Երզնկա. Սուրբ Երրորդութիւն եկեղեցին (ձախին) եւ Կեդրոնական վարժարանը (աջին)

739

Ս. Երրորդութիւն եկեղեցին գտնւում էր Եկեղեցւոյ հրապարակի հարաւային կողմում: Նկարագրւում էր որպէս «պայծառ» և «փառաւոր», շրջապատուած էր հողաշէն պարիսպներով: Կառուցուել էր 1836 թ.: Պարսպից ներս բացի եկեղեցուց գտնւում էին թաղային՝ Կենտրոնական վարժարանի և մարմնամարզարանի շէնքերը, ինչպէս նաև կար պարտէզ, աւազան, ընդարձակ զբօսավայր, ծառաստանի վերածուած գերեզմանատուն:

Ս. Նշան եկեղեցու օրինակով՝ Ս. Երրորդութիւն եկեղեցին ունէր ժամագաւիթ, կանանց համար նախատեսուած վերնատուն, լայն աղօթասրահ, երկու դասեր, առաջնորդանիստ բազկաթոռ-ամպահովանի, բեմ, երեք խորաններ:

Բարձր և կլոր սիւների վրայ հաստատուած էր ձեղունը՝ մեծ ու փոքր, երկար ու բոլորակ նախշուն կամարներով: Կենտրոնի գմբէթաձև մեծ կամարի չորս անկիւնների վրայ քանդակուած էին չորս աւետարանիչները: Եկեղեցին զարդարուած էր սրբապատկերներով, լուսաւորութիւնն ապահովում էին մեծ կանթեղները: Ս. Երրորդութեան եկեղեցու թաղն ամենաընդարձակն էր՝ ունէր մօտ 600 ծուխ (1913 թ. դրութեամբ Երզնկա քաղաքի հայ տների ընդհանուր թիւը 2,021 էր), և այդ առումով ամենահարուստն էր թէ՛ իր կալուածքներով, և թէ՛ իր սպասքներով:

Մեծ եղեռնի նախօրեակին եկեղեցու երէցներն էին Եղիշէ աւագ քահանայ Արամեանը, Վահան քահանայ Սիրմէնեանը և Ղևոնդ քահանայ Ժամկոչեանը:

Ռոբերտ Թաթոյեան

ամբողջական յօդուածը՝ https://www.houshamadyan.org