Ս.Դ.Հ.Կ.ի և Հ.Յ.Դ.ի տարաձայնութիւնները «Իտտիհատ»ի հետ գործակցութեան հարցում

1458

Հատված Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորից, որ վերջերս վերահրատարակվել է Երևանում, ԱՆԻ կենտրոնի կողմից:

—–

Եւ այս Բիւզանդացիներն էին Հայ ազգի երեւելիները, ընտրեալ ներկայացուցիչները՝ Հայ ազգը ներկայացնողները եւ «Իտտիհատ»ի հետ Հայ ազգային շահերի անունով խօսողները: Դրանք էին ժամանակի «երեւելիները», պաշտօնական անձերը, սրանք էին, որ մեր Կուսակցութեան խուլ, ձեռքի տակի հակառակորդներն էին հանդիսացել եւ ամէն գնով ջանք էին թափում մեզ պարտութեան մատնելու: Բայց մեր կուսակցական փառքը, մեր պատիւը այդպիսիներից ժամանակաւորապէս պարտութիւն կրելու մէջ չէ՞ր կայանում:

«Ազգային մարմինը» ուրեմն գործի սկսեց:

Եսայան դպրոցի դահլիճն ենք. հրաւիրուած են բոլոր կուսակցութիւնները եւ Հայ Ազգային Ժողովի մէջ գոյութիւն ունեցող հոսանքները, իւրաքանչիւրից 2-ական հոգի:

Դահլիճին յարակից սենեակները ուկնդիրներով խճողուած են: «Իտտիհատ»ականները մասնաւոր խնամք են տարել, որ իրենց բանբերները ասուած-խօսուածներից բառ անգամ չփախցնեն:

Մթնոլորտը ծանր, ելեքտրականացած է:

Բազմած են բոլոր հրաւիրեալները, Ստեփան Էֆէնտի Գարայեանը գրաւել է նախագահական աթոռը: Ու սկսեց իր բացման ճառը: Տալիս ենք, համառօտիւ, արտայայտուած գլխաւոր գաղափարները: Նախագահը ասում է.

«Որքան որ անցած դարձածէն տեղեկութիւն ունիմ, բայց Ազգիս շահը թոյլ չտուաւ որ անտարբեր մնանք. այս ժողովը հրաւիրեցինք, որ ազգային շահերը պաշտպանելու համար լուծում մը գտնէ եւ ազգային պատւոյն վայել թուով երեսփոխաններ տայ»:

Սկսուեց մտքերի փոխանակութիւնը: Վիճաբանութիւնը տաքացաւ:

Բայց որոշ էր. ծանրութեան կէտը, իսկապէս, Ս. Դ. Հնչակեանութեան դիրքը պիտի լինէր. խնդիրը նրա շուրջը պիտի դառնար:

Երբ խօսքը եկաւ թուրքերի մէջ գտնուած կուսակցութիւններին, Ստեփան Էֆէնտին ասաց. «Ես կը նախընտրեմ երկու չարիքից փոքրագոյնը. ազգային շահը կը պահանջէ «Իտտիհատ»ականների հետ երթալ քան «Իթիլաֆ»ականների. եւ չեմ գիտեր թէ՝ ինչո՞ւ համար Ս. Դ. Հնչակեանները ազգային համերաշխութենէն կ’ուզեն հեռու մնալ»:

Ինձ հետ էր ե՛ւ ընկեր Գ. Կոզիկեանը:

Խօսքը իմս էր.

-«Ստեփան էֆէնտի՛, ձեր համակիրները եւ համախոհները միասին, այս դահլիճը մտնելուց, նախագահական աթոռի վրայ ձեր բազմելուց առաջ՝ դուք ազգային այդ շահերը արդէն ոտնակոխել, համերաշխութիւնը քանդել եւ այնպէս էլ ներս էք մտել. այնպէս որ, դուք չէք որ այստեղ, ազգային շահերի եւ համերաշխութեան անունով պիտի խօսիք, այլ մենք՝ բացառապէս մենք»:

Սկսեցաւ աղմուկը, ժխորը, բացագանչութիւնները: Հակաճառութիւնները կրքոտ դարձան:

Ստեփան էֆէնտին եւ իր միջավայրը երկրորդ անգամն էր, որ մեր Կուսակցութեան կտրուկ եւ շեշտակի Բանն էին լսում: Խօսակցութեան այդ ձեւին նրանց ականջները վարժ չէին:

-«Իթիլաֆ»ը անծանօթ է. «Իտտիհատ»ը՝ ծանօթ. գէթ ասիկա սահմանադրական է, միւսը չենք գիտէր», պատճառաբանեց Ստեփան Էֆէնտին:

-«Այո՛, պատասխանեցինք. նա ծանօթ է եւ հէնց այդ ծանօթ լինելուն համար է, որ Հայ ազգային շահը հրամայականօրէն պահանջում է նրա դէմ անողոք պայքար մղել, նրա անկումը, տկարացումը անխուսափելի դարձնել, տիրապետական ասպարէզից նրան դուրս նետել: Պատրաստ ենք ամէն տեսակի համերաշխութիւն կնքելու. համերաշխութիւն որ ուղղուած լինէր «Իտտիհատ»ի դէմ»:

-««Իտտիհատ»ը եթէ ընկնի, ասպարէզը որի՞ն պիտի մնայ. ո՞վ պիտի գայ նրա տեղը», հարցրեց Դաշնակցութեան ներկայացուցիչ Վահան Փափազեանը:

-«Նրա ժառանգը պատրաստելը մեր եւ ձեր գործը չէ, այլ ապրել ուզող Թիւրքիայի. նա տարրեր կը պատրաստէ, եթէ սահմանադրականօրէն ապրելու կենսունակութիւն ունի», պատասխանուեցաւ մեր կողմից:

-«Իթիլաֆ»ը ի՞նչ է արել. անոր ինչի՞ն պիտի վստահինք», մատնանշեց Դաշնակցութեան միւս ներկայացուցիչ Ռուբէն Զարդարեանը:

-«Իթիլա՞ֆը,- դա մի թուրք ուժ է՝մեզ կործանելու, մեզ ապազգայնացնելու միտումներով լցուած՝ «Իտտիհատ»ի դէմ: Հիմա նրան մեր գործակիցը կարող ենք առնել «Իտտիհատ»ին տապալելու տեսակէտով: Իսկ երբ մի օր կը գայ, երբ նա էլ մեր ազգային կենսական շահերին հակառակ դիրք կը բռնէ, այն ժամանակ միասին, ուժերս դէպի նրան կը դարձնենք: Այս րոպէիս նրանից չէ՛ որ վտանգը գալիս է, այլ «Իտտիհատ»ից: Իսկ մեր վստահութիւնը ամէն բանից առաջ մեր մէջ պիտի տեսնենք եւ ո՛չ թէ այս ու այն թուրք կուսակցութեան: Ապրել ուզող մի ազգ վստահութեան յենակէտեր կը ստեղծի ինքնաբերաբար. նա ինքն է որ օրգաններ առաջ կը բերի»: Մեր այս պատասխանը մի քիչ աւելի գրգռեց Արամ Բէյ Հալաճեանի ջիղերը: Եւ մէկ առանձին հեգնութեամբ ասաց. «Միթ՞է դուք չէք գիտեր, որ «Իթիլաֆ»ականներու մէջ շատ յետաշրջականներ կան»:

«Այո՛, Հալաճեան Էֆէնտի, գիտենք, ճանաչում էլ ենք դրանց, ասացինք, բայց Սուլթան Համիտի բռնապետութեան օրօք հրամանքդ, եղբայրդ, ձեր այսօրուան նախագահ Ստեփան Էֆէնտին եւ Հայ Ազգային Ժողովի տասնեակ անդամները ի՞նչ էինք. յեղափոխականնե՞ր, ապստամբնե՞ր: «Իթիլաֆ»ականների մէջ եղածները նոյնքան Համիտի պաշտօնատարներն էին, որոնք որ այն բազմաթիւ Հայ պաշտօնակալները, որոնք այսօր իրենց հակահամիտականներ, ազատամիտներ, սահմանադրականներ են ցոյց տալիս»:

Արամ Բէյը աւելացրեց. «Մեր ազգային շահը կը պահանջէ «Իտտիհատ»ին ուժ տալ, ան ի՛նչքան զօրեղանայ, այնքան աւելի լաւ: Ան եթէ զօրեղ եղած ըլլար, մինչեւ հիմա քրդերը զսպուած կ’ըլլային եւ մեր հողային հարցն ալ բաւարար կերպով լուծուած»:

Սրանք խոցոտիչ, սպանիչ գաղափարներ էին, բայց նրանք կային դժբախտաբար. եւ պահպանողական, բուրժուազական, աղայական հայ «Իտտիհատ»ական մեծամասնութեան գաղափարաբանութիւնն էին կազմում:

-«Մի հարց, ասացի, որ մոռացութեան արդիւնք լինելով, հիմա է միայն մէջտեղ գալիս: Արդեօք Արամ Բէյը եւ Գարայեան Էֆէնտին, այստեղ մեզ հետ խօսում են որպէս «Իտտիհատ»ականնե՞ր, թէ՞ որպէս ո՛րեւէ հայկական հոսանքի ներկայացուցիչներ, չէ՞ որ իրենք կուսակցականօրէն «Իտտիհատ»ականներ են»:

-«Ո՛չ. մենք հոս ներկայ ենք, կը խօսինք յանուն Ազգային Ժողովի Ազատական խմբակի», պատասխանեցին Էֆէնտիները:

-«Եթէ հակասութիւն, գաղափարների անհամաձայնութիւն ծագելու լինի, դուք՝ «Իտտիհատ»ի անդամ Ստեփան Էֆէնտի Գարայեանի՞ եւ Արամ Բէյ Հալաճեանի՞ կողմը պիտի բռնէք, թէ՞ հայ ազգային ժողովի ազատական հոսանքի անդամ Գարայեան Էֆէնտու եւ Հալաճեան Էֆէնտու.- որի՞…»:

Մեր հարցը գալիս էր ներկուած հոգիները մաքրելու:

Յակովբ Էֆէնտի Եսայանը, ազգային Ժողովի Կեդրոնի կողմից, որ սկզբից ի վեր մեզ համակիր էր, էլ համբերել չկարողացաւ ու ասաց. «Ախպա՛ր, դուք երկու գոյն ունիք. ո՞ր մէկին պիտի հաւատանք»:

Սկսուեցին սուր դիտողութիւններ:

Հարցեր ու պատասխաններ էին, որ իրարու հասցէի թափւում էին:

Մեր խօսքը շարունակելով՝ ծանրացանք այն սխալ ըմբռնումի վրայ, որ հայ հողային խնդիրը չէր լուծւում, քրդերը չէին զսպւում եւ կոտորածները, յափշտակութիւնները կատարւում էին՝ որպէս թէ՝ «Իտտիհատ»ի թուլութեան երեսից եւ նրա կամքին հակառակ: Դժուար չեղաւ մեզ՝ փաստերով եւ օրինակներով հաստատել, որ դրանք բոլորը կատարւում էին, բացառապէս, «Իտտիհատ»ի թելադրութեամբ եւ հաւանութեամբ. ամէն ինչ տեղի էր ունենում համաձայն նրա որոշեալ յատակագծին. հետեւապէս, թուրք ազգային այդ գայլին ո՛չ թէ պետք էր ուժեղացնել, այլ նրա ատամները այժմեանից իսկ փշրել. որովհետեւ նրա ուժեղացումը մեզ է՛լ աւելի վնասակար, է՛լ աւելի վտանգաւոր պիտի լինի:

Պաշտպանեցինք ե՛ւ այն գաղափարը, որ մենք պատրաստ էինք համերաշխելու, համագործակցելու միմիայն նրանց հետ, որոնք հակա«Իտտիհատ»ական քաղաքականութիւն կ’ընդգրկէին. այլապէս մենք պիտի պահէինք մեր կուսակցական դիրքը եւ պիտի չցանկանայինք՝ «Իտտիհատ»ի համակիր, կամ նրա հետ գործակցելու կամէութիւն ցոյց տուող ո՛րեւէ մարմնի կամ մարմինների հետ գործ ունենալու,- ազգային կամ այլ ի՛նչ անուն որ նրանք կրէին:

-«Բայց ամբողջ ազգը կ’ուզէ «Իտտիհատ»ի հետ երթալ», ասաց Ստեփան Էֆէնտին:

Պատասխանեցինք, որ Հայ ազգը իր ջաղջախիչ մեծամասնութեան մէջ «Իտտիհատ»ին հակառակ է. նա այդպիսի ցանկութիւն եւ տրամադրութիւն բնաւ չունի. եւ Ստեփան Էֆէնտուն էլ յանձնարարագիր չի տուել այդ ուղղութեամբ արտայայտելու: Աւելացրինք, որ եթէ հայ ազգը այդպիսի մի ձգտում ունենայ իսկ, մենք դարձեալ պարտաւոր չենք զգում  մեզ՝ նրան հետեւելու. ընդհակառակը՝ պարտականութիւն կ’ունենանք նրան լուսաբանելու, համոզելու, որ մեր ուղղութեանը գար: Մատնանշեցինք ե՛ւ այն պայծառ իրողութիւնը, որ ազգի մոլորեցնողները, «Իտտիհատ»ին հետեւողները, բացառապէս նրանք են, որ պետական պաշտօնեաներ են եւ նրանից կրծօններ ապահովելու նպատակ ունին:

Մեր եզրակացութիւնը. «Եթէ ձեզանով ներկայացնող հայ ազգը համերաշխում է «Իտտիհատ»ի հետ երթալու, մենք, այդ աղիտաբեր համերաշխութիւնը պատառոտում ենք եւ դա կը լինի մեր Կուսակցութեան պատիւը»:

Մենք դուրս եկանք:

Հետեւեալ օրը դաշնակցական տեղական օրգանը եւ «Իտտիհատ»ի համակիր հայ ուրիշ թերթերը մեզ անուանեցին՝ «Մեծ պառակտիչը»:

Դա մեր կուսակցական պատուանունն էր, նրա անկեղծութեան, հեռատեսութեան վկայականը՝ մեր հակառակորդների կողմից տրուած:

Բայց մենք նրանց ուրիշ անուն չտուեցինք, այլ միայն՝ ազգային շահ ոտնակոխողներ, րոպէի արժէքը, նրա պահանջները չճանաչողներ:

Եւ սա պատահում էր 1912-ին: Սպանիչ, խոցոտող չէ՞ սա:

Մեր Կուսակցութիւնը պահեց իր դիրքը:

Ռամկաւարները սաղմնային կազմակերպութիւն էին սկսել ունենալ Պոլսոյ մէջ: Հաւաքեցինք նրանց գլխաւոր անդամներին միասին, առաջարկեցինք՝ որ իրենք էլ բաժին ստանձնեն Հայ ժողովրդի զինուելու գործի մէջ: Նրանք բացէ ի բաց հրաժարուեցան՝ ասելով որ իրենք գտնւում էին սահմանադրական մի երկրի մէջ եւ չէին կարող այդպիսի վտանգաւոր քայլ անել: Ասացինք, որ զինուելու գործը մեր Կուսակցութեան միջոցաւ անեն, քանի որ վախենում են եւ մենք կը պարտաւորուէինք իրենց մանրամասն հաշիւ տալ: Դրանից էլ հրաժարուեցան: Իրենք համամիտ էին հակա«Իտտիհատ»ական ուղղութեան պայքարին, բայց չէին համարձակւում հրապարակապէս դիրք բռնել: «Իտտիհատ»ի զօրեղացման վտանգաւորութիւնը շեշտելով՝ առաջարկեցինք, որ իրենք էլ մեզ հետ միասին կամ առանձին, ինչպէս որ կ’ուզեն, ուժ տան, աջակցին «Իթիլաֆ»ին, սրա հակա«Իտտիհատ»ական պայքարի մէջ: Ռամկավարների այդ ժամանակուայ պարագլուխ եւ իրենց Կեդրոնական Վարչութեան նախագահ՝ Դաւիթ Տէր Մովսէսեանը հետեւեալ բնորոշիչ պատասխանը տուեց. «Ձեր կուսակցութեան դիրքը շատ ճիշդ է, շատ ուղիղ է. բան չունինք ըսելիք. հարկաւ ազգային շահը կը պահանջէ «Իտտիհատ»ի դէմ կռիւ մղել. բայց դուք կրնա՞ք մեզի երաշխաւորել, որ «Իթիլաֆ»ին ուժ տալով՝ կը յաջողենք մեր ընտրութիւնները ապահովել. կը վախնամ որ մեծամասնութիւն շահիլ չկարողանան»:

-Ուրեմն, ձեր վերջին դիրքը ի՞նչ պիտի լինի, հարցնում ենք:

-«Առ այժմ սպասողական. տեսնենք թէ ո՞ր կողմը ուժեղ դուրս կ’ելնէ, այն կողմն ալ կ’երթանք»:

Կսկծալին այն է, որ Պոլսոյ մի քանի մտաւորականները այդտեղ ներկայ էին. եւ այդ իմաստուն, ազգաշահ խելքին էլ հաւանութիւն տուին:

Սուլթան Համիտը մեր երկու սերունդն էր փճացրել:

Հակամարտութիւնը դադար չառաւ:

Այս բոլոր անցուդարձերից յետոյ՝ Դաշնակցականները նորից յաջողեցան Ստեփան Էֆէնտի Գարայեանի եւ Հալաճեանների միջոցով ազգային ժողովի մէջ եղող զանազան հոսանքներից հայ ազգային ներկայացուցչական մարմին կազմել եւ այդպիսով յարել «Իտտիհատ»ին ու նրան քուէ տալ, այսինքն նրա տիրապետութիւնը եւ ուժեղացմանը նպաստել:

Կուսակցական յարաբերութիւնները է՛լ աւելի լարուեցան: Գաւառների մէջ, նոյն իսկ, փոքրիկ ընդհարումներ էլ տեղի ունեցան:

Դաշնակցականների կողմից Խաժակը Փոքր Հայքի մէջ ընտրական պայքար կատարեց: Մարզուանի մէջ «Իտտիհատ»ական գայմագամի ներկայութեանը, հրապարակային ժողովի մէջ, մի անճոռնի լեզուով, այն միտքն էր պաշտպանել՝ թէ «Առեւանգումները, կանանց յափշտակումները միայն հիմա տեղի չեն ունենում, դա զուգընթաց է պետութիւնների զարգացմանը. դրա ամենալաւ օրինակն այն է, որ կանանց յափշտակութիւնը շատ սովորական մի պատմական երեւոյթ էր թէ Հին եւ թէ Միջին դարերում: Թուրք պետութիւնը ուժեղացնելը, «Իտտիհատ»ին համագործակցելը մեզ շատ օգտակար է. որովհետեւ, որքան որ նա ուժովնայ, այնքան էլ աւելի մեծ չափով կարող կը լինի քրդերին սանձել եւ թոյլ չտալ, որ կոտորածներ տեղի ունենան: Ազգային համերաշխութիւնը մոգական գաւազանով խանգարեց Սապահ-Գիւլեանը դեռ այստեղ, Փոքր Հայք եղած ժամանակը…»:

-Որպէս թէ՝ ես դեռ Փոքր Հայքում եղած ժամանակս՝ «Իթիլաֆ»ականների հետ համաձայնութեան ձեռնարկած լինէի եւ այդ պատճառով էլ, Պոլսում, իրենց եւ մեր մէջ համերաշխութիւնն էլ այդ նկատումով խզել տուած:

Մեր Գործադիր Յանձնախմբի անդամները բողոքել էին եւ տեղի էր ունեցել ժողովի խանգարումն: Սա մէկ նմոյշն էր: Զուտ իրականութիւնն այն էր, ինչ որ պատմեցինք:

Այսպէս, մենք ճանաչեցինք Հայ Ազգի արիւնռուշտ թշնամուն. չափեցինք, կշռեցինք «Իտտիհատ»ին. եւ մեր ձեռքից ինչ կը գար՝ չխնայեցինք, գործ դրեցինք, աշխատեցինք նրան թուլացնել, տկարացնել, տապալել, նրա գործունէութիւնը անդամալուծել:

Մենք արեցինք այն, ինչ որ կարող էինք, ի՛նչ միջոցներ որ մեզ տրուած էին:

Իրերը եկան հետզհետէ պայծառ կերպով ցոյց տալու, որ մենք կատարեալ իրաւունք ունէինք նրա հանդէպ անողոք լինելու եւ մեր դիրքի մէջը յարատեւելու:

Ս. Դ. Հնչակեանութիւնը այդ տեսակէտով, իր պարտականութիւնը լի ու լի կատարեց:

Գործը՝ որ մենք գործեցինք, ամենայնիւ համապատասխանում էր իրերի բնութեանը եւ պատմութեան պահանջին:

                                                          ՀՈՍԱՆՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԿԷՏԸ

««ԻՏՏԻՀԱՏ»»Ի ԿԱՏԱՂՈՒԹԵԱՆ ՓՐՓՈՒՐԸ.- «Իտտիհատ»ը՝ ամէն քայլափոխին՝ իր դէմ ունեցաւ Ս. Դ. Հնչակեանութիւնը, որին օգնութեան հասան, որոշ չափով, այն բոլոր ուժերը, որոնց մասին խօսուեցաւ վերեւում: Ամէնից աւելի զօրավիգ եղաւ «Իթիլաֆ»ականութիւնը: Բայց ակնյայտնի իրականութիւնն այն էր, որ այդ բոլոր շարժումների, այդ ամէն ընդդիմադրութիւնների առաջնորդող ոգին, վարիչ ուժը, կեդրոնական առանցքը մեր Կուսակցութիւնն էր:

Մեր Կուսակցութեան եւ Թուրք Ազգայնականութեան հակամարտութիւնները աւելի խիստ կերպով աչքի էին ընկնում՝ մանաւանդ գաւառների մէջ: Այդ տեղերում՝ երկու կողմերի յարաբերութիւնները աւելի քան լարուած էին. կրքերը գրգռուած:

Բայց մենք թուրք ազգայնական կուսակցութիւնը չհարուածեցինք միայն Հայ ազգային շրջանի մէջ. դա մեզ բաւականութիւն չէր կարող տալ. եւ «Իտտիհատ»ի կատաղութեան փրփուրն էլ այնքան ուժգին չէր լինիլ, եթէ խնդիրը միայն դրանով վերջացած լինէր: Մենք նրա դէմ դուրս եկանք ե՛ւ բուն թրքական միջավայրի մէջ: Նրա ատամների կրճտոցը աւելի այդ պատճառով եղաւ: Շատ տեղերում, նրա տեղական ակումբների ջանքերը ո՛չ միայն ամլութեան դատապարտեցին, այլ նրանց փակուելու էլ պատճառը մենք դարձանք՝ մեր ուժեղ պրոպագանդայի շնորհիւ: Եւ դա մեզ մասնաւորապէս յաջողուեց՝ Քեամիլ Փաշայի Սատրազամութեան օրօք:

Ցոյց տալու համար, այդ տեսակէտով, մեր ձեռք բերած բարոյական ազդեցութիւնը, բաւական է յիշել այն իրողութիւնը որ Գոնիան իր աթոռանիստը դարձնող Հալիմ Չէլէպին որ Սելջուկեանների արքայական տան մնացորդներիցն է եւ իր տոհմը թրքաց Սուլթանների գահակալութեան ժամանակ՝ նրանց սուրը կապելու պատմական առանձնաշնորհումն ունի- յաճախ, շաբաթներով, մեր գործիչներին իր տանն է հիւրասիրել եւ նրանց պրոպագանտային ամէն դիւրութիւններ ընծայել:

Գոնիայի շրջանի մէջ, «Իթիլաֆ»ականների օգնութեամբ, ««Իտտիհատ»»ի ազդեցութիւնը կատարելապէս հողի հաւասարեցրինք եւ իր դէմ խորին ատելութիւն, անսահման պժգանք ստեղծուեցաւ:

Գաւառներում, մեր ակումբները մի տեսակ դիւանատների, փաստաբանական գրասենյակների բնաւորութիւն էին ստացել: Այնտեղ էին գալիս ո՛չ միայն թուրք, քիւրտ, չէրքէզ, աւշար, յոյն գործաւորները՝ իրենց կրած զրկանքների համար օգնութիւն խնդրելու, այլեւ՝ բոլոր նրանք, որոնք «Իտտիհատ»ական կառավարութեան դէմ ո՛րեւէ գանգատ եւ բողոք ունէին: Տիրող Կուսակցութեան կողմից անիրաւուած պաշտօնատարների՝ մեր Վարիչ Մարմնին եւ Մասնաճիւղերի Վարչութեան դիմելը շատ սովորական էր: Փաստ էր՝ որ ամէն շրջան որոշ կերպով գիտէր, տեղեակ էր՝ թէ ««Իտտիհատ»»ի դէմ պայքարող, նրան տապալել ուզող մի Կուսակցութիւն կար: Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան բարոյական արժէքը դրա մէջն էր: Եւ հէնց այդ իրականութիւնն էր որ «Իտտիհատ»ականների բերանից անզուսպ սրտմտութեան լորձունք էր հոսեցնել տալիս մեր դէմ:

Մի քանի նմոյշներ:

Էրպաաի շրջանի Թուրք հասարակութիւնը Միւֆտի էր ընտրել Ալի անունով մէկին, որ հակա«Իտտիհատ»ական էր եւ բարեբարոյ, առաքինի մի մարդ: Նա սրտանց բարեկամ էր ե՛ւ Հայերին: Հակառակ միաձայնութեամբ իր ընտրուելուն՝ «Իտտիհատ»ական Գայմագամը, Միւթէսարըֆը եւ Վալին նրա թղթերը պահել էին եւ Շէյխ-Իւլ-Իսլամութեան չէին ուղարկել: Տասնեակ գիւղերից՝ թուրք հասարակութեան պատգամաւորութիւնը մեզ ներկայացաւ, գործուած այդ ապօրինութեան դէմ բողոքելու եւ լուծում տալու միջոց խնդրելու: Մեր ներկայութեանն էր, որ «Իտտիհատ»ական պետական պաշտօնեաները ամենածանր նախատալից բառեր ստացան թուրք հասարակութեան ներկայացուցիչներից եւ սակայն ստիպուեցան լռել ու պատշաճութիւնից չանցնել: Եւ դա ազգայնական կուսակցութեան բարոյական անկման, ապականութեան մի նմոյշն էր: Ու մենք չէինք, որ այդ եւ դրա նման շատ առիթներից չօգտուեցանք՝ մեր պրոպագանտայի համար:

Պալըքէսէրի մէջ՝ «Իթիլաֆ»ական ակումբը երկու օր կատարեալ պաշարման դրութեան էր ենթարկուել: «Իտտիհատ»ական միւթէսարըֆ Սամի Րիֆաթ Բէյը ամէն գնով ուզեցել էր հիմնայատակ անել այն: Շրջականներից անգամ թուրք ազգաբնակչութիւնը օգնութեան էր հասել. որովհետեւ «Իթիլաֆ»ական Էօմէր Էֆէնտին, իր ընկերներով, որոշել էր ընդդիմադրել՝ ինչ որ էլ գալու լինէր: Վերահաս արիւնահեղութեան առաջն առնելու համար՝ նախկին Շէյխ-Իւլ-Իսլամ Մուստաֆա Քեազիմը («Իտտիհատ»ական) միջամտել էր, բայց անկարող էր եղել գործը հաշտութեամբ գլուխ հանել, որովհետեւ «Իթիլաֆ»ականները նրա միջամտութիւնը բացէ ի բաց մերժել էին: Տեղական Թուրք «երեւելիների» եւ «մեծամեծների»առաջարկութեամբ՝ երկու կողմերը մեզ դիմեցին՝ խնդիրը կարգադրելու համար: Եւ մենք կարգադրեցինք: Դա նուազ բարոյական ապտակ չէր, որ շառաչեց տեղական կառավարութեան եւ «Իտտիհատ»ի երեսին: Թուրք ժողովուրդը դրանից քիչ եզրակացութիւններ դուրս չբերեց: Սա էլ պատահեց 1912-ին, եւ մենք չուշացանք մեր հարուածի ծանրութիւնը զգացնել տալու՝ ուրիշ շատ դէպքերում էլ:

Նիկոմիդիայում հրապարակային մի բազմամարդ ժողովի մէջ թարգմանի միջոցով կատարած մեր դասախօսութիւնից յետոյ՝ խօսք առաւ տեղական մի փաթթոցաւոր եւ կարդաց իր գրաւոր ճառը: Նրա մի քանի պարբերութիւնները միայն. լսեցէ՛ք.- «Ամենաբարձրեալն Աստուած Մովսէսին ուղարկեց Իսրայէլացիներին ազատելու Փարաւոնի ձեռքից. նոյն Աստուածն էլ Ս. Դ. Հնչակեաններին ուղարկեց՝ մեզ «Իտտիհատ»ի զուլումներից փրկելու…»: Եւ այդ ասողը մի միւսլիւման կրօնական էր՝ մօտ 2000 ունկնդիրների առաջ: Ներկայ «Իտտիհատ»ականները ականջալուր եղան՝ բայց ձայնածպտուն հանել չկարողացան:

Դեռ ո՛չ մի խօսք չենք ասում այն մասին՝ թէ ինչպէս, շատ յաճախ, գաւառներում, Յոյն հասարակութիւնը իր կարգախօսը գալիս ստանում էր մեր մասնաճիւղերից. եւ իր տեղական գործերի համար՝ շարունակ նրանց էր դիմում:

Սրանք, հարիւրների միջից, փոքրիկ նմոյշ-իրողութիւններ են՝ ցոյց տալու համար, թէ մեր Կուսակցութիւնը բարոյական ի՛նչ մեծ վարկ էր ձեռք բերել նոյնիսկ թուրք եւ ա՛յլ շրջանների մէջ. եւ թէ ինչու համար թուրք ազգայնական ա՜յնքան թոյն էր կուտակուել նրա դէմ:

Հարցը, ուրեմն, չէր վերջացրել Օսմանեան Խորհրդարանի դռները մեր առաջ փակելով. մենք ծորել էինք ամէն տեղ, ուր ամենափոքր մուտքը, շաւիղ էինք գտել:

Մեր կուսակցական հոսանքն էլ՝ արդէն, աստիճանաբար, վարարել, յորդել, ափերից դուրս էր եկել եւ մակընթացութեան մէջ մտել: Իրողութիւնները այդ անհրաժեշտ, անխուսափելի էին դարձել:

Ուրիշ պարզաբանող փաստեր էլ:

Տամատ Սալիհ Փաշան՝-«Իթիլաֆ»ական, նա՝ որ տղամարդի պէս գլուխը բարձր մահասիւներին մօտեցաւ եւ պարանը ինքը իր վիզն անցկացրեց- պատուոյ խօսքի երդումով մեզ ասել էր՝ թէ ի՛նչպէս «Իտտիհատ»ականների վարիչ շրջանների մէջ որոշում էր կայացել Հայերին անպատճառ կոտորել՝ նոյն իսկ Հայաստանը Թիւրքիայի տիրապետութիւնից դուրս գալու պայմանով: Այդ խօսքը տարածուել էր նո՛յնիսկ պալատականների շրջանում: Ամէն շատ ու քիչ «Իտտիհատ»ական այդ որոշման կողմնակից էր հանդիսացել:

Նիկսարի գայմագամ՝ Իսհան Բէյը եւ շրջանային զինուորական հրամանատար Սաբիհ Բէյը մեզ յանձնեցին (1912) մի տրցակ շատ թանկագին վաւերաթղթեր. դրանք բոլորը մասամբ «Իտտիհատ»ի Կեդրոնական Վարչութեան եւ մասամբ էլ՝ «Իտտիհատ»ական կառավարութեան կնիքով են կնքուած: Այդ բոլորը վերաբերում են այն տակտիկային եւ վարուելակերպին, որ թուրք ազգաբնակչութիւնը եւ կառավարիչները պիտի ունենային դէպի Հայ Ազգը ընդհանրապէս եւ դէպի Ս. Դ. Հնչակեանութիւնը՝ մասնաւորապէս: Ընտրութիւնների առթիւ եղած գրութիւնները եւ հեռագրաթղթերը շատ երկրորդական տեղ են բռնում. գլխաւորը ընդհանուր քաղաքականութիւնն է: Ժամանակին դրանք բոլորը հրատարակութեան կը տանք: Այժմս միայն մի նմոյշ.- «…Առաջին առթիւ, երկիրը մաքրեցէք. Ս. Դ. Հնչակեաններից…: Հայերին չխնայէք. Կենդանի շունչ չթողնեք. կայք, գոյք՝ ամէն բանի տիրապետեցէք…»:

-«Այս ձեզ տալիս եմ որպէս վաւերաթուղթ. որպէսզի օր առաջ ձեզ էլ, մեզ էլ ազատէք այս ճիվաղների ձեռքից», ասաց՝ յուզուած Իհսան Բէյը:

-«Իտտիհատ»ական մեծերին սատկեցնելը Հայերի ազգային պարտականութիւնն է». աւելացրեց Սաբիհ Բէյը եւ մանրամասնեց հայաջնջութեան այն ծրագիրը, որ «Իտտիհատ»ականների սեւեռուն գաղափարն էր, կարծելով՝ թէ մենք այդ մասին տեղեկութիւն չունէինք:

Կեսարիայի Միւթէսարըֆի օգնականը, որ մի կտրիճ եւ ուսեալ Ալբանացի էր, ի ներքուստ «Իտտիհատ»ին ատող, Կարապետ Աղա Ճամճեանի (նրան կախեցին մեր կուսակցական գործերին օգնած լինելու համաև) միջոցով մեզ հետ մտերմանալուց յետոյ, որպէս խոստովանութիւն, 1911-ի ամրանը ասել էր. «…Եթէ այս «Իտտիհատ»ականները մնան, սրանք Հայ Ազգի գլխին նոր եւ աւելի խիստ փորձանքներ յառաջ պիտի բերեն: Ուստի ձեր ազգի փրկութեան տեսակէտից՝ շուտով աշխատեցէք ձեր օձիքը սրանց ձեռքից ազատել…»: Եւ դա երեւոյթներից, իրերի տրամաբանութիւնից եզրակացնողի անհատական կարծիք չէր, այլ ստոյգ տեղեկութիւն, որ հիմնուած էր իր ձեռքին ունեցած պաշտօնագրերի վրայ. ինչպէս որ մեզի հաւաստեց՝ պատուոյ խօսքով:

Սամսոնի մէջ, 1912-ին, երկրաչափ Սամի Բէյը, որին դեռ Պարիզից էինք ճանաչում, մեզ մանրակրկիտ տեղեկութիւններ էր տուել «Իտտիհատ»ականների կազմած դաւադրական ծրագրի մասին, ինչ որ վերաբերում էր Հայերին կոտորելու: Քեամիլ Փաշայի կառավարութիւնը վարկաբեկելու եւ կառավարութեան ղեկը նորից «Իտտիհատ»ին յանձնելը անհրաժեշտութիւն նկատել տալու համար՝ ուրիշ միջոց չէր խորհուել, եթէ ոչ՝ Հայերին ջարդելը:

Սրանք կասկած չվերցնող, ստուգապատում տեղեկութիւններ են, ճշգրիտ եղելութիւններ՝ բարձր ամէն կասկածից, որոնց մի մասն ենք այժմս միայն հրատարակութեան տալիս՝ մեր թէզը պարզաբանելու տեսակէտով. մնացած ամբողջութիւնը դուրս կը գայ մեր՝ «ՓՈՔՐ ՀԱՅՔԻ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԻՑ» անունով գրքի մէջ:

Այս բոլորը գալիս են որոշ կերպով հաստատելու, թէ Թուրք ազգայնականութիւնը մարմնացնող Կուսակցութիւնը կրքերի ի՛նչ աստիճան բորբոքումի մէջ էր գտնւում դէպի Հայ ազգը ու մեր Կուսակցութիւնը:

Դրանից յետոյ էլ, վերջին եւ երրորդ անգամ Փոքր Հայք եւ Սեւ Ծովի տաճկական ափերը այցելելով՝ եւ կուսակցական ու մեզ համակիր սահմանների մէջ պէտք եղած կարգադրութիւնները անելով՝ այլեւս առաջին եւ հրամայական պարտականութիւն համարեցինք ամէն ինչ որոշ կերպով ներկայացնել ամբողջ Հայութեան: – Այդ սրտակեղեք ճիչը մեր Կուսակցութիւնը իր ժամանակին արձակեց՝ ամենայն ուժգնութեամբ:

«ՀՆՉԱԿ»Ի ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ.- Նոր իրողութիւններ եւ դէպքեր արձանագրելով՝ առաջ դրուեցաւ վերահաս վտանգի եւ բնաջնջման իրականութիւնը:

Փաստուեցաւ, որ ուրիշ միջոց չկար, եթէ ոչ՝ զէնք, հրանիւթ, ինքնապաշտպանութիւն, յեղափոխական գործունէութիւն:

Ասուեցաւ, որ սխալ՝ գլխովին սխալ էր այն գաղափարը, թէ «Իտտիհատ»ը սահմանադրական կառավարութիւն մարմնացող մի կուսակցութիւն էր եւ նրա մեջը մինչեւ անգամ ձախակողմեաններ էլ կային՝ յանձին Թալաթի, Էնվէրի, Ջավիտի, Ջէմալի…:

Կոչ եղաւ պարտականութիւն, վեհագոյն, հրամայական, անյետաձգելի պարտականութիւն ստանձնել եւ դիրք բռնել:

Դեռ ուշ չէր:

Առնենք «Հնչակ»ի թիւ 3-ը, 1913. բանանք 6րդ էջը՝ «ՓԱՍՏԵՐ ԵՒ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ» բանասիրականից, կարդա՛նք:

«…Մի անգամ ընդ միշտ, որպէս անվիճելի ճշմարտութիւն, աչքի առաջ պիտի ունենալ հետեւեալը.- երբ ամենափոքր յարմար րոպէին ներկայանայ եւ համոզուած լինի, որ իր արարումունքը դիւրութեամբ կարող է մարսել, թուրք ազգայնականութիւնը՝ որի ձեռքին է այսօր երկրի կառավարական գործը, առանց տատանուելու, որպէս պատմական անհրաժեշտութիւն, անխնայ կերպով պիտի կոտորի Հայերին: Եւ այս անգամ աւելի՛ անողոք, քան 1895-1896-ին. աւելի սաստկութեամբ, քան Ատանայի եղեռնը: Ջարդի հոգեբանական դրութիւնը մնայուն է եւ ունի իր խորին արմատները, որ հեշտութեամբ չպիտի կարելի լինի թուրք ազգայնական պինդ գլխից դուրս քաշելու:

«Սա էլ որոշ է, որ թուրք նացիոնալիզմի Հին ու Նոր ներկայացուցիչները ո՛չ մի կերպ չեն ուզում հաշտուել Հայ ժողովրդի գոյութեան, բարգաւաճման, կենսունակութեան գաղափարի հետ: Նրանց ընդհանուր տակտիկան է՝ «Սահմանդրական» պատրանքների մէջ Հայերին օրօրելով՝ քայքայել, ոչնչացնել՝ մանաւանդ տնտեսապէս, քաղաքականապէս արդէն ոչինչ չունենալով:

Սա ժայռ իրականութիւն է, որ պէտք է տեսնել, ճանաչել եւ ըստ այնմ դիրք բռնել: Իրողութիւնները, կասկածները, ենթադրութիւնները ճշդելու համար՝ պատմութեան պիտի դիմել. իսկ մեզ այդ անսքօղ ճշմարտութիւնն ասողը՝ ինքը պատմութիւնն է»:

Թէ մեր քաղած տեղեկութիւններով, ձեռքի ունեցած փաստաթղթերով որքա՞ն իրաւունք ունէինք այդ եզրակացութեանը յանգելու եւ դրանով ինչքա՜ն մօտիկ էինք իրակնութեանը.- յետագայ աղէտները եկան այդ բոլորը ցոյց տալու բոլոր նրանց, որոնք դեռ դրանից յետոյ էլ շարունակեցին պահպանողականութեան, անտարբերութեան, չէզոքութեան, անպարտաճանաչութեան քղանցքի տակ պահելու:

Ու ի՞նչ էր ասւում, ի՞նչ թելադրւում, ի՞նչ պէտք էր անել.- ի՞նչ էր պարտաճանաչ, գիտակից, ապրիլ ուզող ամէն Հայի վեհ պարտականութիւնը, մի պարտականութիւն՝ որ բղխում էր րոպէի, կեանքի իրական պահանջներից: Ահաւասիկ այդ կտորն էլ. դա էլ կարդանք:

«…Պատրա՜ստ ինքնապաշտպանութեան.- դա է քաղաքացիական գիտակցութեան այն վեհագոյն պարտականութիւնը եւ մարդկային է՛ն տարրական իրաւոնքը, որ րոպէն բացարձակ, անյետաձգելի եւ հրամայական անհրաժեշտութիւն է դարձրել՝ այս եւ գալիք օրերի համար:

Ասիայում պարփակուող թուրք ազգայնականութիւնը մեզ պիտի չխնայի՝ ո՛չ մի պայմանի տակ. նրա շողոքորթութիւները, սուտակասպասութիւնները, մեղրածորան յայտարարութիւնները բոլորն էլ միջոցներ են միայն մի նպատակի հասնելու, այն է՝ ամէն գնով Հայերին մէջտեղից վերցնել, թէկուզ փոքրիկ ցնցումներով, թէկուզ ասիական մի քանի նահանգներ կորցնելով:

Միշտ մտածենք այդ մասին. բայց երբեք չխօսենք»,- Գամբէտտայի այդ խօսքը թուրք ազգայնականի մշտական սեւեռուն, մղիչ գաղափարն է՝ Հայերին կոտորելու, բնաջնջելու նկատմամբ:

Մենք էլ, ուրեմն, այդ մասին շարունակ մտածենք, ժայռ իրականութիւնը աչքից բաց չթողնենք եւ ըստ այնմ կազմ ու պատրաստ գտնուենք՝ առանց սին բառերի, ցնորական երազների մթնոլորտի մէջ ընկնելու:

Ինձը իւր խայտուցները չի փոխիլ. երբ 3-4 հարիւր տարի Եւրոպայում, քաղաքակրթութեան շէմքին վրայ ապրող թուրք ազգայնականութիւնը իւր խայտուցներից շերտիկ անգամ չպակասեցրեց եւ այնտեղ իր սեպհական մեղքերի ծանրութեան տակը թաւալեց՝ մինչեւ վերջ անուղղայ մնալով. – Ասիայո՞ւմ այդ հրաշքը պիտի կատարուի: Նա տեղ էլ կը շարունակի մնալ նո՛յն «գազանը», նո՛յն մեթոտներ գործադրողը, ինչ որ էր դարեր առաջ: Պատմութեան տուեալները անպատիժ կերպով չի կարելի ուրանալ: Մեր արեան ճահիճները այդքա՜ն շուտ չմոռանանք:

Ժամանակակից կեանքի պահպանութեան առաջին ազդակը, առանցքն ի՛սկ, սուրը, զէնքը, հրանիւթն է: Աշխարհի ո՛ր մէկ անկիւնը, պատմութեան ո՛ր էջը որ քրքրէք, – այդ կը տեսնէք: Երբ այդպէս է, ապա մենք էլ մեր ինքնապաշտպանութեան, մեր հաւաքական գոյութեան նախապայմանը ամէնից առաջ այդ գործօնների վրայ պիտի դնենք. բացառութիւն կազմել չենք կարող: Եւ ո՞ր տեղի իրականութիւնը այդ թէզի վրայ կեցած չէ այս անցողական շրջանի մէջ: Գարունը չի գալիս ո՛չ ցանկութիւններով, ո՛չ էլ քարոզներով. եւ մենք չենք, որ հակաբնականը բնականի պիտի վերածենք:

Մեր սկիզբը, մեր վախճանը մե՛ր մէջ, բացառապէս մե՛ր մէջ պիտի փնտռենք. – ապրել ուզող ազգերի նշանաբանը դա է՝ փոթորիկների, մրրիկների այս օրերիս մէջ. դա դժբախտութիւն է. բայց հէնց դա՝ էլ այն ժայռ իրականութիւնն է, որ չտեսնող կոյրերի գլուխն է փշրում»:

Պարզ է, ծածուկ խորշ չի մնացել. ժամանակի պահանջը լի ու լի կերպով արտայայտել, բացատրուել է: Մնում էր գործադրութեան եղանակը, պայմանները:

ԲԱԼՔԱՆԵԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ.- Իրերի այդ դրութիւնը իր անմիջական ազդեցութիւնն ունեցաւ Բալքանեան շրջաններում: Աստեղ Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան եւ Հ. Յ. Դաշնակցութեան տեղական պատասխանատու մարմինների միջեւ մի համաձայնագիր ստորագրուեց 1913-ի Յունիսի վերջերը: Պահանջը այդպիսի համաձայնութեան՝ այնքա՜ն ակներեւ էր, որ մեզնից մի առանձին աշխատանք չխլեց:

Բուլղար պետական շրջանների եւ ժողովրդի տրամադրութիւնը, այդ ժամանակ, շատ լաւ էր դէպի Հայ Ժողովուրդը եւ Հայկական Դատը: Մեր Յեղափոխական պատմութիւնը այդ ուղղութեամբ բաւականին հող էր պատրաստել: Հայ կամաւորական գործն է՛լ աւելի բարձրանալուն:

Այստեղից շատ մեծ դիւրութեամբ կարելի պիտի լնիէր,-եւ պատասխանատու շրջաններից էլ խոստումններ եղած էին- մեծ քանակութեամբ զանազան տեսակի զէնքեր, ռազմամթերք հայթայթել եւ երկիր՝ Թուրքիա ներմուծել:

Դրա համար էլ բացարձակ անհրաժեշտութիւն էր երկու Կուսակցութիւնների համերաշխ գործակցութիւնը, որպէսզի ո՛չ միայն իրարու չխանգարէին, այլ միակամ ուժով գործի լծուէին եւ աշխատէին պահանջուած գործը գլուխ բերել: Այդ նպատակով, ահա, երկու Կուսակցութեանց Բալքանեան շրջանը հասկացողութեան եկաւ:

Այդ համաձայնագիրը, ժամանակին, իր վրայ շատ խօսեցնել տուեց. նա րոպէի պահանջի արդիւնքն էր. երկու կողմերի, մանաւանդ Թուրքիայի մէջ եղող կազմակերպութիւններին էր մնում այլեւս նրանից օգտուելը. գործի, ճանապարհի մի գլխաւոր մասը հարթուած էր:

ԹԻԷՐԻ ԽՕՍՔԸ.- Իր ժամանակին՝ ոչ ոք այնքան չէր տարուել Ազատութեանց Սկզբունքով, որքան Նապոլէոն Գ.-ը: Ազգութեանց սկզբունքի այդ տեսաբանը համոզուած էր, որ խաղաղութիւնը, յառաջադիմութիւնը այլեւս անխափան կը լինի, եթէ ճնշուած բոլոր ազգերը ազատագրուին եւ իրենց անկախութիւնը ձեռք բերեն: Դա նրա սեւեռուն գաղափարն էր եւ իր պետական մեքենան, քաղաքականութիւնը այդ ուղղութեամբ էր գլորում, քայլեցնում:

Հաւատարիմ իր ընդգրկած սկզբունքին, ոչ ոք այնքան չաջակցեց, չօգնեց Բիսմարկին՝ Միացեալ Գերմանիան ստեղծել, առաջ բերելու գործին մէջ՝ որքան Նապոլէոն Գ.-ը: Սադովոյի յաղթութեան վրայ, 1866-ին, երբ Աւստրիան ջաղջախուեց, Նապոլէոնը աւելի հրճուեց, քան Բիսմարկը. նա իր սկզբունքի յաղթութեան տօնը համարեց այդ. հարկաւ երբեք չէր կարծում, որ այդ միեւնոյն սկզբունքը, այդ միեւնոյն տակտիկան եւ գաղափարը՝ Բիսմարկը մի օր էլ իր դէմ կդարձնէր: Ու եկաւ «Ահռելի տարին» (1870-1871), երբ Ֆրանսիական կայսրութեան աւերակների վրայ՝ Վերսայլում հռչակուեց Գերմանական Կայսրութիւնը:

Սոցիալիստական տիրապետութիւնը, կոմմունիզմը ջաղջախելու համար՝ յաղթող Պրուսիայի ուժերին դիմող Թիէրը այդ ժամանակի քաղաքական խնդիրների մասին անդրադառնալիս՝ ցոյց է տուել՝ թէ ի՛նչպէս Նապոլէոն Գ.-ը սխալւում էր եւ չէր հետեւում Ֆրանսիական աւանդական քաղաքականութիւնը. նա ինքն էր սրել, պատրաստել այն տապարը, որ մի օր Ֆրանսիայի դէմ պիտի դառնար:

Թիէրը հետեւեալ նմանութեամբ է խօսել. «Յաճախ տեսնուել է, որ մարդիկ իրենց գլուխը պատին զարկելով՝ ջաղջախել են. բայց դեռ տեսնուած չէ, որ մարդիկ իրենց ձեռքով պատ շինեն՝ իրենց գլուխը նրան զարկել, ջախջախելու համար»:

Որքան որ ազգերի ազատագրութիւնը պատմութեան անհրաժեշտութիւնն էր եւ ո՛չ մի ուժ չկար, որ նրա առաջն առնել կարողանար, այնպէս որ խաբող, նենգող, յաղթող Բիսմարկներ, Մօլթկէներ, խաբուող, պարտուող Նապոլէոն Գ.-ներ եւ Օլիվիէներ ստեղծող, առաջ բերողն էլ նա էր. այնու ամենայնիւ, քաղաքագիտական տեսակէտով, Թիէրի դիտողութիւնը ճիշդ էր. ժամանակի հեռատես, ներհուն քաղաքագէտը միջոցներ ձեռք պիտի առնէր, որ Ազգութեանց սկզբունքը մի օր էլ Ազգայնականութեան թոյնի շտեմարան չդառնար:

Ֆրանսիացի քաղաքագէտը՝ Թիէրը՝ Անգլիա, Ռուսիա ճամբորդելով՝ պատմում էր կսկծալից, մորմոքած սրտով՝ իրենց «Ահռելի տարուան» մասին. բացատրում էր՝ թէ ի՛նչպէս իր նախորդները կառուցին նոյն այն պատը, որին իրենք յետոյ ստիպուեցան իրենց գլուխը զարկել, ջախջախել:

«Իտտիհատ»ական պատի կառուցման գործի մէջ՝ ո՞վ էր աւելի աշխատել, քրտնել, շունչ, ջանք վատնել, նրան դրամական, նիւթական միջոցներ տուել. ո՞վ էր «Իտտիհատ»ական պարիսպը ստուարացրել, ամրապնդել. ո՞վ էր սատարել, նպաստել, որ գաճաճ Թալաթները, Էնվէրները, Ջավիտները հերոսական ծիրանիներով պարուրուէին. ո՞վ էր «Իտտիհատ»ական շէնքի հաստատութեան գործին ուժ տուել.- պատմութիւնը միայն մի անստգիւտ իրողութիւն կարող է մատնացոյց անել, այն, որ Հայ ազգից՝ դրա մէջը չկայ միայն եւ բացառապէս Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը:

Դժբախտաբար, սխալ ուղղութեամբ առաջնորդուող Հայ Ուժն էլ՝ իր կողմից՝ շինեց, կառուցեց մի պատ, որպէսզի յետոյ իր գլուխը նրան զարկէր:

Բայց այդ պատը պէտք էր փլցնել ամէն գնով. դա անհրաժեշտութիւն էր դարձել:

Դեռ ամէն բան կորած չէր, ժամանակ կար. առանց Թիէրի նման յուսահատութեան անձնատուր լինելու՝ եւ է՛լ աւելի նորանոր սխալների մէջ գլորուելու, հարկաւոր էր ստեղծագործական աշխատանքի եւ արագ գործունէութեան դիմել:

Մեր անխախտ համոզումն էր, որ Հայ ազգը «Իտտիհատ»ական պատը փլցնելու ուժը, կարողութիւնը ունէր. ինչ որ պակասում էր նրան, դա իրերի բնութեան ըմբռնումը, հասկացողութիւնն էր:

Այդտեղ ուրեմն, նորից մեր Կուսակցութիւնը պարտականութիւն ունէր կատարելիք:

Նա խնդիրները, իրերի իսկական ընթացքը դարձեալ պիտի բացատրէր, լուսաբանէր, գործէր, իր ստանձնած կոչումնին համաձայն: