Կապանի Կավարտ գյուղի Սուրբ Խառալամպի հունական եկեղեցին

2426

Նյութը՝ Գրիշա Սմբատյանի «Սյունիքը փորձության մեջ» գրքից, լուսանկարը՝ Արմինե Հովհաննիսյանի

Հունական Սբ Խառալամպի եկեղեցին

Հարազատ մնալով հունական գաղութների հիմնադրման հազարամյակների ավանդույթներին՝ հույները ծրագրեցին իրենց համար առանձին բնակավայր հիմնել: Գյուղը կառուցվեց Մարգի բարձունքում՝ Կռկոռա քարի լանջին: Բարձունքում լինելու պատճառով ինչ-որ մեկի կողմից կնքվեց թուրքերեն Բաշքենդ (գլուխ և գյուղ բառերից) անունով: Բաշքենդի տարածքը հարմար էր՝ բարձր դիրք, ջրեր, անտառներ՝ և՛ արևկող, և ՛ զով:

Համաձայն Կավարտի մասին պատմող գրքի` Բաշքենդում բնակություն է հաստատել 128 հույն, մեծավ մասամբ՝ երիտասարդ: Վերջիններիս հետևեցին հույն աղջիկները, եկան, ամուսնացան, կազմեցին ընտանիքներ: Սիգան պատմում է. << Երբ հույների եկամուտներն ավելացան, բերել տվին իրենց բարեկամներին և դարձան 40 տնտեսություն: Հետո տնտեսությունների քանակն ավելացավ: Նրանք ռուսական հպատակություն ընդունեցին, բերել տվեցին ռուսերենի դասատու, բացեցին ռուսական դպրոց: Իրենք ռուսերեն չգիտեին, բայց սերունդը սովորեց ռուսերեն: Եկեղեցին նույնպես ռուսական ձևով կառուցեցին: Այն կառուցել տվեց Ուստա Ալավերդին >>:

<<Կոնդուրովները հայտնի են իրենց բարենպաստ գործունեությամբ, որոնց պապը` Խարլամպին (ժողովրդի մեջ հայտնի էր Ուստա Ալահվերդի անունով) շինել է տվել կամուրջներ գետակների վրա և մի հոյակապ եկեղեցի Բաշքենդ հունաբնակ գյուղում>>,- գրում է <<Մշակը>> :

Եկեղեցու մուտքի ճակատին ամրացված մարմարե տախտակի վրա շինարար վարպետը ռուսերեն լեզվով արձանագրել է. << Քրիստոսի ծննդից հետո, 1865 թվականին, Համառուսաստանյան կայսր Ալեքսանդր 2-րդի թագավորության և Կովկասի փոխարքա մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչի օրոք, Վրաստանի պատրիարք , արքեպիսկոպոս, պայծառափայլ Եվսեի օրոք, տաճարս կերտվեց Կավարտի պղնձաձուլական գործարանին կից, կամքով Գյումուշխանեի փաշայության… ի հիշատակ սուրբ տառապյալ Խառլամպիի: Գլուխն այս շինության հանդիսանում է Խառլամպի Կոնդուրովը, նույն ինքը՝ Ալավերդինսկի >> :

Տեղացիները եկեղեցին անվանում էին բերզենների եկեղեցի, որ կնշանակի հույների եկեղեցի (<<բերզեն>>-<<հույն>> էթնանունը վրացերենով) և Սբ Կատերինա: Իրական անունն է Սբ Խառալամպի: Բարձունքին տիրող, հեռուներից տեսանելի Սբ.Կատերինան ճարտարապետական հիասքանչ կոթող է: Մուգ դարչնագույն տուֆից կառուցված եկեղեցին լույսի ու արեգակի շողերի տակ, օրվա ընթացքում տարբեր գունավորումներ է ստանում, բերում խորհրդավորության ու թեթևության զգացում: Իսկ թե որտեղից է այս քարատեսակը՝ հայտնի չէ , թեև մարդիկ այս կողմերում կարծում են, թե բերվել է ուղտերով, Շուշիի մոտակայքի քարհանքերից (Շուշիից միշտ են այստեղ ջրաղացքարեր բերվել): Կառույցին լրացուցիչ ամրություն են հաղորդում քարերը միմյանց ագուցող գամերը: Շինարարները նաև հեռվից ջուր են հասցրել եկեղեցու բակը, որի մասին են վկայում պահպանված կավե փողրակները:

Երկու մեծ երկրաշարժերի (1931թ.ապրիլի 27-ի և 1968-ի Զանգեզուրի երկրաշարժ) ու ահռելի ուժգնության հազարավոր պայթեցումներից առաջացած ցնցումներին է դիմակայել տաճարը, բայց հիմա վիրավոր, հաշմանդամ ու անպաշտպան կանգնած է անդունդի եզրին… ու չես հասկանում՝ սպասում է վերջնական կործանմանը, թե՞ փրկությանը:

Նոր հիմնված գյուղի տները փոքր էին ու միահարկ: Փոխարենը ծեփված էին, մաքուր ու սպիտակեցված: Տներում ունեին սեղան, աթոռներ, անկյունում անխտիր Աստվածամոր նկարն էր կախված: Հույները պահպանում էին ազգային ավանդույթներն ու սովորույթները, նշում եկեղեցական ու ազգային տոները: Նրանք կիրակի օրերին չէին աշխատում, օրն անցկացնում էին խնջույքներում՝ Կռկոռա քարում և Խաչին խութում: Վկայություններ կան այն մասին, որ հույները բնակություն են հաստատել նաև Շհարջիկում, որտեղից դժվար չէր աշխատանքի գալ հանքերի շրջան ու վերադառնալ: Այս անհանգիստ ու պրպտող մարդիկ ամուր էին: Նրանք հայտնվեցին նաև Շիկահողում: Հույն լեռնագործներն ուսումնասիրեցին գյուղի տարածքը ու հանք բացեցին Քրկտոր կոչվող տարածքում: Բայց նորաբաց հանքում դժբախտ ինչ-որ պատահար կիսատ է թողել նրանց գործը, և նրանք հեռացել են այստեղից՝ գյուղի հասարակաց գերեզմանատանը թողնելով << Գրեկների քարերը>> ( << գրեկ>> ՝ հույների էթնանունըէ ռուսերենով) ՝ ազգակիցների երեք շիրմաքար :

Մեր օրերում բարձունքի գյուղատեղիում հայտնված մարդիկ կնկատեն անսովոր մի բան. եկեղեցին առնվել է մետաղյա ամրագոտիների մեջ: Առաջին հայացքից անհասկանալի կարող է լինել: Բայց տեղյակ կավարտցիները ձեզ կբացատրեն՝ պայթեցումերի ավերիչ հետևանքների դեմն առնելու համար դեռևս 1950-ականներին կապանցի լեռնագործները այս կերպ փորձել են ամրացնել ու փլուզումից փրկել տաճարը: Չփլուզվեց, բայց մեզ հասավ պատերին առաջացած ճեղքերով, կամարներից թափված սրբատաշ քարերով ու ավերված տանիքով:

Հիմա արդեն հելլենների երբեմնի շեն ու բարեկարգ գյուղի տեղում ամայություն է՝ անդունդ, փլակներ ու մացառուտներ: Անցյալի լուռ վկաները կիսավեր ու խորախորհուրդ Սբ. Խառլամպին և շուրջը փռված գերեզմանատանը՝ Ապոստոլոմ Կոնդուրովի և այլոց տապանաքարերն են: Միակ կենդանի շունչն այս կողմերում սողուններն են ու մեկ էլ՝ հույների թաքցրած ոսկիների մասին առասպելներին հավատացող, մթության մեջ երբեմն խարխափող գանձախույզները: