Հայկական բանակը 1918-1920/21-ին

4421

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից

Անկախությունից առաջ հայկական բանակ չկար: Ազգայնացած զորամասերը կազմում էին ռուս բանակի մեկ հատվածը և ուրույն կազմակերպություն չունեին: Հայկական բանակի կազմակերպումը ամբողջապես Հայաստանի կառավարության գործն էր: Երկրի առանձնահատուկ պայմանների պատճառով կառավարությունը ստիպված էր պահել մեծ քանակությամբ զորք, որ թեև մի կողմից խիստ աննպաստ էր անդրադառնում ժողովրդի, տնտեսութեան վրա, մյուս կողմից ապահովում էր պետության սահմանները դրսից և կարգն ու անդորրությունը ներսում:

Հայկական բանակի կազմակերպումը հիմնված էր երկու սկզբունքների վրա. մնայուն զորք՝ պարտադիր զինվորական ծառայությամբ և երկրապահ գնդեր՝ միլիցիոն հիմքերով: Բանակը, որ երբեմն հասնում էր մինչև 60,000-ի, ուներ բոլոր մասերը՝ հետևակ, այրուձի, հրետանի և տեխնիկական բաժիններ: Ուներ երկու զրահապատ գնացքներ, որոնցից մեկը շինվել էր Հայաստանի արհեստանոցում հայ մասնագետների ձեռքով: Օդային բաժինը սաղմնային վիճակում էր: Առանձնապես ուժեղ էր հրետանին, որ ուներ հարյուրի չափ ընտիր թնդանոթ և առատ ռազմամթերք: Դաշտային, վարչական պարենավորման բաժինները գտնվում էին փորձված և մասնագետ զինվորականների ղեկավարության տակ. զորավար Նազարբեկյան, զորավար Հախվերդյան, զորավար Ղամազեան, զորավար Արարատյան, զորավար Լոմիձե, գնդապետ Վեքիլյան և այլն: Գործուն զորամասերի գլուխ կանգնած էին դեռ ռուսական բանակում աչքի ընկած զինվորականներ. զորավար Սիլիկյան, Փիրումյան, Շելկովնիկյան և այլք:

Գնդերի ու գումարտակների մեջ կային երիտասարդ ու քաջ սպաներ, որոնք անցել էին ռուսական ու թուրքական զինվորական դպրոցներ և եփվել-կոփվել էին պատերազմի դաշտում: Մի շարք մասնագետ զինվորական տեխնիկներ ոչնչից ստեղծեցին ավտոմոբիլային բաժին, անթել հեռագիր, հեռագրա-հեռախոսային բաժին, զինվորական արհեստանոցներ, փամփուշտի գործարան, կազմակերպեցին կենտրոնական հիվանդանոց՝ շրջանային հատվածներով, սանիտարական մաս:

1919-ին Սևանա լիճ իջեցվեց առաջին զինվորական նավակը՝»Աշոտ Երկաթ»՝ 1 թնդանոթով, 2 գնդացիրով և լուսարձակով: Հիմք դրվեց մի ուրիշ՝ ավելի մեծ նավի: Կազմակերպվեց ապրանքների տեղափոխությունը նավերով: Երևանում հիմնվեցին սպայակույտի դասընթացներ. Ալեքսանդրապոլում և Ղարաքիլիսայում՝ անասնաբուժական վարժարաններ: Նախապատրաստական աշխատանքները վերջացած էին զինվորական միջնակարգ դպրոց բանալու, գլխավորապես, որբերի համար: Լուրջ ուշադրության առարկա եղավ զինվորների դաստիարակության գործը. զորամասերում կատարվում էին պարբերական դասախոսություններ գիտական և քաղաքական հարցերի մասին: Զինվորների համար հրատարակվում էր «Ռազմիկ» շաբաթաթերթը գրական-քաղաքական և ռազմագիտական բովանդակությամբ: Լույս տեսան մի շարք հանրամատչելի հրատարակություններ, ինչպես նաև՝ զինվորական օրենսգրքեր: Նախարարությունում աշխատում էր մասնագետներից կազմված մի առանձին հանձնախումբ զինվորական-գիտական տերմինալոգիան հայացնելու, զինվորական օրենքներ և զանազան գրքեր հրատարակելու համար: Հիմնադրվեց զինվորական գրադարան: Հաջողվեց Անգլիայից ստանալ 40,000 զինվորի հագուստ, պարենավորում և ռազմամթերք մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Ռուսաստանից ստացվեց երեք միլիոն մոսինի փամփուշտ:

Սխալվում են նրանք, որոնք ինչ-որ խմբական ու խմբապետական հատկություններ են վերագրում հայկական բանակին: Խմբեր ու խմբապետեր գոյություն ունեին Հայաստանում և առաջ էին քաշվում, մանավանդ, ներքին կռիվների ժամանակ՝ մայիսյան շարժում, «մաքրագործման» քաղաքականություն և այլն, բայց կանոնավոր բանակի հետ կապ չունեին նրանք: Կանոնավոր բանակում միայն երկու խմբապետ պաշտոն ու մասնակցություն ունեին՝ Դրոն և Սեպուհը, բայց նրանք էլ իրենց զինվորական հմտությամբ, փորձառություններով և կարգապահությամբ հետ չէին մնում ամենալավ զինվորականներից:

Կովկասյան երեք հանրապետություններից Հայաստանի բանակը համարվում էր, և իրավամբ, առաջնակարգը իր մարտունակության տեսակետից: Նա պատվով կատարեց իր վրա դրված բազմապիսի ծանր պարտականություններ, և հանցանք է դատապարտության վճիռ արձակել նրա մասին միայն Կարսի օրինակով: Կարսը մի աղետ էր՝ նման այն աղետներից, որոնց ենթարկվեցին և Եվրոպական լավագույն բանակները՝ ռուսականը, բուլղարականը. էլ չեմ խոսում հունականի մասին, որի կատաստրոֆիկ պարտության հիշողությունը դեռ շատ թարմ է: Պատահում են դեպքեր, երբ ամենալավ կազմակերպված ու պարենավորված բանակները, հանկարծ, մատնում են խուճապի, կորցնում են դիմադրական կորովը, ոչխարի հոտի վերածված՝ տարածվում են թշնամու ոտքի տակ: Ի՞նչն է դրա պատճառը՝ թո՛ղ պատասխանեն ընկերաբանները, հոգեախտագետները: Փաստը մնում է փաստ: Եվ միայն, կամ գլխավորապես հոգեախտաբանական վիճակով կարելի է բացատրել և հայոց բանակի վարմունքը Կարսի շուրջ, բայց ո՛չ երբեք հայ ժողովրդի անընդունակությամբ կամ սոսկ նրա վարիչների ապիկարությամբ: Ամբոխն է այդպես դատում. լուրջ մարդիկ պետք է կարողանան տարբերություն դնել ախտավոր և բնականոն երևույթների մեջ:

Լուսանկարում՝ Սարդարապատի հաղթանակը կերտողներից Մովսես Սիլիկյանը