Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամավորները

8904

Հայաստանում հայ կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցել են 1919-ից: Այդ տարվա մարտ ամսին կայացած խորհրդարանական առաջին ընտրություններում ընտրվել են երեք կին պատգամավորներ՝ երեքն էլ՝ ՀՅԴ-ից: Այդ ընտրություններում, որոնք առաջինն էին հայ ժողովրդի պատմության մեջ, խորհրդարանի 80 տեղերից 72-ը զբաղեցրին օրվա իշխող ուժի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները:

Կատարինե Զալյան-Մանուկյան

Կատարինեն եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության իրական հիմնադիրներից Արամ Մանուկյանի կինը: Նրանք ամուսնացել են 1917-ին, երբ Արամը Երևանի “դիկտատորն” էր: Նրանց ամուսնական կյանքը տևեց երկու տարուց էլ պակաս, քանի որ 1919-ի հունվարի 29-ին Արամը մահացավ բծավոր տիֆից: Կատարինեն եղել է բժշկուհի՝ նվիրվել որբերի ու գաղթականների օգնության գործին:

Կատարինեն խորհրդարանի պատգամավոր ընտրվեց, երբ Արամը մահացել էր երկու ամիս առաջ: Դուստրը՝ Սեդա Մանուկյանը, մի քանի ամսական էր: Երբ Հայաստանը խորհրդայնացավ, Կատարինեն մանկահասակ դստեր հետ ապաստանեց քրոջ բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ Արամի ազգականների մոտ: 1927-ին վերադարձավ Երևան և կրկին նվիրվեց բժկությանը:

«Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը»,- պատմել է Սեդա Մանուկյանը:

Կատարինեն մահացել է 1965-ին: Արամի և Կատարինեի դուստրը՝ Սեդա Մանուկյանը, մինչև 1976 թվականը ապրում էր Երևանում, ապա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է 2005-ին՝ 86 տարեկան հասակում: 1998-ին նա այցելել է Երևան՝ Սարդարապատի թանգարանին նվիրեց հոր իրերը և լուսանկարներ:

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան

Ծնվել է 1886 թ., Էդիրնեում: Միջնակարգ կրթությունն ստացել է Ֆիլպեում (ներկայիս Պլովդիվ): Ընդամենը 16 տարեկան էր, երբ նա՝ եռանդով լեցուն և հայրենիքին ծառայելու գաղափարներով ներշնչված, իր ճանապարհին հանդիպեց ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին: Նրա թելադրանքով օրիորդների մի խմբակ ստեղծեց, որը լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելու նպատակ ուներ: Այնուհետև Ժնև մեկնեց՝ ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսեց ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով: Հետագայում նրա պատմվածքները լույս տեսան առանձին գրքով՝ «Փոթորիկեն վերջ»:

Berjoohi-Parseghian1
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան

Ուսումն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Կերասոնում և Վանում: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել: 1909-ին նրանք ամուսնացան, իսկ 1915-ին Սարգիսը, որ վարում էր Պոլսի ՀՅ Դաշնակցության բյուրոյի գործավարությունը, հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվեց և նահատակվեց: Իր հետագա կյանքը Պերճուհին նվիրեց զավակին ու մարդկանց ծառայելուն: Նա տեղափոխվում է Բուլղարիա, անուհետև՝ Թիֆլիս, իսկ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո անցնում է Երևան և ընտրվում խորհրդարանի պատգամավոր: Նա ընդգրկվեց Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հայաստանի հանրապետության անկումից հետո շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Որոշ ժամանակ Սոֆիայում բնակվելուց հետո վերջնականապես հաստատվեց Փարիզում, որտեղ պաշտոնավարեց Նանսենյան գրասենյակում և շարունակեց գրական գործունեությունը: Մահացավ 1940-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:

Վարվառա (Վարյա) Սահակյան

Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամի) կինն էր: Առաջին հանրապետության տարիներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և ընդգրկվել կրթական ծրագրերում: Հենց այդ շրջանում նա ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորարքի պակասից մահացավ նրա զավակը:

varvara-Sahagian1
Վարվառա Սահակյան

Դրան հաջորդեց՝ Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու բանտարկությունը: Փետրվարյան հեղափոխության ժամանակ Վարյան, ամուսինը և երկու զավակները ոտքով փախան Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվեցին Հարավային Իրան, հետագայում՝ Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձավ Վարյայի առողջության վրա, այժմ էլ ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լիբանան:

Բեյրութում Վարյան նորից ներգրավվեց հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932-ին ճակատագիրը մի նոր հարված հասցրեց. նա կորցրեց մյուս զավակին, մեկ տարի անց՝ ամուսնուն: Այս հարվածները վերջնականապես քայքայեցին Վարյայի առողջությունը, և շատ չանցած նա կնքեց իր մահկանացուն:

Պատրաստեց՝ Անահիտ Հարությունյանը

Ըստ Սոնա Զեյթլյանի «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ» գրքի, Լոս Անջելես, 1992

Լուսանկարում՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր (1919-1920 թթ.) Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի լավագույն հուշագրությունն է ապրած փոթորկալի կյանքի մասին՝ վերատպված Բեյրութի Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչության կողմից 2016 թ.-ին։ Հիշեցնեմ, որ նրա ամուսինն էր Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներից վանեցի Պողոս Օդաբաշյանը (Սարգիս Բարսեղյան), որից 1914 թ.-ին ունեցել է մեկ որդի՝ Արմենին, ում կոչում էր նաև Արմիկ։ Մայր և որդի Հայաստանի խորհրդայնացումից հետո Կ. Պոլսով մեկնել են Ֆրանսիա՝ Փարիզ, որտեղ էլ ապրել ու մահացել են (Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջից):