Ինչո՞ւ էր Քաջազնունին այնպես տաք կերպով հորդորում զանգեզուրցիներին կռվել բոլշևիկների դեմ

1730

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի:

—-

Այնուհետև ես կանցնեմ փետրվարի 18-ին և ապստամբության հաջորդող դեպքերին, բայց նախքան [դա] կանեմ մի-երկու զուտ փաստական ճշտում: Քաջազնունին գրում է. Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրվեց «դեկտեմբերի 1-ին (թե նոյեմբերի 30-ին)», այնինչ Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին: Գրում է. «Դեկտեմբերի 1-ին Վրացյանի կառավարությունը հրաժարվեց իշխանությունից», մինչդեռ այդ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին: Գրում է. «1922 թվականին սկսվեց Թուրքահայ դատի հոգեվարքը: Լոնդոնի կոնֆերանսում առաջին անգամ պաշտոնապես արտասանվեց ու արձանագրվեց հոմ [home] բառը». իրապես «Թուրքահայ դատի հոգեվարքը»սկսվեց և հոմը մեջտեղ եկավ 1921թ. մարտին: Ինչպես առաջ էլ տեսանք, Քաջազնունու գրքույկում քիչ չեն նման անճշտութիւններ: Սրանք, իհարկե, նրա «եզրակացությունները լայնորեն  հիմնավորելու» տեսակետից առանձին կարևորություն չունեն, բայց բավական բնորոշ են:

Շատ ճիշտ է ասում Քաջազնունին. «Փետրվարյան ապստամբությունը բոլշևիկների գործն էր ամբողջովին»: Ճիշտ է և այն, որ «Դաշնակցությունը… հակառակ է եղել ապստամբությանը»: Բայց ճիշտ չէ և թո՛ղ ների ինձ Քաջազնունին այս բառը, զրպարտություն է հայ ժողովրդի մասին այն ամենը, որ նա ասում է կռվի հետագա փուլերի վերաբերմամբ:

Նա ասում է. «Ապստամբությունը… բռնկվեց հանկարծակի, մի վայրկյան հայտ բերեց մեծ ոգևորություն ու ուժերի լարում, բայց իսկույն իջավ, հուսալքվեց, գոլորշիացավ»:

Եթե, իսկապես, ապստամբությունը իսկույն իջավ, «հուսալքվեց ու գոլորշիացավ», ապա ինչպե՞ս 42 օր շարունակ ապստամբ ժողովուրդը դիմացավ երեք ճակատներից կատարվող բոլշևիկյան բազմաթիվ գրոհներին: Ինչպե՞ս եղավ, որ բոլշևիկները չգրավեցին Երևանը փետրվարի28-ին կամ մարտի 14-ին, երբ նրանց զրահապատ գնացքները արդեն Շենգավիթի տակ էին, իսկ հետևակները մագլցում էին Աղբաշի բարձունքները: Ինչո՞ւ ահագին զոհեր տալով փախան «անգիտակից ու հուսալքված» ապստամբների առջևից:

Մեր կողմը չի եղել զինվորական կազմակերպություն, այդ ճիշտ է: Մենք չենք ունեցել փորձված հրամանատարներ ու տեխնիկական միջոցներ, այդ էլ ճիշտ է: Ճիշտ է նաև, որ զինվորական կարգապահության պակասի պատճառով, մեզ չէր հաջողվում լիովին օգտագործել հաղթանակները, արագ տեղափոխություններ կատարել և ուզած ժամանակին հարվածել: Բայց սա չի նշանակում, թե ապստամբությունը «իսկույն իջավ, հուսալքվեց, գոլորշիացավ»:

«Մեր շարքերում, գրում է Քաջազնունին, տարածված է այն համոզմունքը, թե ապստամբ ժողովուրդը լավ կռվեց ու եթե հաջողություն չունեցավ, պարտվեց, պատճառը բոլշևիկների գերազանցորեն մեծ ուժն էր: Ես հակառակ կարծիքի եմ: Լավ կռվեցին, իսկապես հերոսաբար կռվեցին՝ բոլշևիկները, իսկ մերոնք վատ կռվեցին: Եթե լավ կռվեին, առաջին իսկ շաբաթվա ընթացքում կջարդեին հակառակորդին թե՛ Ղամարլուի, և թե Ելենովկայի ճակատներում (հակաբոլշևիկյան Վրաստանը դեռ կանգուն էր, դրսից օգնություն դեռ չէին ստացել բոլշևիկները և իրենց սեփական ուժը շատ աննշան էր Հայաստանում)»:

Եվ սա կոչվում է անաչառ ու արդար կարծիք: Եվ այս կարծիքը հայտնողը Քաջազնունին է՝ նա՛, որ փետրվարյան օրերին Հայաստանում է եղել և մոտից տեղյակ էր անցած-դարձած դեպքերին:

Նախ՝ ո՞րտեղից գիտի նա, որ «բոլշևիկները լավ կռվեցին», ո՞ւր է տեսել նրանց «հերոսաբար կռվելը»: Ասել չեմ ուզում, թե բոլշևիկները լավ չէին կռվում. նրանց կռիվը հուսահատի կռիվ էր և տարօրինակ կլինէր, եթե հակառակը պատահեր, բայց Քաջազնունի՞ն ուր է տեսել նրանց կռիվը, որ այդպես հիացած է: 42 օրյա կռիվների ամբողջ տևողության ընթացքում նա եղել է կամ կառավարության կենտրոնական շենքում, կամ Հ. Յ. Դաշնակցության ակումբում և կամ Բաշ Գառնիում՝ փախստականի պայուսակը մեջքին: Ո՞րտեղից կարող էր տեսած լինել բոլշևիկների «հերոսաբար» կռվելը:

Քաջազնունին առարկում է. «Եթե լավ կռվեին, առաջին իսկ շաբաթվա ընթացքում կջարդէին հակառակորդին թե Ղամարլուի և թե Ելենովկայի ճակատներում»: Ինչի՞ վրա է հիմնված այս հավատը:

Ղամարլուի ճակատում բոլշևիկները մեզանից ավելի գերազանց ուժ ունեին. նրանց ձեռքին էին երկու լավ զինված ու դյուրաշարժ զրահապատ գնացքներ ընտիր թնդանոթներով, որոնց դեմ մենք ոչինչ չունէինք: Նրանք տարել էին իրենց հետ մի ամբողջ գնացք ռազմամթերք, մի քանի բատարեա թնդանոթ, մեծաքանակ գնդացիրներ: Նրանց հետ էին մասնագետ և փորձառու զինվորականներ, բռնի կերպով տարված հայկական գնդերը, ռուս[ական] զորամասերը, կոմունիստական զինված խմբերը: Նրանց ետևն էր բարյացակամ  Շարուրը, ուր գործում էին  «բոլշևիկ» Աբաս Կուլի բեգի «կարմիր հարյուրյակները»: Մեր տեխնիկական միջոցները, Քաջազնունին լավ գիտի,  չափազանց թերի էին, փորձված հրամանատարներ չունեինք ու նոր էինք զորք կազմակերպում. ինչպե՞ս պիտի կարողանայինք «առաջին իսկ շաբաթվա ընթացքում» ջարդել հակառակորդին Ղամարլուի ճակատում:

Ավելի նպաստավոր չէր դրությունը և Ելենովկայի ճակատում, ուր ապստամբության սկզբին ժողովուրդն իր առջև ուներ ո՛չ միայն բոլշևիկների, այլև բնության թշնամությունը, անօրինակ ձյուն ու փոթորիկ էր տիրում: Բոլոր ճամբաները գոցված էին, և շարժումը դարձել էր ծայր աստիճան դժվար: Երբ եղանակը մի քիչ պարզվեց, բոլշևիկներն արդեն ամրացել էին Ելենովկայի ու շրջակայքի մոլոկան գյուղերում և ստացել օժանդակ ուժեր: Ապստամբության առաջին օրերին ոչ միայն Ելենովկան, այլ Չիբուխլուն էլ գրավվծ էին ժողովրդական ուժերի կողմից, բայց հենց բնության այդ արհավիրքները ստիպեցին նրանց քաշվել բոլշևիկ մոլոկանների վտանգավոր շրջանից:

