Փաշինյանից ու Քոչարյանից անդին ընտրություն, այնուամենայնիվ, կա

927

Այսպիսի ատելություն եւ անհանդուրժողականություն, միմյանց ոչնչացնելու մոլուցք չեմ հիշում նախընտրական որեւէ ժամանակահատվածում:

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին է պարտական իր վերադարձը ակտիվ քաղաքականություն հնարավոր սեղմ ժամկետում ապահովելու հարցում: Նման բան կարող էր անել միայն հեղափոխության առաջնորդը:

Փաշինյանը իշխանության է եկել 2018-ին: Հեղափոխության հիմնական կարգախոսը եղել է «Քայլ արա, մերժիր Սերժին», այսինքն՝ ոչ թե հանուն, այլ ընդդեմ: Բոլորս ենք հիշում ընդամենը երեք տարի առաջ Հայաստանի ցնծացող փողոցներն ու հրապարակները եւ այն հույսերն ու երազները, որով տոգորվել էին նախկին իշխանություններին չընտրած ու արժանապատիվ Հայաստան ունենալու հավատ ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներ:

2018-ի ապրիլ-մայիսյան փողոցները, վառվող աչքերն ու երջանիկ դեմքերը աչքիս առաջ են: Այդ պատկերները այսօր բախվում են փողոցների ու հրապարակների ատելությանը, վախեցնող աչքերին ու ատելություն թափող դեմքերին:

Անհանդուժողականության այս իրավիճակի համար պետք էր ունենալ Նիկոլ Փաշինյան եւ Ռոբերտ Քոչարյան: Բայց նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյան, որովհետեւ առաջին պատասխանատուն օրվա իշխանությունն է: Հական եւ ընդդեմը նախկինում եղել են ընդդիմության գործիքակազմը: Այսօր այն հիմնականում իշխանության զինանոցում է:

Կառուցողականության եւ դրական դաշտը Փաշինյանի համար չէ: Ավելի քան 70 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը կարող էր գիծ քաշել անցյալի ու ներկայի միջեւ եւ խոսել Հայաստանի ապագայից ոչ թե նախընտրական այս ժամանակահատվածում, այլ 2018-ի ապրիլից: Հայաստանի ժողովուրդը տվել էր ապագայի այդ քվեն:

2018-ի ապագային կարելի էր հավատալ: 2021-ի ապագային հավատալ հնարավոր չէ:

Փաշինյանը պետք է վրեժ լուծեր Քոչարյանից, ով Մարտի 1-ով իշխանությունը փոխանցել էր Սերժ Սարգսյանին: Փաշինյանը անցել էր ընդհատակ, ապա դատապարտվել անազատության: Ընդհատակից դուրս գալու օրը նա հայտարարեց, որ իր կյանքի նպատակը Սերժ-քոչարյանական տանդեմին պատժելն է: Բառացի չեմ մեջբերում նրա խոսքերը, որ հնչեցին դատախազության մոտ:

Փաշինյանը չդարձավ քաղաքական եւ պետական գործիչ: Իշխանության երեք տարիներին նա մնաց ընդդիմություն արդեն նախկին, մերժված իշխանություններին: Քոչարյանին Մարտի 1-ի ոճրագործության համար պատժելու մոլուցքը Փաշինյանի գլխուղեղում էր: Նա հասկանում էր, որ Քոչարյանին պատժելը, Խաչատուրովին ձերբակալեը, Լավրովին խելք սովորեցնելը լուրջ բարդություններ էին ստեղծում նաեւ հայ-ռուսական հարաբերություններում, սակայն նախկիններին բանտեր տանելու նրա խելագար երջանկությունը ավելի կարեւոր էր, քան պետությունն ու պետականությունը:

Բավական էր ակնարկեիր, որ նախագահ բանտարկելը դժվար մարսելի գործ է, եւ նախադեպային հետխորհրդային տարածքում քոչարյանական լինելու պիտակը պատրաստ էր ճակատիդ:

Աղետալի պատերազմը, անկասկած, ամենամեծ հարվածն է հասցրել Փաշինյանի եւ նրա թիմի վարկանիշին: Սակայն այս թունավոր միջավայրի միակ պատճառը պատերազմը չէ եւ այդ պատերազմում մեր պարտությունը: Սա Փաշինյանի մարտավարության հետեւանքն է առաջին հերթին՝ ինձ չե՞ք ուզում, դե ուրեմն կգա Քոչարյանը:

Հունիսի 20-ից հինգ օր առաջ Հայաստանի քաղաքացին կանգնած է ատելության եւ անցյալի ընտրության միջեւ:

Մտածող, ոչ անտարբեր մարդիկ չեն ցանկանում քվե տալ Փաշինյանին, քանի որ նա ցույց է տվել, որ չի կարող պետություն կառավարել, եւ նրա ու թիմի մնալը ավելի է թուլացնելու հայկական պետության եւ պետականության հիմքերը: Առանց այն էլ չկայացած ինստիտուտները երեք տարիների ընթացքում պարզապես կազմաքանդվել են:

Հասարակության մի ստվար հատված մերժում է Նիկոլին, սակայն այլընտրանք չի տեսնում Քոչարյանին, ով գալիս է վենդետա իրականացնելու, Նիկոլին ու շատ-շատերին պատժելու անթաքույց սպառնալիքով: Բայց կա իրականություն, որը չես կարող չտեսնել՝ ընտրությունը գլխավորապես լինելու է Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ:

Փաշինյանից ու Քոչարյանից անդին ընտրություն, այնուամենայնիվ, կա, որքան էլ փաշինյանականներն ու քոչարյանականները հակառակը քարոզեն: Ընտրություններին մասնակցում են 26 քաղաքական ուժեր եւ միավորներ եւ նրանցից մի քանիսի խորհրդարան անցնելը կարող է փրկություն լինել Հայաստանի համար:

Փաշինյանականներով ու քոչարյանականներով լեցուն խորհրդարանը դառնալու է ատելության տակառ, որտեղ խեղդվելու են քաղաքակիրթ բանավեճը, ողջախոհությունն ու այլընտրանքը, պետական շահն ու կառուցողականությունը:

Չկողմնորոշվածները, այն է՝ եւ՛ նիկոլիզմը, եւ՛ քոչարյանականությունը մերժողները, կարող են իրենց ընտրությամբ խորհրդարան տանել քաղաքական ուժերի եւ անհատների, որոնք առողջ բանավեճ կծավալեն եւ լույս կտան:

Ընտրություն կա՛, եւ մենք՝ նիկոլիզմի ու քոչարյանականության քարերի արանքում ընկածներս, չպետք է լուռ մնանք այս ատելության եւ անցյալի անհուսալի թվացող ոլորապտույտում:

Ամենաքմահաճ եւ հիշողություն ունեցող քաղաքացիներն անգամ 24 ուժերի շարքում ընտրության այլընտրանք եւ հնարավորություն կարող են գտնել: Նրանք չպետք է վհատվեն եւ պետք է գնան ընտրությունների՝ խորհրդարանում տեղ ապահովելով քաղաքական պրագմատիզմի, ողջախոհության եւ ապագայի հույսի համար:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

Ալիք մեդիա