Հայաստան-Թուրքիա արձանագրության նախագիծը. 1992-1993 թթ

821

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

Նախագահ Տեր-Պետրոսյանը 1992թ. սկզբին հույս ուներ, թե Երևանն ու Անկարան լեզու կգտնեն. ՙՎստահ եմ, որ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն նախքան ամառը: Տեխնիկական հարցերն արդեն կարգավորված են, սկզբունքային համաձայնություն է տրված ինչպես Երևանում, այնպես էլ` Անկարայում: Որոշ հայեր պահանջում են, որ Անկարան պաշտոնապես ճանաչի 1915թ. ցեղասպանությունը, մինչդեռ թուրքերից ոմանք ստիպում են, որպեսզի Երևանը պաշտոնապես հրաժարվի Մեծ Հայաստանի գաղափարից: Սակայն երկու մայրաքաղաքները համաձայն են ոչ մի նախապայման չդնել դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս՚:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության վրա հայկական կողմից աշխատում էին նախագահի խորհրդական Լիպարիտյանն ու հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, թուրքական կողմից` արտգործնախարարություն դիվանագետները Ջանդան Ազերի գլխավորությամբ: Հայաստանի արտգործնախարարությունը, փաստացի, դուրս էր թողնվել գործընթացից: Երբ Րա‎ֆֆի Հովհաննիսյանին հարցրեցի 1992թ. հայ-թուրքական արձանագրության նախագծի բովանդակության մասին, պատասխանեց. ՙՉզարմանաք, տեղյակ չեմ՚:

Վահան Փափազյանը, ով 1993թ. փետրվարին արտգործնախարար նշանակվեց, ասում է. ՙՄոտեցումը հետևյալն էր` այո, կան խնդիրներ, բայց պետք է աշխատենք արձանագրությունների վրա: Երկու էջանոց տեքստ էր, սեղմ, զուսպ, փորձ էր արվել այնպես անել, որ բոլոր բարդ խնդիրները շրջանցվեն: Խոսք եղավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, կողմնակիորեն պետք է ճանաչվեին երկու երկրների տարածքային ամբողջականությունները` առանց նշելու այս կամ այն պայմանագիրը՚:

Լիպարիտյանը նշում է, որ սկզբնական շրջանում արձանագրության վրա աշխատանքը հուսադրող էր: Երկկողմ հարաբերություններ հաստատելու նպատակով թուրքական պատվիրակությունը Երևան եկավ 1992թ. օգոստոսին, երկօրյա բանակցությունների ընթացքում ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը նախապայմաններ չդրեցին. ՙԲեմահարթակն ազատ էր երկրորդ գործողության համար: Արձանագրության տեքստի ստեղծման շուրջ բանակցությունները 1992թ. աշնանն ու 1993-ի ձմռանն առաջ էին գնում բնական կերպով: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը գրեթե ավարտվել էր, բացի մեկ հարցից` գոյություն ունեցող սահմանների ճանաչման ձևակերպումը: Թուրքական կողմը խորհում էր հայկական առաջարկի շուրջ, երբ իրադարձությունները քննարկումներից առաջ ընկան: 1993-ի ապրիլին հայկական կողմը գրավեց Քելբաջարը` Ղարաբաղի և Հայաստանի միջև ընկած մեկ այլ ադրբեջանական շրջան, որտեղից Ադրբեջանը հրետակոծում էր և Ղարաբաղը և Հայաստանը: Թուրքիան ընդհատեց բանակցությունները: Բացի այդ, դադարեցրեց Հայաստան ցորենի տարանցիկ մատակարարումները՚:

1992թ. նոյեմբերին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ՙվերջնականապես համաձայնեցված է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը՚ և դեպքերի հաջող զարգացման դեպքում ՙմինչև տարեվերջ հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը՚. ՙԵս հեռախոսազրույց ունեցա վարչապետ Դեմիրելի հետ, ինքն էր զանգահարել: Զրույցի ժամանակ ես բարձրացրի ևս մեկ հարց. Գերմանիայից և Բուլղարիայից էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստան ապահովել Թուրքիայի ցանցերի միջոցով: Վարչապետը խոստացավ կարգավորել նաև այդ հարցը, նա հանձնարարեց իրենց էներգետիկներին զբաղվել այս հարցով: Հաջողության դեպքում այս ձմեռ մենք 100-150 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա կստանանք նաև այս ճանապարհով՚:

Ջանդան Ազերը ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախագիծը ՙ95 տոկոսով պատրաստ է՚, բայց Անկարայի կողմից հնարավոր չէ քայլեր ձեռնարկել, քանի դեռ չի լուծվել ԼՂ հակամարտությունը:

Հոկտեմբերի երկրորդ կեսին Թուրքիա էր այցելել Հայաստանի պատվիրակությունը Լիպարիտյանի և Շահնազարյանի գլխավորությամբ: Նրանց ընդունում է նաև արտգործնախարար Չեթինը:

Շահնազարյանի խոսքերով` ՙըստ էության համաձայնվեցինք հայ-թուրքական արձանագրության նախագծի շուրջ, հավանաբար 95 տոկոսով՚. ՙԱյն հավասարակշռված էր, որևէ նախապայման չէր պարունակում, չկար անդրադարձ պատմությանը: Արձանագրության չհամաձայնեցված կետերից էր Կարսի պայմանագրին հղումը, որը վերցված էր փակագծերի մեջ: Մենք համաձայն չէինք, իսկ Թուրքիան պնդում էր դա: Հետո ես հեռախոսով զանգ ստացա Թուրքիայի արտգործնախարարությունից, որ իրենք համաձայն են այդ կետը հանել: Մեր հակափաստարկն էր` եթե հղում է արվելու միջազգային մի պայմանագրի, ապա հղում արվեն հայ-թուրքական բոլոր պայմանագրերին: Հայոց ցեղասպանությունը մեզ համար պատմական իրողություն է և դա քննարկման առարկա չէ, թուրքերի համար դա ցեղասպանություն չէ և քննարկման առարկա չէ, ուրեմն թողնում ենք պատմությանը: Սա էր երկկողմ ըմբռնումը: Հայ-թուրքական հարաբերությունների ապագան պատմությունում որոնելը կործանարար ճանապարհ է՚:

Նոյեմբերի 16-19-ը Հայաստանից պատվիրակություն է մեկնում Անկարա: Այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարությունները ստորագրում են Հայաստանի և Թուրքիայի միջև առաջին միջգերատեսչական պայմանագիրը, որի համաձայն դեկտեմբերի 1-ից Թուրքիայից պետք է էլեկտրաէներգիա առաքվեր Հայաստան: Այն պետք է ստացվեր Ռումինիայից և Գերմանիայից` Թուրքիայի տարածքով` 40 մեգավատ ժամ:

Դեկտեմբերի 14-15-ը Ստոկհոլմում կայացած ԵԱՀԽ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունենում պաշտոնակատար Արման Կիրակոսյանի զրույցը Թուրքիայի արտգործնախարար Չեթինի հետ:

1992թ. դեկտեմբերի 29-ին տեղի է ունենում Տեր-Պետրոսյանի հեռախոսազրույցը Դեմիրելի հետ, որի ընթացքում Թուրքիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնում շարունակել Հայաստան հացահատիկի առաքումները, ինչպես նաև` քննարկել երրորդ երկրներից Թուրքիայի տարածքով Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը:

ՙՀայաստանը և Թուրքիան ունեն ակնհայտ փոխադարձ շահեր, որոնք հիմք են առևտրական, տնտեսական հարաբերություններ հաստատելու համար: Լինելով փոխշահավետ, հարաբերություններն այնքան թանկ են կողմերի համար, որ նրանք պետք է խուսափեն միմյանց քաղաքական նախապայմաններ թելադրելուց: Այս տեսակետն ընդհանուր առմամբ ընդունվում էր նաև Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից: Սակայն վերջին շրջանում թուրքական կառավարության որոշ ներկայացուցիչների ելույթներում նկատվում են այս սկզբունքին հակասող հայտարարություններ՚,- ասում էր Տեր-Պետրոսյանը:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: