Տավուշի մարզում առկա դժվարություններն ու մարտահրավերները, Հայաստանի մյուս գյուղատնտեսական մարզերի հետ համեմատած, գրեթե նույնն են: Հիմնական տարբերությունը ռիսկայնությունն է՝ պայմանավորված Ադրբեջանի հետ սահմանակից լինելու իրողությամբ: Խոսքը առաջին հերթին այն համայնքների մասին է, որոնք գտնվում են հակառակորդի անմիջական տեսադաշտում և որոնց վրա տարածվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը:
Օտարերկրյա ներդրումների լուրջ ակնկալիքներ չկան բարձր ռիսկայնության պատճառով: Մյուս կողմից, նախքան օրենքի ընդունումը, Ոսկևան գյուղում Սլովակիայից փոքր ներդրում է խոստացվել: Գյուղի սկզբնամասում, ադրբեջանական դիրքերի տեսադաշտում գտնվող շինություններից մեկը գյուղապետարանը նվիրել է «Սլովակիա» ընկերությանը: Սլովակ մի ընտանիք խոստացել է 300 հազար եվրոյի ներդրում կատարել և մինչև 30 տեղանոց աշխատատեղով արտադրություն բացել, որտեղ կարտադրվի գարեջուր սլովակական տեխնոլոգիայով: Նախատեսվում է նաև ստեղծել արտադրամաս, որտեղ կթորվի օղի անտառային մրգերից և հատապտուղներից: Շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են:
Հնարավոր ներդրողների շարքում կարող են լինել այդ գյուղերից հեռացած և արտասահմանում բիզնես գործունեություն ծավալող մարդիկ: Եթե արտասահմանցիները և սահմաններից հեռու բնակվող հայաստանցիները կրակոցներին սովոր չեն, ապա սահմանամերձ գյուղերի նախկին և ներկա բնակիչների համար կրակոցները առօրյայի մաս են կազմում:
Հենց բարձր ռիսկայնության հանգամանքը հաշվի առնելով, խորհրդարանում քննարկումների ընթացքում Ազգային ժողովի Օրինաց երկիր խմբակցության ներկայացուցիչներից Մհեր Շահգելդյանը անհրաժեշտ համարեց ստեղծել ռիսկերի ապահովման հիմնադրամ:
Օրենքի բացերից հիմնականը երեք տարվա ժամկետի ամրագրումն է: Խորհրդարանում քննարկումների ընթացքում որոշ պատգամավորներ առաջարկեցին երկարաձգել կամ ընդհանրապես ժամկետ չնշել: Երկու օրենքների ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարի 1-ին: 2018-ի փետրվարը նախագահական ընտրությունների հերթական ժամանակն է:
Կառավարության կողմից հիմնական զեկուցող, տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, ի պատասխան ասաց, որ երեք տարին լավ փորձաշրջան է օրենքի արդյունավետությունը ստուգելու համար:
Անկասկած, երեք տարի ժամկետ ամրագրելը լուրջ խոչընդոտ է լինելու այն գործարարների համար, ովքեր մտադրութուն կարող էին ունենալ իրենց բիզնեսի մի մասը տեղափոխել սահմանամերձ գոտի կամ այդ համայնքներում բիզնես սկսել: Որևէ երաշխիք չկա, որ 2018 թվականի հունվարի 1-ից օրենքի ժամկետը երկարաձգվելու է: Իսկ եթե գործարարը չունի այդ երաշխիքը, ապա ի՞նչու պետք է իր բիզնեսը տեղափոխի բարձր ռիսկայնին գոտի կամ նոր բիզնես նախաձեռնի: Տեղի գործարարները նշում են, որ երեք տարի ժամկետը շատ կարճ ժամանակամիջոց է և այդ ընթացքում անգամ դժվար կլինի ստեղծել արտադրություն և ստանալ առաջին արտադրանքը:
Այն համայնքներում, որոնց վրա տարածվում է օրենքը, բազմաթիվ խնդիրներ կան: Դրանց մի մասը օբյեկտիվ են, մյուս մասը՝ սուբյեկտիվ: Այդ խնդիրների մի մասը հնարավոր է լուծել կարճաժամկետ հատվածում, մյուս մասը՝ ոչ: Սակայն եթե չլինի քաղաքական որոշում և չձեռնարկվեն հստակ քայլեր, ապա Հայաստանի սահմանապահ այս հատվածը կկանգնի ավելի լուրջ մարտահրավերների առաջ:
Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներից մեկը արտագաղթն է: Ճիշտ է, պատերազմի տարիներին և 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից հետո որոշ ընտանիքներ հեռացել են պատերազմից և կրակոցներից իրենց երեխաներին հեռու պահելու նպատակով, սակայն այդ համայնքներից արտագաղթի հիմնական պատճառը հակառակորդի կրակոցները չեն: Հիմնական պատճառը գործազրկությունն է և արպես հետևանք՝ սոցիալական դժվար վիճակը:
Արտագաղթի ծավալները պատկերացնելու համար բավարար է այցելել դպրոցներ և առկա աշակերտության քանակը համեմատել այն թվի հետ, որը կար 20-25 տարի առաջ: Որոշ գյուղերում աշակերտության քանակը նվացել է երեքից հինգ անգամ, իսկ բացարձակ ռեկորդը պատկանում է Բարեկամավանին: Այսօր սահմանապահ այդ գյուղի դպրոցում սովորում է ընդամենը 23 աշակերտ, այն դեպքում, երբ ժամանակին դպրոց հաճախել է 330 աշակերտ: Աշակերտների խիստ նվազում է նկատվում նաև Այգեպար և Մովսես գյուղերի դպրոցներում:
Արտագաղթը, անկասկած, հետևանք է, և եթե չախտորոշվեն պատճառներն ու չգտնվեն լուծման ուղիները, ապա դպրոցներում շարունակվելու է պակասել աշակերտների թիվը, քանի որ գյուղերում պակասում են ծնունդները: Քանի որ սահմանապահ գյուղերից արտագաղթում են գերազանցապես աշխատանք չունենալու պատճառով և արդարացումով, ապա նախ և առաջ պետք է լուծել աշխատանքի՝ զբաղվածության խնդիրը:
Երկու տարի առաջ՝ 2013-ի ձմռանը, Մովսես գյուղում նախագահական քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը արժանացավ բուռն քննադատության և հեգնանքի: Երբ գյուղացիներից մեկը բողոքել էր, որ գործ չլինելու պատճառով մարդիկ լքում են Մովսեսը, Սարգսյանը հանդիմանել և հռետորական հարց էր տվել՝ «Ես ե՞մ մեղավոր, որ քո որդին Ռուսաստան է գնացել»:
Իրականում, անկասակած Սերժ Սարգսյանը կամ կառավարությունը չէ մեղավոր, երբ որևէ անհատ արտագաղթում է երկրից, սակայն հենց Սարգսյանն ու կառավարությունն են պատասխանատու շարունակվող արտագաղթի համար, քանի որ նրանց վարած ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում չեն ստեղծվում աշխատատեղեր, աղքատությունը կրճատվելու փոխարեն ընդլայնվում է և, որպես հետևանք, շարունակվում է արտագաղթը:
Արտագաղթի տխուր հետևանքներից մեկը սահմանապահ համայնքների ծերացումն է: Մասնավոր զրույցներում համայնքապետերը խոստովանում են, որ գյուղերում բնակչության 50, երբեմն ավելի տոկոսը թոշակառուներ են: Եվ դա պատահական չէ, քանի որ արտագաղթում է հիմնականում երիտասարդ և միջինից ցածր տարիքի բնակչությունը:
Համայնքների ընդհանուր ծերացումը բերել է աշխատուժի ծերացման: Սա, անկասկած, լուրջ խնդիր է, քանի որ գյուղատնտեսությունը ծանր աշխատանք է, կարիք ունի երիտասարդ ուժի: Մյուս կողմից սակայն, համայնքապետերը նշում են, որ պետական գրագետ քաղաքականություն իրականացնելու դեպքում գյուղերում առկա բնակչությունը բավարար է աշխատուժ ապահովելու իմաստով: Այսպիսով, սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում արտադրություն կամ որևէ այլ գործունեություն ծավալելու պայմաններում տվյալ համայնքը կարող է ապահովել համապատասխան աշխատուժ:
Սահմանամերձ գյուղերի երիտասարդության շրջանում արմատավորվել է այն կարծիքը, որ գյուղատնտեսությամբ՝ հող մշակելով, անասուն պահելով, հնարավոր չէ բարեկեցիկ կյանք վարել, ապահովել ընտանիքի ու երեխաների արժանապատիվ ապրուստը և ապրելակերպը: Այս կարծրատիպը անհրաժեշտ է ջարդել հաջողակ պատմություններով, որոնք, սակայն, այսօր հատուկենտ են:
Խնդիրներից մեկը, որ ընդհանուր է ողջ հանրապետության գյուղատնտեսության համար, գյուղտեխնիկայի պակասն ու մաշվածությունն է: Կոմբայինները, տրակտորները, մամլիչները և մյուս գյուղտեխնիկան խորհրդային ժամանակներից մնացածն է, որն արդեն ապրել է իր դարը: Այդ գյուղտեխնիկան անընդհատ փչանում է: Արտասահմանյան, այդ թվում ռուսական և չինական արտադրության գյուղտեխնիկան շատ թանկ է գյուղական համայնքների համար: Այդ պատճառով, գյուղացիները նախընտրում են վերանորոգել ավելի քան 30 տարեկան գյուղտեխնիկան, քան մտածել նորը ձեռք բերելու մասին: Եվ վարուցանքի, և բերքահավաքի ժամանակ գյուղտեխնիկան հաճախ շարքից դուրս է գալիս, որի հետևանքով գյուղատնտեսությունը հավելյալ վնասներ է կրում:
Ողջ Հայաստանում, բայց առաջին հերթին սահմանամերձ համայնքներում, գյուղատնտեսության զարգացման խոչընտոտներից են սուբսիդավորման ցածր մակարդակն ու ապահովագրության բացակայությունը:
Սահմանապահ գոտում և՛ հողագործությունը, և՛ անասնապահությունը սուբսիդավորման կարիք ունեն: Առաջիկա երեք տարիների համար սահմանամերձ համայնքներում հողի հարկը օրենքով հանվել է, իսկ կառավարությունը սուբսիդավորելու է ոռոգման ջրի 50 տոկոսը: Դա, անշուշտ, կարևոր քայլ էր, սակայն չպետք է ակնկալել, որ սահմանամերձ հատվածում հողագործությունը սուբսիդավորման կարիք այլևս չունի: Անհրաժեշտ է սուբսիդավորել նաև անասնապահությունը: Շատ երկրներ դրա համար ունենք պարզ բանաձև, որին կարող է հետևել Հայաստանը: Այսպես, եթե սահմանապահ գյուղում ընտանեկան տնտեսությունը պահում է մեկ գլուխ անասուն, ապա պետության կողմից մեկ տարվա համար որպես սուբսիդավորում ստանում է, ենթադրենք, 50 հազար դրամ: Եթե ընտանեկան տնտեսությունը պահում է 10 միավոր անասուն, ապա ստանում է տասն անգամ ավելի գումար:
Անասնապահության սուբսիդավորումը կարևոր է նաև մեկ այլ պատճառով. Հայաստանի ներքին շուկան զգալի չափով տավարի, խոզի և թռչնի մասի կարիք ունի և այդ կարիքը լրացվում է ներմուծման հաշվին: Այն խոսակցությունները, որ հաճախ շրջանառում են պաշտոնյաներն ու լրատվամիջոցները, թե իբր Եվրասիական տնտեսական միություն մտնելով Հայաստանը կարող է միս արտահանել, լուրջ չեն: Քանի դեռ Հայաստանը չի կարողանում ապահովել մսին ներքին պահանջարկը, տեղի է ունենալու հակառակը, այն է՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից և այլ պետություններից Հայաստանը շարունակելու է միս ներմուծել՝ հարվածելով հայրենական արտադրությանը:
Պետական սուբսիդավորումը պետք է ներառի նաև վարկերը, պարարտանյութերը, թունաքիմիկատները, դիզվառելիքը:
Գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ, ուստի այն ապահովագրման կարիք ունի: Առնվազն սահմանամերձ գյուղատնտեսությունը ապահովագրելու բեռը պետությունը պետք է վերցնի իր ուսերին կամ դառնա աջակից: Բնական աղետներին սահմանամերձ համայնքներում ավելանում է նաև ադրբեջանական կողմից պարբերաբար կրկնվող վնասարար գործողությունները: Խոսքը առաջին հերթին հացահատիկի արտերը հրդեհելու դեպքերին են վերաբերում:
Սահմանամերձ որոշ համայնքներում մասամբ կամ ամբողջովին առկա է ոռոգման ջրի պակասի խնդիր: Կան համայնքներ, որտեղ ջուրը բավարարում է, սակայն գյուղացիները գանգատվում են դրա թանկությունից: Ազգային ժողովի ընդունած օրենքով այդ խնդիրը մասամբ լուծվում է, քանի որ առաջիկա երեք տարիներին ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը փոխհատուցելու է Հայաստանի կառավարությունը:
Նախնական ֆինանսների բացակայությունը ևս լուրջ խնդիր է սահմանամերձ համայնքների բնակիչների համար: Տեղական բանկերը հողագործության և անասնապահության զարգացման նպատակով վարկերի համեմատաբար բարձր տոկոսադրույքներ են սահմանել: Գյուղացիների համար ռիսկային է վարկ վերցնելը: Այս հարցում ևս կարող է ուսանելի լինել սփյուռքահայերի կողմից հիմնադրված ԱՐԻ ընկերության և Արցախի կառավարության համագործակցության օրինակը: Արցախի կառավարությունը տարեկան վեց տոկոսով վարկ է վերցնում ԱՐԻ-ից, իր կողմից այդ վարկը սուբսիդավորում և անտոկոս կամ ցածր տոկոսով ու առանց գրավի տրամադրում Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների գյուղացիներին:
Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/07/tavush-marz-part-3/
2015-ի փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/












