Ջամալյանն ընդդեմ Քաջազնունու՝ ՀՅԴ-ն անելիք ունի

990

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի:

—–

Անցնենք մյուս երևույթներին, որոնք այնքա՜ն հոռետես են դարձնում Քաջազնունուն մեր կուսակցության ներկայի խնդրում:

Երկու տարի է ընդհանուր ժողով չենք կարողանում կայացնել, ասում է նա ճակատը կնճռելով:

– Շա՜տ մեծ բան է: Կարծեք կենսունակ կուսակցությունների պատմության մեջ սա չտեսնված մի հանգամանք լինի: Կարծեք անցյալում, երբ, ըստ Քաջազնունու, մեր կուսակցությունը գոյության իրավունք ուներ, չի պատահել, որ մենք երկու, երեք և մինչև իսկ վեց տարով (1892-1898) Ընդհանուր ժողով չկարողանանք հրավիրել՝ հենց նույն այն պատճառներով, որոնք մեզ խանգարեցին  X  Ընդհանուր ժողովը գումարել անցյալ տարի…

Դաշնակցության խորհրդաժողովի բանաձևերը դուր չեն գալիս Քաջազնունուն. նրանք անբովանդակ են, հակասական, ոչինչ չասող, ոչնչի չպարտադրող: «Միմիայն ոտի տակ հողը կորցրած կուսակցությունըկարող էր հանել այդպիսի… որոշումներ»,- եզրակացնում է նա:

Դժբախտաբար, ես չեմ կարող այդ բանաձևերը հրապարակային քննության նյութ դարձնել՝ ցույց տալու համար, թե Քաջազնունու որակումներն ի՛նչ չափով են համապատասխանում իրականությանը: Սական, ընդունենք մի վայրկյան, թե նրա որակումները ճիշտ են. մի՞թե անհրաժեշտաբար պիտի ոտքի տակ հողը կորցրած լինի մի կուսակցություն՝ անհաջող բանաձևեր խմբագրելու համար: Մի՞թե անորոշ, տարտամ, ոչինչ չասող կամ մինչև անգամ բացարձակապես անպետք ու վնասակար որոշումները հազվագյուտ բաներ են կուսակցությունների կյանքում: Հենց մեր կուսակցության մեջ և հենց այն ժամանակները, երբ Քաջազնունին անհարժեշտ էր նկատում Դաշնակցության մեջ մնալ, կհամաձայնե՞ր նա իր ստորագրությունը դնել մեր Ընդհանուր ժողովների, խորհրդաժողովների կամ Ռայոնական ժողովների բոլոր կարևոր բանաձևերի տակ, էլ  չեմ խոսում անկարևորների մասին: Անկարելի է, կարող եմ պատասխանել ես՝ ծանոթ լինելով, թե՛ Քաջազնունու ուղղաձիգ մտածողությանը և թե այդ բանաձևերից շատերին:

Մասնավորոպես, եթե մենք վերցնենք Կովկասյան ռայոնական ժողովների (1905-1907) բանաձևերը, տեսնում ենք, որ նրանց մեջ հաճախ «բուրժուականն» ու «ընկերվարականը», «ազգայինն» ու «միջազգայինը», «պահպանողականն» ու «հեղափոխականը» այնպես են իրար խաչաձևում, որ իրոք նրանք դառնում են ամեն բան ասող և չասող որոշումներ:

Եթե մի կուսակցության քայքայման կամ չգոյության «ամենապերճախոս ապացույցը» համարելու լինինք նրա հանած բանաձևերի հակասություններն ու տարտամությունները, ինչպես կարծում է Քաջազնունին, ապա պիտի ընդունենք, որ մեր կուսակցությունը կորցրել էր ոտի տակից հողը դեռ 18-20 տարի սրանից առաջ:

Բայց ակնհայտ իրողություն է, որ մեր կուսակցությունը այսքան տարիների ընթացքում հողը ոտի տակից չի կորցրել և չի մեռել: Եվ, ո՞վ գիտի. գուցե այս կենսունակության մեջ որոշ դեր են կատարել նաև մեր անցյալ բանաձևերի «թերությունները»: Որովհետև հայ ժողովրդի կյանքի պայմաններն այնքա՜ն բարդ են, բազմակողմանի  և խճճված, որ հակասություններից զերծ և միայն մեկ բան պարտադրող որոշումներն ու մտածողությունները երբեմն վնասակար են լինում: Վնասակար այն իմաստով, որ նրանք խլում են կուսակցությունների և անհատների ոտի տակից ժողովրդական հողը և նրանց անդամալուծում…

