Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից
Թուրքիայի նախագահ Դեմիրելը 2000թ. հունվարին ուղերձ հղեց Հայաստանի իր գործընկերոջը`Ռոբերտ Քոչարյանին, նշելով, որ ՙխաղաղություն, կայունություն և բարեկեցություն հաստատելու համար մեր պատասխանատվությունը տարածաշրջանի համար ընդհանուր է՚, իսկ ՙմինչև այժմ Կովկասում առկա չկարգավորված որոշ հարցեր խոչընդոտում են մեր տարածաշրջանում կայունության հաստատմանը՚: Դեմիրելը գրում էր, որ հանդիպումներ է ունեցել Ալիևի ու Շևարդնաձեի հետ: ՙԵս թարմացնում եմ ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում իմ արած առաջարկությունը Կովկասում բազմակողմ համագործակցության ֆորում-դաշինքի ստեղծման վերաբերյալ: Գաղափարը, որը պաշտպանել են Ալիևը և Շևարդնաձեն կողմից, խաղաղություն, կայունություն և բարեկեցություն կբերի ոչ միայն կովկասյան տարածաշրջանին, այլ ողջ Եվրասիային՚:
Թուրքական կողմի այս և հետագայում առաջարկած ՙֆորում-դաշինք՚-ների ու ՙպլատֆորմ՚-ների նախաձեռնությունը չէր կարող կյանքի կոչվել բազմաթիվ պատճառներով: Թուրքիան փակ է պահում իր հարևան Հայաստանի հետ սահմանը, հրաժարվում է նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ղարաբաղյան հարցում բացահայտ աջակցում է Ադրբեջանին: Բացի այդ, նման ձևաչափերով համագործակցության արդյունավետությունը չնչին է, հաշվի առնելով տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Համագործակցության պատրաստակամության նման հայտարարություններով Անկարան հավանաբար ձգտում էր միջազգային հանրությանը ասել, որ իր քաղաքականությունը Երևանի նկատմամբ կառուցողական է, իսկ աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի շրջանառումը միայն կբարդացնի հայ-թուրքական (գոյություն չունեցող) երկխոսությունը:
Այն օրերին, երբ Դեմիրելը ուղերձ էր հղել Քոչարյանին, Ֆրանսիայի Սենատում քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը: 2000թ. փետրվարի 22-ին նախագահ Դեմիրելը և վարչապետ Էջևիթը նամակ էին հղել Ֆրանսիայի իրենց գործընկերներ Շիրակին ու Ժոսպենին, շեշտելով, որ ցեղասպանության ճանաչումը կվնասի թուրք-ֆրանսիական հարաբերություններին:
ՙԱնկարան պատրաստ է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ, մինչդեռ օրինագծի հաստատումը կխոչընդոտի այդ գործընթացին՚,- իր գործընկերոջը գրել էր Էջևիթը:
2000թ. նոյեմբերի 7-ին, երեքուկեսժամյա գիշերային քննարկումներից հետո, Ֆրանսիայի Սենատը ճանաչեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը:
Տարվա ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին կամ նախկին ճանաչումը վերահաստատեցին Շվեդիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը զեկույցի տեսքով, Լիբանանի խորհրդարանը, Ուրուգվայի Սենատը, Եվրախորհրդարանը, անուղղակի կերպով` Իտալիայի պատգամավորների պալատը:
Նոյեմբերին Վատիկանում Հովհաննես Պողոս Երկրորդի պապի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ստորագրած համատեղ հայտարարության մեջ օգտագործվել էր ՙցեղասպանություն՚ բառը:
2000թ. հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նախագահ Բիլլ Քլինթոնի միջամտությունից հետո հանվեց Ներկայացուցիչների տան օրակարգից: Քլինթոնն իր քայլը փաստարկել էր նրանով, թե Մ. Նահանգները չպետք է վնաս հասցնեն մահմեդական առանցքային դաշնակից Թուրքիայի հետ կապերին:
Նախագահ Քոչարյանը ՙմեծ նվաճում՚ որակեց թիվ 596 օրինագծի շրջանառության փաստը, քանի որ ՙայսպիսի լայն քննարկումներ ցեղասպանության հարցը երբեք չի ունեցել՚: ՙՈչ ոք չի կասկածում, որ այդ որոշումը կարող էր անցնել, եթե դրվեր քվեարկության՚,- ՙՌոյթեր՚-ին ասել է Քոչարյանը:
Թուրքիայի արտգործնախարարությունը տարածեց հաղորդագրություն, հիշեցնելով, որ ՙԹուրքիան 1991թ. ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը` պայմանով, որ նա կհարգի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները հարևանների` այդ թվում և Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցելիս, ինչպես նաև` սահմանների անձեռնամխելիության միջազգայնորեն ընդունված սկզբունքը՚:
Թուրքերի կարծիքով` ՙՀայաստանը վարում է միջազգային սկզբունքներին հակասող քաղաքականություն, ինչը և խանգարում է Երևանին` բնականոն դարձնելու հարաբերությունները Անկարայի հետ: Մենք բացատրեցինք Հայաստանին, որ հաշտվի իր պատմության հետ և վերջ տա հարևանների նկատմամբ թշնամանքի քաղաքականությունը՚:
Մինչ այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն էր տարածել հունիսին` կապված Կարսից հայկական պատվիրակության վտարման հետ: Թուրքական կողմը սպառնալից տոնով ընդգծում էր, որ ՙՀայաստանի հանդեպ քաղաքականությունը մնում է անփոփոխ, իսկ հարկ եղած դեպքում մենք կրկին նույն կերպ կվարվենք՚: Թուրքիայի ԱԳՆ փոխխոսնակի հայտարարության մեջ նման վարվելակերպը պատճառաբանվում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի ջանքերով և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքով:
Ի պատասխան, Հայաստանի արտգործնախարարությունը ափսոսանք հայտնեց, որ ՙթուրքական իշխանությունները պաշտոնապես հրավիրված հայկական պատվիրակությանն արգելել են մասնակցել Կարսի համաժողովին՚, իսկ ՙմիջադեպը համահունչ չէ վերջերս հայ-թուրքական երկխոսության մեջ արձանագրված առաջընթացին և չի նպաստում տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատմանը՚:
Կարսում տեղի ունեցած միջադեպը ուշագրավ էր նաև նրանով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմամբ ամենից շատ շահագրգռված է հենց Կարսի մարզի բնակչությունը:
Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուի նախաձեռնությամբ սահմանի բացման օգտին կազմակերպված ստորագրահավաքին մասնակցեց շուրջ հիսուն հազար մարդ: Սակայն այս նախաձեռնությունները վիժեցնել ցանկացողների ջանքերը ապարդյուն չանցան: Չորս անձից կազմված հայկական պատվիրակությանը նոր էր տեղավորվել Կարսի հյուրանոցներից մեկում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը` ներկայացնելով արտաքին և ներքին գործերի նախարարությունների հրամանը, հրավիրյալ հայերից պահանջում է անհապաղ լքել Թուրքիայի տարածքը: Նա տեղում կազմեց արձանագրություն և ոստիկանական մեքենայով հայերին սահման տանելով` երկրից դուրս հանեց:
Հայաստանի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում գործադրած ջանքերը նյարդայնացրեցին թուրքերին և նրանք, ի պատասխան, կոշտացրին վիզային ռեժիմը:
2001-2002 թթ. Հայաստանի քաղաքացիները հնարավորություն չունեին Թուրքիա մուտք գործելու համար, ինչպես այլ երկրների քաղաքացիները, մուտքի այցագիր ստանալ օդանավակայաններում կամ ցամաքային սահմանադռներին: Հայաստանի քաղաքացիները մոտ մեկ տարի երրորդ երկրներում էին ստանում այցագրեր:
Photo – Կարսը, լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի
Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:













