Դիանա Աբգար. 1920-ին Հայաստանի դեսպանը Ճապոնիայում

4692

Աշխարհի առաջին կին դեսպան ընդունված է համարել  Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923 թվականից 1952 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում և Շվեդիայում:  Իրականում՝ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին, այսինքն` 3 տարի ավելի շուտ:

Դիանան, ում իսկական անունը Անահիտ է, իսկ օրիորդական ազգանունը Աղաբեկյան, ծնվել է Արեւելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն), բարեկեցիկ ընտանիքում: Նրա ծննդյան տեղի, ինչպես նաեւ նրա հետ կապված շատ այլ իրադարձությունների մասին տարբեր, հաճախ իրարամերժ տեսակետներ կան: Տարբեր աղբյուրներում Դիանայի ծննդյան վայրը նշված է Բիրման, սակայն Բուենոս Այրեսում տպագրվող «Արմենիա» պարբերականի 1984 թվականի համարներից մեկում որպես նրա ծննդյան վայր է ներկայացվում Նոր Ջուղան: Մեկ այլ տարբերակ է գրվել «Հայ զինվոր» թերթում, որտեղ նշվում է Հնդկաստանի Բոմբեյ (այժմ՝ Մումբայ) քաղաքը:

Իրականում, Դիանայի անունը Դայանա է, բայց քանի որ ինքը` Աբգարը, իր անունը հայերեն գրել է Դիանա՝ այժմ ընդունվում է այդ տարբերակը: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ: Մայրը` Զմրուխտը, եղել է հանրահայտ հնդկահայ վաճառական, գրող, թարգմանիչ: Հայտնի է նաեւ, որ նա եղել է Մեսրոպ Թաղիադյանի մտերիմը: Հոր մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ Անահիտի ծնողները զբաղվել են կաթնամթերքի արտադրությամբ: Հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստանի նշանավոր Կալկաթա քաղաք, որտեղ էլ նա անգլիական կրթություն է ստացել կանանց մենաստանում:

1890-ին Աբգարը ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ, ով էլ կանխորոշել է օրիորդի հետագա կյանքի ընթացքը: Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել Հոնկոնգ քաղաքում, որից հետո նորապսակ ամուսնական զույգը ճանապարհորդության է մեկնել Չինաստանի այլ վայրեր եւ Ճապոնիա: Այստեղ էլ նրանք որոշել են մշտական բնակություն հաստատել` ընտրելով Ճապոնիայի Կոբե քաղաքը: Այստեղ Միքայելը զբաղվում էր մետաքսի վաճառքով, ինչպես նաեւ Հնդկաստանից Ճապոնիա եւ Ճապոնիայից Հնդկաստան տարբեր ապրանքների ներմուծման եւ արտահանման գործով: Նա հիմնեց առեւտրական ձեռնարկություն եւ բացեց «Great Eastern» հյուրանոցը:

1891-ին ծնվեց Դիանայի առաջնեկը` Ռոզը, հետո որդին` Միքայել կրտսերը, իսկ 1896-ին` Ռութը: 1906-ին` ամուսնու անակնկալ մահից հետո, Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը` մինչ որդու չափահաս դառնալը: Այնուհետեւ նրա ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի նավահանգիստներից մեկը` Յոկոհամա, որը գտնվում էր Տոկիոյից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ Դիանան բացել է ընդարձակ վաճառատուն, որը առեւտուր էր կատարում Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ: Շուտով նրա ընտանիքը մեծ առանձնատուն է գնում Յոկոհամայի Յամատե թաղամասում, որի հյուրընկալ դռները միշտ բաց են եղել ինչպես օտար բարձրաստիճան անձանց, այնպես էլ հայ գաղթականների առաջ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ նրա տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է Յոկոհամայի «The Japan Gazette» անգլալեզու ճապոնական թերթին: Այդ թերթի հրատարակչությունում նրա անգլերեն հրատարակած գրքերից են «The Truth About the Armenian Massacres»-«Ճշմարտությունը հայության ջարդերի մասին» (1910), «The Case of the Armenians»-«Հայկական հարցը», Betrayed Armenia-«Դավաճանված Հայաստան» (1912), «In His Name»-«Իր անունով» (1911), «The Peace of Europe»-«Եվրոպայի խաղաղությունը», «The Peace Problem»-«Խաղաղության հարցը» (1912), «Peace and No peace»-«Խաղաղություն եւ ոչ խաղաղություն» (1912): Նա նաեւ կատարել է ժամանակի հանրահայտ «Թայմս», «Ֆիգարո» եւ այլ թերթերի ու ամսագրերի պատվերները` գրելով հոդվածներ Արեւելքի երկրների տնտեսության վերաբերյալ: Բացի հայերենից ու անգլերենից Դիանան տիրապետել է նաեւ հնդկերենին, ճապոներենին ու չինարենին:

Դիանան նաեւ բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են տեսել եվրոպական ու ամերիկյան մամուլում: Նրա վերջին գործը եղել է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People»-«Հազար պատմվածքների գրքից», «Հայաստանի ու նրա մարդկանց պատմությունները» պատմվածքների ժողովածուն, որը 2004-ին ԱՄՆ-ում հրատարակել է նրա թոռնուհին` Լուսիլ Աբգարը: Ճիշտ է, դրանք գեղարվեստական գրվածքներ են, սակայն բոլորն էլ իրական հիմք ունեն եւ ներկայացնում են հայ ժողովրդի կյանքն իր հայրենիքում: Աբգարը դրանք լսել եւ գրի է առել Ճապոնիա հասած հայ փախստականներից:

Դիվանագետը լավատեղյակ էր ինչպես հայ ժողովրդի ծանր վիճակի, այնպես էլ եվրոպական երկրներից տրվող օգնության պակասի մասին: Ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիմայի խոսքերով` «Դիանա Աբգարը, 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում, միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին»: Նա ամեն ինչ արել է Եվրոպայի օգնությունը կազմակերպելու ուղղությամբ, բայց ապարդյուն: Դիանան ցանկանում էր, որ ԱՄՆ-ը խնամակալ պետություն դառնա Հայաստանի համար, որը նույպես տեղի չունեցավ: Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, ի դեպ, երբեք չէր եղել: Դիանան կարողացավ օգնել բազմաթիվ հայ գաղթականների, ովքեր Սիբիրի եւ Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ:

Ճապոնիայում միշտ էլ հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք են ունեցել եւ անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում: Թողնելով իր աշխատանքը` Դիանան անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների եւ հյուպատոսների մոտ` փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու եւ նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար: Նա իր առեւտրական գործակալությունը օգտագործել է որպես հայ գաղթականների դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ իր տունը` նրանց ժամանակավոր ապաստարան:

Ճապոնիայում Դիանային այցելել է սուրբ Էջմիածնի պատվիրակ Ռուբեն Ծ. Վրդ. Մանասյանը: Նա Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ին ուղղված նամակում գրում է. «Տիկին Դիանա Աբգարը չի եղել հարուստ` ապրելով մի երկրում, ուր օտարների համար փակված է ամեն մի ապրուստի աղբյուր: Նա, շնորհիվ իր լեզվագիտության եւ մտավոր ընդունակությունների, կարողացել է ապրուստի միջոց ստեղծել եւ հասարակության մեջ աչքի ընկնող դիրք գրավել: Նա Հեռավոր Արեւելքի տիրուհին է, ում դիմում են ամենքը: Երկրաշարժի ժամանակ, երբ հրո ճարակ դարձած Յոկոհամա քաղաքը կործանվում է, եւ կոտորվում է հարյուր հազարավոր ազգաբնակչություն, տիկին Աբգարյանն իր ընտանիքով փրկվում է Աստծո նախախնամությամբ, բայց կորցնում է իր ամբողջ ունեցվածքն ու միանգամայն ընչազուրկ վերադառնում Կոբե»:

1919 թվականին Դիանան մասնակցել է Խարբինում (Չինաստան) կայացած Սիբիրի եւ Ծայրագույն Արեւելքի հայերի համաժողովին, որտեղ նրան ընտրել են պատվավոր նախագահ: 1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ եւ գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արեւելքում, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ճապոնիայում: Պահպանվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դիանա Աբգարին` վերջինիս հյուպատոս նշանակելու մասին: Նամակում Օհանջանյանը շնորհակալություն է հայտնում նրանից` նորածին հայրենիքի շահերը պաշտպանելու եւ հայրենակիցների ծանր վիճակը թեթեւացնելու համար:

Դիանա Աբգարի դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը եւ փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաեւ Սինգապուրի եւ Ինդոնեզիայի հայերը:

Ժամանակիցների վկայությամբ` Դիանա Աբգարը եղել է զարգացած, կրոնասեր, քաղաքականապես տեղեկացված, գթառատ եւ հստակ գործող անձնավորություն: Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսը, ըստ արժանվույն գնահատելով Աբգարի գործունեությունը, 1926-ին արժանացրել է նրան հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու եւ դժվար պահերին նրա կողքին լինելու համար:

Դիանա Աղաբեկի Աբգարը մահացավ 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվեց տեղի օտարերկրացիների գերեզմանատանը` ամուսնու շիրիմի կողքին: Այսօր Աբգարի շիրիմը գտնվում է Տոկիոյում գործող ճապոնա-հայկական բարեկամության խմբի հոգածության տակ:

Դիանա Աբգարի սերունդներն ապրել են ԱՄՆ-ում: 1929-ին Սան Ֆրանցիսկո են տեղափոխվել նրա դուստրը` Ռոզը, ամուսնու` Սամվել Գալստյանի հետ, հետո մյուս դուստրը` Ռութը, իսկ 1945-ին էլ Միքայել Աբգար կրտսերը: Հայկական ոգով մեծացած ու դաստիարակված երեխաները հետագայում աշխույժ գործունեություն են ծավալել Ամերիկահայ Օգնության Խաչի եւ եկեղեցական շրջանակներում:

Որոշ կրճատումներով՝  

Գրիգոր Երիցյան

http://grigoryeritsyan.blogspot.com/2011/06/i.html

P.S.  2010-ի հոկտեմբերի 18-ին  Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Դիանա  Աբգարի 141-րդ տարեդարձի:  Ներկա էին նրա  ժառանգները, թոռը` Մայքլ Աբգարը և ծոռը` Դենիս Աբգարը:  Երեկույթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դենիս Աբգարը դեսպանությանը նվիրաբերեցին իրենց ընտանիքին պատկանող արխիվային նյութեր, ի թիվս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի 1920 թ. հուլիսի 22-ով թվագրված պաշտոնական նամակի պատճենը` Դիանա Աբգարին պատվո հյուպատոսի կոչում շնորհելու և Ճապոնիայի կառավարությանը էկզեկվատուրա հանձնելու թույլտվության վերաբերյալ: