Շիշկերտ. Կապանի գյուղաշխարհը

2532

Շիշկերտ գյուղը առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի պատմություն>> մեծարժեք գրքում: Այն հիշատակվում է Շաշիգեն, Շաշիկետ, Շաշոյգետ անուններով: Գյուղը Տաթևի վանքի հարկատու գյուղերից էր և վճարում էր 10 միավոր հարկ: Հետագայում գյուղը կոչվել է Շիշկերտ կամ Շկետ: Վերջին անունը ավելի շատ հնչեցնում են տեղացիները:

Շիշկերտը հիշատակվում է Ղուկաս Սեբաստացու <<Դավիթ Բեկի >> պատմության մեջ, որի համաձայն գյուղը հանդիսացել է Դավիթ Բեկի զորակայաններից մեկը: Տեղացիները հաղթական մարտեր են մղել խանական ուժերի դեմ՝ ամուր պահելով թե գյուղի, և թե այն ժամանակ Չավնդուր կոչվող գավառի տարածքը:

Այստեղ՝ գյուղի հին գերեզմանատանն է թաղված Դավիթ Բեկի քաջ զորավար Մեղրեցի Առաքելը, ով ավանդության համաձայն եղել է Շիշկերտ գյուղի փեսա: Հին գերեզմանատան ստորին մասում, ձորի պռնկին աչքի է ընկնում մի տապանաքար, որի վրա գուրզ է քանդակված: Դա Առաքելի տապանաքարն է:

Մեկ այլ ավանդապատում կա այն մասին, որ ապահովության համար Դավիթ Բեկը թաղվել է Շիշկերտի տարածքում:

Այս գյուղի պատմությունը ունի անհայտ էջեր: Պատմում են, որ եղել է ժամանակ, երբ բնակչությունը հեռացել է և հաստատվել հեռավոր վայրերում: Պատմում են նաև, որ գյուղը վերաբնակեցրել են Մեղրու Լիճք գյուղից այստեղ եկած հովիվները: Նրանք նկատել են քեղի և մացառուտների մեջ թաղված եկեղեցին ու ավերակ շինություններ: Նրանք այստեղ են տեղափոխել իրենց ընտանիքները, ապա հրավիրել Շիշկերտում ապրել ցանկացողներին և շունչ տվել ավերակներին: Դա տեղի է ունեցել ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմից առաջ : Ահա թե ինչու 1832 թվականի Ցարական Ռուսաստանի անցկացրած կամերալ (ծխական) նկարագրության մեջ գյուղն ունեցել է 82 բնակիչ: Հետագայում բնակչությունն աճել է: Ի դեպ, Շիշկերտում նախապես բնակություն են հաստատել նշանավոր Մելիք-Օհանջանյանները, որոնք որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո տեղափոխվել են Մեղրու Կալեր գյուղ: Վերջերս հայտնաբերված մի վավերագրի համաձայն Մելիք –Օհանջանյանները ցանկություն են ունեցել տեղափոխվել Շիկահող, բայց հետո փոխել են իրենց մտադրությունը: 1840 թ. կամերալ նկարագրության մեջ Մելիք-Օհանջանյանները հաշվառված են Շիշկերտ գյուղում:

Լեռնային այս գյուղը աչքի է ընկել առանձնապես Զանգեզուրի գոյամարտի տարիներին: Նրանք բազմաթիվ հաղթական կռիվներ են մղել մուսավաթական ուժերի և Կարմիր բանակի դեմ: Զանգեզուրի գոյամարտի շիշկերտցի նվիրյալներին բարձր է գնահատել Գարեգին Նժդեհը:

Շիշկերտը ամենահարուստ կոլեկտիվ տնտեսությունն է եղել խորհրդային ժամանակներում: Գյուղը հացով ու կարտոֆիլով կերակրել է շրջանի սովյալներին, ինչպես նաև թուրք բնակչությանը: 1968 թվականի Զանգեզուրի երկրաշարժից հետո բնակչության պահանջով գյուղը տեղափոխվեց ներկայիս Ծավ գյուղի Խաչտափ տարածքը: Սակայն տեղացիները շարունակում էին աշխատել Շիշկերտի բնական ռեսուրսներով հարուստ տարածքում: Խնդիր դրվեց վերականգնել գյուղը: Խորհրդային Հայաստանի կառավարությունը սկսեց վերականգնման աշխատանքները: Կառուցվեցին բնակելի տներ, սակայն շինարարությունը կիսատ մնաց արցախյան պատերազմի պատճառով:

Շիշկերտում է ծնվել Հայոց բանակի հրետանու գեներալ-մայոր Վլադիմիր Ասատուրի Հայրապետյանը: Շիշկերտ գյուղի զավակ է Զանգեզուրի գոյամարտի քաջարի վաշտապետ, 1937-ին գնդակահարված Պատվական Տեր Գրիգորյանը:

Շիշկերտցիները աշխատասեր են, հյուրասեր, մարդասեր: Նրանց վերագրվում է նաև մարդկային պարզ միամտություն, անկեղծություն:

Դավիթ Բեկից հետո շիշկերտցիները հեռացել են գյուղից, նրանց բազմաթիվ տապանաքարեր «Շաշկետցի» մակագրությամբ հայտնաբերվել են Զմյուռնիայի մոտերքում:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՇԻՇԿԵՐՏՑԻՆԵՐԸ ԿԱՐՏՈՖԻԼԻ

ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԵՑԻՆ ՂԱՐԱԴԱՂՈՒՄ

Շիշկերտ գյուղը իրավացիորեն համարվում է կարտոֆիլի մշակության կենտրոններից մեկը Կապանում: Թե երբ է կարտոֆիլը մուտք գործել այս գյուղը և դարձել մշակության հիմնական միջոց, հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ այս գյուղից կարտոֆիլը տարածվել է այլ բնակավայրեր և այստեղի առատ բերքը 1906-1908 թթ., Առաջին աշխարհամարտի տարիներին, Խորհրդային իշխանության առաջին տարիներին սովամահությունից փրկել է բազմաքանակ բնակչությանը՝փոխարինելով հացահատիկին: Գյուղը ունի կարտոֆիլ բառի իր բարբառային տարբերակը՝ գրդոփի: Ու քանի որ կարտոֆիլի մշակությունը տեղացիների գլխավոր զբաղմունքն էր, շրջակա գյուղերում բարձ էին գնահատում դա: Անգամ Մեծ հայրենականի տարիներին շրջակա գյուղերի թուրք բնակչությունը գալիս էր Շիշկերտ, ստանում կարտոֆիլ ու փրկվում սովամահությունից:

Շիշկերտում պատմում էին, որ շատ գյուղերում իրենք են տարածել կարտոֆիլի մշակությունը: Այսպես օրինակ, պնդում էին, որ Արաքսից այն կողմ կարտոֆիլի մշակությունը իրենց ձեռքի գործն է: Ասում են , որ երբ ցանկացել են կարտոֆիլը ուղարկել Ղարադաղ, ղարադաղցիները դիմադրել են՝ ասելով, թե <<սա ի՞նչ է, որ դրա համար Արաքսն անցնենք>>: Շիշկերտցիներն ասել են. << Սա հաց է, դուք աճեցրեք, մշակեք, և արժեքը հետո կիմանաք>>:

Լեգենդը՝ լեգենդ, բայց պարզվում է, որ այն ունի իրական պատմության հիմքեր: Այդ մասին մենք կարդում ենք Հովհաննես Հովսեփյանի <<Ղարադաղի հայերը. ազգագրություն>> գրքում: Հեղինակը գրում է, որ մոտավորապես 1910 թվակաին Ղարադաղի Պիզ սարի ստորոտին գտնվող Սարդու գյուղ հարս են տանում Շիշկերտ գյուղից: Փեսացուն ՝ Մանցուց Արշակը, երբ գալիս է Շիշկերտ աղջկան տանելու, աղջկա հարազատները որպես օժիտ տալիս են նաև կարտոֆիլ: Դրանից հետո սարդուեցիները ցանեցին կարտոֆիլը և այն տարածեցին Ղարադաղի գյուղերում:

ՆԱՏՐԻ – ՆԱՏԻՐՆ

Նատրին գյուղատեղի է, աղբյուրներում հայտնի է Նատիրն անունով: Ունի եկեղեցի, մոտ է անտառին, գտնվում է գեղատեսիլ բարձունքում, պաշտպանված է քամիներից, հարուստ է ջրերով: Ուշագրավ է, որ այս գյուղի անունը տեղացիները անցյալում համառորեն կապում էին Իրանի տիրակալ Նադիր շահի անվան հետ: Շիշկերտ գյուղից Գրիգոր Գալստյանը և Արտաշես Գրիգորյանը ասում էին, որ իրենց պապերից լսել են, որ Իրանի Նադիր Շահը իր համար որպես ամառանոց ընտրել է այս գյուղը և երկու–երեք անգամ իր թիկնապահներով ու զինվորականներով հանգիստն անցկացրել այստեղ: Տարեցները պատմում էին, որ իբր Նադիրը պահանջել է իր համար որպես ամառանոց ընտրել այնպիսի վայր, որ լինի արևկող, մոտ լինի անտառին՝ որսի համար, և որ ամենակարևորն է, Շահը պահանջել է, որ իր ամառանոցից պետք է երևան Ղարադաղի լեռները, այսինքն՝ իր հայրենիքը: Հետագայում Նադիրի անունով տարածքը կոչվել է Նատրի կամ Նատիրն: Այն, որ Նադիր շահը եղել է Ղափանում, իջել է Ողջի գետի ափին (ներկայիս Սյունիք գյուղի տարածքում), պատմական փաստ է, որի մասին վկայում են մի շարք աղբյուրներ: Բայց որևէ պատմական աղբյուր Շահի Նատրի վայրում լինելու մասին առայժմ գոյություն չունի: Նատրիում կանգուն է 17-րդ դարի միանավ եկեղեցին: Գործում է Խաչին աղբյուրը:

Այս գյուղի ուշ միջնադարից պահպանված տները կառուցված են եղել միմյանց շատ մոտ, ունեցել են մի քանի շարք: Տներն այնպես էին կառուցվել, որ մեկի տան կտուրը մյուսի համար հանդիսանում էր բակ: Ականատեսներն ասում են, որ նույնիսկ հարևան տները միմյանց հետ կապված էին պատերի մեջ փորված անցքով: Այս բոլորն արվել են բացառապես պաշտպանական նպատակներով:

Գյուղի բոլոր տները 1930-ականներին կուլ գնացին կոլխոզային ժամանակների հողաշինարարությանը ( բացվեցին արոտավայրեր) և ոչխարաբուծական ֆերմաների շինարարությանը:

17-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ.

ՇԱՀ ԱԲԱՍ ՅՈՒՐԴ և ԱՂԱ ՄԱՄԱԴ ԳՅՈՒՆԵ

Մազրա գյուղից 3 կմ դեպի հվ-արմ Մեղրու Շվանիձոր գյուղի հողային սահմանից այս կողմ գտնվում են երկու հանդամասեր, որոնք թեև հայկական անուններ չեն կրում, սակայն կապված են երկրամասի անհանգիստ ժամանակների պատմության տարբեր ժամանակների հետ: Այդ տեղանուններն են Շահ Աբաս յուրդը և Աղա Մամադ գյունեն:

Հայտնի է, որ Ղափանից գալիս և այս կողմերով դեպի Արաքսի հովիտ էր իջնում առևտրական ուղի: Առևտրականները գերադասում էին շարժվել լեռներով ու անտառներով, որտեղ հեշտ է հանգստանալ ու պատսպարվել: Արաքսի ափերով տեղաշարժվելը վտանգավոր էր, քանի որ այստեղ ճահճուտներ էին, մոծակ, սողուններ և կիզիչ արեգակ:

Լեգենդը պատմում է, որ տեղանունը կապվում է Իրանի հռչակավոր տիրակալ Շահ Աբաս Մեծի անվան հետ: Պատմությանը հայտնի է, որ Շահ Աբասը երբեք Սյունիքում չի եղել, սակայն Սյունյաց աշխարհի հետ եղել են առևտրա-տնտեսական կապեր, գործել է օրինակ հայտնի Խուդափիրինի կամուրջը: Լեգենդի համաձայն 17-րդ դարասկզբին Շահ Աբասին պատկանող առևտրական մի քարավանի առջևից գնացող հետախույզները հայտնում են, որ մի ավազակախումբ դարանակալել է և քարավանը կողոպտելու մտադրություն ունի: Քարավանատերերը ձիերը և ջորիները քշում են այստեղ, իջեցնում բեռները, պաշտպանական դիրք գրավում և սպասում ավազակախմբին: Ավազակախումբը մոտենում է և բանակցություններ սկսում առևտրականների հետ: Վերջիններս հայտնում են , որ բեռները պատկանում են Իրանի տիրակալ Շահ Աբաս Մեծին, և իրենց գործողությունների համար ավազակախումբը դաժան պատիժ կկրի: Ասում են, որ Շահ Աբասի անունը լսելուց հետո ավազակները հետ են կանգնում իրենց մտադրությունից, բացում ճանապարհը և հեռանում անհայտ ուղղությամբ: Այս դեպքից հետո տարածքը կոչվեց Իրանի տիրակալի անունով՝ Շահ Աբաս յուրդ:

Այնուհանդերձ ավազակների սև գործի վկան է Շահ Աբաս յուրդին մոտ գտնվող Աղա Մամադ գյունեն: Շիշկերտի տարեցները պատմում էին, որ Աղա Մամադ խանը, երբ գրավեց Շուշին, նրա զինվորները հասան նույնիսկ Մեղրու և Ղափանի սահմանները և դաժան ու անմարդկային թալան սկսեցին այս կողմերում: Օրերից մի օր Շիկահող, Ճակատեն, Շիշկերտ գյուղերի առևտրականներից կազմված մի քարավան, որ գալիս էր Նախիջևանի և Մեղրու կողմերից՝ իր հետ բերելով աղ, գինի, չիր, խաղող և այլ բնամթերքներ, հանկարծակի շրջափակման մեջ է ընկնում: Քարավանի ամբողջ կազմը (վկայում էր շիկահողցի Սաշա Մարտիրոսյանը)՝ շուրջ 18 հոգի, ենթարկվեց սպանդի: Հենց այստեղ էլ թաղվեցին առևտրականները: Երկար ժամանակ նշմարվում էին նահատակների վրա դրված տապանաքարերը: 18-րդ դարավերջի (Աղա Մամադ շահը սպանվեց 1797 թ. Շուշիում) այս իրադարձության արձագանքը Մեղրու լեռնաշղթայի տեղանունն է՝ Աղա Մամադ գյունե (գյունե թուրքերենից՝ արևկող):

ՇԻՇԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

  1. Գյուղատեղի Մազրա՝ 16-20-րդ դդ., գյուղից 5 կմ հվ, ապաբնակեցվել է 1939 թվականին
  2. Գյուղատեղի Շիշկերտ՝ 17-20-րդ դդ., գյուղից հս, սարալանջին, ավերված է
  3. Եկեղեցի՝ գտնվում է գյուղամիջում, 17-րդ դար և 17-19-րդ դդ.-ով թվագրվող գերեզմանատուն
  4. Միանավ եկեղեցի Սբ Հռիփսիմե՝ 17-րդ դար, գտնվում է Մեղրի տանող ճանապարհին
  5. Ջրաղացներ՝ հինգ հատ, և ձիթհան՝ մեկ հատ, Շիշկերտ գետի վրա: Ջրաղացքարերը և ձիթհանի քարը բերվել են Շուշիից
  6. Միանավ եկեղեցի ՝ 17-րդ դար, գտնվում է գյուղից 2 կմ հս-արմ, գետի աջ ափին, <<Նատրի >> վայրում , հնագույն Նատիրն բնակավայրն է
  7. Ուշ միջնադարյան գերեզմանատուն՝ 17-19-րդ դդ., << Քսաջուր >>-ի եկեղեցիներից հս, անտառապատ թեք լանջին
  8. Վասու վերընգած՝ տարածք Մազրա գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա: Կապվում է ազնիվ մի մարդու՝ Վասիլի անվան հետ: Վասիլը հինգ որդիների հայր էր: Նկատում է, որ որդիները զբաղվում են անասնագողությամբ: Նրա խնդրանքները, բազում սպառնալիքները արդյունք չեն տալիս: Հայրը հայտնում է, որ գնում է իշխանություններին բողոքելու: Որդիները դարանակալում են հորը և սպանում:Հանցագործությունը բացահայտվում է, մեղավորները անցնում են Արաքսը և հաստատվում Իրանում
  9. Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մազրեցիներին նվիրված հուշակոթող՝ 1967 թ.,գտնվում է գյուղից 2.6 կմ հվ, <<Ներքին Մազրա>> գյուղատեղիում
  10. Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված շիշկերտեցիներին նվիրված հուշակոթող՝ 1967 թ.,գտնվում է գյուղի արլ եզրին
  11. Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված 76-րդ հրաձգային դիվիզիայի 21-րդ գվարդիական տանկային բրիգադի հրամանատար Նավասարդ Հարությունյանին նվիրված հուշաղբյուր՝ գտնվում է գյուղից 4 կմ արլ, Շիշկերտ – Ծավ ճանապարհի ձախ հատվածում, կառուցվել է 1990 թ.

ՇԻՇԿԵՐՏԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

  1. Քարի աղբյուր
  2. Յոթնաղբյուր
  3. Նատրիի (Նատիրն) Խաչին աղբյուր
  4. Քյունգի աղբյուր
  5. Նավի աղբյուր
  6. Քսաջուրի աղբյուր
  7. Գետ Սպիտակ ջուր
  8. Քաշկեն (քաջքերի) քար
  9. Քյահրիզ ՝ գտնվում է գյուղի արևմուտքում, հորդառատ սառը աղբյուր է, հայտնի է իր համով ու որակով: Բնակչությունը անցյալում օգտվել է հենց այս աղբյուրից
  10. Անապատեր՝ Ծավ-Շիշկերտ ճանապարհի վրա, գյուղից 7-8 կմ հեռավորության վրա: Հավանաբար այդպես է կոչվում ճգնակյացների բնակատեղի լինելու պատճառով
  11. Շահ Աբաս յուրտ՝ գտնվում է Մազրա գյուղից 3 կմ դեպի հվ-արմ, հայտնի է, որ այստեղ 1921 թվականին երկար ժամանակ մարտեր են մղվել ինքապաշտպանական ուժերի և Կարմիր բանակի միջև

 

Արմինե Հովհաննիսյան

«Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր

Հղումը՝ https://www.visitkapan.am/villages/64–.html