Մեր կուսակցության անցյալին պետք է միանգամայն անիրազեկ լինել այս պարզ բանը չըմբռնելու համար:

Եվ Քաջազնունին լիովին հանդես է բերում այդ անիրազեկությունը: Որովհետև, նրա ըմբռնողությամբ, բավական է, որ մի խորհրդաժողով, հայ ժողովրդի համար ստեղծված արտակարգ բարդ պայմաններում, խարխափումնների մեջ ընկնի՝ ճշմարիտ ուղին գտնելու համար, որպեսզի նա դրանով իսկ իր մահվան «ամենապերճախոս ապացույցը» տված լինի…

Վերջապես, Քաջազնունին մեր կուսակցության քայքայման վստահելի նշաններից մեկն էլ համարում է այն, որ մեր ընկերների ու մարմինների մեջ փոխադարձ անվստահության, կասկածների ու մեղադրանքների մթնոլորտ է տեսում:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նրա որակումները խիստ մեծ չափազանցություն են ներկայացնում՝ պիտի ասեմ, որ, եթե Քաջազնունին հեղափոխական պայքարի պայմաններին ծանոթ լիներ, նա անշուշտ կիմանար, որ նման ցավալի երևույթները անհաջողության կամ պարտության օրերի անխուսափելի զուգընթացներն են բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում: Իսկ եթե նա մեր կուսակցության իրականությանը մոտիկից ծանոթ լիներ, կզարմանար միայն երկու բանի վրա. նախ՝ թե մեր մեծ ձախողանքներից հետո, ինչպե՞ս եղավ, որ այս երևույթները միայն մի սահմանափակ շրջանում երևան եկան, և ապա՝ ինչպե՞ս եղավ, որ նրանք այդքան շուտ անհետացան հրապարակից՝ տեղի տալով կուսակցական կյանքի բնականոն վիճակի առաջ:

Ի՜նչ էին ներկայացնում մեր մեջ երևան եկած ընկերական թերություններն ու տգեղությունները համեմատած այն համատարած «Ազեֆականության» հետ, որի ճիրաններում գալարվում էին ռուս հեղափոխական  կուսակցությունները՝ Ռուսաստանի առաջին հեղափոխության (1905) վիժումից հետո: Երեխայական բաներ, ուրիշ ոչինչ: Բայց «Ազեֆականությունը» (Ազեֆը ռուս սոցիալիստ-հեղափոխականների մարտական կազմակերպության պետն էր, որ 1908 թվին մերկացվեց իբրև ցարական կառավարության վարձկան գործակալ-խմբ.) հո չմեռցրեց սոցիալիստ-հեղափոխականներին, մենշևիկներին և բոլշևիկներին: Նրանք ոչ միայն չմեռան 1906-1908-ին, այլև  տասը տարուց հետո հսկայական թափով հանդես եկան ռուսական կյանքում:

Կամ չի՞ լսել Քաջազնունին, թե փոխադարձ անվստահության, կասկածների ու մեղադրանքների ի՜նչ թունոտ մթնոլորտ էր ստեղծվել հայ-բոլշևիկների մեջ Փետրվարյան պարտությունից հետո: Եթե նա չի լսել՝ ես կարող եմ նրան վստահեցնել ամենաստույգ տեղեկությունների հիման վրա, որ այդ օրերին Ղամարլուում ստեղծված  «բոլշևիկյան մթնոլորտը» ոչ մի տգեղությամբ հետ չէր մնում մի քանի շաբաթ հետո Պարսկաստանում ստեղծված  «դաշնակցական մթնոլորտից»:

Ըստ Քաջազնունու տրամաբանության՝ այսպիսի մթնոլորտ արտադրող կուսակցությունը ոչ միայն մեռած, այլև նեխված պիտի լիներ: Բայց այդ հո չի արգելում, որ նա հայ-բոլշևիկյան կուսակցությունը ամենակենսունակը համարի հայ իրականության մեջ…

