Հայ-թաթարական/ադրբեջանական կռիվները 1918-1920 թթ. Արշակ Ջամալյան

1440

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից մի հատված, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի: 

Քաջազնունու մեղադրանքներից մեկն էլ այն է, որ դաշնակցական կառավարությունը, երկուսուկես տարվա իշխանության միջոցին, անընդհատ պատերազմներ է ունեցել թե՛ ներքին և թե՛ արտաքին թշնամիների դեմ: Այս մեղադրանքն այնքա՜ն բռնազբոսիկ է և նրա մեջ այնպե՜ս ցայտուն կերպով երևան է գալիս Քաջազնունու ձգտումը՝ ամեն գնով սևացնելու Դաշնակցության պետական գործը, որ արժե փոքր ինչ կանգ առնել այստեղ:

Կարդալով այս մեղադրանքին վերաբերող տողերը՝ մարդ կարող է այն եզրակացության գալ, թե Քաջազնունին անուղղելի պացիֆիստ (խաղաղասեր) է, թե նա մեկն է այն մարդկանցից, որոնք, համաձայն «մի՛ կալ հակառակ չարին» պատվիրի՝ ամեն բանից վեր են դասում խաղաղությունը: Սական, դժբախտաբար, թե բարեբախտաբար, մեր հեղինակն այս կարգի մարդկանց թվին չի պատկանում: Նրա իսկական տրամադրությունը պատերազմի և խաղաղության խնդրում ներկայացնելու համար հիշատակենք մի դեպք:

Վերջին հայ-թուրքական պատերազմին, Կարսի անկումից հետո, մենք զինադադար առաջարկեցինք թուրք հրամանատարությանը, և նա ընդունեց մեր առաջարկը՝ համեմատաբար տանելի պայմաններ ներկայացնելով մեզ:

Մենք մեր համաձայնությունն էինք տվել այդ պայմաններին և նրա գործադրության հոգերումն էինք արդեն, երբ թուրք հրամանատարությունը, թերևս Անկարայի կառավարության հրահանգներով, դրժեց իր խոսքը և մեզ նոր, շատ ծանր պայմաններ առաջարկեց:  Ստեղծված կացությունը քննելու համար արտակարգ կառավարական նիստ գումարվեց զորավար Նազարբեկյանի գրասենյակում, որին հրավիրված էր և Քաջազնունին: Կառավարությունը հանգամանորեն ծանոթանալով թուրքերի առաջարկած նոր պայմաններին և առնելով թե՛ զորավար Նազարբեկյանի, թե՛ զորական մասնագետների, և թե՛ մի քանի պետական գործիչների կարծիքները, որոշեց շարունակել պատերազմը: Այս որոշմանը իրենց հավանությունը տվ[եց]ին բոլոր ներկա եղողները, բացի մեկից:

Եվ այդ մեկը Քաջազնունին չէր: Ի՞նչ արեց Քաջազնունին այդ ժողովում: Նա վեր կացավ և հանդիսավորապես հայտարարեց մոտավորապես հետևյալը.

– Պարոննե՛ր, վերջին դեպքերի ատեն ես այստեղ չեմ եղել և անձնապես պատասխանատվություն չունեմ նրանց մեջ: Սակայն ներկայումս, ծանոթանալով թուրքերի առաջարկած պայմաններին, ես, թեև այս ժողովում պաշտոկական հանգամանք չունեմ, կամովին բաժանում եմ ձեզ հետ պատասխանատվությունը և ասում՝ պետք է շարունակել կռիվը:

Իհարկե, այս հայտարարությամբ Քաջազնունին իր հոգու ջենտլմենությանը չէ, որ ցանկանում էր ցուցահանել՝ մի նոր և անխուսափելի պարտության պատասխանատվությունը կիսելով իր ընկերների հետ, այլ նա ուզում էր ասել, որ կան դեպքեր, երբ կռիվը, անգամ անհույս կռիվը, պետական անհրաժեշտություն է, որ պետական կյանքում լինում են դրություններ, երբ ոչ թե կռվելն է հանցանք, այլ՝ չկռվելը:

Արդ, ես պետք է ասեմ, որ Դաշնակցության վարած գրեթե բոլոր կռիվները՝ լինեն նրանք «ներքին», թե արտաքին ճակատի վրա, այսպիսի դրությունների հետևանք են: Մենք կռվել ենք ոչ թե որովհետև զենքի ճանապարհը գերադասել ենք ուրիշ ճանապարհներից, այլ որովհետև ուրիշ ճանապարհները փակված են եղել մեր առաջ: Մենք կռվել ենք, որովհետև մեզ հարկադիր են կռվելու…

Ներքին կռիվների խնդրում Քաջազնունու մեղադրանքները ամփոփվում են հետևյալ տողերի մեջ. «Մենք ունեցանք անընդհատ ու բազմաթիվ ներքին կռիվներ՝ Աղբաբա, Զոդ, Զանգիբասար, Վեդիբասար, Միլլիի Ձորերը, Շարուր, Նախիջևան, Զանգեզուր… Մենք շարունակ պահում էինք երկիրը զենքի տակ, անընդհատ կռիվների մեջ, զբաղեցրել էինք  բոլոր աշխատավոր ձեռները պատերազմի դաշտերում, մինչդեռ ամենամեծ կարիքն ունեինք շինարար աշխատանքների… Մենք ավերեցինք այնպիսի հացառատ վայրեր, ինչպիսին են Շարուրն ու Վեդին, այնպիսի անասնառատ վայր, ինչպիսին է Աղբաբան, ավերեցինք՝ առանց օգտվելու հարստություններից:

Մենք «չենք կարողացել վարչական միջոցներով կարգի մեջ պահել մահմեդական գավառակները, հարկադրված ենք եղել զենքի դիմելու, զորքեր շարժելու, ավերելու ու կոտորելու և որ կրկնակի վարկաբեկիչ էր կառավարության համար, խոշոր անհաջողությունների հանդիպելու: Այնպիսի կարևոր վայրերում, ինչպիսին էին Վեդիբասարը, Շարուրն ու Նախիջևանը, մենք չկարողացանք հաստատել մեր իշխանությունը նույնիսկ զենքի ուժով, պարտվեցինք ու նահանջեցինք:

Կարդալով այս տողերը՝ միամիտ ընթերցողն ակամայից պիտի մտածի. այս ի՜նչ հրեշավոր բան է եղել Դաշնակցությունը. այս ի՜նչ վայրենաբարո և արյունառուշտ ոճրագործություններից պետք է կազմված լիներ այդ կուսակցությունը, որ հազիվ իշխանության հասած՝ այլ միջոց չի կարողանում խորհել իրեն ենթարկած երկրի կառավարչության համար, քան մշտական կռիվները, կոտորածը, ավերը, թալանը և այլն, և այլն…

Ցանկացե՞լ է արդյոք Քաջազնունին Դաշնակցության վերաբերմաբ այսպիսի մի տպավորություն առաջ բերել իր ընթերցողների մոտ, թե՝ չէ, ես չգիտեմ: Բայց ես գիտեմ, որ նա անարդար կերպով է ներկայացնում իր ընթերցողներին մեր ներքին կռիվների պատմությունը: Եթե նա արդար լիներ այս խնդրում, ապա չէր բավականանա միայն անցողակի կերպով հիշատակելու այն անհերքելի փաստը, «որ Հայաստանի մահմեդական ազգաբնակչությունը, խրախուսված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, հակապետական ընթացք է բռնած եղել, այլև շատ ուրիշ բաներ կավելացներ դրա վրա: Նա կասեր և պիտի ասեր, եթե ցանկանար արդար և անաչառ լինել.

որ Դաշնակցական կառավարության բոլոր փորձերը և բոլոր ճիգերը խաղաղ կերպով, վարչական միջոցներով կարգի մեջ պահելու մահմեդական գավառակները՝ ապարդյուն անցան, որովհետև այդ գավառակները ոչ մի կերպով չէին հաշտվում հայկական անկախ պետության գաղափարի հետ և թույլ չէին տալ տալիս Հայաստանի իշխանության ներկաացուցիչներին ոտք կոխել իրենց շրջանները,

որ հացառատ Շարուրն ու Վեդին ոչ միայն մի ֆունտ հաց չէին տալիս սովի ճիրաններում գալարվող հայ ժողովրդին, այլև կտրում էին մեր առաջ Պարսկաստանի ճանապարհը, որպեսզի այնտեղից էլ հաց չգա դեպի մեր սովահար երկիրը,

որ անասնառատ Զոդն ու Աղբաբան ոչ միայն որևէ օգուտ չէր տալիս Հայաստանին, այլև իրենց հրոսակային գործողություններով շարունակ լարված վիճակի մեջ էին պահում Բայազետի, Կարսի և Ալեքսանդրապոլի շրջանների ազգաբնակչությունն ու իշխանությունը,

որ այս բոլոր մահմեդական գավառակները, զինված մինչև ատամները և հեղեղված թուրքական և ադրբեջանական գործակալներով և զինվորական մարզիչներով՝ մշտական սպառնալիք էին ոչ միայն Հայաստանի պետական անկախության, այլև մեր ժողովրդի ֆիզիկական գոյության համար և այլն, և այլն:

Այնուհետև, Քաջազնունին եթե ցանկանար ճշմարտապատում լինել, չէր ասի, թե մեր կռիվները միայն անհաջողությամբ են վերջացել՝ «կրկնակի վարկաբեկիչ» հանգամանք առնելով կառավարության համար, որովհետև նա գիտի, որ դա այդպես չէ: Ճիշտ չէ, թե մենք չկարողացանք Նախիջևանում վերահաստատել մեր իշխանությանը, սակյան Նախիջևան գավառի խոշոր մասը 1920 թվի ամռանն արդեն մեր ձեռքին էր: Ճիշտ չէ և այն, թե մենք պարտվեցինք ու նահանջեցինք Վեդիբասարից և Շարուրից՝ չկարողանալով այնտեղ հաստատել մեր իշխանությունը: Քաջազնունին գիտի, որ այդ երկու գավառակում մենք միայն մեր կռիվների սկզբին ենք անհաջողություն ունեցել, նա չի կարող չգիտենալ, որ երբ ինքը վերադարձավ Ամերիկայից, այդ երկու գավառակում էլ հաստատված էր մեր իշխանությունը:

Էլ չեմ խոսում մյուս մահմեդական գավառակների դեմ մղված կռիվների վախճանի մասին, մանավանդ, որ ինքը՝ Քաջազնունին, ևս լռություն է պահպանում այս կետում՝ ըստ երևույթին այն նկատումով, որ այդ վախճանը «կրկնակի վարկաբեկիչ» հանգամանք չունի Դաշնակցության համար…

Սական Քաջազնունին, որ այսպես կրքոտ տոնով քննադատումէ մեր ներքին կռիվները մահմեդական գավառակների դեմ, պատկերացնո՞ւմ է արդյոք մի րոպե, թե ինչ կլիներ մեր երկրի և ժողովրդի վիճակը որևէ արտաքին պատերազմի ժամանակ, եթե այդ «հակապետական ընթացք բռնած» գավառակները կանգուն էին մնացել: Մտածե՞լ է նա մի րոպե, թե ի՜նչ օրի կհասներ Հայաստանը, եթե, դիցուք, հայ-թուրքական պատերազմի ժամանակ Զանգիբասարի, Վեդիբասարի, Շարուրի, Նախիջևանի, Միլլի Ձորի, Զոդի, Զանգիբասարի, Կարակոյունլու Ձորի և Աղբաբայի մահմեդական ազգաբնակչությունը ոտքի կանգներ մեր դեմ: ՉԷ՞ որ Հայաստանի կառավարության կողմից հաստատված լավագույն վարչակարգն իսկ մի երկու տարվա ընթացքում չէր կարող այնպես հեղաշրջել մահմեդական ազգաբնակչության հոգեբանությունն ու մտայնությունը, որ Քաջազնունին այսպիսի մի ապստամբություն միանգամայն անհավանական բաների կարգը դասի:

Այդ, կրկնում եմ, պատկերացնո՞ւմ է նա այսպիսի մի ապստամբության հետևանքները կամ մտածե՞լ է երբևիցե նրա մասին: Թվում է, թե՝ ոչ, որովհետև, եթե նա լրջորեն մտածեր այս մասին, այս դեպքում նա իր «ձեռքը կկտրեր», որպեսզի պատահաբար կամ սխալմամբ մեղադրանքի մի տող չգրեր Դաշնակցության դեմ մեր ներքին կռիվների խնդրում…

Հայ-թաթարական ընդհարումների փորձը, թուրք-ադրբեջանական հակահայ պրոպագանդի թույնը մեր երկրի մահմեդական ազգաբնակության երկու տարվա վերաբերմունքը դեպի երեկվա ռայայի ստեղծած պետությանը և այլն, և այլն, կասկածի հետք անգամ չեն թողնում իմ մեջ, որ Կարսի անկումը ազդանշան պիտի դառնար մեր բոլոր մահմեդական գավառակների համար՝ իրենց ամբողջ ուժով ու թափով թիկունքից ընկնելու մեզ վրա և Ռուսահայաստանն էլ Թուրքահայաստանի վիճակին հասցնելու…

Իսկ եթե այս թշվառությունը պայթեր մեր ժողովրդի գլխին, այն ժամանակ ի՞նչ կասեր Քաջազնունին: Սիրտ կունենա՞ր նա փառաբանելու Դաշնակցության խաղաղասեր ոգին, շրջահայեցությունը, վարչականությունը և այլ այս կարգի պետական առաքինությունները: Հարկա՛վ ոչ: Այն ժամանակ Քաջազնունին բոլոր հորիզոնների ուղղությամբ հայտարարում էր, թե «պետական տեսակետներն» ու ըմբռնումներն այնքա՜ն էին հիմարացրել Դաշնակցությանը, որ նա երկու տարի իշխանությունն իր ձեռքն ունենալով հանդերձ, չկարողացավ անվտանգ դարձնել այն հակապետական տարրերին, որոնք, նստած Հայաստանի սրտում, գիշեր-ցերեկ մեր պետության և ժողովրդի կորուստն էին որոճում:

Եվ այն ժամանակ Քաջազնունին, անկասկած, ավելի իրավացի կլիներ իր մեղադրանքի մեջ, քան թե հիմա…