Դասական ուղղագրութեան կանոններ. ւ (յիւն կամ վիւն) և վ (վեվ)

1570

Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2016/01/10/classical-orthography-part-4/

Ածանցաւոր և բարդ բառերի մէջ եթէ առաջին բաղադրիչն աւարտւում է ւ-ով, յաջորդ ձայնաւորը դեր չի խաղում, ւ-ն մնում է: Օրինակ, գրում ենք

գրաւել,

քանի որ սկզբում գրաւ բառն է, ւ-ն մնում է:

Կամ՝

հարաւային,

նոյնպէս գրում ենք ւ-ով, քանի որ

հարաւ

բառն է առկայ, նոյնը և՝

ծարաւած

կաւահող

դաւադիր և այլն:

Եթէ բառը աւարտւում է ւ կամ վ տառերից մէկով, կրաւորական ձևի դէպքում այսպիսի տեսք է ընդունում՝

հաշւուել

ներգրաւուել

գովուել:

Այսինքն՝

հաշիւ+ուել

ներգրաւ+ուել

գով+ուել:

Յիշենք նաև այսպիսի ձևեր՝

հրահանգաւորում է, հրահանգաւորուած, հրահանգաւորուեց,

վառւում է, վառուած, վառուեց,

կանոնաւորւում է, կանոնաւորուած, կանոնաւորուեց և այլն:

Կարևոր է յիշել, որ կան ւ տառով կազմուած մասնիկներ՝

-աւոր

-աւէտ

-աւուն.

սրանցով կազմուած բառերի մէջ ւ-ն պահպանւում է, ինչպէս՝

մեծաւոր

ձայնաւոր

յանցաւոր

հոտաւէտ

բուրաւէտ

շիկաւուն և այլն:

Արևելահայերը վ-ի արժէքով բառամիջում ու-ով գրուող բառերի մէջ ո-ն կրճատում են, թողնում են ւ-ը և գրում են ոչ թէ

հարուած, այլ՝ հարւած

այդպէս էլ՝

թւաբանութիւն

նւէր

պատւէր

նւալ

սրւել

սղւել

Նւարդ և այլն:

Այսպիսով, դասական ուղղագրութեամբ վ հնչիւնը արտայայտւում է երեք ձևով՝ վ և ւ տառերով և ու երկտառով՝ ըստ վերը բերուած կանոնների:

Շարունակելի

Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.