց առաջնորդի շուրջ պարուրված առասպելը կորցնում էր անաղարտությունը, եւ վախը դառնում էր ավելի թանձր՝ առավելեւս, որ այն համակել էր նաեւ առաջնորդին:

Հենց այս գործոնը վճռորոշ դարձավ հետագա սցենարների համար, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գտել էին Տեր-Պետրոսյանի թույլ տեղը: Երեւի թե ոչ թե գտել էին, այլ գիտեին 1998 թվականից: 2008թ. Մարտի 1-ին նրանք հենց այս եղանակով լուծեցին հարցերը: Ինչպես Տեր-Պետրոսյանի նորօրյա զինակից Վարդան Օսկանյանն է բացահայտել, 2008թ. Մարտի 1-ին իշխանությունները Տեր-Պետրոսյանին առաջարկել են իր տնից Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքված հազարավոր հետեւորդների մոտ գնալ առանց թիկնազորի: Նրանք գիտեին, որ Տեր-Պետրոսյանը չի գնա առանց թիկնազորի: Եթե առանց թիկնազորի գնացող լիներ, որդուն Միացյալ Նահանգներ չէր ուղարկի:

Մարտի 1-ից հետո արդեն, Քոչարյանը գիտեր, թե ինչ պետք է անի Տեր-Պետրոսյանին հստակ սահմանների եւ շրջանակների մեջ պահելու համար. նա համապատասխան փոփոխություն արեց «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, եւ այդ փոփոխություններից հետո առաջին նախագահը կարող էր զրկվել թիկնազորից՝ այսպես կոչված ապօրինի քայլեր անելու, ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու կամ զանցանք կատարելու պարագայում: Այս փոփոխությունն ուժի մեջ մտավ 2008 թվականի մարտի 20-ին:

Իհարկե, Տեր-Պետրոսյանի համար հնարավոր էր ապահովել ժողովրդական, այսինքն՝ ոչ պետական թիկնազոր: Այս պարագայում, սակայն, պետությունն ազատվում էր նրա անվտանգության համար ունեցած պատասխանատվությունից: Իսկ սա արդեն լուրջ պրոբլեմ էր Տեր-Պետրոսյանի համար: Անձնական անվտանգության հետ կապված այս հնարքը, իհարկե, անբարոյական քայլ էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից: Բայց Տեր-Պետրոսյանն ինքը Քոչարյան-Սարգսյան զույգին դեռ ամիսներ առաջ համեմատել էր մոնղոլ-թաթարների հետ եւ ուրեմն՝ պետք է պատրաստված լիներ նման զարգացումների, պետք է կանխատեսեր այդ զարգացումները: Բայց չկանխատեսեց, եւ ինչպես պարզվեց հետագայում՝ ամենեւին պատրաստ չէր այդօրինակ իրավիճակի:

Այս ամենը մարդիկ, իհարկե, չէին տեսնում: Իրադարձությունների, զարգացումների, կրակոցների, սպանությունների, հետապնդումների հորձանուտում այս ամենը դժվար էր նկատել: Այդ նույն մարդիկ, սակայն, զգում էին այդ ամենը ինչ-որ վեցերորդ զգայարանով, հոտառությամբ, ենթագիտակցությամբ: Նրանք զգում էին, որ ինչ-որ բան այնպես չէ, նրանք զգում էին, որ ինչ-որ տեղ իրենց խաբում են, եւ այս զգացողությունները հսկայական, եթե չասենք՝ վճռական դեր կատարեցին 2007-ին մեկնարկած համաժողովրդական շարժման հետագա ճակատագրի համար: Մի ինչ-որ պահից Տեր-Պետրոսյանը բազմաթիվ հնարավոր որոշումներից կայացնում էր հենց այն մեկը, որն առավել հարմար էր իր, իր ընտանիքի անվտանգության տեսակետից եւ ապահովում էր իր առանցքային, առաջնային դերակատարումը: Այս կամ այն որոշման ընդունելիության հիմնական չափանիշը դառնում են հենց այս գործոնները, եւ մնացած բոլոր գործոնները դառնում են երկրորդական, երրորդական, չորրորդական:

Հենց այստեղ է, որ Տեր-Պետրոսյանի անձի շուրջ կառուցված միֆը, առասպելը վեր է ածվում խաբեության: Հունվարի 22-ին Ազատության հրապարակում հռչակելով «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» կարգախոսը՝ Տեր-Պետրոսյանը հետագա քաղաքական գործունեության ընթացքում փաստացի շատ բան եւ շատերին զոհելու զարմանալի պատրաստակամություն է ցուցաբերում, բացի ինքն իրենից: Հազարավոր մարդիկ ընկնում են քոչարյանասերժական մարդակեր մեքենայի ատամնանիվների տակ, բայց Տեր-Պետրոսյանի անմիջական, մերձավոր շրջապատի որեւէ անդամ որեւէ հիշարժան նեղության մեջ չի ընկնում: Խնդիրն այն չէ, որ պարտադիր նրանց ինչ-որ բան պիտի պատահեր՝ նրանց ձերբակալեին, կալանավորեին կամ ծեծեին: Խնդիրն այն է, որ եթե հազարավոր հետեւորդներ բերման են ենթարկվում, ծեծվում, ձերբակալվում, կալանավորվում, դա պետք է ինչ-որ կերպ ազդեր նաեւ այն մարդկանց վրա, ում հետ Տեր-Պետրոսյանը վերջին տասը տարիներին շփվում է ամենօրյա ռեժիմով, ովքեր ապահովում են նրա խաղաղ կյանքի խաղաղ միջավայրը: Բայց նման բան տեղի չի ունենում, եւ մինչեւ օրս անհասկանալի է, թե ինչու: Ի՞նչ է, նրանք բոլորը ավելի բախտավո՞ր էին, քան մյուսները, իսկ գուցե ավելի խելո՞ք, իսկ գուցե ավելի օրինապա՞հ: Իսկ գուցե գիտեին խաղի այնպիսի կանոններ, որ մյուսնե՞րը չգիտեին: Եթե այդպես է, ովքե՞ր էին սահմանել այդ կանոնները, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում, եւ որո՞նք էին այդ կանոնները: Եւ ամենակարեւորը. ինչո՞ւ դրա մասին մյուսները չգիտեին, Ազատության հրապարակում կանգնած տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուրավոր քաղբանտարկյալները, զոհերը ի վերջո:

Տեր-Պետրոսյանը, այսպիսով, անվտանգության, ընդդիմադիր դաշտում գերակայությունը պահպանելու, գուցե՝ նաեւ այլ նկատառումներով քաղաքական առասպելի տիրույթից աննկատ քայլերով տեղափոխվեց քաղաքական խաբեության տիրույթ: Հետագա գործունեության ընթացքում այդ քաղաքական խաբեությունը պետք է վերածվեր քաղաքական բեմադրության: Այդ ներկայացումը գագաթնակետին հասավ 2011-ի գարնանը, երբ Հայ ազգային կոնգրեսի՝ Մատենադարանի մերձակայքում հրավիրած հանրահավաքի մասնակիցները երթով ազատագրեցին Երեւանի Ազատության հրապարակը: Եթե հիշում եք, 2008 թվականի Մարտի 1-ից հետո Ազատության հրապարակը փակվեց ցուցարարների առաջ: Սկզբում հրապարակը քանդեցին՝ ստորգետնյա ավտոկանգառ կառուցելու համար: Բայց նույնիսկ շինարարության ավարտից հետո իշխանությունները թույլ չէին տալիս հանրահավաքների անցկացումը այդ վայրում: Եւ ահա, 2011 թվականի մարտի 17-ին Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքից հետո Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ժողովրդին երթով առաջնորդում է դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանց դիմավորում են ոստիկանական կուռ շարքերը: Կարճ բանակցություններից հետո ոստիկանները, գեներալ Սաշիկ Աֆյանի հրամանով, տեղի են տալիս, եւ եռամյա դադարից հետո ժողովուրդը կրկին մտնում է Ազատության հրապարակ:

Այն ժամանակ շշուկներ կային, թե սա կուլիսային ինչ-որ պայմանավորվածության արդյունք է, բայց Կոնգրեսի ներկայացուցիչները պնդում էին, թե պարզապես ոստիկանությունը չդիմացավ լայն զանգվածների ճնշումներին: Տարիներ անց, սակայն, պիտի բացահայտվի, որ հանրահավաքի նախորդ օրը՝ կեսգիշերին մոտ, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տանը, ով ազգակցական կապ ունի ընդդիմության ներկայացուցիչներից մեկի հետ, խորհրդավոր հանդիպում է տեղի ունեցել:

Ընդդիմադիր լիազորված երկու ներկայացուցիչներ, վստահելի բանակցողներ հանդիպում են ունեցել այն ժամանակ ՀՀ ոստիկանության պետ՝ տվյալ դեպքում «պայմանական հակառակորդ» Ալիկ Սարգսյանի հետ՝ քննարկելու-համաձայնեցնելու Ազատության հրապարակի հերոսական ազատագրման օպերացիան: Հասկանալի է, որ այնպես չէր, որ այդ բանակցողները պատահաբար էին հայտնվել հանդիպման վայրում: Ավելի բարձր մակարդակներում կայացվել էր սկզբունքային համաձայնություն, Ալիկ Սարգսյանն ու ընդդիմադիր բանակցողները պետք է ընդամենը քննարկեին մանրամասները, ճշտեին դետալները: Պետք է, թերեւս, շնորհակալ լինել կողմերին, որ օպերացիան պլանավորելիս չեն որոշել հավաստիության համար մի քանի զոհ տալ՝ երկու կողմերից:

Ինչեւէ, 2011-ի մարտի 17-ին տեղի է ունենում Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի «հաղթական» մուտքը Երեւանի Ազատության հրապարակ: Ազատության հրապարակում իր ունեցած ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղի ունեցածը հայտարարում է ժողովրդի առաջին հաղթանակը 2008-ի Մարտի 1-ից հետո: Բայց սա, թերեւս, առաջին դեպքն էր, որ Ազատության հրապարակ եկած հազարավոր քաղաքացիներ հիմարացվում էին այսպիսի ցինիզմով: Կամ ո՞վ գիտե՝ առաջի՞նն էր, թե ոչ: Գուցե երկրո՞րդն էր, չորրո՞րդը, տասներո՞րդը, հարյուրերո՞րդը: Հիմա արդեն ոչ ոք չի կարող վստահաբար ասել: Վստահաբար կարելի է ասել միայն մեկ բան. 2011-ի մարտի 17-ը ժողովրդին հիմարացնելու վերջին դեպքը չէր լինելու: Ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կողմից:

Ա. Սմբատյան