Սական, ես շարունակ խոսում եմ մեր արտասահմանյան կամ գաղութային կազմակերպությունների կյանքից, իսկ Քաջազնունին դրանց կարևորություն չի տալիս: Գլխավորը երկրի կազմակերպություններն են, գլխավորն այն է, որ նրա՛նք են մեռած կամ «քայքայման պրոցեսով» բռնված:

– Ինչի՞ց գիտեք, որ նրանք մեռած են կամ մեռնելու վրա,- հարցնում են Քաջազնունուն:

– Իրերի դրությունից և տրամաբանությունից,- պատասխանում է նա:

Այլ պատասխան այս հարցին չի կարող տալ Քաջազնունին, որովհետև այն օրվանից, երբ կտրվել են նրա կապերը երկրի հետ նա չգիտի, թե ի՛նչ է անցնում դառնում այնտեղ: Նրան «տեսածն ու գիտցածը» կամ վերաբերում են մեր գաղութային կազմակերպություններին, որոնք նկատառության գալ չեն կարող այս խնդրում և կամ Փետրվարյան հեղափոխությանը հաջորդող օրերին, երբ ամեն ինչ քաոսային դրության մեջ էր թե՛ երկրում, թե՛ Պարսկաստանում և թե՛ ամենուրեք:

Այդ օրերից շատ ջուր է անցել կամուրջների տակով և շատ բան է փոխվել ինչպես ամեն տեղ, նույնպես և երկրի կուսակցական կյանքում: Այն ընկերները, որոնք հնարավորություն ունեն մոտիկից հետևելու Հայաստանի իրադարձություններին, ասում են Քաջազնունուն, որ կուսակցական կյանքը այնտեղ այլ վիճակ ունի, քան Քաջազնունին է ենթադրում, հաղորդում են նրան ստացված տեղեկությունները, բերում են օտարների վկայություններ…

Ստեղծվում է մի անհարմար դրություն  կամ ինչպես Քաջազնունին է ասում՝ «լուրջ դժվարություն»: Առանձնասենյակի պատուհանից կյանքը դիտող մարդուն ներկայացնում են մի վիճակ, որ հակասում է նրա մտքի լաբիրինթոսում կերտված դրությանը:

Ինչպե՞ս դուրս գա Քաջազնունին այս հակասության տակից, որ լավ լինի: Նա, առանց մի հատիկ իրական փաստ ունենալու իր ձեռքին, առանց երկրից ստացված մի հատիկ տեղեկություն հակադրելու իրեն հաղորդվող տեղեկություններին, բացականչում է ակներև ջղայնությամբ.

– Գիտե՞ք ինչ. ես ձեր հաղորդած տեղեկություններին չեմ հավատում և օտարների վկայություններին արժեք չեմ տալիս…:

Սա արդեն դառնում է անեկդոտ: Պատմում են, թե Լոնդոնի «Թայմզ»-ի խմբագրին դիմում է մարդ, թե՝ «Պարո՛ն, ձեր թերթում տպագրված է, որ ես մեռած եմ: Խնդրում եմ՝ հերքեք այդ լուրը, որովհետև, ինչպես տեսնում էք, ես ողջ եմ»: «Անկարելի է»,- պատասխանում է խմբագիրը բարկացած. «Եթե մեր թերթում գրված է, որ դուք մեռած եք, դուք պիտի մեռած լինիք»:

Այս անեկդոտային խմբագրի դրությունը, որին ես դեռ կվերադառնամ մի այլ կապակցությամբ, անշուշտ չէր ստեղծվի Քաջազնունու համար, եթե նա դաշնակցական զանգվածների իրական տրամադրություններին և հեղափոխական կյանքի տարուբերումներին՝ նրա մակընթացության և տեղատվության երևույթներին, անտեղյակ չլիներ:

Այս անտեղյակությունը, որ նա այնքա՜ն ցայտուն կերպով երևան է բերում, հայտարարելով, թե Դաշնակցությունն այլևս չկա, մեռած է, անհնարին է դարձնում Քաջազնունու համար տեսնել իրականությունն այնպես, ինչպես որ նա կա, և այդ պատճառով, նա, իր գրքույկում, հաճախ, շատ հաճախ, իբրև իրականություն է ներկայացնում այն, ինչ որ գոյություն ունի միայն իր մտահաղացումների, իր երևակայության և իր ցանկությունների աշխարհում: