Հայ-ադրբեջանական մարտերը՝ Ծիծեռնաքար և Մեծ Իշխանասար լեռների միջև հատվածում

1427

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական վերջին բախումների առնչությամբ տարածել է երկու հաղորդագրություն և երկուսում էլ նշել, որ մարտերն ընթացել են Քիլիսալի լեռան շրջակայքում։

Խորհրդային Միության զինված ուժերի Գլխավոր շտաբի 1975թ. հրատարակության ռազմական քարտեզի համաձայն, ծովի մակարդակից 2794 մետր բարձրություն ունեցող Քիլիսալի լեռան գագաթը, լեռան հյուսիսային, արևելյան ու հարավային լանջերը գտնվում են Խորհրդային Ադրբեջանի տարածքում, իսկ արևմտյան լանջի մի մասը՝ Խորհրդային Հայաստանի տարածքում։

Արդյո՞ք Ռուսաստանի ռազմական գերատեսչության համոզմամբ, նախորդ օրերին հայ-ադրբեջանական մարտական գործողությունները ընթացել են գլխավորապես Ադրբեջանի տարածքում։ «Ազատությունը» հարցում է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարություն։ Պատասխան դեռ չի սացվել։

Գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը, ով բաց աղբյուրների, արբանյակային նկարահանման միջոցով ստացված պատկերների, հայկական ու ադրբեջանական կողմերի տարածած տեսանյութերի հիման վրա նախորդ օրերին ուսումնասիրել է ռազմական գործողությունների տեղանքը, «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ մարտերը գլխավորապես ընթացել են Հայաստանի տարածքում՝ Ծիծեռնաքար և Մեծ Իշխանասար լեռների արանքում ընկած հատվածում:

«Քիլիսալը Ծիծեռնաքարի և Մեծ Իշխանասարի մեջտեղ է մոտավորապես։ Իսկ մարտական գործողությունները, ինչպես մենք ուսումնասիրեցինք առկա տեսանյութերը, որոնք կային համացանցում, գտնվում էին ավելի հարթ հատվածում։ Այսինքն՝ լեռների լանջերին չէին։ Դրանից ենթադրում ենք, որ մարտական գործողությունները ինչ-որ պահի տեղափոխվել են Քիլիսալից և Ծիծեռնաքարից դեպի ավելի հարավ, հարավ-արևմունք։ Եվ գործողությունները հիմնականում տեղի են ունեցել բուն այս հատվածում։ Ինչ-որ փուլում նրանք կարող են ավելի խորը ներթափանցած լինել, ինչ-որ փուլում հետ նահանջած լինեն մեր բանակի գործողությունների արդյունքում։ Հիմնականում ինքը ձոր է իրենից ներկայացնում, գնտվում է մոտ երկու հազար մետր բարձրության վրա ծովի մակարդակից»,- ասել է Շահինյանը։

Քարտեզագրի խոսքով, նախորդ ամիսների ընթացքում նշված հատվածում կառուցված հայկական և ադրբեջանական դիքերից մի քանիսը, համաձայն արբանյակային նկարահանումների, առնվազն մինչև վերջին ռազմական գործողությունները բավականին մոտ են եղել միմյանց, երբեմն մինչև հիսուն մետր հեռավորության վրա.

«Հիմնականում ադրբեջանական դիրքերը տեղակայված են եղել բարձունքներում… Մենք կարողացել ենք իդենտիֆիկացնել, որ մեր հայկական դիրքը ունեցել է առնվազն սահմանից մեկ կիլոմետր խորության վրա խրամատային կառույցներ»։

Շահինյանն ընդգծել է, որ բաց աղբյուրների հիման վրա հնարավոր չէ նույնականացնել, թե հայկական որ դիրքերն են կորսվել։

Մեծ Իշխանասար լեռը, ըստ ArmGeo-ի Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր կետն է: Գտնվում է Սյունիքի և Արցախի սահմանագլխին, Նորավան գյուղից 9 կմ հս.-արլ.: Բարձրությունը՝ 3549 մետր է: Լեռան հյուսիսային լանջից է սկիզբ առնում Որոտանի ձախ՝ Նորավան վտակը, հս-արմ.-ից՝ Նորավան գետի ձախ վտակ Մեծձորը, իսկ հվ-արմ. լանջից՝ Որոտանի ձախ վտակ Վաղատինը, հվ.-ից՝ Շամբ գետը: Լեռն ունի հրաբխային ծագում: Լանջերը զառիթափ են, մասնատված կիրճերով և ձորակներով:

Մեծ Իշխանասար լեռան հյուսիսում առանձնանում է Փոքր Իշխանասար լեռը: Հյուսիս արևմուտքում Իշխանասարը թամքոցով միանում է Ծղուկ լեռնազանգվածին: Արևելյան լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը՝ 2666 մ բարձրության վրա: Լիճն ունի 1,6 կմ երկարություն և 1,2 կմ լայնություն: Մակերեսը՝ մոտ 2 քառ. կմ, առավելագույն խորությունը 7,5 մ: Համարյա շրջանաձև է: Սնումը հալոցքային և մթնոլորտային տեղումներից է:

Սև լճից արևելք Սագի լիճն է: Սագի լիճը նախորդից անհամեմատ փոքր է. Ամռանը դառնում է սակավաջուր: Սև լճում 1968 թվականից բազմանում է իշխան: Սագի լճի շուրջը ցրված են փարախներ: Լճից սկիզբ է առնում Խոզնավար գետակը:

Լուսանկարում՝ Սև լիճը Իշխանասարի գագաթից