Քաջազնունին ասում է. «Բոլշևիկների սեփական ուժը շատ աննշան էր Հայաստանում»: Ո՞վ ասաց: Ո՞րտեղից գիտի նա այդ բանը: Ինչքա՞ն էր բոլշևիկների ուժը, կարո՞ղ է արդյոք ասել: Երևանում, այո՛, նրանք մեծ ուժ չունեին, բայց չէ՞ որ Հայաստանի մյուս մասերի դրության և բոլշևիկների ուժի մասին Երևանում ոչ ոք ոչինչ չգիտեր, և ամենից քիչ ինքը՝ Քաջազնունին գիտեր:

Ռազմական գործում ընդունված է զորքի քաջության մասին դատել նաև նրա տված զոհերի քանակով: Բոլշևիկների դեմ կռվող ապստամբ ժողովուրդը բազմաթիվ զոհեր տվեց կռվում, առաջավոր դիրքերում: Թշնամու գնդակներից սպանվեցին ո՛չ միայն Թաղիանոսի ու Գևորգյանի պես ալեհեր ծերունիներ, որոնք հրացանը առած ճակատ էին գնացել, այլև Մ. Գյուլնազարյանի, Հ. Լազարյանի, Ս. Մելիքյանի պես ընտիր սպաներ, Շապահի պես խմբապետներ, Ծամհուրի պես մտավորականներ: Շատ են զոհերի թիվը: Ո՞վ կարող է հիշել այն գյուղացիներին, մտավորականներին, բանվորներին և արհեստավորներին, որոնք ընկան գյուղերում և առաջավոր դիրքերում: Իսկ վիրավորննե՞րը: Քաջազնունին 42 օրվա պայքարի ընթացքում մի անգամ գեթ մտա՞վ զինվորական հիվանդանոց, իմացա՞վ, թե ի՞նչ թիվ են կազմում կռվի դաշտում վերք ստացածները, խոսեցրե՞ց նրանց, տեսա՞վ ինչ տրամադրություններ ունեն:

Շատ հեշտ է ասել՝ «վատ կռվեցին», «հուսալքվեցին», «հավատ չունեինք»… Անարդար և անկողմնակալ չլինելու համար հարկավոր է ապացուցել այդ, փաստեր ու թվեր հիշել, համեմատություններ անել, այլապես… ես արդեն գործածեցի բառը:

Եվ հետո, մի քիչ էլ ուրիշի կարծիքն ու փաստերը հաշվի առնենք: Մեր դատողությունը, իբրև դեպքերին մասնակցողների դատողություն, միշտ ենթակայական լինելու վտանգի մեջ է: Այսպիսի պարագաներում ավելի ուղիղ է լսել դրսի մարդկանց կամ ավելի լավ, հակառակորդի կարծիքը: Ի՞նչ են մտածում Հայաստանի փետրվարյան ապստամբության և հայ ժողովրդի ցույց տված դիմադրության մասին իրենք՝ բոլշևիկները:

Ես ունեմ կարծիքը Հայաստանի մի քանի անկուսակցական և շատ հարգելի հասարակական գործիչների, որոնց անունը, դժբախտաբար, չեմ կարող հրատարակել: Նրանք ասում են, որ հայ ժողովրդի ցուցադրած կորովը ուղղակի ապշեցրել էր բոլշևիկներին, կարմիր բանակի ռուս հրամանատարները հիացած էին հայ գյուղացիների վարած կռիվներից ու տոկունությունից: Նույն այդ գործիչների վկայությամբ, Ղամարլուի ճակատից վերադարձած բոլշևիկները համոզված են եղել, որ Երևանից քաշվելուց հետո ամենաուշը մի շաբաթում նորից կգրավեն քաղաքը և չափազանց զարմացել են ժողովրդի ցույց տված ուժի ու դիմադրության վրա:

Նույն տպավորությունն էր ստացել և Հ. Թումանյանը, որ ճակատում շփման մեջ էր մտել թե բոլշևիկների և թե ժողովրդական մարտիկների հետ: Երևանից Թավրիզ եկողներն ասում էին, որ նույն կարծիքն է հայտնել և Օրջօնիկիձեն՝ Թիֆլիսում և Երևանում արտասանած իր ճառերում:

Այս ամենը ես հիշում եմ ոչ թե Քաջազնունուն համոզելու համար. նրա պատասխանը պարզ է՝ «Չեմ հավատում ես այդ «նշանավոր օտարականների» տեսածներին»: Քաջազնունին հավատում է «միայն իր տեսածին ու գիտցածին», իսկ նրա «տեսածն  ու գիտցածն» էլ զանազան ժամանակներում լինում է տարբեր: «Մերոնք վատ կռվեցին»… «ապստամբությունը հուսալքվեց, գոլորշիացավ»,  ասում նա այսօր, իսկ այն ժամանակ, ապստամբության օրերին , ինչպես տեսանք, գրում էր Հայաստանում տիրող «Ընդհանուր ոգևորության և հաղթելու կամքի» մասին: Ես գրում եմ նրանց համար, ովքեր իրենց աչքով «չեն տեսել» և ուզում են իմանալ ճշմարտությունը: Թող համեմատեն նրանք նաև իմ «տեսածի ու գիտցածի» հետ և սեփական համոզում կազմեն:

Ի վերջո առաջ բերեմ նաև ապստամբ Հայաստանի դեմ կռվող բոլշևիկյան ուժերի հրամանատար Վելիկանովի հաղորդած տեղեկությունները հայ ժողովրդի դեմ գործող կարմիր զորամասերի մասին: Վելիկանովը ցույց է տալիս, որ, բացի վերև արդեն հիշված ուժերից, Ղամարլուի ճակատում գործել են նաև 60-րդ Բրիգադայի 178 և 180 գնդերը: Այստեղից «մի անգամ Երևանի վրա արշավելու փորձ արվեց, որ սկզբում հաջողություն էր խոստանում: 178-րդ գունդն արդեն քաղաքի հարավային ծայրում կռիվ էր մղում, բայց ուժերի սակավությունը և խռովարարների զորամասը մտած  Աղբաշի կողմից, զօրաթևը շրջապատվելու սպառնալիքը հայ բանակի հրամանատար ընկ. Մոլկաչանովին ստիպեցին տանել իր զորամասերը կրկին Արարատ կայարանի շրջանում գտնվող դիրքերը: Դրանից հետո Երևանը գրավելու փորձեր չարվեցին այլևս»:

Երևի ընկ. Մոլկաչանովը Քաջազնունու կարծիքին չէր հայ ժողովրդի մարտունակության և այն ժամանակվա  տրամադրության մասին, թե չէ նորից Երևանը գրավելու փորձ կաներ:

Վելիկանովը պատմում է. «Մինչ վրացական գործողությամբ զբաղված 11-րդ բանակի հրամատարությունը չէր կարողանում ապստամբությունը զսպելու համար բավականաչափ ուժեր ուղարկել Հայաստան, 18-րդ դիվիզիայի պետ Շիրմախերի հրամանատարության տակ կազմված Դիլիջանի զորախումբը, որ բաղկացած էր 53-րդ, 54-րդ բրիգադաներից: Բոլշևիկյան բրիգադան բաղկացած է 3 գնդից, յուրաքանչյուր գունդ՝ 3 գումարտակից, 179-րդ գնդից և հայերի պարտիզանական զորամասերից, մի քանի անգամ արշավանք սկսեց Երևանի կողմը, բայց այդ գործողությունները հաջողություն չունեցան»:

Իսկ Քաջազնունին ասում է. «Բոլշևիկների ուժը շատ աննշան էր Հայաստանում»:

Նույն Վելիկանովի ասելով, Վրաստանը գրավելուց հետո բոլշևիկների՝ Հայաստանի դեմ ուղարկած մասերը հետևյալն էին. 179-րդ գունդը Վարթնավ և Սիպտակ գյուղերում, 53-րդ և 54-րդ բրիգադաները, 18-րդ կովկասյան գունդը և պարտիզանների հայկական զորամասերը՝ Ախտայի ճակատում: Բյելը Կլյուչից փոխադրեցին 20-րդ դիվիզիայի մասերը՝ 58-րդ բրիգադան Համամլու կայարանը, 172-րդ և 176-րդ գնդերը 20-րդ կովկասյան գունդը՝ նույնպես Ախտայի ճակատ: «Այս բոլոր զորքերից կազմվեց այսպես կոչված Երևանյան խումբը»: Ես չեմ ծանրաբեռնի ընթերցողի ուշադրությունը Վելիկանովի գրի առած օրեր տևող «համառ կռիվների» նկարագրություններով: Վելիկանովը, ի միջի այլոց, արձանագրում է, որ հունիսի 30-ին «177-րդ գունդը գործողություն սկսելով դեպի Սոիվխ՝ շրջապատվեց և նահանջեց դեպի Օրդուբադ՝ կորցնելով մոտ 150 հոգի սպանված և վիրավոր»: Կարծում եմ, այսքանն էլ բավական է համոզվելու, թե որքա՜ն մակերեսային են և անարդար Քաջազնունու փաստերն ու եզրակացությունները:

Քաջազնունին լավ խոսք չունի և Լեռնահայաստանի մասին. այնտեղ էլ նա միայն հուսալքում, շփոթ, խուճապ ու վհատություն է տեսել: «Կազմվում էին, լուծվում, նորից կազմվում ու իրար փոխարինում զանազան անուններ կրող մարմիններ, որոնցից ոչ մեկն էլ իրական իշխանություն չէր ներկայացնում»: «Երևանի անկումից հետո Լեռնահայաստանի խորհրդացումը օրերի խնդիր էր միայն»:

Ներելի է հարցնել՝ այդ ի՞նչ բազմաթիվ մարմիններ էին Լեռնահայաստանում, որ բան ու գործ թողած՝ միայն կազմվելով ու լուծվելով էին զբաղված: Իրար փոխարինելու մի դեպք է պատահել այնտեղ. Երևանից եկող Հայաստանի կառավարությունը փոխարինել է տեղական կառավարությանը՝ ուրի՞շ: Ինչո՞ւ այդ հուսահատ-ողբերգական արտահայտությունը՝ «կազմվում էին, լուծվում, նորից կազմվում»…

«Երևանի անկումից հետո Լեռնահայաստանի խորհրդացումը օրերի խնդիր էր միայն»՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Քաջազնունին այնպես տաք կերպով հորդորում զանգեզուրցիներին կռվել բոլշևիկների դեմ, ինչո՞ւ էր համոզում ամենքին, որ տեղի չտան, զիջում չանեն և շարունակեն զենքի պայքարը խորհրդային զորքերի դեմ: Այն ժամանակ նա չգիտե՞ր, որ «Լեռնահայատանի խորհրդացումը օրերի խնդիր էր միայն»: Հիմա՞, Բուխարեստո՞ւմ միայն հասկացավ այդ: Եվ եթե գիտեր, բարոյական ո՞ր իրավունքով էր արյունահեղության մղում մարդկանց, աշխատում տևականացնել քաղաքացիական կռիվը: