Շիշկերտ գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում: Գտնվում է Խուստուփ լեռան լանջին, Ծավ գետի ձախակողմյան Շիշկերտ վտակի ափին, Ծավ գյուղից 12 կմ հյուսիս-արւմուտք:
Շիշկերտը Տաթևի վանքի հարկատու գյուղերից էր և վճարում էր 10 միավոր հարկ: Գյուղը հիշատակվում է Ղուկաս Սեբաստացու Դավիթ Բեկի պատմության մեջ, որի համաձայն գյուղը հանդիսացել է Դավիթ Բեկի զորակայաններից մեկը:
1968 թվականի Զանգեզուրի երկրաշարժից հետո բնակչության պահանջով գյուղը տեղափոխվեց ներկայիս Ծավ գյուղի Խաչտափ տարածքը: Սակայն տեղացիները շարունակում էին աշխատել Շիշկերտի բնական ռեսուրսներով հարուստ տարածքում: Խնդիր դրվեց վերականգնել գյուղը: Խորհրդային Հայաստանի կառավարությունը սկսեց վերականգնման աշխատանքները: Կառուցվեցին բնակելի տներ, սակայն շինարարությունը կիսատ մնաց:
Շիշկերտի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 82 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 129 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 267 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 334 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 448 հոգի, բոլորը՝ հայ,
1914 թվական – 449 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,
1919 թվական – 498 հոգի, բոլորը՝ հայ,
1922 թվական – 566 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 549 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 643 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Շիշկերտն ունեցել է.
1939 թվական – 598 հոգի,
1959 թվական – 636 հոգի,
1970 թվական – 341 հոգի,
1979 թվական – 336 հոգի,
1989 թվական – 262 հոգի:
Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Շիշկերտն ունի 50 հոգի բնակչություն:
Շիշկերտում և հարակից տարածքում պահպանվել են պատմամշակութային մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ 17-րդ դարի 3 եկեղեցիներ:
Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
Լուսանկարում՝ Շիշկերտը 1970-ական թթ
Կարդալ և դիտել նաև՝












