Վերիշեն գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Վարարակ (Գորիս) գետի ափին, մարզկենտրոն Կապանից 68 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա:
Գյուղը հիշատակվում է Գորայք (9-18դդ.), Յերիշեն, Հին Գորիս անվանումներով։ Վերիշենը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի տարածքում և շրջակայքում կան ժայռափոր բնակարաններ, դամբարանադաշտեր («Բաբախանի կալեր» մ.թ.ա. 2-1 հզմ.), գերեզմանոցներ (16-17դդ.), գյուղատեղիներ (Հին Վերիշեն, Սինդարայ, Սողթանաձոր (Ղոշաքար), արձանագրված ժայռաբեկոր (1924թ., X դարում վերակառուցված ջրանցքի մասին)։
Գյուղում կա երկու եկեղեցի՝ Սբ.Հռիփսիմե և Սբ.Նորակնանք: Հատկապես նշանավոր է Սբ.Հռիփսիմեն (4-5դդ.), որը Հայաստանի միանավ հուշարձաններից չափերով ամենախոշորն է (երկարությունը՝ 27.3մ)։ Ըստ դռան ճակատային արձանագրության, այն հիմնովին վերակառուցվել է 1621թ։
Այսօր Վերիշենը Գորիս խոշորացված համայքնի մաս է կազմում: Ըստ մարզպետարանի տվյալների, ունի 2096 բնակիչ:
Վերիշենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – չի նշվում,
1873 թվական – չի նշվում,
1886 թվական – հաշվվել է Գորիս քաղաքի կազմում,
1897 թվական – 351 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1919 թվական – 1500 հոգի,
1922 թվական – հաշվվել է Գորիս քաղաքի կազմում,
1926 թվական – 866 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 863-ը՝ հայ, 3-ը՝ պարսիկ,
1931 թվական – 990 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Վերիշենն ունեցել է.
1939 թվական – 918 հոգի,
1959 թվական – 1149 հոգի,
1970 թվական – 1669 հոգի,
1979 թվական – 1727 հոգի,
1989 թվական – 1859 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Դիտել նաև՝













