Ալեքսանդրապոլի գավառ. տարածքը և բնակչությունը 1831-1918 թվականներին

2696

Ալեքսանդրապոլի գավառը ձևավորվել է 1840 թվականին և մտել Ռոմանովների Ռուսաստանի Վրաց-իմերեթական նահանգի կազմ:

1840-ի ցարական վարչական նոր բաժանումով Հայկական մարզը լուծարվել և միացվել էր նորաստեղծ Վրաց-իմերեթական նահանգի հետ:

Նիկոլայ Առաջին ցարը 1844-ին Կովկասի փոխարքա նշանակեց կոմս Միխայիլ Վորոնցովին, ով հաջորդ տարվա գարնանը հասավ Թիֆլիս: Կոմս Վորոնցովը 1845-ին կատարվեց վարչական նոր բաժանում: Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և կազմվեց Քութայիսի նահանգը:

Կոմս Վորոնցովը հայերի համակրանքը շահելու նպատակով 1849-ին Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և ստեղծվեց Երևանի նահանգը, որը, նախկին Հայկական մարզի տարածքից բացի, իր մեջ ներառեց նաև Ալեքսանդրապոլի գավառը:

1917 թվականի դրությամբ (Ռոմանովների դինաստիայի անկման տարին) ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния)՝ Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի, Թիֆլիսի և Քութայիսի,  3 շրջան (область)՝ Կարսի, Բաթումի ու Դաղստանի, և 1 մարզ (округ)՝ Զաքաթալի (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, բնակեցված է նաև մուսուլման վրացիներով և կովկասյան ժողովուրդներով):

Երևանի նահանգը, որի մի հատվածի վրա 1918-ի մայիսին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը (սկզբնական շրջանում՝ մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր), բաժանված էր 7 գավառների, որոնք ռուսերենով անվանվում էին уезд` Ալեքսանդրապոլ, Էջմիածին, Երևան, Նոր Բայազետ, Շարուր-Դարալագյազ, Սուրմալու, Նախիջևան:

1897թ Ռուսական կայսրության առաջին և վերջին մարդահամարի համաձայն, Երևանի նահանգում բնակչության թիվը կազմել է 829. 556 հոգի, որից 441.000-ը՝ հայեր, 313.176-ը՝ կովկասյան թաթարներ, 49.389-ը՝ քրդեր, 15.937-ը՝ ռուսներ, 10.054-ը՝ այլ ազգեր:

Նահանգի բնակչության ավելի քան 53 տոկոսը հայեր էին, գրեթե 38 տոկոսը՝ կովկասյան թաթարներ, 6 տոկոսը՝ քրդեր:

Յոթ գավառներից երեքում՝ Ալեքսանդրապոլ, Նոր Բայազետ և Էջմիածին, հայերը մեծամասնություն էին կազմում, մյուս չորսում՝ Երևան, Սուրմալու, Շարուր-Դարալագյազ և Նախիջևան, մեծամասնություն էին կազմում կովկասյան թաթարները:

Երևանի նահանգի ամենամեծ քաղաքը, ըստ 1897թ մարդահամարի, եղել է Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին՝ 30.616 բնակիչ: Երկրորդը Երևանն էր՝ 29.006 բնակիչ:

Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներից հետո ցարական Ռուսաստանի համար Ալեքսանդրապոլը դարձել էր կարևոր ամրություն: 1837-ին Կումայրի/Գյումրի այցելեց Նիկոլայ Առաջին ցարը և տիկնոջ՝ Ալեքսանդրայի անունով, բնակավայրը վերանվանեց Ալեքսանդրապոլ: Ցարը Ալեքսանդրապոլը վերածեց բերդ-ամրոցի: Նույն թվականին Ալեքսանդրապոլը ստացավ քաղաքի կարգավիճակ:

Եթե 1831-ին Գյումրին ուներ 3.444 բնակիչ, ապա 1873-ից մինչև 1922-ը բնակչությամբ Հայաստանի ամենամեծ բնակավայրն էր: 1897-ին Ալեքսանդրապոլի 30.616 բնակիչներից 21.763-ը հայեր էին, 5.408-ը՝ ուղղափառներ, այդ թվում՝ ռուս, ուկրաինացի, 1.263-ը՝ իսլամ, 2.182-ը՝ այլ:

Դեպի Կարս և Օսմանյան կայսրության տարածք առաջանալու հարցում Ալեքսանդրապոլը ցարական բանակի համար ուներ ռազմավարական նշանակություն: Իսկ երբ 19-րդ դարի վերջում կառուցվեց կայարան, Ալեքսանդրապոլը դարձավ երկաթուղային կարևոր հանգույցը: Թիֆլիսից Ալեքսանդրապոլ հասած երկաթգիծը շարունակվեց դեպի Կարս և Երևան: Ալեքսանդրապոլը դարձավ քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային կենտրոն: Այստեղ գործում էին բազմաթիվ արհեստանոցներ ու խանութներ, եկեղեցիրներ ու դպրոցներ, կար օրիորդաց գիմնազիա, առևտրական ուսումնարան, կինոթատրոն, դրամատուն, տպագրվում էին թերթեր ու գրքեր, աշխատում էին կաշվի, գարեջրի, օճառի ու այլ ձեռնարկություններ:

Ալեքսանդրապոլի գավառում, ըստ 1897թ մարդահամարի, հայերի թիվը 85.5 տոկոս էր, թաթարներինը՝ 4.7, ռուսներինը՝ 3.4, քրդերինը՝ 3 տոկոս: Ալեքսանդրապոլի գավառում բնակչության թիվը 165.503 էր, գավառի տարածքը՝ 3303,7 վերստ2:

1918 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Ալեքսանդրապոլի գավառը Օսմանյան կայսրության գրավման տակ էր:

1918-ի դեկտեմբերին գավառը և Ալեքսանդրապոլը մաս կազմեցին ՀՀ-ին, երբ Օսմանյան կայսրությունը իրեն պարտված հռչակեց Առաջին աշխարհամարտում և զորքերը դուրս քաշեց Անդրկովկասից:

Ալեքսանդրապոլ քաղաքն ու գավառը ՀՀ կազմում մնացին մինչև 1920թ. նոյեմբերի 6-ը, երբ թուրք-քեմակականները զավթեցին այն և այնտեղ մնացին մինչև 1921թ. ապրիլի 22-ը:

1921-ի ապրիլին Ալեքսանդրապոլն ու գավառը մաս կազմեցին Խորհրդային Հայաստանի:

Թաթուլ Հակոբյան