Մարմաշեն գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակարդակից ավելի քան 1500 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրի քաղաքից 7 կմ հեռավորության վրա:
Նախկինում ունեցել է Գանլըջա, Գալինջա, Գանըճա Վերին, Ղալանջա, Ղանլաչա, Վերին Ղանլիջա, Մարյամ Նիշին, Մերեմ Նիշին անվանումները: Վերին Ղանլիջայից Մարմաշեն է վերանվանվել 1946 թ ապրիլի 26-ին:
Գյուղի հարևանությամբ է գտնվում Մարմաշենի վանքը և նրա շրջակա երեք եկեղեցիները: Գյուղի անվանումը կապված է վանքի անվան հետ: Ըստ Կիրակոս Գանձակեցու վանքը իր անվանումը ստացել է իբրև մարմարակերտ լինելու պատճառով: Այդ փաստը ժխտում է Ղևոնդ Ալիշանը և վանքի անվանումը կապում է Աբխազիայի Մարիամ թագուհու հետ:
Վանքի գլխավոր կառույցը կաթողիկե ս. Ստեփանոս եկեղեցին է, որի պատերից մեկի վրա թողնված արձանագրությունը վկայում է, որ այն կառուցել է Վահրամ Պահլավունին` 988-1029թթ: Եկեղեցուն կից գերեզմանում հենց թաղված է Վահրամ Պահլավունին, նրա կինը` տիկին Սոփին: Միջնադարում այն եղել է կրոնական և մշակութայնի կենտրոն:
Այսօր գյուղի բնակչությունը 1700-ի սահմաններում է:
Մարմաշեն գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 109 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 644 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 789 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 896 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1904 թվական – 1268 հոգի
1914 թվական – 910 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1156 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 972 հոգի
1919 թվական – 1405 հոգի
1922 թվական – 551 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 743 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 476 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Մարմաշենը ունեցել է.
1939 թվական – 1066 հոգի
1959 թվական – 1334 հոգի
1970 թվական – 1404 հոգի
1979 թվական – 1341 հոգի
Խորհրդային շրջանում Մարմաշենը Ախուրյանի շրջանի գյուղերից է եղել:
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։
Դիտել և կարդալ նաև՝












