«Սյունիքը փորձության մեջ. հայ-թաթարական բախումները». Գրիշա Սմբատյանի նոր գործը

3074

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի նոր հատորը՝ «Սյունիքը փորձության մեջ. հայ-թաթարական բախումները»:

640 էջանոց հատորի խմբագիրը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է, գրախոսները՝ պատմական գիտությունների դոկտոր Համլետ Գևորգյանն ու պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը, հրատարակիչը՝ «Անտարեսը»:

Ծավալուն փաստական նյութի՝ գրականության, վավերագրերի, հուշագրությունների, մամուլի հրապարակումների հիման վրա գրվել և նորովի լուսաբանվել է Սյունիքում 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումների պատմությունը:

Հատորի առաջաբանում Հրանուշ Խառատյանը գրում է. «Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը նոր աշխատանք, նոր գիրք է դնում շրջանառության մեջ՝ «Սյունիքը փորձության մեջ. հայ-թաթարական բախումները»: Խոսքը 1905-1906թթ. մասին է: Անշուշտ, թե՛ փորձության, թե՛ բախումների թեմաները նոր չեն հայկական հուշագրական, գիտական և հրապարակախոսական, նաև գեղարվեստական գրականության մեջ, այդ թվում՝ Սյունիքի առումով: Նոր չէ նաև հայ-թաթարական բախումների փաստագրական և վերլուծական թեման: Նոր չէ նույնիսկ այս երևույթների նկատմամբ հեղինակի հայացքը: Գիրքը, սակայն, նորություն է բերում: Փաստագրական իմաստով նորը իսկապե՛ս նոր ձեռագիր աղբյուրներն են՝ հավելված հեղինակի կողմից գրանցված բանավոր հիշողությունները, գումարած արդեն հրատարակված տեղեկությունների մանրակրկիտ հավաքը, և այն ժանրը, որով շարադրված է ծավալուն գիրքը. այն կարող է հավակնել թե՛ հուշագրական, տվյալ դեպքում՝ պատմագրական և աղբյուրագիտական, թե՛ հրապարակախոսական, թե՛ գեղարվեստական ժանրերի: Նորը նաև այս աշխատանքի մաքուր տեղային սահմանափակումն է՝ այն բացառապես Սյունիքին է վերաբերում՝ կենտրոնում ունենալով հատկապես Կապանի տարածաշրջանը: Դա փոքր տարածքի փոքր ժամանակաշրջանի՝ հիմնականում երկու տարվա պատմական դեպքերի մանրամասն շարադրանք է՝ գլխավորապես տեղական աղբյուրներով, բնակավայր առ բնակավայր, դերակատար առ դերակատար՝ հայտնի և անհայտ: Մեծ հաշվով դա նաև «փոքր մարդկանց»՝ Սյունիքի հատկապես գյուղական բնակչության պատմությունն է՝ այդ տարիների նրանց ապրումները, գործողությունները, տագնապները, սարսափները, տեղական մեծ ու փոքր հաղթանակներն ու պարտությունները, հայ-թաթարական հակամարտության տեղական մեկնաբանությունները, որոշ իմաստով՝ նաև նրանց առօրյան՝ հանապազօրյա կարիքների բավարարմանն ուղղված աշխատանքը, և նույնիսկ այդ աշխատանքի համար մղվող պայքարը տեղական ռեսուրսների տիրապետման համար տեղի «միջին մարդկանց»՝ սոցիալական արտոնություններ ունեցողների մշտական ոտնձգությունների դեմ»:

«Սմբատյանը մեծ երախտագիտությամբ է ներկայացնում Սյունիքի հայ բնակչության ինքնապաշտպանության կազմակերպմանը Դաշնակցության ոգևորիչ աշխատանքն ու անձնուրաց մասնակցությունը, արևմտահայ հայդուկների նվիրումը, անձնազոհությունն ու քաջությունը, նաև՝ ասպետականությունն ու մարդասիրությունը՝ թույլին, օգնություն հայցողին չխփել… Նրա անսահման երախտագիտությունը, անկասակած վայելում են Սյունիքի հայ բնակչությանը չափազանց օգնած երկու մարդ՝ Սեբաստացի Մուրադը և տեղացի ազնվական, կրթված մտավորական Սմբատ Բեկ Մելիք-Ստեփանյանը, երկուսն էլ՝ բարձրագույն առաքինությունների կրողներ»,- գրում է Խառատյանը:

14 գլուխներից, վավերագրերից ու հատուկ անունների ցանկից բացի Գրիշա Սմբատյանը թողել է «Սույն գրքի հիշատակարան» բաժինը, որում, մասնավորապես գրում է. «Ես իմ անցյալը, հայերենի եզերքն ու նրա մարդկանց եմ որոնում… և այս գիրքը նվիրում եմ եղբորս, ծնողներիս, Կովսականի Գյուտկում, Ճակատեն, Շիկահող, Ըռոտմանց, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, Կեմանց, Մազրա գյուղերի երկնային կյանքն ավարտած մարդկանց հիշատակին»:

Գրիշա Սմբատյանի մյուս գրքերի մասին կարդալ՝

Գրիշա Սմբատյանի հատորները