Թալինի (Մաստարա) շրջանը Երևանի խանության օրոք

23170

Երևանի խանության օրոք Թալինի մահալը ուներ 20 բնակավայր 1.980 ընդհանուր բնակչությամբ, որից 420-ը մահմեդականներ, մյուսները՝ հայեր, որոնցից տեղացիներ՝ 416 հոգի, իսկ մյուսները՝  գաղթածներ Արևմտյան Հայաստանից:

Մահալի կենտրոնը Մաստարան էր 416 բնակիչներով, բոլորն էլ հայեր և բոլորն էլ՝ տեղացի:

Արևմտյան Հայաստանից Թալինի շրջան (մահալ) գաղթած հայերը հաստատվեցին Դադալի, Հին Թալին, Գոզլի, Նոր Կարմազիլի, Ղուլ Դերվիշ, Ադլըյաման, Սահոթլի գյուղերում և Մաստարայում:

Նախկինում Մաստարան կոչվել է նաև Մազդարա, Մասդարա: Գյուղի անվան ծագումնաբանությունը ավանդությամբ կապվում է եկեղեցու կառուցման հետ: Ըստ ավանդության Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից բերել է ս. Հովհաննեսի մասունքները և մի մասունք թաղել այստեղ, վրան կառուցել եկեղեցի (Սուրբ Հովհաննես) և գյուղին տվել Մաստարա անվանումը, որը նշանակում է “մասը տարա”: Մաստարան հին հայկական բնակավայր է և ըստ 1010 թ-ի արձանագրության այն պատկանել է Աշոտ II Բագրատունու որդուն` Գագիկ Շահնշահին: 1655-1680 թթ. Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի ժամանակներից դառնում է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածքը:
Թալինի շրջանում, համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, նախքան Արևմտյան Հայաստանից հայերի ներգաղթը, հայաբնակ էր միայն Մաստարան, իսկ մյուս 19 գյուղերում բնակվում էին մահմեդականներ: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Երևանի խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 9-րդը Թալինի մահալն էր:

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Լուսանկարում՝ Թալինի համայնապատկերը մեր օրերում