Դասական ուղղագրութեան կանոններ. է-ն բառամիջում և յատուկ անուններում

1071

Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2016/02/04/httpwww-aniarc-am20160129classical-orthography-part-8/

Է-ով են գրւում ժողովրդային այնպիսի ձևեր, ինչպէս՝ հէր, մէր, ախպէր, գէլ և այլն:

Բառամիջում է գրւում է նաև բայերի մի քանի ձևերում, ինչպէս, օրինակ, անցեալի հետևեալ ձևերի մէջ՝

գրէի

գրէիր

պիտի գրէր

պիտի գրէիր

գրէիք

բերէի

կբերէի

եթէ բերէի

ասէի

կգրէր և այլն

Է-ով են գրւում  եմ օժանդակ բայի այնցեալի ձևերը՝

էի

էիր

էր

էինք

էիք

էին

ինչպէս նաև ներկայ ժամանակի յոգնակի երկրորդ դէմքը՝

գրում էք

խօսում էք և այլն:

Էով են գրւում հրամայականի ձեւերը – էք վերջաւորութեամբ՝

գրեցէ՛ք

գրէ՛ք

կարդացէ՛ք

ասացէ՛ք

խօսէ՛ք

խաղացէ՛ք և այլն:

Ձայնաւորից առաջ է լսուելիս գրւում է նոյնութեամբ՝ է, օրինակ՝

քնէած

հրէական

այժմէական

Անդրէաս և այլն:

Է գրւում է նաև ապառնիի ձևերում, ինչպէս՝

գրէք

եթէ գրէք

կգրէք

արդեօք կգրէ՞ք

պիտի գրէք

ուտէք և այլն:

Ք-ից առաջ սովորաբար է լսուելիս գրւում է է:

Է-ով գրւում են մի շարք յատուկ անուններ, այդ թւում՝

էն-ով վերջացող՝

Արմէն

Արսէն

Զաւէն

Խորէն

Կարէն

Շահէն

Ռուբէն

Սուրէն

Օգսէն

Աշխէն

գէն (կէն)-ով վերջացող՝

Բաբգէն

Գուրգէն

Վազգէն

Վիգէն

-էլ-ով վերջացող՝

Աբէլ

Գաբրիէլ

Գնէլ

Դանիէլ

Մանուէլ

Միքայէլ

Իսրայէլ

Ռաֆայէլ

Անժէլ

Զաբէլ

-էս-ով վերջացող՝

Արիստակէս

Արտաշէս

Մովսէս

Յովհաննէս

Ներսէս

Վրթանէս

-էոս-ով ՝

Թադէոս

Մատթէոս

ինչպէս նաև՝

Անդրէաս

Նազարէթ

Յովսէփ:

Այս անուններից կազմուած ազգանունների մէջ է-ն կարող է փոխուել ի-ի, կարող է պահպանուել, ինչպէս՝

Շահինեան

Մովսիսեան

Ներսիսեան

բայց և՝

Արմէնեան

Սուրէնեան

Իսրայէլեան

Դանիէլեան

Նազարէթեան:

Կան նոյն ազգանունների զուգահեռ գրութիւններ՝

Կարինեան – Կարէնեան

Անդրիասեան – Անդրէասեան

Ներսիսեան – Ներսէսեան:

Է-ով են գրւում մի շարք տեղանուններ՝

Աթէնք

Մարսէլ

Զէյթուն

Եմէն և այլն:

Ընդհանրապէս յատուկ անունների մէջ վերջին վանկում է լսուելիս գրւում է է՝ Կարէն, Բաբգէն,

բացառութիւն են

պետ վերջոյթ ունեցող անունները՝

Հայրապետ

Կարապետ, ինչպէս նաև՝

Բարսեղ

Փառանձեմ և մի քանի այլ անուններ:

 

Շարունակելի

Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.