1923թ. հունվարին ՀՍԽՀ ժողկոմխորհն ընդունում է «Էջմիածնի վանական թանգարանի պետականացման մասին» դեկրետը։ Համաձայն որոշման՝ Էջմիածնի թանգարանի պատմական արժեք ներկայացնող նմուշները պետք է հանձնվեին Լուսավորության ժողկոմին։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ «Էջմիածնի վանական միաբանության ներքո գտնվող թանգարանը իր հնագիտական, ազգագրական եւ գեղարվեստական ժողովածուներով պահվել է անխնամ վիճակում եւ չի օգտագործվել գիտական ու լուսավորական նպատակներով»։
«Խորհրդային Հայաստան» թերթն էլ իր հերթին խմբագրականում նշում էր, որ Էջմիածնի թանգարանի անմխիթար վիճակը քննարկվել էր դեռեւս նախորդ տարի, սակայն իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր չէին ձեռնարկվել։ Միաժամանակ, Լուսժողկոմատին հանձնարարվում էր հատուկ հրահանգ մշակել, թե ինչպես են օգտագործվելու թանգարանի նմուշները եւ համաձայնեցնել այն Ժողկոմխորհի հետ։

Նույն թվականի մարտին Ժողկոմխորհը որոշում է առգրավել նաեւ Էջմիածնի վանքապատկան հողերը։ Շուրջ 340 դեսյատին հողն առգրավվում է։ «Ժողկոմխորհի որոշումը Հողժողկոմը պետք է կատարի երկու շաբաթում։ Էջմիածնում հավաքված գաղթականներն էլ մի ժողով են ունեցել, որտեղ պահանջել են հետ խլել այդ հողերը եւ տալ իրենց։ Գաղթականների ժողովը խոստացել է այդ գրաված հողերում ցանել մեծ չափով բամբակ»,- ազդարարում էր «Մաճկալը»։
Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1923 թվական, Մեդիամաքս
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Դիտել նաև՝
Խորհրդային Հայաստանը 1923-ին և ԼՂԻՄ-ի ձևավորումը













