Դալլասից՝ Օսթին և Հյուսթոն, ապա Դենվեր և Լոս Անջելես. հունիսի 3-14, 2021թ (ճամփորդական նոթեր)

1971

Օդանավերում աղոթել կարելի է

«Քաթարի ավիաուղիները» իր հաճախորդներին տեղեկացնում է, որ օդանավերում աղոթել կարելի է, բայց դա պետք է անել նստած վիճակում: Կարևոր չէ՝ քրիստոնյա ես, մուսուլման կամ այլ կրոնի հետևորդ, թեև տվյալ դեպքում հասկանալի է, որ ակնարկն առաջին հերթին մուսուլմանների մասին է:

Սան Ֆրանցիսկոյից Դոհայով վերադառնում եմ Երևան: Օդային ճանապարհը 15 ժամից ավելի է: Ուղևորների մի մասը քնած է, մի մասը անհարմարությունից և անքնությունից գալարվում է նստատեղի վրա՝ փորձելով ննջելու համար հարմար դիրք բռնել, մի մասը ֆիլմ է դիտում: Միջանցքներում մարդիկ քայլում են, զուգարանների մոտ կամ որևէ հարմար տարածքում մարմնամարզություն անում:

Օդանավի պոչի հատվածում մեկ ժամից ավելի կանգնած նայում եմ ուղեկցորդուհիների աշխատանքին: Նրանք ակնհայտորեն հմայիչ են: Մեծ մասը նեղ աչքերով: Մոտենում է բարձրահասակ հավատացյալ մի արաբ և խնդրում, որ մի քիչ այն կողմ կանգնեմ:

– Ընդամենը 5 րոպե, ուզում եմ աղոթել,- բարեկամաբար ասում է նա և օդանավի հատակին փռում փոքր ծածկոց և ծնկի իջնում:

«Քաթարի ավիաուղիների» ուղեկցորդներն ու ուղեկցորդուհները հիմնականում այլ երկրներից են: Նեղ աչքերով գեղեցկուհին, հավանաբար՝ չինացի, շատ արագ մոտենում են մուսուլմանին: Ուղեկցորդուհիները սովորաբար այդպես արագ արձագանքում են, երբ օդանավերը մտնում են տուրբուլենտության գոտի: Նրանք գրեթե վազքով անցնում են շարքերով և քաղաքավարի հորդորում շտապ կապել ամրագոտիները, ուղղել նստատեղերը, մինչև կանցնի վտանգը:

Մեր մուսուլման հավատացյալը գեղեցկուհի չինացուն բացատրում է, որ աղոթքը տևելու է միայն հինգ րոպե: Ապա մոտենում է մեկ այլ ուղեկցորդուհի և կրկնում, որ օդանավում թույլատրվում է աղոթել, բայց միայն նստած վիճակում: Մուսուլման արաբը, որ Քաթարից էր, փորձում էր բացատրել, որ սա իր երկրի ավիաընկերությունն է, իր երկրի օդանավն է, իր երկիրը մուսուլմանական է և ինքն իրավունք ունի օդանավում գոնե հինգ րոպե շփվել Աստծու հետ: Զրույցը շարունակվում էր, երբ մոտենում է ուղեկցորդներից մեկը և ասում, որ օդում և օդանավերում գործում են ավիացիայի միջազգային կազմակերպությունների կանոնները, հետևաբար կապ չունի Քաթարի՝ մուսուլմանական պետություն լինելու իրողությունը:

Մոտ կես ժամ ականատես դարձա այս զվարճալի տեսարանին: Երեսուն րոպեն քիչ ժամանակ չէ 15-ժամյա ձանձրալի թռիչքը հաղթահարելու համար:

Ես հերթական ճամփորդությունից էի վերադառնում. հունիսի 3-ից 14-ը Միացյալ Նահանգների հինգ քաղաքներում տեղի հայության համար զրույց-քննարկում-դասախոսությունների շարք էի ունեցել «Հայաստանը և Արցախը՝ 44-օրյա պատերազմից հետո» թեմայով: Վերջին երեք ամիսներին դա իմ երրորդ ճամփորդությունն էր ամերիկահայ համայնքներ:

Առաջին ճամփորդության ընթացքում՝ մարտի 25-ից ապրիլի 10-ը, ես ու ընկերս՝ Արսեն Խառատյանը, կտրել էինք ավելի քան 10 հազար կիլոմետր տարածություն՝ ԱՄՆ Արևելյան ափից հասնելով Արևմտյան ափ, ապա Արիզոնայով, Թեքսասով հասել Լուիզիանա և վերադարձել Վաշինգտոն: Թեքսասի անծայրածիր անռառներն ու հատկապես Հյուսթոնը շատ էին տպավորել, և ես որոշել էի այցելել այս նահանգ: Հիմա չեմ հիշում, թե ինչպես ստացվեց Թեքսաս այցելելու հրավերը, կարծես առաջինը Էլեոնորա Սանտանան էր առաջարկել:

Վայրէջք Հյուսթոնում

Հունիսի 3-ի երեկոյան իմ բարեկամ Րաֆֆի Ղարիբյանը, որ Ժնևից Հայաստան է տեղափոխվել 2018-ին, հասցրեց Զվարթնոց, որտեղից Երևան-Դոհա-Հյուսթոն չվերթով հասա Թեքսաս: Ջորջ Բուշի անվան միջմայրցամաքային օդանավակայանում ինձ դիմավորելու էր եկել Սոֆյա Մնջոյանը:

Սոֆյա Մնջոյանը

Սոֆյան Երևանից է, Հյուսթոն տեղափոխվել է դպրոցական տարիներին՝ գիտնական ծնողների հետ: Նա Տեխասի համալսարանում ստացել է դեղագործ-դեղաբույժի որակավորում:

Ես հիմա դժվարանում եմ ասել, թե ինչպես եմ ծանոթացել Սոֆյայի հետ, ինչպես կդժարանամ ասել, թե ինչպես եմ ծանոթացել Սփյուռքում հաստատված հարյուրավոր մարդկանց հետ, որոնք տարիների ընթացքում դարձել են ընկերներ ու բարեկամներ:

Սփյուռքում դասախոսություններ կարդալու իմ մեթոդը շատ պարզ է: Ենթադրենք, ուզում եմ մեկնել Շվեյցարիա, Կանադա կամ ԱՄՆ: Նախ օդանավի տոմս եմ գնում, ապա ֆեյսբուքի իմ էջում տեղադրում պարզ ծանուցում, որ այս թվականներին այցելում եմ հետևյալ քաղաքներ և ելույթ եմ ունենալու այս թեմայով: Մարդիկ արձագանքում են, կապի դուրս գալիս, և սկսվում է պլանավորումը: Կարևոր է գտնել կազմակերպիչի և հանդիպման սրահ: Կազմակերպիչներն ու հանդիպման վայրը կարող են լինել շատ տարբեր: Ասենք, մի միջոցառումը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնական թեմի հովանու ներքո, երկրորդը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, երրորդը՝ բարեսիրական կազմակերպության, չորրորդը՝ անհատի, հինգերորդը՝ համայնքային կառույցի և այսպես շարունակ: Անգամ Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում ենք միջոցառում կազմակերպել:

Հունիսի 3-ի երեկոյան կողմ Սոֆյան դիմավորեց Հյուսթոնի օդանավակայանում: Առաջին անգամ էինք միմյանց տեսնում: Շուտ ընկերացանք ու բարեկամացանք: Ընդհանրապես, երբ մարդը քեզ անձամբ չի ճանաչում, բայց հոժարակամ կազմակերպում է քո այցը կամ հանդիպումը, դա նշանակում է, որ նա լավ մարդ է, իսկ հետագայում դառնալու է լավ ընկեր ու բարեկամ:

Իմ այցելությունների ընթացքում հիմնականում գիշերում եմ մարդկանց տներում: Շատ հազվադեպ է լինում, երբ մնում եմ հյուրանոցներում: Ժամային գոտիները հաղթահարելու և կլիմայափոխվելու ժամանակ չի լինում, հետևաբար փորձում եմ դա անել օդանավերում, այն է՝ հենց նստեցի օդանավ, անմիջապես ժամանակը փոխում եմ ամերիկյանի և քնում այն ժամերին, որ կարողանամ ոտքի վրա մնալ իմ ելույթների օրերին:

Առաջին օրը Հյուսթոնում ծանոթացա Սոֆյայի ամուսնու՝ Արամ Կարապետյանի և դստեր՝ Մայա Կարապետյանի հետ: Փոքրիկ Մայայի հետ շուտ ընկերացանք: Երեք գիշեր մնացի Սոֆյայի և Արամի հյուրընկալ հարկի տակ:

Փաշինյանը և Քոչարյանը՝ Սփյուռքում

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախում մեր կրած պարտությունը բաժանարար գծեր էր ստեղծել Սփյուռքում: Այդ գծերն անցնում էին կուսակցությունների, բարեսիրական ու այլ կազմակերպությունների, անգամ՝ ընտանիքների միջև: Ընտանիքներում թեժ բանավեճեր էին գնում, մարդիկ մտահոգված էին/են հայրենիքի ապագայով: Հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին հիմնական խոսակցությունը գնում էր չորս գործիչների և քաղաքական ուժերի շուրջ:

Առաջին խմբում մեր այն հայրենակիցներն էին, ովքեր շարունակում եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին: Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր աջակցում էին Ռոբերտ Քոչարյանին և գրեթե համոզված էին, որ Նիկոլից կարելի փրկվել, եթե հայաստանցիները քվեարկեն Քոչարյանի օգտին: Քոչարյանի գհակառակորդներն ասում էին, որ եթե նա գա իշխանության, այլևս հնարավոր չի լինի նրանից ազատվել, իսկ Նիկոլից մի օր ազատվել հնարավոր է:

Սերժ Սարգսյանը ևս քննարկման թեմա էր, ինչպես նաև այլ գործիչներ և ուժեր: Բայց ավելի շատ քննարկվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Ե՛վ Փաշինյանի, և՛ Քոչարյանի ու Սարգսյանի կողմանկիցները, և բոլոր նրանք, ովքեր մտահոգ էին/են Հայաստանի ու Արցախի ապագայով, ընդունում էին, որ 1997-ին պետք էր ականջալուր լինել Տեր-Պետրոսյանին և արժանապատիվ խաղաղություն գտնել Ադրբեջանի հետ, որպեսզի չլիներ այսօրվա ստորացումը: Քիչ չէին նաև այն հայերը, հիմնականում ՀՅԴ-ական շրջանակներից, որոնք շարունակում էին քննադատել Տեր-Պետրոսյանի արցախյան քաղաքականությունը:

Հունիսի 4-ի վաղ առավոտյան Սոֆյան ինձ հասցրեց Հյուսթոնի դաունթաուն, որտեղից ավտոբուսով ուղևորվեցի Դալլաս:

Այստեղ սպանվել է նախագահ Քենեդին

Էն խեղճ Քենեդուն ինչո՞ւ սպանեցին

Դալլասի անունը ամեն անգամ միտքս է գալիս «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը դիտելիս: Հիշում ե՞ք Ավագի և Իշխանի երկխոսությունը.

– Իշխա՛ն, էս աշխարքում քանի՞ պետություն կա:

– Դե, մենք ենք, Գերմանիան, էլ ով կա. Թուրքիան, Ամերիկան, Ֆրանսիան: Հա, Ավստրիան, Հունգարիան ու չեխերը, Հնդկաստանը, հարյուր հատ կլինի:

– Գլխավորը մենք ենք ու Ամերիկան է, չէ՞:

– Ավստրիան:

– Կարևորը մենք ենք ու Ամերիկան: Ավստրիան մանր երկիր է, մանրերի գործը հեշտ է: Մեղքս մեզ է գալիս, մեկ էլ՝ Ամերիկային, մանրերը արանքում գլուխ են պահում… մենք մեզ համար ստեղ ոչխար ենք պահում… Էն խեղճ Քենեդիին ինչի՞ սպանեցին:

– Ցավդ կտրել է՞…

– Ասա՝ վատ էր ղեկավարում, հանեիք այդ պաշտոնից, էն մարդուն ինչո՞ւ տվեցիք սպանեցիք: Թե մեր սրտով չես գնում:

– Էէ՜հ, հայի բախտ ուներ:

Դալլասում դիմավորելու էին եկել Աննա Խաչատրյանը և Վահե Դավթյանը: Աննայի հետ ծանոթացել էի Էլեոնորայի և Սոֆյայի միջոցով՝ Թեքսաս մեկնելուց շաբաթներ առաջ, իսկ Վահեին չէի ճանաչում: Աննան էր կազմակերպել իմ առաջին դասախոսությունը՝ տեղի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայր Ղևոնդ Աջեմյանի հետ: Ձեռնարկը կայացավ եկեղեցու սրահում:

Հայր Ղևոնդ Աջեմյանի, Վահե Դավթյանի, Ստեփան Թերզյանի հետ՝ Դալլասում կառուցվող եկեղեցու տարածքում

Մինչ այդ մենք օգտագործեցինք կարճ ժամանակը և ծանոթացանք Դալլասի հետ: Վահեի հետ եղանք Ջոն Քենեդու անվան թանգարանում և այն վայրում, որտեղ 1963-ի նոյեմբերին սպանվել էր ԱՄՆ նախագահը: Քայլեցինք Դալլաասի դաունթաունում: Վահեն Դալլաս է տեղափոխվել 90-ականների կեսերին՝ Մոսկվայից: Նա արմատներով մեր կողմերից է՝ Նոյեմբերյանի Արճիս գյուղից: Ապա Աննայի և Վահեի հետ ճաշեցինք և այցելեցինք կառուցվող հայկական եկեղեցու տարածք, որտեղ մեզ դիմավորեցին Ղևոն Աջեմյանն ու ճարտարապետ Ստեփան Թերզյանը: Այստեղ, եկեղեցու կողքին, լինելու են կիրակնօրյա դպրոց, մարզադահլիճ, ֆուտբոլի դաշտ: Այս խոշոր նախագծի հիմնական ֆինանսավորողը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանն է:

Դալլասի դասախոսությանը մի քանի տասնյակ մարդ էր եկել, այդ թվում իմ լրագրող գործընկերներից Տիգրան Ավետիսյանը, ով այստեղ է ընտանիքի հետ: Ձեռնարկի ավարտից անմիջապես հետո Էլեոնորա Սանտանայի հետ ուղևորվեցինք Օսթին, որտեղ կեսօրին նախատեսված էր մեր հաջորդ հանդիպումը:

Էլեոնորայի հետ՝ դեպի Օսթին

Էլեոնորան զբաղվում է անշարժ գույքի առ ու վաճառով, Թեքսաս է տեղափոխվել Երևանից:  Դալլասից Օսթին մոտ 300 կիլոմետր է՝ երեք ժամվա ճանապարհ: Էլեոնորայի հետ ևս ծանոթացել եմ ֆեյսբուքով: Ճանապարհին մենք զրուցում էինք Հայաստանի ներքաղաքական կյանքից, Նիկոլ Փաշինյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Սասնա ծռերից: Մի պահ այլևս չկարողացա զսպել քունս: Հավանաբար նաև այդ պատճառով էր, որ Դալլասից Օսթին ճանապարհը շատ կարճ թվաց: Մեքենաներում քնելը անհարմար է, բայց անվերջ ճամփորդությունները այնպես են հոգնեցնում, որ որևէ դիրքով պառկել ու քուն առնել մեքենայի մեջ, օդանավում:

Աննա Խաչատրյանի և Էլեոնորա Սանտանայի հետ Դալլասի եկեղեցու սրահում

Գիշերեցի Էլեոնորայի և նրա ամուսնու՝ Սիքստո Պավոնի հյուրընկալ ընտանիքում: Սիքստոն Դալլաս է եկել Մեքսիկայից: Նրանք երկու երեխաների՝ Ալեքսի և Լեոյի ծնողներն են: Ընտանիքը ժամանակ առ ժամանակ այցելում է Երևան, որտեղ Էլեոնորայի մայրն է բնակվում:

Օսթինի ձեռնարկը տեղի ունեցավ Ալեքս Ավետյանի ռանչոյում: Ես աշխարհի բազմաթիվ երկրներում և տասնյակ քաղաքներում եմ ունեցել դասախոսություններ, բայց առաջին անգամն էր, որ այն տեղի ունեցավ բաց տարածքում: Օսթինը Թեքսասի վարչական կենտրոնն է: Միջոցառմանը եկել էին նաև հայեր Սան Անտոնիո քաղաքից, որը մեկ ժամ հեռավորության վրա է: Երեք ժամերի ընթացքում հավաքվածները լսեցին իմ խոսքը, եղավ հարց-պատասխան, բանավեճ, ապա հաջորդեց խորովածը: Այստեղ ծանոթացա, ինչպես և Դալլասում, բազմաթիվ նոր մարդկանց հետ, այդ թվում՝ IT ոլորտի՝ Ենգիբար Մանասյան, Ներսես Կանայան: Այստեղ ծանոթացա Հայկի հետ, որ ԱՄՆ է տեղափոխվել Մարալիկից և զբաղվում է էլեկտրականության գործով: Մարալիկում Հայկը ոստիկան է եղել: Հայկի դեմքին կարդում էի բարություն:

Ձեռնարկից հետո բանաստեղծուհի Արաքս Սևանը և ամուսինը՝ ֆիզիկոս Տիգրան Բարսամյանը, առաջարկեցին ծանոթանալ Օսթինի և շրջակայքի հետ: Երեք-չորս ժամ միասին անցկացրեցինք քաղաքի կենտրոնական հատվածում, սուրճ խմեցինք, ապա բարձրացանք Օսթինի մոտակա բլուրները, որտեղից հրաշալի տեսարան է բացվում բոլոր չորս ուղղություններով: Երեկոյան նրանք ինձ թողեցինք Էլեոնորայի և Սիքստոյի հյուրընկալ տանը:

Կրկին Հյուսթոնում՝ Ներսես Կանայանի հետ

Հաջորդ առավոտյան, ինչպես պայմանավորվել էիք, Հյուսթոն պետք է մեկնեի Ներսես Կանայանի ավտոմեքենայով: Նրա հետ ինձ ֆեյսբուքով օրեր առաջ ծանոթացրել էր Երևանի իմ ընթերցողներից և արդեն ընկեր Կարեն Ազատյանը, նույնպես IT ոլորտից: Հաճելի էր Օսթինից Հյուսթոն ճանապարհը Ներսեսի հետ: Խոսում էինք 44-օրյա պատերազմից, Սփյուռքում կազմակերպված ցույցերից, IT ոլորտից:

Արաքսի և Տիգրանի հետ Օսթինի լեռներում

Ներսեսը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը ևս դուրս է եկել փողոց և ճանապարհ փակել:

– Մենք հասկանում էինք, որ պատերազմում պարտվում ենք, այլապես դուրս չէինք գա փողոց,- անկեղծորեն ասաց նա:

Իրավամբ, որքան էլ Հայաստանում և Սփյուռքում դժգոհենք լրագրողներից, պաշտոնական քարոզչությունից և մեղադրենք քարոզիչներին 44 օր շարունակ ապատեղեկատվություն տարածելու և հայ ժողովրդին մոլորության մեջ պահելու համար, պետք է խիզախություն ունենալ և խոստովանել, որ ներքուստ բոլորս էլ հասկանում էինք, որ պարտվում ենք: Պարտվողն է բողոքի ցույց կազմակերպում, փողոց փակում, դժգոհում միջազգային հանրության լռությունից, աշխարհից:

Հյուսթոնի ձեռնարկը տեղի ունեցավ հունիսի 6-ին, կիրակի, Հոլոքոսթի թանգարանում: Այն կազմակերպել էին Սոֆյա Մնջոյանն ու Ֆիլիպ Կանայանը: Ֆիլի հետ ծանոթացել էի Երևանում՝ մեկ տարի առաջ: Նա հայ զորահրամանատար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի թոռն է: Մասնագիտությամբ փաստաբան է:

Իմ ելույթը անգլերենով էր, քանի որ ներկաների մեծ մասը հայախոս չէր կամ դժվարություն ուներ հայերեն խոսելու-հասկանալու: Միջոցառումից հետո մոտ մեկ ժամանոց շրջայց կատարեցինք թանգարանում: Ես առաջին անգամ էի այցելում Հոլոքոսթի որևէ թանգարան և առաջին անգամ էի ելույթ ունենում հրեաների ցեղասպանության թանգարանում: Ձեռնարկից հետո փոքր խմբով ընթրիք ունեցանք Հյուսթոնում:

Հաջորդ օրը՝ հունիսի 7-ին, ազատ էի: Սոֆիան աշխատում է մի հիվանդանոցում, որը մոտ է NASA-ին ու Մեքսիկական ծոցին: Առավոտյան Սոֆյան ինձ թողեց NASA-ում, որտեղ մի քանի ժամ շրջեցի և ծանոթացա ամերիկյան տիեզերագնացության, օդանավագնացության պատմությանը: Երեկոյան կողմ, աշխատանքից հետո, Սոֆիայի հետ մեկնեցինք Մեքսիկական ծոց, իսկ ավելի ուշ ընթրիք ունեցանք Հյուսթոնի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոսի և տիկնոջ հետ:

Հունիսի 8-ի վաղ առավոտյան Սոֆյան ինձ հասցրեց Հյուսթոնի Ուիլյամ Հոբբիի անվան օդանավակայան, որտեղից մեկնեցի Դենվեր, Կոլորադոյի նահանգ:

Դեպի Դենվեր՝ Կոլորադո

Հանգիստ թռիչք էր ու նույնքան հանգիստ վայրէջք: Դենվերում ինձ դիմավորելու էր եկել Կոլորադոյի համալսարանի դասախոս Սիմոն Մաղաքյանը, որի հետ նույնպես ծանոթացել եմ ֆեյսբուքով: Մարտի վերջերին, երբ Արսեն Խառատյանի հետ Վաշինգտոնից ավտոմեքենայով գնում էինք դեպի Լոս Անջելես, ճանապարհին մեզ զանգահարեց Սիմոնը և առաջարկեց կանգառ տալ Դենվերում և դասախոսություն ունենալ: Մեր ծրագրերը, սակայն, չկարողացանք այնպես դասավորել, որ նման միջոցառում հնարավոր լինի իրականացնել Դենվերում, և Սիմոնի հետ պայմանավորվեցինք դա անել մեր հաջորդ այցի ընթացքում:

Սիմոն Մաղաքյանի հետ՝ Դենվերում

Սիմոնը հայտնի հետազոտող է, նրա հրապարակումները տեղ են գտնում միջազգային հայտնի հանդեսներում: Մասնավորապես, Ադրբեջանում և Նախիջևանում հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին նրա վերջին հոդվածներից մեկը հրապարակվել է միջազգային լայն ճանաչում ունեցող The Art Newspaper հանդեսում:

Սիմոնը օդանավակայանից դեպի Դենվեր ճանապարհին ինձ տարավ դեպի մի ռեզերվացիա, որտեղ ապրում են ռնգեղջյուրներ: Միշտ չէ, որ այնտեղ կարելի է տեսնել կենդանիներին: Բավականին շոգ էր, մեզ հանդիպեցին եղնիկների խմբեր:

Դենվերի ձեռնարկը կայանալու էր երեկոյան, և հանգստանալու մի քանի ժամ ունեի: Armenians of Colorado համայնքային կազմակերպությունը քաղաքի կենտրոնում՝ երկաթուղային կայարանի մոտ, ապահովել էր կոկիկ հյուրանոց: Սիմոնը ինձ թողեց հյուրանոցում, և պայմանավորվեցինք հանդիպել երեկոյան՝ դասախոսության ընթացքում, որը տեղի ունեցավ տեղի հայերին պատկանղ խանութ-սրճարանում՝ House of Bread-ում:

Միջոցառումից հետո՝ հունիսի 8-ի երեկոյան, հայ տղաները ինձ հրավիրեցին սրճարան: Երբ ես հրաժարվեցի անգամ գարեջրից, ասելով, որ տառապում եմ միգրենով՝ շաբաթական առնվազն մեկ ուժեղ գլխացավ եմ տանում, Դենվերում հաստատված Տիգրանը պատմեց, որ բժշկական մարիխուանան, ըստ ոսումնասիրությունների, օգնում է միգրենով հիվանդներին:

Նա ինձ առաջարկեց հաջորդ առավոտյան այցելել այն լաբորատորիան, որտեղ մասնաբաժին ունի և որտեղ աճեցվող մարիխուանայից պատրաստվում եմ տարբեր դեղամիջոցներ, քսուքներ, յուղեր: Նրանք ունեն նաև պլանտացիա, իսկ Կոլորադա նահանգում արդեն տարիներ մարիխուանան վաճառվում է օրինական կերպով:

Տիգրանի հետ

Կյանքում մարիխուանա կամ այլ նարկոտիկ երբեք չեմ օգտագործել, անգամ չեմ փորձել, իսկ ծխելը թողել եմ 2007-ին՝ բժիշկների խորհրդով, որպեսզի միգրենը մի քիչ նահանջի: Շատ հետաքրքրիր էր լինել Տիգրանի և նրա ամերիկացի գործընկերոջ լաբորատորիայում:

Մինչ լաբորատորիա այցելելը՝ Տիգրանը ինձ ծանոթացրեց Դենվերի կենտրոնական հատվածի հետ: Այս քաղաքի մասին ես լսել էի 1997-ին: Այստեղ տեղի էր ունեցել Մեծ Յոթնյակի գագաթաժողովը, որի ընթացքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Արցախյան հակամարտության մասին ընդունել էին հայտարարություն:

Մարիխուանայի լոբորատորիայից Տիգրանի հետ մեկնեցինք իր տուն, որտեղ ծանոթացա տիկնոջ հետ, ով նախորդ երեկոյան ներկա էր եղել իմ ելույթին: Մի քիչ հանգիստ առանք, ապա եկավ Սիմոնը: Նախքան օդանավակայան մեկնելը մի քիչ քայլեցինք և ճաշեցինք:

Նժդեհ Բաղրամյանի հետ

Դենվերից իմ օդանավը վայրէջք կատարեց Բըրբենք քաղաքում, որը մտնում է Մեծ Լոս Անջելեսի մեջ: Այդ օդանավակայանի վազքուղին կարճ է, գտնվում է քաղաքի հենց կենտրոնում և վայրէջքի ժամանակ քեզ թվում է, թե իջնում ես շենքերի վրա: Վայրէջը մի քիչ կոշտ է լինում վազքուղու կարճության պատճառով:

Ինձ դիմավորելու էր եկել իմ բարեկամ եւ լավ ընկեր Նժդեհ Բաղրամյանը: Երեք օր մնացի նրա հյուրընկալ ընտանիքի հետ: Նժդեհի և տիկնոջ՝ Վալենտինայի հետ, մեկնեցինք Լոս Անջելեսի գեղատեսիլ վայրերից Մարինա դել Ռեյ, ճաշեցինք նավահանգստին մոտ գտնվող սրճարաններից մեկում:

Նժդեհը փաստաբան է, ծնվել է Իրանում, 60-ական թթ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան՝ Էջմիածին, իսկ 80-ական թթ վերջերին մեկնել է Նյու Յորք, ապա հաստատվել Կալիֆոռնիայում: Հունիսի 10-ին նրա գրասենյակում նեղ շրջանակով քննարկում ունեցանք, խոսեցինք Հայաստանից, ընտրություններից, Սփյուռքից:

Այս այցելության ընթացում Կալիֆոռնիայի իմ հիմնական ձեռնարկը տեղի ունեցավ Ալտադենայում, որը Փասադենայի հարևանությամբ է: Այն նախաձեռնել էին մի շարք կազմակերպություններ և անհատներ՝ Թեքեյան Մշակութային Միություն, Ամերիկայի Հայկական Խորհուրդ, Իրանահայ Միություն, Իրաքահայերի Ընտանեկան Միություն, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ), Պոլսահայ Միություն: Միջոցառմանը ներկա էր և բացման խոսք ասաց Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Այս ձեռնարկը կազմակերպելու գործում հատուկ պետք է նշեմ Մայդա Կյուրեջյանի, Նժդեհ Բաղրամյանի, Շահեն Մանանյանի անունները, որոնք ինձ օգնեցին իմ ճանապարհորդության ընթացքում:

Ձեռնարկին, որը տեղի ունեցավ ԹՄՄ Պէշկէօթիւրեան կենտրոնում, ներկա էր 100 հոգուց ավելի մարդ տարբեր քաղաքական, հարանվանական և հասարակական-մշակութային շրջանակներից: Միացյալ Նահանգների ամենաորոկյալ հայկական պարբերաթերթում՝ The Armenian Mirror-Spectator-ում, Անի Դուզդաբանյանը ծավալուն հրապարակում ունեցավ իմ ԱՄՆ այցի և Ալտադենայի ելույթի մասին:

Դալլասի, Օսթինի, Հյուսթոնի, Դենվերի և Ալտադենայի հանդիպում-քննարկումների ընթացքում հիմնականում անդրադարձա Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, և Արցախում ստեղծված իրավիճակին 44-օրյա պատերազմից հետո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության հեռանկարներին, Արցախի ապագային, արտաքին քաղաքական հարցերի, հունիսի 20-ի ընտրություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճան, հիմնական դերակատարներին:

Բոլոր ձեռնարկների ավարտին ներկայացնում էի իմ նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը հայերեն և անգլերեն (The Valley of Death), «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» (Karabakh Diary: Green and Black) հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, «Հայերը և թուրքերը» (Armenians and Turks) աշխատությունը:

Ալտադենայի ձեռնարկի ավարտից անմիջապես հետո Շահեն Մանանյանը ինձ հասցրեց ավտոբուսների կայարան, որտեղից մեկնեցի Սան Ֆրանցիսկո: Իմ տունդարձը Սան Ֆրանցիսկոյից էր՝ Դոհայով Երևան:

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն

Երևան-Դոհա-Հյուսթոն-Դալլաս-Օսթին-Հյուսթոն-Դենվեր-Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո-Դոհա-Երևան

Գլխավոր լուսանկարում՝ Նժդեհ Բաղրամյանի հետ, Մարինա դել Ռեյ, 11 հունիս, 2021թ